Հոդված 215. ա
Հոդված 215ա
«Ընտանիքի անդամի կողմից բռնությունը, վատ վերաբերմունքը կամ խիստ վիրավորական վարքագիծը, որի արդյունքում ընտանիքի որևէ անդամ նվաստացնող դրության մեջ է հայտնվում, պատժվում է ազատազրկմամբ` վեց ամսից մինչև հինգ տարի ժամկետով»:
Գործին առնչվող օրենսդրությունը մանր իրավախախտումների վերաբերյալ
39. Ընտանեկան բռնությունից պաշտպանության մասին օրենքի (Official Gazette no. (Պաշտոնական տեղեկագիր)`թիվ 116/2003, Zakon o zaštiti of nasilja u obitelji) համապատասխան դրույթները սահմանում են հետևյալը.
Բաժին 1
«Սույն օրենքով սահմանվում են «ընտանեկան բռնություն» հասկացությունը, սույն օրենքի իմաստով ընտանիքի անդամներ համարվող անձինք, ընտանիքի անդամների պաշտպանության ձևերը և մանր իրավախախտումների համար նախատեսված պատիժների տեսակներն ու նպատակները»:
Բաժին 2
«(1) Մանր իրավախախտումների մասին օրենքի դրույթները կիրառելի են ընտանեկան բռնության հետ կապված մանր իրավախախտումների նկատմամբ, եթե սույն oրենքով այլ բան նախատեսված չէ:
(2) Սույն օրենքի շրջանակներում հարուցված վարույթները պետք է քննվեն անհապաղ»:
Բաժին 4
«Ընտանեկան բռնություն է համարվում հետևյալը.
– անձի անձեռնմխելիության դեմ ֆիզիկական ուժ կամ հոգեբանական ճնշում գործադրելու ցանկացած դրսևորում,
– ընտանիքի անդամի կողմից կատարված ցանկացած գործողություն, որը կարող է ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառել,
– վախ, անձնական անվտանգության համար անհանգստություն կամ անձի արժանապատվությանը վնաս պատճառելը,
– ֆիզիկական ցանկացած ոտնձգություն` անկախ մարմնական վնասվածք հասցնելու կամ չհասցնելու հանգամանքից,
– բանավոր ցանկացած ոտնձգություն, հայհոյանք, անվանարկում կամ լուրջ վիրավորանքի ցանկացած այլ դրսևորում,
– սեռական ոտնձգություններ,
– հետապնդումը կամ անհանգստություն պատճառելու ցանկացած դրսևորում,
– անձի անօրինական մեկուսացում, նրա տեղաշարժվելու ազատության կամ այլոց հետ շփվելու սահմանափակում,
– գույքի վնասում կամ ոչնչացում, կամ նման գործողություն կատարելու փորձ»:
Մանր իրավախախտումների դեպքում` ընտանեկան բռնությունից պաշտպանելու նպատակով կիրառվող պատժի տեսակները և նպատակները
Բաժին 6
«(1) Մանր իրավախախտումների դեպքում ընտանեկան բռնությունից պաշտպանելու նպատակով կիրառվող պատժի տեսակներն են` տուգանքը, ազատազրկումը և պաշտպանության միջոցները:
...»:
Պաշտպանության միջոցները
Բաժին 7
«Ընտանեկան բռնություն գործադրած անձի նկատմամբ դատարանը կարող է կիրառել պաշտպանության հետևյալ միջոցները.
(a) հարկադիր սոցիալ-հոգեբանական բուժում,
(b) տուժողին մոտենալու հետ կապված սահմանափակումներ,
(c) բռնությունից տուժած անձանց անհանգստացնելու և հետապնդելու հետ կապված սահմանափակումներ,
(d) բնակարանից, տնից կամ այլ կացարանից վտարում,
(e) բռնության առումով խոցելի անձանց պաշտպանության ապահովում,
(f) կախվածությունից հարկադիր բուժում,
(g) մանր իրավախախտումների համար նախատեսված կամ գործածված իրերի առգրավում»:
Պաշտպանության միջոցների նպատակը
Բաժին 8
«Պաշտպանության միջոցների նպատակն է` կանխել ընտանեկան բռնությունը, բռնության առումով խոցելի անձի անհրաժեշտ պաշտպանությունը, առողջությունն ու անվտանգությունն ապահովելը և հետագայում մանր իրավախախտում կատարելուն նպաստող կամ հրահրող հանգամանքները չեզոքացնելը»:
Պաշտպանության միջոցը` հարկադիր սոցիալ-հոգեբանական բուժման ձևով
Բաժին 9
«(1) Պարտադիր սոցիալ-հոգեբանական բուժման ձևով պաշտպանության միջոցը կարող է կիրառվել ընտանեկան բռնություն գործադրած անձի նկատմամբ` բռնացողի գործողություններին վերջ դնելու նպատակով, կամ այն դեպքում, երբ առկա է վերջինի կողմից սույն օրենքի 3-րդ բաժնում նշված անձանց դեմ կրկին հանցանք կատարելու հավանականություն:
(2) Սույն բաժնի 1-ին մասով նախատեսված միջոցը պետք է կիրառվի այնքան ժամանակ, քանի դեռ դրա անհրաժեշտությունը չի վերացել, սակայն ոչ ավելի, քան վեց ամիս տևողությամբ:
...»:
Պաշտպանության միջոցները` տուժողին մոտենալու հետ կապված սահմանափակումներ կիրառելու ձևով
Բաժին 10
«(1) Տուժողին մոտենալու սահմանափակումների ձևով պաշտպանության միջոցը կարող է կիրառվել ընտանեկան բռնություն գործադրած անձի նկատմամբ, եթե առկա է վերջինի կողմից սույն օրենքի 3-րդ բաժնում նշված անձանց դեմ կրկին հանցանք կատարելու հավանականություն:
(2) Տուժողին մոտենալու սահմանափակումների ձևով պաշտպանության միջոցը նշանակելիս պետք է նշվեն համապատասխան վայրերն ու տարածքները, ինչպես նաև մոտենալու թույլատրելի հեռավորությունը:
(3) Սույն բաժնի առաջին մասում նշված միջոցի տևողությունը չի կարող մեկ ամսից պակաս կամ մեկ տարուց ավելի լինել:
...»:
Բռնությունից տուժած անձանց անհանգստացնելու և հետապնդելու հետ կապված սահմանափակումները
Բաժին 11
«(1) Բռնությունից տուժած անձանց անհանգստացնելու և հետապնդելու հետ կապված սահմանափակումների ձևով պաշտպանության միջոցը կարող է կիրառվել բռնություն գործադրած անձի նկատմամբ, եթե առկա է վերջինիս կողմից սույն օրենքի 3-րդ բաժնում նշված անձանց դեմ կրկին հանցանք կատարելու հավանականություն:
(2) Սույն բաժնի առաջին մասում նշված միջոցը կարող է կիրառվել մեկ ամսից մինչև մեկ տարի ժամկետով:
...»:
Բռնության առումով խոցելի անձանց պաշտպանությունն ապահովելը
Բաժին 13
«(1) Բռնության առումով խոցելի անձանց պաշտպանությունն ապահովելու ձևով պաշտպանության միջոցը կարող է նշանակվել այն անձի նկատմամբ, ով անձնական պաշտպանության առումով խոցելի է բռնության հանդեպ` նրան հնարավորություն տալով տնից վերցնելու իր անձնական փաստաթղթերը, հագուստը, դրամը կամ ամենօրյա կյանքում անհրաժեշտ այլ պարագաներ:
(2) Սույն բաժնի 1-ին մասում նշված միջոցը ներառում է բռնության առումով խոցելի անձի ուղեկցումը ոստիկանության կողմից և այդ անձի պաշտպանությունը` անձնական իրերը վերցնելու ընթացքում, ինչպես նաև ուղեկցումը տնից դուրս գալու ժամանակ:
(3) Այս միջոցի տևողությունը պայմանավորված է դատարանի կարգադրությունն իրականացնելու համար անհրաժեշտ ժամանակով»:
Պաշտպանության միջոցների նշանակումը
Բաժին 16
«(1) Պաշտպանության միջոցները կարող են նշանակվել բռնության առումով խոցելի անձի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ:
(2) 7-րդ բաժնի (a) և (g) կետերով նախատեսված պաշտպանության միջոցները նշանակվում են դատարանի նախաձեռնությամբ:
(3) Սույն օրենքով նախատեսված պաշտպանության միջոցները նշանակվում են մեկ ամսից ոչ պակաս տևողությամբ, սակայն մանր իրավախախտման գործով վարույթի ավարտից հետո երկու տարուց ոչ ավելի ժամկետով կամ ոչ ավելի, քան մինչև ազատազրկման ժամկետի ավարտը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ»:
Բաժին 17
«(1) Սույն օրենքի 7-րդ բաժնի (b), (c), (d) և (g) կետերով նախատեսված պաշտպանության միջոցները կարող են նշանակվել առանձին, եթե անգամ այլ պատժատեսակ նշանակված չէ:
(2) Սույն բաժնի առաջին մասով նախատեսված պաշտպանության միջոցը կարող է նշանակվել մանր իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու դիմում ներկայացրած անձի միջնորդությամբ` բռնության առումով խոցելի անձանց կամ վերջիններիս ընտանիքների անդամների կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով:
(3) Սույն բաժնի 1-ին և 2-րդ մասերում նշված հարցերով որոշումը դատարանը պետք է կայացնի 48 ժամվա ընթացքում:
...»:
Պատասխանատվությունը պաշտպանության միջոցը խախտելու համար
Բաժին 20
«(1) Ընտանեկան բռնություն գործադրած անձինք պարտավոր են կատարել [իրենց նկատմամբ նշանակված] պաշտպանության միջոցի պահանջները:
(2) Իրենց նկատմամբ նշանակված պաշտպանության միջոցների պահանջները խախտող անձինք մանր իրավախախտման համար պատժվում են տուգանքով, որը չի կարող 3.000 խորվաթական կունայից պակաս լինել, կամ ազատազրկմամբ` առնվազն քառասուն օր ժամկետով:
...»:
40. Մանր իրավախախտումների մասին օրենքը (Zakon o Prekršajima, Official Gazette no. (Պաշտոնական տեղեկագիր)` թիվ 88/2002), սահմանում է հետևյալը.
Բաժին 30
«Տուգանքն անձի նկատմամբ կարող է սահմանվել նվազագույնը 300 խորվաթական կունայից մինչև առավելագույնը 10.000 խորվաթական կունայի չափով»:
Բաժին 31
«Կարճաժամկետ ազատազրկումը կարող է սահմանվել նվազագույնը` 3 և առավելագույնը` երեսուն օր ժամկետով: Բացառիկ դեպքերում, կախված մանր իրավախախտման լրջությունից, այն կարող է սահմանվել առավելագույնը մինչև վաթսուն օր ժամկետով:
...»:
41. Ազատազրկման հետ կապված պատիժների իրականացման մասին օրենքի (Zakon o izvršavanju kazne zatvora, Official Gazette nos. (Պաշտոնական տեղեկագիր)` թիվ 128/1999 and 190/2003) համապատասխան բաժինները սահմանում են հետևյալը.
ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Բաժին 2
«Կարճաժամկետ ազատազրկման հիմնական նպատակը ազատազրկումը կրող անձի հանդեպ մարդկային վերաբերմունքից և նրա անձնական անվտանգությունը հարգելուց բացի ... ազատազրկվածի մոտ ազատ արձակվելուց հետո օրենքին և հասարակությունում ընդունված բարքերին համապատասխան ապրելու ունակության ձևավորումն է»:
ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Բաժին 69
(1) «Կարճաժամկետ ազատազրկումն իրականացնելու անհատական ծրագիրը (այսուհետ` իրականացման ծրագիր) մանկավարժական, աշխատանքային, ժամանցային, առողջապահական, հոգեբանական և ապահովության հետ կապված միջոցառումների ծրագիր է, որի նպատակն անազատության մեջ անցկացրած ժամանակն ազատազրկվածի առանձնահատկություններին ու կարիքներին, ինչպես նաև այս կամ այն հաստատության կամ բանտի տեսակին ու հնարավորություններին համապատասխանեցնելն է: Իրականացման ծրագիրը պետք է մշակվի` հաշվի առնելով սույն օրենքի 7-րդ բաժնում նշված նպատակներին հասնելու անհրաժեշտությունը:
(2) Իրականացման ծրագիրը պետք է մշակվի բանտի ղեկավարի կողմից` քրեակատարողական ոլորտի փորձագիտական խմբի առաջարկությունների հիման վրա...
(3) Իրականացման ծրագիրը պետք է տեղեկատվություն պարունակի ... հատուկ ընթացակարգերի (... հոգեբանական և հոգեբուժական աջակցության ... անվտանգության հատուկ միջոցառումների ...) մասին:
...»
III. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
42. Կանանց բռնությունից պաշտպանելու վերաբերյալ 2002թ. ապրիլի 30-ի իր թիվ Rec(2002)5 հանձնարարականում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, ի թիվս այլ հարցերի, արձանագրել էր, որ անդամ երկրները պետք է մշակեն, ընդունեն և (կամ) կատարելագործեն (եթե անհրաժեշտ է) բռնության դեմ ուղղված ներպետական քաղաքականություն` տուժողների առավելագույն անվտանգությունն ու պաշտպանությունը, աջակցությունն ու օժանդակությունն ապահովելու, քրեական և քաղաքացիական օրենսդրությունը համապատասխանեցնելու, հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, կանանց դեմ բռնություններին առնչվող մասնագետների վերապատրաստման և կանխարգելման միջոցով:
43. Նախարարների կոմիտեն, մասնավորապես, հանձնարարել էր, որպեսզի անդամ երկրները քրեականացնեն կանանց դեմ ուղղված լուրջ բռնությունները, ինչպիսիք են` սեռական բռնությունը և բռնաբարությունը, հղի կամ անպաշտպան, հիվանդ, հաշմանդամ կամ կախյալ վիճակում գտնվող տուժողների խոցելիությունը չարաշահելը, ինչպես նաև քրեականացնել բռնությունը գործադրողի կողմից դիրքի չարաշահումը: Հանձնարարականում նաև նշվել էր, որ անդամ երկրները պետք է ապահովեն, որպեսզի բռնությունից տուժած բոլոր անձինք կարողանան դիմել քրեական գործ հարուցելու հարցով. անդամ երկրները պետք է նաև ընդունեն դրույթներ` ապահովելու համար, որպեսզի դատախազներն օժտված լինեն քրեական վարույթ սկսելու լիազորությամբ, խրախուսեն դատախազներին` կանանց նկատմամբ բռնությունը որպես ծանրացնող հանգամանք կամ հանրային շահի առումով վճռորոշ հանգամանք համարելու հարցում, ըստ անհրաժեշտության ապահովեն, որպեսզի ձեռնարկվեն տուժողներին վտանգներից և հնարավոր վրեժխնդրությունից արդյունավետ պաշտպանելու քայլեր և առանձնակի միջոցներ ձեռնարկեն` դատավարության ընթացքում երեխաների իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու ուղղությամբ:
44. Ինչ վերաբերում է ընտանեկան բռնությանը, Նախարարների կոմիտեն հանձնարարել է, որպեսզի անդամ երկրներն ընտանեկան բռնության բոլոր ձևերը որակեն որպես քրեական հանցագործություններ և սահմանեն հնարավորություն, որպեսզի դատական համակարգը, ի թիվս այլ միջոցների, իրավունք ունենա նշանակելու տուժողների պաշտպանության միջանկյալ միջոցներ, բռնություն գործադրողին արգելելու շփվել, հաղորդակցվել տուժողի հետ կամ մոտենալ նրան, արգելել բնակվել այս կամ այն տարածքում կամ մուտք գործել այդ տարածք. անդամ երկրները պետք է նաև քրեականացնեն բռնություն գործադրողի նկատմամբ նշանակված միջոցների բոլոր խախտումները և սահմանեն ոստիկանության, առողջապահական կամ սոցիալական ծառայությունների համար պարտադիր պահանջ` արձանագրելու բռնության փաստերը:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ, 3-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
45. Դիմողը բողոքել էր, որ Բ.-ի բռնի գործողություններից պաշտպանվելու պատշաճ միջոցների բացակայության արդյունքում պետական իշխանության մարմինները չեն կատարել իրենց դրական պարտավորությունները: Նա հիմնվել էր Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածների վրա, որոնց համապատասխան հատվածները հետևյալ բովանդակությունն ունեն.