Հոդված 7
Հոդված 7
«Սույն օրենքով սահմանված իրավունքների շնորհման համար Կենսաթոշակների և սոցիալական ապահովագրության ազգային դրամարկղը կարող է խնդրել ազգային արխիվներին տրամադրել իրենց տրամադրության տակ գտնվող այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են ԱՏ-ին ենթակա աշխատանքային խմբերին»:
3. Բարձրագույն վճռաբեկ դատարանի 2003թ. դեկտեմբերի 2-ի որոշումը
22. Սույն գործին նման մեկ այլ գործով, նախկին մի զորակոչիկ, ով իրականացրել էր հարկադիր աշխատանք ԱՏ-ին ոչ ենթակա բանակային մի միավորումում, խնդրել էր իրեն իրավասու ճանաչել 2002թ. թիվ 309 օրենքի դրույթներից օգտվելու համար: Կենսաթոշակների և սոցիալական ապահովագրության ազգային դրամարկղը մերժել էր վերջինիս դիմումը` պատճառաբանելով, որ նշված օրենքը կիրառելի է միայն որոշակի աշխատանքային խմբերում ծառայած անձանց համար, սակայն այդ զորակոչիկը վերոնշյալ որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որը բավարարել էր նրա հայցը:
23. Վարչության դրամարկղի կողմից ներկայացված բողոքի քննության արդյունքում Բարձրագույն վճռաբեկ դատարանը հաստատել է Վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը` հետևյալ պատճառաբանությամբ.
«Քանի դեռ հարկադիր աշխատանքի իրականացումը վիճարկված չէ (...), ոչինչ չի արդարացնում իր պահանջած իրավունքներից բողոքաբերին զրկելը: Սա կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ այն անձինք, ովքեր իրենց զինվորական ծառայությունն իրականացրել են միանման պայմաններում, միայն բանակային միավորման աստիճանակարգային ենթակայության ձևի պատճառով, անարդարացիորեն կզրկվեն փոխհատուցումից, նրանք կարժանանան այլ վերաբերմունքի, որն ակնհայտ խտրական կլինի»:
4. Բարձրագույն վճռաբեկ դատարանի այլ որոշումներ
24. Բազմաթիվ, մասնավորապես` 2003թ. նոյեմբերի 14-ին, 2004թ. հունվարի 21-ին, հունիսի 2-ին, դեկտեմբերի 14-ին, 2005թ. հունվարի 11-ին և 19-ին, փետրվարի 7-ին, 14-ին, 18-ին, 22-ին և 28-ին, մարտի 1-ին, 8-ին, 14-ին, 28-ին, մայիսի 25-ին, ինչպես նաև 2006թ. մայիսի 24-ին ու հունիսի 6-ին կայացրած որոշումներում Բարձրագույն վճռաբեկ դատարանն արտահայտել է նույն դիրքորոշումը, ինչ վերը նշված գործում:
25. Այնուամենայնիվ, այլ որոշումներում, մասնավորապես` 2003թ. նոյեմբերի 13-ին և 28-ին, մարտի 11-ին, 2004թ. ապրիլի 15-ին, 22-ին և 29-ին, 2005թ. հունվարի 11-ին և 18-ին, փետրվարի 1-ին, 17-ին և 21-ին, մարտի 1-ին, 10-ին և 28-ին, մայիսի 13-ին ու 23-ին և նոյեմբերի 14-ին, 2006թ. ապրիլի 12-ին ու 13-ին և մայիսի 25-ին կայացրած որոշումներում, դատարանն այլ դիրքորոշում է հայտնել` նշելով, որ այն զորակոչիկները, ովքեր ծառայել են այնպիսի բանակային միավորումներում, որոնք ենթակա չեն ԱՏ-ին, չեն կարող օգտվել 2002թ. թիվ 309 օրենքի դրույթներից:
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26. Դիմողի պնդմամբ, առկա է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի կրկնակի խախտում:
27. Մի կողմից, նա` հիմք ընդունելով Բարձրագույն վճռաբեկ դատարանի հակասական դատական նախադեպերը, գտնում է, որ առկա է իրավական որոշակիության սկզբունքի խախտում: Մյուս կողմից` նա պնդում է, որ իր գործը չի քննվել անկախ ու անաչառ դատարանի կողմից, ներպետական դատարաններն առավելապես հիմնվել են Պիտեստիի բանակային միության կողմից տրամադրված տեղեկատվության վրա, որն իր հերթին այդ տեղեկությունները վերցրել էր պատասխանող կողմի տրամադրած ցանկից:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան պարբերության համաձայն.
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... անկախ ու անաչառ դատարանի կողմից ... դատաքննության իրավունք»:
Ա. Իրավական որոշակիությունը և Բարձրագույն վճռաբեկ դատարանի նախադեպերը
1. Ընդունելիությունը
28. Դատարանը նշում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Ապա այն նշում է, որ գանգատը որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար, այն պետք է ընդունելի համարվի:
2. Հանգամանքները
29. Կառավարությունը պնդել է, որ դատավորի անկախության և անաչառության, դատավարության արագության, հրապարակայնության և կողմերի իրավահավասարության սկզբունքները պահպանվել են:
30. Ըստ նրա` այն փաստը, որ նմանատիպ գործերով ներպետական դատարանները բավարարել են նախկին այլ զորակոչիկների հայցերը, որոնց կարգավիճակը նման է եղել հայցվորի դրությանը, որևէ կերպ չի ազդել դատավարության արդարացիության վրա: Կառավարությունն հավելել է, որ ներպետական դատարանների կողմից 2002թ. թիվ 309 օրենքին տրված մեկնաբանությունը համապատասխանում է Սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքին:
31. Դիմողի պնդմամբ` նշված մեկնաբանությունը խախտել է իրավական որոշակիության սկզբունքը: Ըստ նրա` իր գործով կայացված դատական ակտը հակասել է այլ դատարանների վճիռների և հատկապես Բարձրագույն վճռաբեկ դատարանի որոշումներին, որոնց իմաստով նա, անկասկած, կարող էր ակնկալել, որ իր հայցը կբավարարվի:
32. Դատարանը միանգամից վերահաստատում է, որ Կոնվենցիան անդամ պետությունների համար չի նախատեսում որևէ հատուկ պարտավորություն` կապված մինչ Կոնվենցիայի վավերացումը տեղի ունեցած այն անարդարությունները վերականգնելու հետ, որոնց արդյունքում պատճառվել են վնասներ:
33. Այնուամենայնիվ, եթե երկրները որոշում են ընդունել օրենքներ, որոնցով պետք է փոխհատուցեն անցյալում անարդարացի վերաբերմունքի զոհ դարձած անձանց, ապա այդ փաստաթղթերը պետք է լինեն պարզ և պատճառաբանված, որպեսզի այդ անձանց համար առկա չլինի իրավական անորոշություն և երկիմաստություն: Այս տեսանկյունից, պետք է ընդգծել, որ անորոշությունը, լինի դա օրենսդրական, վարչական, թե դատական բնույթի, կարևոր գործոն է, որը պետք է հաշվի առնել պետության վարքագիծը գնահատելու համար:
34. Ուստի Դատարանը նշում է, որ 2002թ. թիվ 309 օրենքի իմաստով միայն ԱՏ-ին պատկանող միավորումներում հարկադիր աշխատանք իրականացրած զորակոչիկներն են, որ կարող են օգտվել փոխհատուցման միջոցներից: 2003թ. դեկտեմբերի 2-ից ի վեր կայացված մի շարք որոշումներում, հիմնվելով խտրականության արգելքի սկզբունքի վրա, Բարձրագույն վճռաբեկ դատարանը այդ օրենքի կիրառումը տարածել է բոլոր այն զորակոչիկների վրա, ովքեր իրենց բանակային ծառայության ընթացքում իրականացրել են հարկադիր աշխատանք, անկախ այն բանակային միավորումների աստիճանակարգային ենթակայությունից, որոնցում նրանք ծառայել են:
35. Բացի սրանից, մի շարք այլ որոշումներում, որոնք դատարանները կայացրել են նույն ժամանակահատվածում, նրանք նախադեպային իրավունքը զարգացրել են այլ ուղղությամբ, որի արդյունքում մերժել են ինչպես դիմողի, այնպես էլ բոլոր այն զորակոչիկների դիմումները, ովքեր իրականացրել են հարկադիր աշխատանք ԱՏ-ի շրջանակներից դուրս:
36. Նախադեպերի տրամաբանական կապը հիմնավորող մեխանիզմի բացակայության պայմաններում, ներպետական բարձրագույն դատական ատյանը երբեմն նույնիսկ նույն օրվա ընթացքում 2002թ. թիվ 309 օրենքի վերաբերյալ միանգամայն տարբեր որոշումներ է կայացրել (տե՜ս, օրինակ, 2005թ. հունվարի 11-ի, մարտի 1-ի և 28-ի որոշումները):
37. Անշուշտ, նախադեպերի հակասականությունն իր բնույթով հանդիսանում է դատական համակարգի անքակտելի մաս և բնորոշ է տարածքային ընդդատություն ունեցող բոլոր դատարաններին: Սակայն բարձրագույն դատարանի դերն այդ հակասությունները վերացնելու մեջ է:
38. Սույն գործով կարևոր է հաստատել, որ առկա են դիմողի կողմից հայտարարված` Բարձրագույն վճռաբեկ դատարանի էական և համապատասխան հակասական դիրքորոշումները:
39. Այս պրակտիկան, որը զարգացրել է երկրի բարձրագույն դատական ատյանը, ինքնին հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, որի առկայությունը բխում է Կոնվենցիայի բոլոր հոդվածների վերլուծությունից և կազմում է իրավական պետության հիմնարար հատկանիշներից մեկը: Միասնական մեկնաբանություն տալու փոխարեն, Բարձրագույն վճռաբեկ դատարանը, սակայն, հենց ինքն է դարձել իրավական անորոշության աղբյուր` այդպիսով խարխլելով նաև հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ:
40. Վերոգրյալից Դատարանը եզրակացնում է, որ այդ նախադեպային երկակիությունը պատճառ է դարձել դիմողին 2002թ. թիվ 309 օրենքով վերապահված իրավունքներից օգտվելու հնարավորությունից զրկելու համար, այն պարագայում, երբ այլ անձինք, գտնվելով միևնույն իրավիճակում, օգտվել են այդ իրավունքներից:
Այսպիսով, առկա է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
Բ. Ներպետական դատական ատյանների անկախությունն ու անաչառությունը
1. Ընդունելիությունը
41. Դատարանը նշում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Ապա այն նշում է, որ գանգատը որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար, այն պետք է ընդունելի համարվի:
2. Հանգամանքները
42. Կառավարությունը փաստարկել է, որ ներպետական դատական ատյանները, որոնք քննել են գործը, ամբողջությամբ բավարարել են անկախության և անաչառության պահանջները: Այս տեսանկյունից, անհրաժեշտ է հաշվի առնել, որ Պիտեստիի բանակային միավորման նամակում նշված հանգամանքները կազմվել են ազգային արխիվների կողմից տրամադրված տեղեկությունից և գործում առկա այլ նյութերից:
43. Դիմողը պնդել է, որ այն պահից, երբ Պիտեստիի բանակային միավորումն իր նամակում նշել է, որ դրանում առկա տեղեկություններն իրեն տրամադրել է պատասխանող կողմը, ներպետական դատական ատյաններն իրավասու չէին իրենց որոշումների հիմքում դնել այդ տեղեկությունները:
44. Դատարանը հիշեցնում է, որ անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի քննության` յուրաքանչյուր անձի պատկանող իրավունքն արդար դատաքննության իրավունքի շատ լայն տեսակետ է, որը երաշխավորվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով:
45. 6-րդ հոդվածի վերաբերյալ արված դատողության տեսանկյունից (տե՜ս 40-րդ կետը) Դատարանը հաստատում է, որ կարիք չկա քննության առնել այն հարցը, թե սույն գործը քննած դատարանների անկախության ու անաչառության տեսանկյունից առկա եղել է, արդյոք, այդ հոդվածի խախտում, թե` ոչ:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ` ԶՈՒԳՈՐԴՎԱԾ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏ
46. Դիմողի գանգատի համաձայն` Ռումինիայի իշխանությունները հրաժարվել են իրեն տրամադրել բանակային ծառայության ընթացքում իր կողմից կատարված հարկադիր աշխատանքի համար 2002թ. թիվ 309 օրենքով նախատեսված իրավունքները: Նա պնդել է, որ ինքը խտրականության զոհ է` այն անձանց համեմատ, ովքեր գտնվում են միևնույն իրավիճակում, և ում ներպետական դատարանները, մասնավորապես` Բարձրագույն վճռաբեկ դատարանը, տրամադրել է նշված իրավունքներից օգտվելու հնարավորություն:
Նա վկայակոչել է Կոնվենցիայի 14-րդ հոդվածը` զուգորդված Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի հետ: Նշված հոդվածների համաձայն.