Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/3653/05/10 ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/3653/05/10

2011թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3653/05/10

Նախագահող դատավոր՝ Հ. Բեդևյան

Դատավորներ՝ Լ. Սոսյան

Ա. Սարգսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հոկտեմբերի 10-ին,

քննարկելով ըստ հայցի Երևանի դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) ընդդեմ «ԱՎՏՈՍԻԴ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին, վարչական գործով Ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.06.2011 թվականի «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Դատախազությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 1.065.530 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 21.04.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.06.2011 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ արձանագրելով թույլ տրված խախտումը վերացնելուց հետո 15-օրյա ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորության մասին:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.06.2011 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին, մերժվել է և կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքը` վերադարձվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքին կից ներկայացված միջնորդությունը պետական տուրքի մնացած մասի վճարումը հետաձգելու մասին` պատճառաբանելով, որ հնարավոր չէ գնահատել Ընկերության գույքային դրությունը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանի այս պատճառաբանությունը հիմնավորված չէ, քանի որ Ընկերության գույքն ու դրամական միջոցները գտնվում են արգելանքի տակ` համաձայն սույն գործով ՀՀ վարչական դատարանի 19.10.2010 թվականի «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին» որոշման, ուստի և նշված հանգամանքը պարզելը հնարավոր էր:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 22.06.2011 թվականի որոշումը։

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «դ» կետի համաձայն` պետական տուրքի գծով կարող է սահմանվել նաև պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման արտոնություն։

Սույն գործով Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքին կից ներկայացված միջնորդությունը պետական տուրքի մնացած մասի վճարումը հետաձգելու մասին և վերադարձրել վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ հնարավոր չէ գնահատել Ընկերության գույքային դրությունը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ ՍՊԸ-ն» ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44)։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ բողոքարկման ընթացակարգեր են նախատեսված, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից օգտվելը վերաքննիչ դատարաններում, ինչպիսիք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում (տե՛ս Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի, թիվ 26737/95, 1997 թվականի դեկտեմբերի 19, կետ 33, Թինելի էնդ Սանզ ՍՊԸ-ն ու այլոք և ՄաքԷլդաֆն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 20390/92, 21322/92, 1998թ. հուլիսի 10, կետ 72 և Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 34791/97, 37)։

Հետևաբար, ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետով սահմանված հայեցողական լիազորությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության նկատմամբ պետք է կիրառվեր պետական տուրքի վճարումը հետաձգելու արտոնությունը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով չի առաջնորդվել անձի արդարադատության մատչելիության ապահովման սկզբունքով և չի ապահովել այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում ապահովելու նպատակի իրագործումը։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.9-րդ, 118.15-րդ, 118.17-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.06.2011 թվականի որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։