Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից:

Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդված

Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իր գույքից անարգել օգտվելու իրավունք ունի: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից` բացառությամբ հանրային շահերի պաշտպանության համար և օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով նախատեսված պայմաններով:

Վերոնշյալ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության իրավունքը կիրառել այնպիսի օրենքներ, որոնք այն անհրաժեշտ է համարում սեփականության` ընդհանուր շահերին համապատասխան օգտագործման վերահսկողությունն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

1. Ընդունելիությունը

47. Հաշվի առնելով, որ Կառավարությունը չի բարձրացրել դիմումի այս մասը քննության չառնելու հարցը` Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է քննության առնել այն հարցը, թե վկայակոչված հոդվածները կիրառելի են, արդյոք, սույն գործի նկատմամբ, թե` ոչ:

48. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 14-րդ հոդվածը լրացնում է Կոնվենցիայի և դրա Արձանագրությունների այլ նորմատիվ պահանջները: Այն ինքնուրույն գոյություն չունի, քանի որ արժեվորվում է բացառապես իր կողմից երաշխավորվող «իրավունքների և ազատությունների տնօրինման համար»:

49. Դատարանը նշում է, որ վիճարկվող իրավունքները, մասնավորապես, ամսական փոխհատուցում, անվճար դեղորայքի ստացում և գրանցման վճարից ազատում, տրամադրվում են այն անձանց, ովքեր կատարել են հարկադիր աշխատանք իրենց զինվորական ծառայության ժամանակ: Նմանատիպ աշխատանքի իրականացումն այդօրինակ իրավունքների շնորհման էական պայման է:

50. Սույն գործով չի վիճարկվում, որ դիմողն իր զինվորական ծառայության ընթացքում իրականացրել է հարկադիր աշխատանք, վիճարկվող իրավունքները նրան չեն տրամադրվել միայն այն պատճառով, որ այն բանակային միավորումը, որում նա ծառայել է, չի գտնվում ԱՏ-ին ենթակա միավորումների մեջ:

51. Դատարանը հաստատում է, որ վիճարկվող իրավունքները ներպետական օրենսդրության, ինչպես նաև Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով գույքային իրավունքներ են: Անկախ պատճառից` Բարձրագույն վճռաբեկ դատարանի որոշումներով ճանաչվել է 2002թ. թիվ 309 օրենքով նախատեսված իրավունքների տրամադրումն այն անձանց, ովքեր իրականացրել են հարկադիր աշխատանք ԱՏ-ի շրջանակներից դուրս, ուստի Դատարանը գտնում է, որ հայցվորը կարող էր ունենալ «հիմնավորված հույս» իրեն նման իրավունքների սուբյեկտ ճանաչելու համար:

52. Հետևաբար, Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը կիրառելի է սույն գործի հանգամանքների նկատմամբ:

53. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 14-րդ հոդվածի կիրառելիությանը, ապա Դատարանը հաստատում է, որ դիմողին չի տրամադրվել նրա խնդրած իրավունքների իրացման իրավունք: Կառավարությունը չի վիճարկել, որ այլ անձինք, ովքեր իրականացրել են հարկադիր աշխատանք ԱՏ-ի շրջանակներից դուրս, Բարձրագույն վճռաբեկ դատարանի կողմից ճանաչվել են 2002թ. թիվ 309 օրենքի դրույթներից օգտվելու իրավունք ունեցող անձինք: Փաստորեն, տեղի է ունեցել տարբերակված վերաբերմունք հայցվորի և այլ անձանց միջև, մինչդեռ բոլորն էլ գտնվել են միանման իրավիճակում: Այսինքն` 14-րդ հոդվածն այս պարագայում ևս կիրառելի է:

54. Ի վերջո, Դատարանը հաստատում է, որ 14-րդ հոդվածին վերաբերող գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Ապա այն նշում է, որ գանգատը որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար, այն պետք է ընդունելի համարվի:

2. Հանգամանքները

55. Կառավարության պնդմամբ` Դատարանի նախադեպերի համաձայն պետությունները, այնուամենայնիվ, իրավասու են որոշել, թե տարբերությունների ինչպիսի չափանիշն է արդարացնում միանման իրավիճակներում տարբերակված մոտեցման ցուցաբերումը: Նա հավելել է, որ ներպետական օրենսդրությունը մեկնաբանում ու կիրառում են առաջին հերթին ներպետական իշխանությունները, ապա՝ դատարանները:

56. Նա հաստատել է, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածին համապատասխանելու համար խտրականությունը պետք է հիմնված լինի այդ հոդվածում թվարկված չափանիշներից մեկի վրա: Բացի դրանից, նա պնդել է, որ վերոնշյալ տարբերակված վերաբերմունքի մեջ չկա այդ չափանիշներից և ոչ մեկը: Ի վերջո, նա հաստատել է, որ իրարամերժ նախադեպերի գոյությունը Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն չի կարող համարվել խտրականություն:

57. Դիմողը պնդել է, որ փոխհատուցման միջոցներից օգտվելու իրավունք միայն ԱՏ-ին պատկանող բանակային միավորումների զորակոչիկներին վերապահելով՝ 2002թ. թիվ 309 օրենքը միանման հարկադիր աշխատանք իրականացրած անձանց միջև խտրական մոտեցում է սահմանել:

58. Նա պնդել է, որ ինքը երկակի խտրական վերաբերմունքի զոհ է` այս անգամ արդեն Բարձրագույն վճռաբեկ դատարանի իրարամերժ նախադեպերի պատճառով, քանի որ վերջինս մի շարք զորակոչիկների, ովքեր չեն իրականացրել հարկադիր աշխատանք պահանջված բանակային միավորումներում, ճանաչել է օրենքի դրույթներից օգտվելու իրավունք ունեցող անձ:

59. Դատարանը նշում է, որ տարբերակումը խտրական է Կոնվենցիայի 14-րդ հոդվածի տեսանկյունից, եթե «դրանում բացակայում է օբյեկտիվ և պատճառաբանված հիմնավորումը», այսինքն, եթե այն չի հետապնդում «լեգիտիմ նպատակ», կամ եթե չկա «պատճառաբանված համարժեքություն կիրառված միջոցների և ընտրված նպատակի միջև»

60. Դատարանը հիշեցնում է, որ սույն գործով նրա դերը կայանում է հարկադիր աշխատանք իրականացրած զորակոչիկների հանդեպ տարբերակված վերաբերմունքի ցուցաբերման գոյության հաստատման մեջ (տե՜ս, կետ 53):

61. Նա նշում է, որ Կառավարությունը որևէ կերպ չի հիմնավորել վերոնշյալ տարբերակված վերաբերմունքի առկայությունը, նրա պատճառաբանությունները մի կողմից, հիմնվում են այն փաստի վրա, որ քննարկվող խտրականությունը չի բավարարում Կոնվենցիայի 14-րդ հոդվածում նշված չափանիշներից և ոչ մեկը, իսկ, մյուս կողմից՝ այն անկախության վրա, որն ունեն ներպետական դատական ատյանները ներպետական օրենսդրությունը մեկնաբանելիս և կիրառելիս:

62. Ինչ վերաբերում է առաջին հիմնավորմանը, ապա Դատարանն ընդգծում է, որ այն ցանկը, որը պարունակում է 14-րդ հոդվածը, կրում է ոչ թե սահմանափակող, այլ մատնանշող բնույթ:

63. Ինչ վերաբերում է երկրորդ հիմնավորմանը, ապա Դատարանը հիշեցնում է, որ սույն գործով առկա խնդիրը վերաբերում է ոչ միայն նախադեպային իրավունքում առկա հակասություններին, որոնք անցանկալի հետևանք են ունենում ամբողջ դատական համակարգի համար, այլև Բարձրագույն վճռաբեկ դատարանի՝ որպես վեճերը կարգավորող ատյանի դերի թուլացմանը:

64. Կառավարության կողմից բերված հիմնավորումները բավարար չեն հերքելու վերոնշյալ պնդումը, ուստի Դատարանը հաստատում է, որ այդ տարբերակված մոտեցումը հիմնավոր և օբյեկտիվ որևէ պատճառով չի դրսևորվել:

65. Ուստի առկա է Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում` զուգորդված Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտմամբ:

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

66. Դիմողի պնդմամբ` 1953-1955թթ. ընկած ժամանակահատվածում գործող իշխանություններն իրեն՝ զինվորական ծառայություն անցնելու փոխարեն պարտադրել են իրականացնել հարկադիր աշխատանք: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 4-րդ հոդվածը:

67. Դատարանը հիշեցնում է, որ ինքը չի կարող քննել դիմումն այն մասով, որը վերաբերում է անդամ պետություններում Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց առաջ ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններին:

68. Սույն գործով քննության առարկա իրադարձությունները տեղի են ունեցել 1953-1955թթ. ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ Կոնվենցիան Ռումինիայի համար ուժի մեջ մտնելու տարեթվից՝ 1994թ. հունիսի 20-ից առաջ:

69. Այսպիսով, Դատարանը հաստատում է, որ Կոնվենցիայի 4-րդ հոդվածում սահմանված ժամանակային պահանջի, դրա այլ դրույթների հետ անհամատեղելի լինելու պատճառով դիմումի այս մասը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի հիման վրա պետք է մերժվի:

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

70. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է.

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

A. Վնասը

71. Որպես նյութական վնասի փոխհատուցում՝ դիմողը պահանջել է այնպիսի գումար, որը ներառում է փոխհատուցման օրինական գումարը, որից ինքը զրկվել էր 2002թ. սեպտեմբերից սկսած, հաշվարկած նաև այդ ժամանակվանից ի վեր տեղի ունեցած դրամի արժեզրկման չափը: Ըստ նրա` այդ փոխհատուցումն ամսական աճել է 52.5 ռումինական նոր լեայի չափով, որը կազմում է մոտ 15 եվրո: Նա պահանջել է 21.460 եվրո՝ որպես իր զինվորական ծառայության ընթացքում իրականացված հարկադիր աշխատանքի փոխհատուցում:

Նա Դատարանի հայեցողությանն է թողել բարոյական վնասի փոխհատուցման գումարի չափը:

72. Կառավարությունը վիճարկել է այս պահանջները: Նա հաստատել է, որ քանի որ դիմողը չի կարող նշել օրինական կարգով նրան չհատկացված փոխհատուցման վճարումների ընդհանուր չափը, փոխհատուցում ստանալու հնարավորություն կունենա, եթե թույլ տա, որ այդ գումարի չափը հաշվարկի Վարչության դրամարկղը կամ պահանջի Բարձրագույն վճռաբեկ դատարանի որոշման վերանայում: Նա գտնում է, որ հակառակ պարագայում իր զինվորական ծառայության ընթացքում հարկադիր աշխատանք իրականացրած շահագրգիռ կողմին որևէ գումար չպետք է հատկացվի:

73. Վերջապես, ինչ վերաբերում է բարոյական վնասի փոխհատուցման պահանջին, ապա Կառավարությունը պնդել է, որ այդ պահանջի մասով խախտման փաստի արձանագրումն ինքնին բավարար փոխհատուցում կլինի:

74. Դատարանը նշում է, որ սույն գործով Կոնվենցիայի 14-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտման համար արդարացի փոխհատուցումը չի կարող համատեղվել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտման համար տրվող փոխհատուցման հետ: 4-րդ հոդվածի մասով հայցը չի բավարարվում, ուստի այդ մասով որևէ գումար չի կարող տրամադրվել հայցվորին:

75. Հիմնվելով Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսված արդարացի փոխհատուցման պահանջի վրա՝ Դատարանը դիմողի համար սահմանում է 5.000 եվրոյի չափով փոխհատուցում ստանալու իրավունք, որը ներառում է նրա կրած բոլոր վնասները:

B. Ծախսեր և ծախքեր

76. Դիմողը չի ներկայացրել որևէ պահանջ այն վճարների ու ծախսերի մասով, որոնք նա կատարել է ներպետական դատական ատյաններում և Դատարանում:

77. Այս պայմաններում, Դատարանը նրան չի հատկանցում այս մասով և ոչ մի գումար:

C. Տուգանային տոկոսներ

78. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:

ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

1. Վճռում է դիմողի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով և դրա Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով` զուգորդված Կոնվենցիայի 14-րդ հոդվածով ներկայացված գանգատը ճանաչել ընդունելի, իսկ դիմումի մնացած մասը՝ անընդունելի, 2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում,

3. Վճռում է, որ չկա Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասից բխող պահանջը քննելու հիմք, որը վերաբերում է ներպետական ատյաններում անկախության և անաչառության բացակայությանը,

4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում` զուգորդված Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտման հետ,

5. Վճռում է.

(a) որ վճիռը վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, պետք է դիմողին վճարի 5.000 EUR (հինգ հազար եվրո), որը ներառում է բոլոր վնասները,

(b) տվյալ գումարը պետք է վճարվի որոշման օրը գործող փոխարժեքով` գումարած ցանկացած հարկ,

(c) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին՝ հավելած երեք տոկոս,

6. Մերժում է մնացած մասով առկա պահանջները:

Կատարվել է ֆրանսերենով և Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն գրավոր հրապարակվել է 2007 թվականի դեկտեմբերի 6-ին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։