ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0020/04/09
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0020/04/09
2010թ.
Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան
Դատավորներ՝ Կ. Հակոբյան
Կ. Սահակյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. Բարսեղյանի
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
2010 թվականի օգոստոսի 31-ին,
քննարկելով Գագիկ, Պետրոս և Վաղինակ Սլոյանների ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2010 թվականի <<Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին>> որոշման դեմ` ըստ դիմումի Գագիկ, Պետրոս և Վաղինակ Սլոյանների` <<Ջոնսոն>> ՍՊ ընկերության սնանկության գործով Երևանի Դավիթ-Բեկ թաղամասի թիվ 1/1 և թիվ 2/2 հողակտորների աճուրդային վաճառքի անցկացման գործընթացը կասեցնելու մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 07.10.2009 թվականի վճռով <<Ջոնսոն>> ՍՊ ընկերությունը ճանաչվել է սնանկ:
Դատարանի 14.04.2010 թվականի որոշմամբ <<Ջոնսոն>> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարչին թույլատրվել է հրապարակային սակարկություններով վաճառել <<Ջոնսոն>> ՍՊ ընկերության և վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերը:
30.04.2010 թվականին Գագիկ, Պետրոս և Վաղինակ Սլոյանները դիմում են ներկայացրել Դատարան` պահանջելով կասեցնել թիվ 1/1 և թիվ 2/2 հողակտորների աճուրդային վաճառքի անցկացման գործընթացը, մինչև ԵԷԴ/0065/02/10 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը:
Դատարանի 30.04.2010 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.05.2010 թվականի որոշմամբ Գագիկ, Պետրոս և Վաղինակ Սլոյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ, Պետրոս և Վաղինակ Սլոյանների ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածների, <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի և 13-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
25.01.2010 թվականին դիմողները հայց են ներկայացրել Դատարան ընդդեմ Գայանե Վարդանյանի, Արա Հովհաննիսյանի, Ռոբերտ Գալուստյանի, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի <<Էրեբունի>> տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) և <<Արդշինինվեստբանկ>> ՓԲ ընկերության (այսուհետ` Բանկ)` Երևանի Դավիթ-Բեկ թաղամասի թիվ 1/1 և թիվ 2/2 հողակտորների նկատմամբ կնքված առուվաճառքի պայմանագրերը, Ռոբերտ Գալուստյանի և Բանկի միջև կնքված գրավի պայմանագրերն ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջներով: Դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա 11.02.2010 թվականին արգելանք է դրվել վիճելի հողակտորների վրա:
Դիմողները, ներկայացնելով աճուրդային վաճառքը կասեցնելու մասին դիմումը, նպատակ են ունեցել հասնելու Դատարանում թիվ ԵԷԴ/0065/02/10 քաղաքացիական գործի քննության պատշաճ ընթացքի ապահովմանը, քանի որ նշված գործով վիճարկվող հողատարածքների աճուրդային վաճառքի դեպքում անհնարին կդարձվի կայացվող դատական ակտի կատարումը:
Դիմողները զրկվել են անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքից:
Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 31.05.2010 թվականի <<Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին>> որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման:
Վերաքննիչ բողոքը վերադարձնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 31.05.2010 թվականի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ բողոքարկվել է Դատարանի աճուրդային վաճառքի անցկացման գործընթացը կասեցնելու դիմումը քննության առնելու մասին որոշումը, որը բողոքարկման ենթակա չէ:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատարանի կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում կխախտվի անձանց` դատական ակտն օրենքով նախատեսված կարգով վերանայելու իրավունքը հետևյալ պատճառաբանությամբ.
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարանի) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) որոշման վերանայման հնարավորություն:
Վերը նշվածից հետևում է, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի ապահովվի ցանկացած որոշման վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան):
Համանման մոտեցում առկա է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայում (մասնավորապես` Ժուֆր դե լա Պրադելի գործով, դատարանը, հղում կատարելով Ֆիլեսի գործին, նշել է. <<Դատարանը կրկին հաստատում է, որ 6-րդ հոդվածով ամրագրված դատարան դիմելու իրավունքը բացարձակ բնույթ չունի: Այն կարող է սահմանափակվել, սակայն այդ սահմանափակումները չպետք է անհատի` դատարան դիմելու իրավունքն այն աստիճան կամ այն կերպ դժվարացնեն, որ դրանք վնաս պատճառեն այդ իրավունքի էությանը>>):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձն իր իրավունքների պաշտպանությունից չի կարող զրկվել զուտ ձևական խոչընդոտների առկայության հիմքով:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ ենթակետի համաձայն` եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա կազմակերպիչն աճուրդից պարտավոր է հրաժարվել, եթե առկա է դատարանի որոշումը, լոտի վաճառքի սահմանափակման վերաբերյալ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.1-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2010 թվականի <<Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին>> որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Վ. ԱԲԵԼՅԱՆ
Դատավորներ` Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. Բարսեղյան
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ