Հոդված 5
Հոդված 5
1. Ապրանքների դրոշմավորում սահմանելու վերաբերյալ որոշում ընդունելիս Հանձնաժողովի խորհուրդը սահմանում է այդ ապրանքների ցանկը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան նշելով դրանց ծածկագրերը, և միաժամանակ որոշում է՝
ա) նույնականացման միջոցները, դրանց բնութագրերը, վերարտադրման կարգը, ինչպես նաև այն տեղեկատվության կազմն ու կառուցվածքը, որը պետք է ներառված լինի նույնականացման միջոցներում՝ նույնականացման միջոցների միասնական ռեեստրում ներառված տեղեկությունների հիման վրա (դրանց առկայության դեպքում).
բ) ապրանքների դրոշմավորում սահմանելու ամսաթիվն ու դրոշմավորման կարգը.
գ) դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափը, կազմն ու կառուցվածքը, որոնք փոխանցվում են անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև եւ անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները.
դ) անդամ պետություններում ապրանքների մնացորդները դրոշմավորելու անհրաժեշտությունը, ներառյալ՝ ապրանքների մնացորդների դրոշմավորում սահմանելու ժամկետները և ապրանքների մնացորդների դրոշմավորմանը ներկայացվող մյուս պահանջները կամ այդպիսի անհրաժեշտության բացակայությունը.
ե) դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնք ներառված են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում, և որոնց հասանելիությունը սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց տրամադրվում է, ի թիվս այլնի, ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով:
2. Հանձնաժողովի խորհրդի կողմից կոնկրետ ապրանքների կամ ապրանքների խմբերի նկատմամբ կարող են ավելացվել կամ չեղարկվել սույն համաձայնագրի 9-րդ հոդվածի երեքից յոթերորդ պարբերություններում նշված գործողությունները (շրջանառության փուլերը), որոնց իրականացման դեպքում դրոշմավորված ապրանքների շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մոտ առաջանում է պարտականություն այն անդամ պետության իրավասու (լիազորված) մարմին այդ ապրանքների վերաբերյալ տեղեկություններ փոխանցելու մասով, որի տարածքում դրանք գրանցված (հավատարմագրված) են:
3. Ապրանքների դրոշմավորում սահմանելու վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ոչ ուշ, քան այդ որոշման պաշտոնական հրապարակումից հետո 90 օրացուցային օրը լրանալուց հետո։
4. Ապրանքների դրոշմավորում սահմանելու վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում անդամ պետությունները Հանձնաժողովին տեղեկացնում են իրենց իրավասու (լիազորված) մարմինների մասին:
5. Միության շրջանակներում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան դրոշմավորվող ապրանքների դրոշմավորում սահմանելու օրվանից այդ անդամ պետություններն ապահովում են իրենց տարածքներում այդ ապրանքների դրոշմավորումը՝ սույն համաձայնագրով նախատեսված պահանջներին և Հանձնաժողովի՝ դրան համապատասխան ընդունված ակտերին համապատասխան: