Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Թոքախտով հիվանդ ... անձանց սոցիալական պաշտպանությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Թոքախտով հիվանդ ... անձանց սոցիալական պաշտպանությունը

«4. Թոքախտով հիվանդ…անձինք թոքախտի բուժման համար անհրաժեշտ դեղորայքն ստանում են անվճար` Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից սահմանված կարգով»:

2. Ազատազրկված անձանց բժշկական օգնություն ցույց տալու վերաբերյալ նորմատիվ իրավական կարգավորումներ

60. Ռուսաստանի օրենսդրությունն ազատազրկված անձանց բժշկական օգնություն ցույց տալու վերաբերյալ մանրամասն կարգավորված հանձնարարականներ է տալիս: Նման հանձնարարականներ առկա են Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության և Արդարադատության նախարարության 2005թ. հոկտեմբերի 17-ի՝ «Կալանավայրերում և ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց բժշկական օգնություն ցույց տալու կազմակերպման կարգի մասին» թիվ 640/190 հրամանում (Կարգադրություն), որոնք կիրառվում են առանց բացառության բոլոր ազատազրկված անձանց նկատմամբ: Մասնավորապես, այդ Կարգադրության 3-րդ բաժինը նշում է սկզբնական անհրաժեշտ գործողությունները, որոնք պետք է իրականացվեն կալանավորված անձանց քննչական մեկուսարան տեղափոխելուն պես: Մինչև քննչական մեկուսարան նրանց մտնելը և մյուս ազատազրկված անձանց հետ նույն բանտախցում տեղավորելը, բոլոր ժամանածները պետք է սկզբնական բժշկական զննում անցնեն: Այդ բժշկական զննումն իրականացվում է այդ անձանց մոտ վարակիչ հիվանդությունների ի հայտ բերման, ինչպես նաև հիվանդ անձանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով: Քննչական մեկուսարան բերված բոլոր անձինք ոչ ավելի, քան երեք օրվա ընթացքում պետք է անցնեն պարտադիր բուժզննում, այդ թվում` ռենտգենյան լուսանկարահանում: Մանրակրկիտ բուժզննման ընթացքում բժիշկը բացահայտում է ազատազրկված անձի բոլոր առողջական խնդիրները, ուսումնասիրում կյանքի և հիվանդության ընթացքի պատմությունը (անամնեզը), գրանցում անձի մոտ առկա բոլոր վնասվածքները և առկայության դեպքում` նաև նոր կատարված դաջվածքները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նշանակում լրացուցիչ բուժզննում: Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, ՄԻԱՎ վարակի կամ թոքախտի հայտնաբերման համար իրականացվում են լաբորատոր ուսումնասիրություններ:

61. Ազատազրկված անձանց բժշկական հետագա զննումն իրականացվում է տարին երկու անգամ կամ հենց վերջիններիս խնդրանքով: Առողջական վիճակի վատթարացման դեպքում բժշկական զննումն իրականացվում է քննչական մեկուսարանի բժշկական անձնակազմի կողմից: Նման դեպքերում զննումը ներառում է ինչպես ընդհանուր բժշկական զննությունը, այնպես էլ լրացուցիչ մեթոդներ, իսկ անհրաժեշտության դեպքում` մասնագետ բժիշկներ են ներգրավվում: Զննության արդյունքները գրանցվում են ազատազրկված անձի ամբուլատոր քարտում: Ազատազրկված անձը պետք է տեղեկացվի զննության արդյունքների մասին:

62. Կարգադրության 3-րդ բաժինը նաև սահմանում է ազատազրկված անձի՝ զննություն անցնելուց կամ բուժվելուց հրաժարվելու դեպքում իրականացվող ընթացակարգը: Հրաժարման դեպքում ազատազրկված անձի ամբուլատոր քարտում այդ մասին նշում է կատարվում: Բժիշկը պետք է մանրամասն բացատրի, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ բժշկական միջամտությունից հրաժարվելը:

63. Ազատազրկված անձինք նշանակված դեղահաբերն ընդունում են բժշկի ներկայությամբ: Բացառիկ դեպքերում քննչական մեկուսարանի բժշկական բաժնի ղեկավարը կարող է ցերեկային ժամերին առանց բժշկական հսկողության դեղահաբեր ընդունելու թույլտվություն տալ:

64. Կարգադրության 10-րդ բաժինը կարգավորում է թոքախտով հիվանդ ազատազրկված անձանց բժշկական զննության, մոնիթորինգի և բուժման անցկացման կարգը: Այս բաժինը մանրամասն կարգավորում է ինչպես առաջին անգամ թոքախտով հիվանդ, այնպես էլ կրկին վարակված անձանց (ռեցիդիվի կամ ազատազրկված անձի մեղքով վատ իրականացված բուժման դեպքում) նկատմամբ իրականացվող բժշկական զննությունների կարգը, սահմանում դրանց պարբերականությունը և կարգավորում բուժման ընթացքը: Մասնավորապես, սահմանված է, որ ազատազրկված անձի մոտ թոքախտի հայտնաբերման դեպքում պետք է անհապաղ վերջինիս մեկուսացնել (քննչական մեկուսարանի վարակային բաժնում), այնուհետև նրան տեղափոխել հակաթոքախտային հաստատություն: Թոքախտով հիվանդ անձանց կանխարգելիչ (պրոֆիլակտիկ) և հակառեցիդիվային բուժումն իրականացվում է մասնագետների կողմից: Միաժամանակ, խիստ հսկողություն է իրականացվում ազատազրկված անձանց կողմից դեղահաբերի ընդունման նկատմամբ: Յուրաքանչյուր դեղի չափաբաժին գրանցվում է ամբուլատոր քարտում: Դրանց ընդունումից հրաժարվելու մասին ևս նշումներ են կատարվում: Անցկացվում են զրույցներ բուժումից հրաժարվելու հետևանքների մասին: Թոքախտով հիվանդ ազատազրկված անձանց համար սահմանվում է հատուկ սննդակարգ:

3. Հակաթոքախտային միջոցառումների մասին հրամաններ

65. 2003թ. մարտի 21-ին Առողջապահության նախարարությունն արձակել է թիվ 109 հրամանը՝ «Ռուսաստանի Դաշնությունում հակաթոքախտային միջոցառումների կատարելագործման մասին» («Հակաթոքախտային միջոցառումների մասին հրաման» կամ «Հրաման»): Ելնելով Ռուսաստանի Դաշնությունում թոքախտի վարակի, հատկապես երեխաների և ազատազրկված անձանց շրջանում տարածվածության աստիճանից, ինչպես նաև այս հիվանդությունից մահացածության դեպքերի աճից` Հրամանը շարադրում է միջազգային չափանիշներին համապատասխանող մի շարք ուղեցույց դրույթներ և խորհուրդներ ամբողջ երկրում թոքախտի կանխարգելման, հայտնաբերման, բուժման համար, սահմանում թոքախտով հիվանդ անձանց հայտնաբերման եղանակները, թոքախտի արտահայտման ձևերը, անհրաժեշտության դեպքում իրականացվող բժշկական հետազոտության անցկացման կարգն ու գնահատականը, ինչպես նաև սահմանում է պատվաստման իրականացման կարգն ու պայմանները, որոշակի խմբի հիվանդների բուժման ընթացքը և այլն:

66. Մասնավորապես, Հրամանի 6-րդ հավելվածը ներառում է թոքախտով հիվանդ անձանց քիմիաթերապիայի ենթարկելու մասին Կանոններ: Բուժման նպատակը, հիմնականում կիրառվող հակաթոքախտային դեղահաբերի և չափաբաժինների, ինչպես նաև քիմիաթերապիայի իրականացման վերաբերյալ դրույթները համապատասխանում են «Թոքախտի բուժում` Ազգային ծրագրերի համար ուղեցույց սկզբունքներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն» փաստաթղթին (տե՛ս ստորև):

B. Ազատազրկման վայրում պահելու պայմանները

67. Կասկածյալին կամ մեղադրյալին կալանքի տակ պահելու մասին օրենքի (Դաշնային օրենք թիվ103-ԴՕ, 1995թ. հուլիսի 15) 22-րդ հոդվածը սահմանում է, որ կալանքի տակ գտնվող անձինք պետք է ապահովվեն առողջություն համար օգտակար և ուժերը վերականգնող, Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող անվճար սննդով: 23-րդ հոդվածը սահմանում է, որ կալանավորված անձանց անհրաժեշտ է ապահովել հիգիենային, սանիտարական պայմաններին և հրշեջ անվտանգությանը համապատասխանող կենցաղային պայմաններով: Նրանք պետք է նաև ապահովված լինեն առանձին ննջարանով և անկողնային պարագաներով, զուգարանային և ճաշելու համար նախատեսված պարագաներով: Յուրաքանչյուր ազատազրկված անձ պետք է ունենա ոչ պակաս, քան չորս քառակուսի մետր անձնական տարածք:

C. Հանցագործության քննությունը

68. Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգիրքը (ուժի մեջ է մտել 2002թ. հուլիսի 1-ին, «քր. դատ. օր.») սահմանում է, որ քրեական գործերով նախաքննություն իրականացնելու իրավունք ունի քննիչը կամ դատախազը, նախաքննություն իրականացնելու իրավունք ունի քննիչը կամ դատախազը՝ ֆիզիկական անձանց հաղորդումների կամ սեփական նախաձեռնության հիման վրա, այն դեպքերում , երբ հիմքեր կան ենթադրելու, որ հանցանք է կատարվել (հոդվածներ 146 և 147): Քննության նկատմամբ ընդհանուր հսկողություն իրականացնում է դատախազը (հոդված 37): Դատախազն իրավասու է կարգադրություններ անել առանձին քննչական գործողությունների իրականացման վերաբերյալ, գործը մի քննիչից հանձնել մյուսին կամ կարգադրել լրացուցիչ քննություն իրականացնել: Քրեական գործ հարուցելու հիմքերի բացակայության դեպքում քննիչը կամ դատախազը կայացնում է քրեական գործ հարուցելու մերժման մասին պատճառաբանված որոշում, որի մասին հայտնում է շահագրգիռ կողմերին: Որոշումը ենթակա է բողոքարկման վերադաս դատախազին կամ ընդհանուր իրավասության դատարան՝ քր. դատ. օր. 148-րդ հոդվածով սահմանված կարգով: 125-րդ հոդվածը սահմանում է մասնակիցների սահմանադրական իրավունքները խախտող` քննիչի կամ դատախազի կողմից կայացված որոշումների վերանայման իրավունքը:

D. Կալանավայրերում ենթադրյալ վատ վերաբերմունքի վերաբերյալ իշխանությունների պատասխանը

69. Ռուսաստանի օրենսդրությունը սահմանում է կալանավորված անձանց ժամանակավորապես քննչական մեկուսարաններում պահելու վերաբերյալ պայմանները: Նման կարգավորումներ առկա են Արդարադատության նախարարության «Քննչական մեկուսարաններում ներքին կարգի կանոնների հաստատման մասին» թիվ 189 հրամանում («Հրաման»), որն ուժի մեջ է մտել 2005թ. հոկտեմբերի 14-ին: Մասնավորապես, Հրամանի 2-րդ բաժինը սահմանում է, որ ազատազրկված անձի մոտ մարմնական վնասվածքներ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է քննություն իրականացնել: Ենթադրյալ հանցագործության հանգամանքների բացահայտման նպատակով կազմված գործի նյութերն ուղարկվում են դատախազություն՝ Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան քրեական գործ հարուցելու կամ մերժելու մասին որոշում կայացնելու համար (2-րդ բաժին, 16-րդ կետ):

E. Ողջամիտ ժամկետում գործի վերանայման իրավունքի խախտման դեպքում իրավական պաշտպանության նոր միջոցները

70. 2010թ. ապրիլի 30-ին Ռուսաստանի օրենսդիր մարմինն ընդունել է «Ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքի կամ դատարանի կայացրած ակտը ողջամիտ ժամկետում ի կատար ածելու հետ կապված իրավունքի խախտման դեպքում փոխհատուցման մասին («Փոխհատուցման մասին ակտ»)» թիվ 69-ԴՕ օրենքը: Փոխհատուցման մասին ակտն ուժի մեջ է մտել 2010թ. մայիսի 4-ին: Այն սահմանում է, որ ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքի հետ կապված խախտման դեպքում անձն իրավունք ունի ոչ նյութական հատուցման պահանջ ներկայացնել: Թիվ 69-ԴՕ-ն, այսպիսով, Ռուսաստանի ուղղիչ հիմնարկների գործունեությունը կարգավորող օրենսդրության մեջ փոփոխություն է մտցրել:

71. Փոխհատուցման մասին ակտի 6.2-րդ հոդվածը սահմանում է, որ բոլոր անձինք, ովքեր գանգատներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքի խախտման հիմքով, ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում իրավունք ունեն ներպետական դատարաններ փոխհատուցման հայց ներկայացնել, եթե Եվրոպական դատարանը ներկայացված գանգատն ընդունելի չի համարել:

F. Պատիժը կրելու նպատակով կալանավայրի ընտրությունը

72. Ռուսաստանի Դաշնության քրեակատարողական օրենսգրքի 73-րդ հոդվածը (թիվ 1-ԴՕ, ընդունվել է 1997թ. հունվարի 8-ին) սահմանում է, որ ազատազրկված անձինք, բացի բացառիկ դեպքերից, իրենց պատիժը կրում են Ռուսաստանի Դաշնության այն տարածքում գտնվող ուղղիչ հիմնարկում, որտեղ վերջիններս բնակվել են մինչև մեղադրական վճռի ուժի մեջ մտնելը: Բացառիկ դեպքերում առողջական վիճակից ելնելով կամ անվտանգության ապահովման նպատակող կամ ազատազրկված անձի համաձայնության դեպքում նրանք կարող են պատիժը կրել Ռուսաստանի Դաշնության այլ տարածքում: Բնակության վայրի բացակայության դեպքում ազատազրկված անձինք ուղարկվում են ազատազրկման վայր՝ քրեակատարողական համակարգի վերադաս մարմինների հետ համաձայնեցնելու դեպքում:

III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

A. Առողջության պահպանության վերաբերյալ ընդհանուր հարցեր

1. Նախարարների կոմիտեի թիվ (2006)2 հանձնարարականը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին «Եվրոպական բանտային կանոնների մասին», որն ընդունվել է 2006թ. հունվարի 11-ին Նախարարների տեղակալների 958-րդ նիստի ընթացքում («Եվրոպական բանտային կանոններ»)

73. Եվրոպական բանտային կանոնները սահմանում են առողջության պահպանման վերաբերյալ ուղեցույց սկզբունքները: Սույն գործին վերաբերող Կանոնները սահմանում են հետևյալը.

«Առողջության պահպանումը

39. Քրեակատարողական մարմինները պետք է երաշխավորեն իրենց խնամքի տակ գտնվող բոլոր բանտարկյալների առողջությունը:

Բանտերում առողջության պահպանման կազմակերպումը

40.1. Բանտում բժշկական ծառայությունները պետք է իրենց գործունեությունը կազմակերպեն` սերտորեն համագործակցելով համայնքի կամ պետության ընդհանուր առողջապահական համակարգի հետ:

40.2. Բանտերում առողջության պահպանման քաղաքականությունը պետք է կապակցված և համահունչ լինի առողջության պահպանման ազգային քաղաքականությանը:

40.3. Բանտարկյալները պետք է կարողանան առանց իրենց իրավական վիճակով պայմանավորված որևէ խտրականության օգտվել երկրում առկա առողջապահական ծառայություններից:

40.4. Բանտում բուժծառայությունը պետք է ձգտի հայտնաբերել և բուժել բանտարկյալների ֆիզիկական կամ հոգեկան հիվանդությունները կամ լուծել առողջական խնդիրները:

40.5. Այդ նպատակի համար բանտարկյալին պետք է տրամադրվեն բոլոր անհրաժեշտ բժշկական, վիրաբուժական և հոգեբուժական ծառայությունները, ներառյալ համայնքում առկա ծառայությունները:

Բժշկական և առողջապահական անձնակազմը

41.1. Յուրաքանչյուր բանտ պետք է օգտվի առնվազն մեկ որակավորված ընդհանուր բժշկի ծառայությունից:

41.2. Պայմաններ պետք է ստեղծվեն` մշտապես ապահովելու հրատապ դեպքերում որակավորված ընդհանուր բժշկի անհապաղ հասանելիությունը:

...

41.4. Յուրաքանչյուր բանտ պետք է ունենա առողջապահական համապատասխան վերապատրաստում անցած աշխատողներ:

Բժշկի պարտականությունները

42.1. Բժիշկը կամ նրան հաշվետու որակավորված բուժքույրը պետք է յուրաքանչյուր բանտարկյալի բանտ ընդունումից հետո հնարավորինս շուտ տեսակցի և ստուգի նրան, բացառությամբ, երբ ակնհայտ է, որ նման ստուգման անհրաժեշտություն չկա:

...

42.3 Բանտարկյալին ստուգելիս բժիշկը կամ նրան հաշվետու որակավորված բուժքույրը պետք է առանձնակի ուշադրություն դարձնի հետևյալին.

բ. ֆիզիկական կամ հոգեկան հիվանդությունների ախտորոշմանը և դրանց բուժման ու արդեն իսկ ընթացող բուժումը շարունակելու համար անհրաժեշտ բոլոր միջոցների ձեռնարկմանը,

...

զ. ինֆեկցիոն կամ տարափոխիկ հիվանդությամբ տառապելու մեջ կասկածվող բանտարկյալներին ինֆեկցիոն ժամանակաշրջանի ընթացքում մեկուսացնելուն և նրանց պատշաճ կերպով բուժելուն,

...

43.1. Բժիշկը պետք է հոգ տանի բանտարկյալների ֆիզիկական և հոգեկան առողջության մասին և պետք է հանրության շրջանակում կիրառվող առողջապահական չափորոշիչներին չհակասող պայմաններով և հաճախականությամբ տեսակցի բոլոր հիվանդ բանտարկյալներին, հիվանդության կամ մարմնական վնասվածքի մասին հայտնող բոլոր բանտարկյալներին և այլ բանտարկյալների, որոնց վրա հատուկ հրավիրվում է բժշկի ուշադրությունը:

...

Բուժօգնության կազմակերպումը

46.1. Հիվանդ բանտարկյալները, որոնք մասնագիտացված բուժման կարիք ունեն, տեղափոխվում են մասնագիտացված հիմնարկներ կամ քաղաքացիական հիվանդանոցներ, եթե տվյալ բուժումը հնարավոր չէ կազմակերպել բանտի ներսում:

46.2. Այն դեպքում, երբ քրեակատարողական ծառայությունն ունի իր սեփական հիվանդանոցները, դրանք պետք է համարժեքորեն ապահովված լինեն կադրերով և հարմարություններով, որպեսզի այդտեղ ուղարկվող բանտարկյալների համար իրականացվեն համապատասխան բուժում և խնամք:

2. Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի Ընդհանուր հաշվետվությունից քաղվածք 3-րդ (CPT հաշվետվություն)

74. Ազատազրկման վայրերում բարդ և կարևոր բուժօգնությանը վերաբերող հարցերին անդրադարձել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն իր՝ Ընդհանուր հաշվետվության 3-րդ քաղվածքում (CPT/Inf (93)12, հրապարակվել է 1993թ. հունիսի 4-ին): Հաշվետվության համապատասխան քաղվածքները սահմանում են.

«33. Ազատազրկման վայր մուտք գործելուն պես բոլոր ազատազրկված անձինք պետք է անհապաղ ենթարկվեն բուժզննման տվյալ հիմնարկի բժշկական անձնակազմի կողմից: Մինչ օրս ներկայացրած հաշվետվություններում ԽԿԿ-ն առաջարկում է, որպեսզի ամեն նոր բերված ազատազրկված անձ անմիջապես պատշաճ կերպով և անհրաժեշտության դեպքում ֆիզիկապես հետազոտվի բժշկի կողմից: Հարկ է ավելացնել, որ որոշ երկրներում հետազոտումն անց է կացվում բժշկի ղեկավարության ներքո աշխատող որակյալ բուժքրոջ կողմից: Այսպիսի մոտեցումը կարելի է դիտարկել որպես առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման ձև:

Ցանկալի է նաև, որ ազատազրկված անձինք գալուն պես ստանան բժշկական ծառայության առկայության և նրա գործունեության, ինչպես նաև հիգիենայի հիմնական միջոցների մասին տեղեկացնող բուկլետ կամ բրոշյուր:

34. Ազատազրկված անձինք պետք է ցանկացած ժամանակ բժշկին դիմելու հնարավորություն ունենան՝ անկախ իրենց ազատազրկման ռեժիմից… Բժշկական սպասարկումը պետք է կազմակերպված լինի այնպես, որ բժշկի խորհրդատվությունից օգտվելու խնդրանքը բավարարվի առանց ավելորդ հապաղման…

35. Ազատազրկման վայրի բժշկական ծառայությունը պետք է հնարավորություն ունենա ազատազրկված անձանց ապահովելու առնվազն կանոնավոր ամբուլատոր խորհրդատվությամբ և բժշկական շտապօգնությամբ (նաև կարող է ունենալ մահճակալներով ապահովված հիվանդանոցային տիպի բաժանմունք)… Բացի դրանից, ազատազրկման վայրում աշխատող բժիշկը պետք է մասնագետներ ներգրավելու հնարավորություն ունենա:

Բժշկական շտապօգնության անհրաժեշտության դեպքում պետք է միշտ բժշկին դիմելու հնարավորություն լինի: Բացի դրանից, ազատազրկման վայրում միշտ պետք է ներկա լինի առաջին օգնություն ցուցաբերելու ունակ անձ, ցանկալի է բուժքրոջ պաշտոնապես հաստատված որակավորմամբ:

Ամբուլատոր բուժումը պետք է վերահսկվի բուժանձնակազմի կողմից. շատ դեպքերում ազատազրկված անձի նախաձեռնությունը բավարար չէ բուժումը շարունակելու համար:

36. Պետք է հնարավոր լինի օգտվել լավ սարքավորված քաղաքացիական հիվանդանոցի կամ ազատազրկման վայրի հիվանդանոցի բժշկական ծառայություններից:

38. Ազատազրկման վայրերում բժշկական սպասարկումը պետք է ապահովի բուժում և խնամք, ինչպես նաև համապատասխան սնունդ, ֆիզիոթերապևտիկ բուժում, վերականգնողական կամ ցանկացած այլ անհրաժեշտ հատուկ բուժում` համարժեք այն բուժմանը, որից օգտվում են հիվանդները նման հիմնարկի սահմաններից դուրս: Պետք է նաև նախատեսվի հիմնարկի ապահովվածությունը բուժանձնակազմով և խնամող անձնակազմով, տեխնիկական մասնագետներով, տարածքով և սարքավորումներով:

Անհրաժեշտ է դեղամիջոցների մատակարարման և բաշխման համապատասխան վերահսկում, իսկ դեղամիջոցների պատրաստումը պետք է հանձնարարվի արհեստավարժ բուժանձնակազմի (դեղագործ, բուժքույր և այլն):

39. Յուրաքանչյուր հիվանդի համար պետք է լրացվի բժշկական քարտ, որը կպարունակի ախտորոշաբանական տվյալներ, ինչպես նաև ընթացիկ գրանցումներ հիվանդի վիճակի փոփոխության և ցանկացած հատուկ բուժզննման մասին, որին ենթարկվել է հիվանդը: Հիվանդին այլ հիմնարկ տեղափոխելու դեպքում քարտը պետք է ուղարկվի այն հաստատության բժիշկներին, ուր տեղափոխվում է ազատազրկված անձը:

Բացի դրանից, բուժանձնակազմը պետք է ամենօրյա գրանցումներ կատարի մատյանի մեջ հիվանդներին վերաբերող առանձին դեպքերի մասին: Նման գրանցումներն օգտակար են այնքանով, որքանով ընդհանուր պատկերացում են տալիս ազատազրկման տվյալ հիմնարկում առողջապահության կազմակերպման մասին, ինչպես նաև լուսաբանում են որոշ խնդիրներ, որոնք կարող են ծագել:

40. Բժշկական ծառայության հաջորդ աշխատանքի նախադրյալ է հանդիսանում քննարկումների անցկացնելու նպատակով բժիշկների և խնամող անձնակազմի կանոնավոր հանդիպումները և ծառայությունը ղեկավարող ավագ բժշկի կողմից աշխատանքային խմբեր ստեղծելու հնարավորությունը: …

54. Ազատազրկման վայրերում գործող բժշկական ծառայությունները պետք է կանոնավոր կերպով տեղեկատվություն տարածեն վարակիչ հիվանդությունների (հատկապես հեպատիտի, ՁԻԱՀ-ի, պալարախտի, մաշկային վարակների) մասին ինչպես ազատազրկված անձանց, այնպես էլ հիմնարկի անձնակազմի շրջանում: Անհրաժեշտության դեպքում, նրանք, ովքեր գտնվում են ազատազրկված անձի հետ հաճախակի շփման մեջ, պետք է ենթարկվեն բժշկական վերահսկողության (անձինք, ովքեր պահվում են նույն խցերում, հիմնարկի անձնակազմը, հաճախակի այցելողները):

3. Բանտային համակարգում առողջապահության վերաբերյալ Նախարարների կոմիտեի թիվ R (98) 7 հանձնարարականը

75. Բանտային համակարգում առողջապահության վերաբերյալ եվրոպական չափանիշները զետեղված են Անդամ երկրների Նախարարների կոմիտեի բանտային համակարգում առողջապահության կազմակերպման և էթիկայի հետ կապված հարցերի վերաբերյալ թիվ R (98) 7 հանձնարարականում (հրապարակված՝ 1998թ. ապրիլի 8-ին Նախարարների տեղակալների թիվ 627 հանդիպմանը): Հիմք ընդունելով Եվրոպական բանտային կանոնները և ԽԿԿ (CPT) չափորոշիչները` Հանձնարարականն անդրադարձել է այս կապակցությամբ առավել առանձնահատուկ հարցերի, ներառյալ նաև` վարակիչ հիվանդությունների տարածման խնդրին: Մասնավորապես, թոքախտ հիվանդության վերաբերյալ Նախարարների կոմիտեն արտահայտում է իր մտահոգություններն ու նշում, որ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցառումներն այս հիվանդության տարածման կանխարգելման համար, ինչպես նաև կարևորում է այս ոլորտի վերաբերյալ օրենսդրության կատարելագործումը: Թերապևտիկ միջամտությունը և բանտից դուրս կատարվող համանման գործողությունը պետք է լինեն նույնական: Համապատասխան օրենսդրության համաձայն` բուժանձնակազմը պետք է կազմված լինի այնպիսի բժիշկներից, որոնք իրենց մասնագիտական հմտություններով համապատասխանում են հասարակության մեջ ընդունված չափանիշներին (Բաժին 41):

B. Վարակիչ հիվանդությունների տարածման վերաբերյալ առողջապահական խնդիրներ

1. Բանտերի և վարակիչ հիվանդությունների նկատմամբ հսկողության մասին Նախարարների կոմիտեի թիվ R (93) 6 հանձնարարականը

76. Եվրոպական բանտերում վարակիչ հիվանդությունների հիմնահարցը Անդամ երկրների Նախարարների կոմիտեի՝ բանտերի և վարակիչ հիվանդությունների նկատմամբ հսկողության և քրեաբանական առանձնահատկությունների մասին հանձնարարականի խնդրո առարկան է (հրապարակվել է 1993թ. հոկտեմբերի 18-ին Նախարարների տեղակալների 500-րդ հանդիպմանը): Նշված Հանձնարարականը սահմանում է.

«2. Համակարգային բժշկական զննությունն իրականացվում է բանտ մտնելուն պես հարակից (ինտերկուրրենտային) հսկողությամբ, որը վերաբերում է բուժվող վարակիչ հիվանդություններին, այդ թվում՝ նաև թոքախտին: Այդ զննումը նաև հնարավորություն է տալիս իրականացնել սանիտարական հսկողություն, ինչը բանտարկյալներին մեկ անգամ ևս ապացուցում է, որ իրենց առողջության մասին հոգ է տարվում…

15. Բանտային բժշկական համակարգում համապատասխան ֆինանսական և մարդկային ռեսուրսները պետք է մատչելի լինեն ոչ միայն վարակիչ հիվանդությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, այլև բանտարկյալներին անհանգստացնող բոլոր տեսակի հիվանդությունների դեպքերում»:

2. Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի Ընդհանուր հաշվետվությունից 11-րդ քաղվածքը (CPT Հաշվետվություն)

77. Ազատազրկման վայրերում վարակիչ հիվանդությունների վերաբերյալ հարցերը կարգավորված են առավելապես Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի Ընդհանուր հաշվետվության 11-րդ քաղվածքում (CPT/INF (2001) 16, հրապարակվել է 2001թ. սեպտեմբերի 3-ին), որտեղ քննարկված են բուժօգնության տրամադրման հետ կապված լուրջ խնդիրներն ու համապատասխան նյութերի պակասը, որի հետևանքով ավելանում է վարակիչ հիվանդությունների տարածման հնարավորությունը: Այս հարցերի կապակցությամբ ԽԿԿ (CPT) հաշվետվությունը սահմանում է`

«31. Վարակիչ հիվանդությունները և հատկապես պալարախտը, հեպատիտը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը մի շարք եվրոպական երկրներում դարձել են առողջապահության համար մտահոգություն առաջացնող մեծ խնդիր: Թեև այս հիվանդությունները բնակչության շրջանում նույնպես տարածված են, դրանք որոշ ուղղիչ հիմնարկների համար դարձել են բարդ խնդիր: Հետևաբար, ԽԿԿ-ն մի շարք առիթներով արտահայտել է իր լուրջ մտահոգություններն այս խնդրի լուծման համար անբավարար միջոցների ձեռնարկման կապակցությամբ: Ավելին, նյութական պայմանները, որոնցում պահվում են բանտարկյալները, հաճախ այնպիսին են, որ կարող են միայն նպաստել այդ հիվանդությունների տարածմանը:

ԽԿԿ-ն գիտակցում է, որ ծանր տնտեսական ճգնաժամ ապրող երկրներում, ինչպիսիք են այսօր ԽԿԿ-ի այցելած շատ երկրներ, անհրաժեշտ են զոհողություններ, այդ թվում՝ նաև ուղղիչ հիմնարկներում: Սակայն, որքան էլ որ այդ դժվարություններն առկա լինեն, անձի ազատազրկման գործողությունը միշտ հոգատարություն է պահանջում, որն էլ իր հերթին պարտավորեցնում է իրականացնել հիվանդության կանխարգելիչ միջոցառումներ, զանգվածային հետազոտություններ ու բուժման արդյունավետ մեթոդների կիրառում: Պետական մարմինների կողմից այս պարտականության կատարումն առավել կարևոր է և անհրաժեշտ, երբ խոսքը վերաբերում է կյանքին սպառնացող հիվանդություններին:

Զանգվածային հետազոտությունների ժամանակակից մեթոդների կիրառումը դեղամիջոցների և համապատասխան նյութերի անընդմեջ մատակարարումը, անձնակազմի առկայությունը, որն ապահովում է ազատազրկված անձանց նշանակված դեղամիջոցների ընդունումը ճիշտ ժամին և ճիշտ քանակով, և անհրաժեշտության դեպքում հատուկ սննդի ապահովումը կազմում են վերոհիշյալ հիվանդությունների դեմ պայքարի և ազատազրկված անձանց անհրաժեշտ բժշկական սպասարկում իրականացնելու արդյունավետ ռազմավարության հիմնական տարրերը: Վարակիչ հիվանդություններով տառապող բանտարկյալների բնակեցման տեղերում նյութական պայմանները պետք է նպաստեն նաև դրանց առողջական վիճակի բարելավմանը, բացի բնական լույսից և լավ օդափոխությունից, դրանք պետք է ունենան բավարար հիգիենիկ պայմաններ, ինչպես նաև պետք է գերլցված չլինեն:

Ավելին, այս բանտարկյալները չպետք է մեկուսացվեն բանտում պահվող այլ անձանցից, եթե դա խիստ անհրաժեշտ չէ բժշկական կամ այլ նկատառումներով…

Այս հարցերի մասին սխալ պատկերացումների վերացման համար ազգային մարմինները բանտարկյալներին և բանտերի ծառայողներին պարտավոր են ապահովել վարակիչ հիվանդությունների վերաբերյալ ուսուցման ծրագրով: Այս ծրագիրը պետք է ներառի հիվանդություններով վարակման ձևերը, դրանցից պաշտպանվելու և համապատասխան կանխարգելիչ միջոցառումները:

Պետք է նախապես ընդգծել, որ համապատասխան տեղեկատվությունը և խորհրդատվությունը պետք է տրամադրվի յուրաքանչյուր զննումից առաջ, իսկ դրական արդյունքի դեպքում՝ նաև հետո: Ակնհայտ է, որ հիվանդին վերաբերող տեղեկությունները պետք է պաշտպանվեն բժշկական գաղտնիության սկզբունքով: Սկզբունքորեն այս բնագավառում որևէ միջամտություն պետք է հիմնված լինի տվյալ տեղեկացված անձի համաձայնության վրա:

Ավելին, տվյալ երկրում այս բնագավառում գործող բոլոր նախարարություններն ու հիմնարկները պետք է լավագույն ձևով համակարգեն իրենց ջանքերը վերոհիշյալ հիվանդությունների դեմ պայքարելու համար: ԽԿԿ-ն այս առումով հատուկ նշում է, որ պետք է երաշխավորվի հիվանդությունների բուժման շարունակումը բանտից ազատվելուց հետո»:

C. Ռուսաստանի Դաշնությունում առողջապահության վերաբերյալ հաշվետվություններ

1. ԽԿԿ (CPT) հաշվետվությունը Ռուսաստանի Դաշնության մասին

78. 2001թ. դեկտեմբերի 2-17-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն կատարված այցի հիման վրա ներկայացված հաշվետվության մեջ (CPT/INF (2003) 30) նշված է, որ ՝

«102. ԽԿԿ-ն լուրջ մտահոգված է ԲԿ+ (այսինքն՝ առավել վարակիչ) թոքախտով հիվանդ ազատազրկված անձանց ժամանակավոր ազատազրկման վայրից (SIZO) քննության ժամանակավոր մեկուսարան տեղափոխելու (IVS) տարածված պրակտիկայի առկայությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ դադարում են շփումներն այդ անձանց հետ: Շփումը նաև դադարում է այն դեպքերում, երբ անձը տեղափոխվում է ուղղիչ հիմնարկ:

Իրավապահ համակարգում և ուղղիչ հիմնարկներում, ինչպես նաև հասարակության շրջանում, թոքախտի վարակի տարածման դեմ պայքարելու համար ԽԿԿ-ն առաջարկում է վերոգրյալ պրակտիկան դադարեցնելու համար ձեռնարկել համապատասխան միջոցառումներ»:

2. Համաշխարհային բանկի հաշվետվությունը «Ռուսաստանում Թոքախտի և ՁԻԱՀ-ի նկատմամբ հսկողության իրականացման մասին»

79. 2009թ. դեկտեմբերի 23-ին Համաշխարհային բանկը ներկայացրել է «Իրականացված գործողությունների և արդյունքների մասին» զեկույցը Ռուսաստանի Դաշնությունում թոքախտի և ՁԻԱՀ-ի նկատմամբ հսկողության իրականացման վերաբերյալ (Զեկույց թիվ ICR00001281, Բաժին I): Այն սահմանում է, որ՝

«Ըստ Համաշխարհային առողջապահական կազմակերպության (WHO)` Ռուսաստանի Դաշնությունը համարվում է աշխարհի 22 երկրներից մեկը, որտեղ թոքախտը տարածված է (WHO, Թոքախտի նկատմամբ մեծամասշտաբ հսկողություն` Դիտարկում, Պլանավորում, Ֆինանսավորում, Ժնև, 2002 թվական): 1990-ական թվականներին թոքախտի մակարդակն աճել է: Դա տեղի է ունեցել մի շարք հանգամանքների ազդեցության հետևանքով` (i) աղքատության աճ, (ii) թոքախտի բուժման համար նախատեսված անբավարար ֆինանսական միջոցներ և բուժսպասարկում, (iii) ախտորոշիչ և թերապևտիկ միջոցները, որոնք սահմանվել էին թոքախտի դեմ պայքարելու համար, ի զորու չեն եղել դիմակայելու սոցիալական համակենտրոնացման առկա խնդիրներին և հետխորհրդային ժամանակաշրջանին և (iv) տեխնիկական անհամապատասխանություններն ու հին սարքավորումները: Հետխորհրդային մի երկրից մյուսն արտագաղթն ավելի է խորացրել թոքախտի կանխարգելման հետ կապված խնդիրները: Բանտերում թոքախտի տարածման աստիճանն ավելի բարձր է, քան հասարակության շրջանում: Բուժումը ներառում է երկարաժամկետ հոսպիտալացումը, թերապևտիկ ռեժիմի ընթացքում բուժանձնակազմի և հիվանդների պարբերաբար փոփոխությունները և վիրաբուժական միջամտությանը դիմելը: Առողջապահության ոլորտի ֆինանսավորման կրճատումն ու հակաթոքախտային դեղերի մատակարարման հետ կապված անհստակությունները, թոքախտային ամբուլատոր և լաբորատոր հաստատությունների նկատմամբ ոչ բավարար հսկողությունը: Սոցիալական և կենցաղային պայմանները, ինչպես նաև այս հիվանդության ախտորոշման համար համապատասխան պայմանների բացակայությունը նպաստել են թոքախտի վարակի տարածմանը, ինչպես նաև դեղերի նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը, ինչը լուրջ խնդիր է դարձել առողջապահության համար:

Նախկին Խորհրդային Միության հանրապետություններում (ԽՍՀՄ), հիմնականում` Ռուսաստանի Դաշնությունում, 1990-ական թվականներին թոքախտի նկատմամբ հսկողությունն առավելապես իրականացվում էր կենտրոնացված եղանակով` առանձին հիվանդանոցներում (տուբդիսպանսերներ), տուբառողջարաններում, գիտահետազոտական ինստիտուտներում կամ հատուկ մասնագետների կողմից: Այս համակարգը մշակվել էր դեռ 1920-ական թվականներին թոքախտի համաճարակի դեմ: Թոքախտի ախտանիշների հայտնաբերման համար հիմնականում օգտագործվում էր ռենտգենային լուսանկարահանումը (ֆլուրոգրաֆիա): Սակայն այս հիվանդության դեմ պայքարի համակարգը կիրառելիս հաշվի չեն առնվել վերջինիս առանձնահատկությունները և պահանջվող ֆինանսական միջոցները: Բացիլ Կալմետտե-Գուերինով (BCG) իմունիզացիան եղել է թոքախտի դեմ պայքարի հիմնական առանձնահատկությունը…

Ի տարբերություն 1990թ. տվյալների, 2000 թվականին թոքախտի տարածման մակարդակը՝ երկու անգամ, իսկ դրանից մահացության թիվը` երեք անգամ աճել է: Վերջին տարիներին թոքախտի դեմ արդյունավետ պայքարի պակասը հանգեցրել է թոքախտով քրոնիկ հիվանդ անձանց աճի` ստեղծելով վարակի տարածման համար մշտական «բարենպաստ միջավայր»: Այս ժամանակաշրջանում բակտերիոսկոպիայի միջոցով հաստատվել է թոքախտի ոչ ավելի քան 25 %, իսկ լաբորատոր փորձաքննության ժամանակ հայտնաբերվել է ոչ ավելի, քան 41 % թոքախտի դեպք, քանի որ թոքախտի դեպքերում դրական թքանմուշի հայտնաբերումն ավելի հազվադեպ է սկսել հանդիպել: Լինելով սոցիալական հիվանդություն` թոքախտն առավել տարածված է Ռուսաստանի՝ սոցիալ-տնտեսական ծանր վիճակում գտնվող բնակչության շրջանում»:

D. Թոքախտի թերապիայի վերաբերյալ ուղեցույց սկզբունքներ

80. Հաջորդ մեջբերումը կատարված է հետևյալ փաստաթղթից` Թոքախտի բուժում` Ազգային ծրագրերի համար ուղեցույց սկզբունքներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 1997 թվական, էջեր 27, 33 և 41:

«Թոքախտի բուժումն ունի սկզբնական (ինտենսիվ) փուլ, որը տևում է մինչև 2 ամիս, և հաջորդող փուլ, որը տևում է 4-6 ամիս: Սկզբնական փուլի ժամանակ, երբ, որպես կանոն, օգտագործվում են 4 դեղամիջոցներ, կատարվում է թոքախտային բացիլների արագ ոչնչացում: Մոտավորապես 2 շաբաթվա ընթացքում վարակիչ հիվանդները դառնում են ոչ վարակակիր: Ախտանիշները վերանում են: 2 ամսվա ընթացքում հիվանդների մեծ մասի մոտ թոքախտի դրական թքանմուշը դառնում է բացասական: Հաջորդող փուլի ընթացքում արդեն ավելի քիչ դեղամիջոցներ են օգտագործվում, սակայն բուժումը դեռ երկար ժամանակ շարունակվում է: Մանրէազերծման միջոցով դեղամիջոցները հեռացնում են մնացած բացիլները և կանխարգելում հիվանդության հետագա կրկնումը:

Թոքերից վերցված դրական թքանմուշ ունեցող հիվանդների մոտ առկա է կայուն բացիլների վտանգը և, բացի դրանից, այս հիվանդներն ավելի մեծ քանակությամբ թոքախտային բացիլակիրներ են: Քիմիաթերապիայի միջոցով կարճատև բուժումը, երբ սկզբնական փուլում օգտագործվում է 4, իսկ հետագա փուլում` 2 դեղամիջոց, կրճատվում է կայուն բացիլների քանակը: Բուժման այս եղանակն արդյունավետ է ինչպես բուժման սկզբնական փուլում նման կայուն բացիլներ ունեցող հիվանդների, այնպես էլ զգայուն օրգանիզմ ունեցող անձանց համար:

Թոքերից վերցված բացասական թքանմուշ կամ էքստրաթքանմուշ ունեցող հիվանդների մոտ առկա է կայուն բացիլների ընտրության ավելի քիչ վտանգ, քանի որ այս հիվանդներն ավելի քիչ թոքախտային բացիլներ ունեն իրենց օրգանիզմում: Քիմիաթերապիայի միջոցով կարճ բուժումն սկզբնական փուլում՝ երեք, իսկ հաջորդող փուլում երկու դեղամիջոցի օգտագործման արդյունավետությունն ապացուցված է…

Թոքերից վերցված դրական թքանմուշը (խորխը) պետք է ստուգել նաև թքանմուշով: Հիվանդների այս խումբը միակն է, երբ մանրէաբանական (բակտերիոլոգիական) հսկողությունն անհնարին է: Նման դեպքերում կրծքավանդակի ռենտգենալուսանկարահանումն անարդյունավետ և անօգուտ միջոց է: Թոքերից վերցված բացասական թքանմուշ կամ էքստրաթքանմուշ ունեցող հիվանդներին կլինիկական հսկողությամբ բուժման հիմնական եղանակն է: Թոքախտի մեծ տարածում ունեցող երկրներում հասարակ թքանմուշը հիմք ընդունելով՝ հսկողության սահմանումը գրեթե անհնարին է կամ խորհուրդ չի տրվում: Եթե առկա են համապատասխան միջոցներ, ապա օգտակար կլինի ախտորոշելիս թքանմուշը հետազոտել նաև մանրադիտակային միջոցներով…

Անմիջական հսկողությամբ բուժումը ԴՕԹՍ-ի (DOTS) մարտավարության տարրերից մեկն է: Վերջինս WHO-ի կողմից առաջարկված` թոքախտի կանխարգելման մարտավարությունների մի ամբողջական փաթեթ է: Անմիջական հսկողությամբ բուժումը նշանակում է, որ հսկող մարմինն է հսկողության տակ առնում դեղահաբեր ընդունող հիվանդին: Սա այնպիսի լրացուցիչ երաշխիք է, որ բուժվող անձը ճիշտ դեղահաբեր է ընդունում` համապատասխան դեղաչափերով և ճիշտ ընդմիջումներով…

Հիվանդների մեծ մասը կարող է չպահպանել նշանակված բուժումը: Անհնարին է կանխատեսել, թե որ հիվանդը կհետևի նշանակված բուժմանը, իսկ որը` ոչ, այդ իսկ պատճառով բուժման սկզբնական փուլում պետք է լինի հակվածություն նման հսկողությանը: Եթե թոքախտով հիվանդ անձը մեկ անգամ բաց է թողնում բուժումը, անհրաժեշտ է գտնել այդ անձին և շարունակել նրա բուժումը»:

ՕՐԵՆՔ

I. ԹԻՎ IZ-18/1 ՔՆՆՉԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

81. 2002թ. հունվարի 30-ից մինչև 2004թ. հուլիսի 16-ը Իժևսկ քաղաքի թիվ IZ-18/1 քննչական մեկուսարանում կալանքի տակ պահելու պայմանների կապակցությամբ դիմողը գանգատ է ներկայացրել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման վերաբերյալ: Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է՝

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

A. Կողմերի փաստարկները

82. Հիմք ընդունելով թիվ IZ-18/1 քննչական մեկուսարանի պետի տեղակալի կողմից ներկայացված տեղեկանքները՝ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները ներկայացրել են դիմողին կալանքի տակ պահելու պայմանների մանրամասն նկարագրությունը և հաստատել, որ դրանք համապատասխանում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին: Ռուսաստանի Դաշնության իշխանություններն իրենց լրացուցիչ նշումներում ընդգծել են, որ «կասկածների տեղիք» է տալիս այն հանգամանքը, որ վատ պայմանների առկայության մասին նշել են նաև դիմող խցակիցները: Ընդ որում, Ռուսաստանի Դաշնության իշխանությունները Դատարանի ուշադրությունն են հրավիրում այն փաստի վրա, որ պետի տեղակալի ներկայացրած տեղեկանքները պաշտոնական փաստաթղթեր են համարվում, ունեն համապատասխան կնիք, ստորագրություններ և այլն: Ավելին, եթե տեղեկանքում նշվածն իրականությանը չհամապատասխաներ, դա ներկայացրած անձը կենթարկվեր քրեական պատասխանատվության:

83. Դիմողն այս կապակցությամբ արտահայտել է իրեն կալանքի տակ պահելու՝ իշխանությունների կողմից ներկայացված տեղեկությունների վերաբերյալ իր անհամաձայնությունը՝ նշելով, որ այն չի կարող օբյեկտիվ ապացույց համարվել, քանի որ դրան կցված են այնպիսի կարևոր փաստաթղթեր, ինչպիսին է, օրինակ, գրանցամատյանը: Ընդ որում, իր փաստարկները նա կարող է ապացուցել միայն իր խցակիցների կարծիքը ներկայացնելով, ինչն էլ հենց նա արել է: Դիմողը պնդել է, որ ազատազրկման մեջ պահելու պայմանները եղել են անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող: Դիմողը շարունակել է պնդել իր գանգատները, նշելով, inter alia բանտախցերի գերբեռնվածության, սանիտարական վատ պայմանների առկայության, ոչ բավարար լուսավորության և սննդի մասին:

B. Դատարանի գնահատականը

1. Ընդունելիություն

84. Դատարանը նշում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Ապա այն նշում է, որ գանգատը որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար, այն պետք է ընդունելի համարել:

2. Հանգամանքներ

85. Դատարանը նշում է, որ գործի քննության ընթացքում կողմերը վիճարկել են Իժևսկ քաղաքի թիվ IZ-18/1 քննչական մեկուսարանում կալանքի պահելու պայմանները: Սակայն Դատարանն անհրաժեշտ չի համարում ստուգել յուրաքանչյուր փաստարկի հավաստիությունը, քանի որ այն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում արձանագրելիս հիմք է ընդունում այն փաստերը, որոնք արդեն իսկ ներկայացվել են Դատարանին, և որոնք պատասխանող պետությունը չի վիճարկել:

86. Դատարանի համար առանցքային նշանակություն ունի քննչական մեկուսարանում դիմողին հատկացված բնակելի տարածքը: Դիմողի պնդմամբ՝ խցում պահվող անձանց թիվը գերազանցում է այդ տարածքի համար նախատեսված անձանց թիվը: Համաձայն քննչական մեկուսարանի պետի տեղակալի ներկայացրած տեղեկանքի` դիմողին կալանքի տակ պահելու ժամանակ հատկացված է եղել ոչ պակաս, քան չորս քառակուսի մետր անձնական տարածք, նա ապահովված է եղել քնելու համար նախատեսված առանձին տեղով: Ընդ որում, այդ տեղեկանքի մեջ նշված չի եղել նման տեղեկությունների ստացման սկզբնաղբյուրը: Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ եթե իշխանությունները չեն ներկայացրել փաստաթղթերի բնօրինակները, ապա, որոշակի ժամանակ անց, դրանք չեն կարող դիտվել որպես հավաստի տեղեկություններ (տե՛ս, Novinskiy v. Russia, գանգատ թիվ 11982/02, կետ 105, 2009թ. փետրվարի 10 և Shilbergs v. Russia, գանգատ թիվ 20075/03, կետ 91, 2009թ. դեկտեմբերի 7): Դատարանը գտնում է, որ սույն գործով կատարված այս եզրակացություններն արդարացի են: Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից ներկայացված տեղեկանքը, հատկապես քննարկվող իրադարձություններից երեք տարի անց, չի կարող համարվել բավարար հավաստի տեղեկատվություն:

87. Դիմողի կողմից որպես իր փաստարկների ապացույց ներկայացված հանգամանքները, ինչպես նաև Կառավարության կողմից այս հարցի շուրջ տեղեկատվություն չտրամադրելը հաշվի առնելով՝ Դատարանը հանգում է այն եզրակացությանը, որ թիվ IZ-18/1 քննչական մեկուսարանը գերբնակեցված է եղել: Դատարանը նաև իր ուշադրությունը սևեռում է դիմողի կողմից ներկայացված այն փաստի վրա, որ ազատազրկման վայրի գերծանրաբեռնվածության և մահճակալների բացակայության պատճառով նա ստիպված է եղել հանգստանալու համար հերթափոխվել այլ ազատազրկված անձանց հետ: Հիմք ընդունելով բանտախցերի չափերը, այդտեղ բնակեցված ազատազրկած անձանց թիվը, ինչպես նաև պատասխանող կողմի ներկայացրած այն փաստարկները, որ բանտախցերն ապահովված են եղել երկհարկանի մահճակալներով, սեղաններով, ինչպես նաև զուգարանի համար առանձնացված տեղով, Դատարանը կասկածներ է հայտնում, որ այդ խցերը հնարավոր կլիներ նույնիսկ ոտքի քայլերով չափել: Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ անկախ խցերի գերբեռնվածության պատճառներից, պատասխանող պետությունը պարտավոր է քրեակատարողական (պենիտենցիար) համակարգն այնպես կազմակերպել, որպեսզի, անկախ ֆինանսական կամ նյութատեխնիկական միջոցների անբավարարությունից, ապահովվի ազատազրկված անձանց արժանապատվությունը (տե՛ս Mamedova v. Russia, գանգատ թիվ 7064/05, կետ 63, 2006թ. հունիսի 1):

88. Դիմողի վիճակն անհամեմատ բարդանում է այն հանգամանքով, որ մաքուր օդի դուրս գալու համար նախատեսված էր օրական ընդամենը մեկ ժամ, այսինքն՝ օրվա մնացած քսաներեք ժամն անցկացնում էին թիվ IZ-18/1 քննչական մեկուսարանում: Դատարանը նաև հաշվի է առնում դիմողի և նա խցակիցների գանգատներն առ այն, որ խցերում պատուհանները մետաղական ծածկերով փակված են եղել: Նման հանգամանքների առկայության դեպքում Դատարանը համոզիչ չի համարում Կառավարության այն փաստարկը, որ խուցը պարբերաբար օդափոխվում էր և ներս բնական լույս էր ներթափանցում: Հետևաբար, գրեթե երկուսուկես տարիների ընթացքում` 2002թ. հունվարի 30-ից մինչև 2004թ. հուլիսի 16-ը, դիմողը գտնվել է առանց պատուհան քննչական մեկուսարանում (համեմատել սույն որոշումը հետևյալ որոշման հետ` Peers v. Greece, գանգատ թիվ 28524/95, կետ 75, ECHR 2001-III): Բացի դրանից, հաշվի առնելով թեկուզ այն, որ լոգանք ընդունելու մասին Կառավարության կողմից նշված փաստարկները հիմնավոր են, Դատարանն ընդգծում է, որ լոգանք ընդունելու կամ ներքնաշորերը փոխելու համար նախատեսված էր շաբաթական ընդամենը մեկ օր, լուրջ կասկածի տակ է դնում մեկուսարանում առկա սանիտարահիգիենիկ պայմանները (տե՛ս, Melnik v. Ukraine, գանգատ թիվ 72286/01, կետ107, 2006թ. մարտի 28):

89. Այսպիսով, Դատարանը միանշանակ պնդում է, որ կապված ազատազրկման վայրում անձնական տարածքի բացակայության հետ՝ առկա է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (տե՛ս Khudoyorov v. Russia, գանգատ թիվ 6847/02, 104 և հաջորդիվ կետերը, ECHR 2005-X (հավելված), Labzov v. Russia, գանգատ թիվ 62208/00, 44 և հաջորդիվ կետերը, 2005թ. հունիսի 16, Novoselov v. Russia, գանգատ թիվ 66460/01, 41 և հաջորդիվ կետերը, 2005թ. հունիսի 2, Mayzit v. Russia, գանգատ թիվ 63378/00, 39 և հաջորդիվ կետերը, 2005թ. հունվարի 20, Kalashnikov v. Russia, գանգատ թիվ 47095/99, 97 և հաջորդիվ կետերը, ECHR 2002-VI, և Peers v. Greece, գանգատ թիվ 28524/95, 69 և հաջորդիվ կետերը, ECHR 2001-III):

90. Հիմք ընդունելով այս նախադեպային որոշման առարկան և կողմերի ներկայացրած փաստարկները, Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստարկ կամ դատողություն, որն ի զորու կլիներ սույն գործով այլ դատողությունների հանգել: Չնայած որ այս գործով որևէ նշում չկա առ այն, որ դիմողի նկատմամբ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կատարվել է ուղղակի դիտավորությամբ, Դատարանը գտնում է, որ գեթ այն հանգամանքը, որ դիմողը պայքարում էր իր կյանքի համար, քնում կամ զուգարանից օգտվում շատ փոքր տարածքում ազատազրկված այլ անձանց ներկայությամբ, արդեն իսկ բավարար է ազատազրկման վայրում անձին ֆիզիկական տանջանքներ կամ անհանգստություններ պատճառելու համար, բացի դրանից, անձի մոտ առաջանում է վախի մթնոլորտ, նա զգում է իր նկատմամբ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք:

91. Հետևաբար, Դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, քանի որ դիմողը 2002թ. հունվարի 30-ից մինչև 2004թ. հուլիսի 16-ը թիվ IZ-18/1 քննչական մեկուսարանում անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի է ենթարկվել:

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ` ԿԱՊՎԱԾ ԹՈՔԱԽՏՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ ԿԱՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ՀԵՏ

92. Իր գանգատում դիմողը բողոքներ էր ներկայացնում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման վերաբերյալ, մասնավորապես նշելով, որ ինքը թոքախտով է վարակվել թիվ IZ-18/1 քննչական մեկուսարանում կալանքը կրելու ժամանակ, սակայն իրեն համապատասխան բժշկական օգնություն չի ցույց տրվել: 2007թ. դեկտեմբերի 21-ին Դատարանին ներկայացրած՝ թոքախտով վարակվելու վերաբերյալ սկզբնական գանգատում դիմողը նշել է, որ քննչական մեկուսարանի վարչակազմն իր առողջության պահպանման նկատառումներից ելնելով միջոցներ չի ձեռնարկել հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու համար: Կոնվենցիայի 3-րդ հոդվածը ներկայացված է վերը:

A. Կողմերի փաստարկները

93. Բժշկական քարտի պատճենը հիմք ընդունելով՝ Կառավարությունը պնդել է, որ կալանավորված անձինք գտնվում են բժշկական հսկողության ներքո: Այս հսկողությունը ներառում էր, մինչև դիմողի մոտ թոքախտի հայտնաբերումը, պարբերաբար անցկացվող բժշկական զննությունները, առողջությանը վերաբերող գանգատներին ժամանակին և արդյունավետ արձագանքելը, ինչպես նաև վարակը հայտնաբերելուց հետո բժշկական արդյունավետ միջոցառումներ ձեռնարկելը: Իրականացված բուժումը համապատասխանում է ռուսական օրենսդրությամբ և միջազգային բժշկական չափանիշներով նախատեսված պայմաններին:

94. Ընդ որում, իշխանությունները պնդել են, որ անհնարին է «անկասկած համարել» այն, որ դիմողը թոքախտով է վարակվել հենց ազատազրկման վայրում: Կառավարությունը, ի հավաստումն իր կողմից ներկայացված փաստարկների, նշել է, որ ինչպես ցույց են տալիս բժշկական հետազոտությունները՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում մեծահասակ բնակչության մեծ մասը մինչև քրեակատարողական համակարգ մտնելը վարակված է լինում թոքախտի միկրոբակտերիայով (այսուհետ՝ նաև «ՄԲԹ»): Կառավարությունն ընդգծել է, որ ՄԲԹ-ն ոչ ակտիվ վիճակում հասարակ ռենտգենյան լուսանկարահանմամբ անհնարին է հայտնաբերել, իսկ թոքախտով վարակվելուց մինչև այդ հիվանդության ամբողջական ի հայտ գալը կարող է անցել նույնիսկ մի քանի տարի: Կառավարությունը նաև ներկայացրել է վիճակագրական տվյալներ առ այն, որ թոքախտով վարակված միայն 100,000 անձից 89-ի մոտ կարող է զարգանալ հիվանդության ակտիվ ձևը: Կառավարությունը Դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ժամանակակից գիտությունը դեռ ի զորու չէ հստակ սահմանել թոքախտի առաջացմանը նպաստող պայմանները: Այնուամենայնիվ, կարելի է սահմանել, որ այս հիվանդությամբ առավելապես կարող են վարակվել թույլ իմունային համակարգ ունեցող անձինք: Պետք է նաև հաշվի առնել ժառանգականության գործոնը:

95. Հիմք ընդունելով քաղաքացիական հիվանդանոցի բժշկական տեղեկանքը` դիմողը նշել է, որ մինչև թիվ IZ-18/1 քննչական մեկուսարան տեղափոխվելն ինքը թոքախտով հիվանդ չի եղել, կալանքի տակ գտնվելու երկու տարիների ընթացքում իր մոտ թոքախտի ախտանշաններն ի հայտ չեն եկել: Իր առողջական վիճակը վատացել էր այն բանից հետո, երբ գտնվել էր հակասանիտարական պայմաններում նախատեսվածից շատ ազատազրկված անձանց հետ նույն խցում, որոնք հնարավոր է, որ թոքախտով հիվանդ էին: Դիմողը պնդել է, որ թոքախտով վարակվելու համար պատասխանատու է Կառավարությունը, քանի որ այս հիվանդությունը բացասական ազդեցություն է ունեցել իր առողջության և կյանքի համար: Կառավարությունը համապատասխան միջոցառումներ չի ձեռնարկել վարակը կանխելու համար: Մասնավորապես, պարբերաբար չի իրականացվել ռենտգենյան լուսանկարահանում: Կառավարությունը ձգձգել էր ռենտգենյան լուսանկարահանում կատարելը, ինչը նախատեսված էր, որ պետք է իրականացվի յուրաքանչյուր կես տարին մեկ անգամ: Կառավարությունը դիմողի մոտ թոքախտ է հայտնաբերել այն բանից հետո, երբ նրա մոտ սկսել են ի հայտ գալ բոլոր ախտանշանները` սկսել է խիստ շատ նիհարել, ունենալ բարձր ջերմություն և շնչարգելություն: Ժամանակավրեպ ախտորոշումը և համապատասխան բժշկական օգնության բացակայությունը դիմողին պատճառել են հոգեկան տառապանքներ:

B. Դատարանի գնահատականը

Ընդունելիություն

(a) Ընդհանուր սկզբունքներ

96. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածն ամրագրում է ժողովրդավարական հասարակության համար կարևոր մի արժեք: Այն, անկախ հանգամանքներից կամ տուժողի վարքագծից, կտրականապես արգելում է խոշտանգումները, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը (տե՛ս, օրինակ, Labita v. Italy [GC], գանգատ թիվ 26772/95, կետ 119, ECHR 2000-IV): Սակայն, որպեսզի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով արարքը խախտում համարվի, այն պետք է հասնի վատ վերաբերմունքի նվազագույն շեմին: Նվազագույն շեմի գնահատականը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից, վատ վերաբերմունքի տևողությունից, դրա ֆիզիկական և հոգեբանական ազդեցություններից և, որոշ դեպքերում՝ նաև տուժողի տարիքից, սեռից և առողջական վիճակից (տե՛ս, ի թիվս այլնի, Ireland v. the United Kingdom, 1978թ. հունվարի 18, կետ162, Series A թիվ 25):

97. Նվազագույն շեմին հասնող վատ վերաբերմունքը, որպես կանոն, ենթադրում է ֆիզիկական ուժի գործադրմամբ մարմնական վնասվածքների կամ ֆիզիկական կամ հոգեկան էական տառապանքների առաջացում: Սակայն նույնիսկ վերոգրյալի բացակայության դեպքում այս կամ այն կերպ անձը ենթարկվում է նվաստացնող կամ վիրավորական վերաբերմունքի, որը նսեմացնում է վերջինիս մարդկային հատկանիշները կամ առաջացնում է սարսափի, թախիծի կամ անլիարժեքության զգացողություն կամ ի զորու է անձի մոտ առաջացնել ֆիզիկական կամ հոգեկան անկայունություն, կարող է որակվել որպես «արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք» և համարվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (տե՛ս Pretty v. the United Kingdom, գանգատ թիվ. 2346/02, կետ 52, ECHR 2002-III, հետագա հղումներով):

98. Ինչ վերաբերում է ազատության սահմանափակմանը, Դատարանը նշում է, որ այս դեպքում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում կհամարվի ազատազրկման հետ կապված նվաստացման և տառապանքի անխուսափելի շեմը գերազանցող վերաբերմունքը (տե՛ս, mutatis mutandis, Tyrer v. the United Kingdom, 1978թ. ապրիլի 25, կետ 30, Series A թիվ 26, և Soering v. the United Kingdom, 1989թ. հուլիսի 7, կետ 100, Series A թիվ 161):

99. Պետությունը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի անձին անազատության մեջ պահելիս վերջինիս համար ստեղծելու մարդկային արժանապատվությունն ապահովող պայմաններ, որպեսզի պատժի իրականացման պայմաններն ու ձևերը նախատեսվածից ավելի շատ տառապանքներ չպատճառեն (տե՛ս Kudła v. Poland [GC], գանգատ թիվ 30210/96, կետեր 92-94, ECHR 2000-XI, և Popov v. Russia, գանգատ թիվ 26853/04, կետ 208, 2006թ. հուլիսի 13): Վարակիչ հիվանդություններ ունեցող անձանց հետ ազատազրկման վայրերում պահելու դեպքում Դատարանը քննության է առնում այն, թե արդյոք դիմողն ստացե՞լ է անհրաժեշտ բժշկական օգնություն, թե` ոչ: Այս կապակցությամբ Դատարանը կրկնում է, որ թեև Կոնվենցիայի 3-րդ հոդվածը «մարդասիրությունից ելնելով» ազատազրկված անձին ազատ արձակվելու իրավունք չի նախատեսում, այնուամենայնիվ, Դատարանը քննության է առնում այն հարցը, թե անձն ազատազրկման վայրում բժշկական օգնություն ստացել է, թե` ոչ, ընդ որում, հաշվի է առնվում այն, որ բժշկական օգնություն տրամադրելը Պետության պարտականությունն է (տե՛ս վերը նշված` Kudła, կետ 94, Kalashnikov v. Russia, գանգատ թիվ 47095/99, կետեր 95 և 100, ECHR 2002-VI, և Khudobin v. Russia, գանգատ թիվ 59696/00, կետ 96, ECHR 2006-XII (հավելված)):

100. «Համարժեք» բժշկական օգնության սահմանումն առավելապես բարդ հարցերից է: ԽԿԿ-ն սահմանել է, որ ազատազրկման վայրերում բժշկական օգնությունը պետք է համարժեք լինի հասարակության մեջ առկա բժշկական օգնությանը (տե՛ս վերը` կետ 74): Դատարանը պնդում է, որ, մասնավորապես, պետությունը պետք է ապահովի ժամանակին և մանրակրկիտ իրականացվող ախտորոշմամբ և բուժմամբ (տե՛ս Hummatov v. Azerbaijan, գանգատներ թիվ 9852/03 և 3413/04, կետ 115, 2007թ. նոյեմբերի 29, վերը նշված՝ Melnik, կետեր 104-106, և, mutatis mutandis, Holomiov v. Moldova, գանգատ թիվ 30649/05, կետ 121, 2006թ. նոյեմբերի 77), և անհրաժեշտության դեպքում ախտորոշել նաև հիվանդության բնույթը` պարբերաբար և համակարգային հսկողություն իրականացնել, թերապևտիկ մարտավարություններ մշակել ազատազրկված անձանց մոտ առողջության հետ կապված խնդիրների վերացման նպատակով (տե՛ս վերը նշված՝ Hummatov, կետեր 109, 114, Sarban v. Moldova, գանգատ թիվ 3456/05, կետ 79, 2005թ. հոկտեմբերի 4, և վերը նշված Popov v. Russia, կետ 211): Ինչևէ, Դատարանը որոշել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը չի նախատեսում, որ ազատազրկված անձանց ցույց տրվող բժշկական օգնությունը պետք է լինի նույն մակարդակի վրա, ինչն առկա է «քաղաքացիների համար նախատեսված լավագույն բուժհաստատություններում» (տե՛ս Mirilashivili v. Russia (dec.), գանգատ թիվ 6293/04, 2007թ. հուլիսի 10): Մեկ այլ որոշմամբ Դատարանը սահմանել է, որ «քրեակատարողական հիմնարկներում կարող են ավելի սահմանափակ ռեսուրսներ լինել, քան, օրինակ, քաղաքացիների համար նախատեսված հիվանդանոցներում» (տե՛ս Grishin v. Russia, գանգատ թիվ 30983/02, կետ 76, 2007թ. նոյեմբերի 15):

101. Ընդհանուր առմամբ, Դատարանը գտնում է, որ պետք է բժշկական օգնության տրամադրման հասկացությունն ավելի ճկուն լինի և կարողանա յուրաքանչյուր դեպքում առանձին մոտեցում ցուցաբերել: Սակայն այս մոտեցումը պետք է համապատասխանի «մարդկային արժանապատվությանը»` դրա հետ մեկտեղ հաշվի առնելով «ազատազրկման համար նախատեսված կիրառական պահանջները»: (տե՛ս Aleksanyan v. Russia, գանգատ 46468/06, կետ 140, 2008թ. դեկտեմբերի 22):

(b) Սույն գործով վերոնշյալ սկզբունքների կիրառումը

102. Վերադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանը նշում է, որ 2004թ. հունիսի 20-ին կալանավորվելուց ավելի քան երկու տարի անց իրականացված ռենտգենյան լուսանկարահանման արդյունքում դիմողի մոտ հայտնաբերվել են թոքախտի ախտանիշներ, որոնք, դիմողի պնդմամբ, մինչև ազատազրկումն առկա չեն եղել: Ավելին, դիմողի և Կառավարության կողմից ներկայացված բժշկական տեղեկանքները հաստատում են, որ Իժևսկ քաղաքի թիվ IZ-18/1 քննչական մեկուսարան տեղափոխվելիս դիմողի մոտ թոքախտի ախտանիշները առկա չեն եղել: Բացի դրանից, վերջինիս մոտ նման ախտանիշներ չեն նկատվել նաև առաջին անգամ իրականացված ռենտգենյան լուսանկարահանման ժամանակ` 2002թ. հունվարի 30-ից մինչ 2004թ. հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում: Նշված ժամանակահատվածում իրականացվել է երեք ռենտգենյան լուսանակարահանում, որոնք դիմողի մոտ նման ախտանիշներ չեն հայտնաբերել:

103. Այս կապակցությամբ Դատարանը կիսում է Կառավարության այն կարծիքը, որ միկրոբակտերիական թոքախտը («ՄԲԹ»), որն անվանվում է նաև Կոխի բացիլ, կարող է երկար ժամանակ գտնվել մարդու օրգանիզմում, սակայն ախտանիշներ ի հայտ չգան: Սակայն, որպեսզի Կառավարությունը կարողանար ապացուցել, որ դիմողը վարակված է եղել Կոխի բացիլով մինչև ազատազրկումը, պետք էր քննչական մեկուսարան տեղափոխելուց առաջ դիմողի նկատմամբ Մանտուի փորձ դրվեր և ռենտգենյան լուսանկարահանում կատարվեր կամ արյան նմուշ վերցներ՝ վերջինիս մոտ թաքնված վարակի առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար: Այսպիսով, չի կարելի բացառել, որ դիմողը նման վարակով երբևէ չի տառապել, իսկ նման հիվանդություն ձեռք է բերել կալանքի տակ գտնվելու ժամանակ, հատկապես հաշվի առնելով այն, որ դիմողը գտնվել է հակասանիտարական, վատ օդափոխվող, գերբնակեցված (տե՛ս վերը` կետեր 85-91, այսինքն` թոքախտով վարակվելու համար բարենպաստ պայմաններ ունեցող թիվ IZ-18/1 քննչական մեկուսարանում (տե՛ս Ghavtadze v. Georgia, գանգատ թիվ 23204/07, կետ 86, 2009թ. մարտի 3 և, վերջերս կայացված Pakhomov v. Russia, գանգատ թիվ 44917/08 որոշումը, 2009թ. սեպտեմբերի 30, կետ 64): Դատարանը նաև ընդգծում է, որ վիճակագրական տվյալների համաձայն` Ռուսաստանի Դաշնությունը այն քսան երկրների շարքում է, որտեղ թոքախտն առավել տարածված է, իսկ 1990-ական թվականներին թոքախտով հիվանդ անձանց թիվը կտրուկ աճել է, ինչպես նաև Դատարանը հիշեցնում է, որ զեկույցների համաձայն՝ պատիժը կրելու վայրերում թոքախտով հիվանդ անձինք մոտավորապես քսան անգամ ավելի շատ են, քան ամբողջ երկրում (տե՛ս վերը` կետ 79): Հիմք ընդունելով վերոնշյալ փաստարկները, ինչպես նաև այն, որ 2002թ. հունվարից մինչև 2004թ. հունիսն ընկած ժամանակահատվածում կատարված ռենտգենյան լուսանկարահանման միջոցով թոքախտի ախտանիշներ չեն հայտնաբերվել, Դատարանը գտնում է, որ ավելի հավանական է, որ դիմողը թոքախտով վարակվել է թիվ IZ-18/1 քննչական մեկուսարանում գտնվելու ժամանակ (տե՛ս Staykov v. Bulgaria, գանգատ թիվ 49438/99, կետ 81, 2006թ. հոկտեմբերի 12, Yakovenko v. Ukraine, գանգատ թիվ 15825/06, կետեր 28 և 95, 2007թ. հոկտեմբերի 25, վերը նշված՝ Hummatov, կետեր 108 և 111, և վերը նշված՝ Ghavtadze, կետ 86):

104. Դատարանը հատկապես իր վրդովմունքն է հայտնում այն կապակցությամբ, որ թոքախտով հիվանդ անձը կարող էր մտնել Կառավարության հսկողության ներքո գտնվող քրեակատարողական հիմնարկ: Նշվածն այն բանի հետևանք է, որ Կառավարությունը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել թոքախտի վարակի տարածումը կանխելու համար: Նշվածը հիմք ընդունելով` Դատարանը հիշեցնում է, որ Պետությունը պատասխանատվություն է կրում ազատազրկման վայրերում հիվանդություն ունեցող անձանց բուժման համար, իսկ նման բուժման կամ համարժեք բուժօգնության բացակայությունը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման (տե՛ս Sarban v. Moldova, գանգատ թիվ 3456/05, կետ 78, 2005թ. հոկտեմբերի 4):

105. Դատարանը գտնում է, որ դիմողը փոփոխել է թոքախտով հիվանդանալու վերաբերյալ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման հիմքով ներկայացված գանգատը. նա պնդել էր, որ իր հիվանդությունը ժամանակին չի ախտորոշվել, սակայն բուժօգնություն ստանալու համար հետագայում ոչ մի գանգատ չի ներկայացրել: Այս կապակցությամբ Դատարանը նշում, որ հիմնավոր չեն դիմողի գանգատներն առ այն, որ իր հիվանդության առկայությունն ուշ է քննության առնվել: Ըստ էության, դիմողն իր փաստարկները ոչնչով չի հիմնավորել, այլ ուղղակի նշել է, որ իր առողջական վիճակը կտրուկ վատացել էր մինչ 2004թ. հունիսի 20-ին իրականացված բժշկական զննությունը: Դատարանը նշում է, որ առողջության վերաբերյալ գանգատը ներկայացնելուց անմիջապես հետո քննչական մեկուսարանի վարչակազմն անմիջապես արձագանքել է դրան: Մասնավորապես, Դատարանը նշում է, որ հաստատության բժիշկը դիմողին ժամանակին զննման է ենթարկել, վերջինիս առողջության հետ կապված գանգատները գրանցել է քարտում և ռենտգենյան զննություն է նշանակել: Դիմողի բժշկական քարտը վկայում է, որ 2004թ. հունիսի 20-ին, այսինքն` 2004թ. փետրվարին կրծքավանդակի ռենտգենյան լուսանկարահանումից ընդամենը չորս ամիս անց, դիմողն ամբողջական բժշկական, ներառյալ նաև` ռենտգենյան զննություն է անցել: Դրանից հետո դիմողը ևս մեկ ռենտգենյան զննություն է անցել, որը հաստատել է վարակի առկայությունը: Այսպիսով, Դատարանը հանգում է այն եզրակացությանը, որ բուժանձնակազմը գործել է ժամանակին ու ջանասիրաբար և կիրառել թոքախտի բուժման հիմնական միջոցները:

106. Թեև դիմողին հիվանդությունից հետո ցույց տրված բժշկական օգնությունն այլևս չի համարվում Դատարանի քննության առարկան (տե՛ս վերը` կետեր 92, 95 և 105), Դատարանը, այնուամենայնիվ, ընդգծում է, որ թոքախտի վարակը հայտնաբերելուց հետո դիմողին ցույց տրված բժշկական օգնությունը պետք է համարժեք համարել: Մասնավորապես, Դատարանին ներկայացված ապացույցներից երևում է, որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները կիրառել են բոլոր հնարավոր միջոցները (թքի, խորխի բակտերիասկոպիա, կրծքավանդակի օրգանների զննություն) դիմողի ճիշտ ախտորոշումը կատարելու, հիվանդության վտանգավորության աստիճանը որոշելու և նրան համապատասխան բուժում նշանակելու համար:

107. Դիմողի նկատմամբ թոքախտի բուժման նպատակով նշանակվել է խիստ դեղաթերապիա, այնուհետև, ղեկավարվելով WHO-ի կողմից ներկայացված հանձնարարականներով, հիվանդության բուժման սկզբնական փուլին հաջորդել են հետևյալ միջոցառումները. հիվանդության բուժման նպատակով դիմողը, համապատասխան չափաբաժիններով և ընդհատումներով, ստացել է հակագեստամինային և հակաթոքախտային մի շարք դեղամիջոցներ: Բուժման ողջ ընթացքում դիմողն անցել է կլինիկական, ռադիոլոգիական և բակտերիաբանական մի շարք զննություններ: Քննչական մեկուսարանի վարչակազմը պարտաճանաչ հետևել է բժշկի նշանակումների կատարմանը, մասնավորապես, հետևել է դիմողի առողջացման նպատակով նշանակված սննդակարգի պահպանմանը (Gorodnitchev v. Russia, համեմատ, գանգատ թիվ 52058/99, կետ 91, 2007թ. մայիսի 24):

108. Բացի դրանից, Դատարանը հատուկ ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ հաստատության վարչակազմը ոչ միայն անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել, որպեսզի դիմողն այցելի բժշկին կամ նրա գանգատները հաշվի առնվեն և նշանակվի համապատասխան հակաթոքախտային բուժում, այլև այնպիսի պայմաններ ապահովվի, որպեսզի նշանակված բուժումն ավարտին հասնի (տե՛ս վերը նշված՝ Hummatov, կետ 116): Դատարանը նշում է, որ ԴՕԹՍ-ի պահանջներին համապատասխան՝ դիմողը դեղորայքն ընդունել է համապատասխան չափաբաժիններով և բժիշկների անմիջական հսկողության ներքո: Բացի դրանից, այն բանից հետո, երբ դիմողը հրաժարվել էր շարունակել բուժումը և համապատասխան դեղահաբեր ընդունել, իշխանության ներկայացուցիչներն ապահովել են նրան անհրաժեշտ հոգեբանական օգնությամբ, պարզաբանել բուժումից, սննդակարգից կամ դեղորայքի ընդունումից հրաժարվելու պատճառով վրա հասնող բացասական հետևանքները (համեմատել սույն վճիռը վերը նշված Gorodnitchev, կետ 91, Testa v. Croatia, գանգատ թիվ 20877/04, կետ 52, 2007թ. հուլիսի 12, andTarariyeva v. Russia, գանգատ թիվ 4353/03, կետ 80, ECHR 2006-XV (հավելված)): Իշխանությունների գործողություններն ապահովել են դիմողի նկատմամբ նշանակված բուժման բնականոն ընթացքը, ինչը, իհարկե, կարևոր նշանակություն ունի բարեհաջող և շուտ ապաքինման համար:

109. 2005թ. գարնանը «Ետաճի փուլում գտնվող ներսփռանքային թոքախտ» ախտորոշմամբ դիմողի բժշկական քարտում տեղ գտած նշումը հաստատում է, որ բուժումը դրական ազդեցություն է ունեցել: Բուժման ընթացքը փոփոխվել էր, քանի որ առողջական վիճակն ավելի լավ էր: Սույն գործի նյութերից Դատարանը չի կարող հանգել այն եզրակացությանը, որ թոքախտի զարգացման տարբեր փուլերում դիմողին ցույց չի տրվել համակարգված բուժօգնություն: Դիմողը չի ժխտել, որ իրեն բժշկական օգնություն են ցույց տվել, իրականացվել են համապատասխան բուժզննություններ, ապաքինման համար նշանակվել է անհրաժեշտ դեղորայք, որոնց մասին նշում է կատարվել Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից ներկայացված բժշկական փաստաթղթերում: Ըստ էության, դիմողը ոչ մի գանգատ չի ներկայացրել ցուցաբերված բուժօգնության առնչությամբ, բացի այն հանգամանքից, որ նրա ախտորոշումը ժամանակավրեպ է եղել:

110. Վերջապես, բուժման ավարտից հետո, երբ դիմողն արդեն «ապաքինվել էր «ներսփռանքային թոքախտից», վերջինիս նկատմամբ բժշկական հսկողությունը շարունակվել է հիվանդության ռեցիդիվը կանխելու համար:

111. Եվ վերջապես, Դատարանը գտնում է, որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները բավարար ապացույցներ են ներկայացրել Դատարանին՝ հանգելու համար այն եզրակացությանը, որ ներպետական իշխանության մարմիններն առանց հապաղելու, ժամանակին դիմողի մոտ թոքախտ են ախտորոշել, ինչպես նաև ապաքինման համար անհրաժեշտ բժշկական օգնություն են ցույց տվել: Նշվածից հետևում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` գանգատի այս մասը պետք է անընդունելի համարել:

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ` ԿԱՊՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՍԿԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴԻՄՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀԵՏ

112. Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հղում կատարելով` դիմողը գանգատ է ներկայացրել այն մասին, որ 2003թ. հուլիսի 10-ին իրեն դաժանաբար ծեծի են ենթարկել ոստիկանության հսկիչ ծառայության աշխատողները, իսկ քննության արդյունքում այդ անձինք պատասխանատվության չեն ենթարկվել:

A. Կողմերի փաստարկները

113. Ռուսաստանի Դաշնության իշխանությունները պնդել են, որ պետությունը պատասխանատվություն չի կրում 2003թ. հուլիսի 10-ին դիմողի ստացած վնասվածքների համար: Թեև Կառավարությունն ընդունել է, որ այդ օրը դիմողի հանդեպ ֆիզիկական ուժ է գործադրվել, սակայն ընդգծել է, որ նման մոտեցումն ավելի քան օրինական է եղել` հաշվի առնելով դիմողի դրսևորած վարքագիծը: Բացի դրանից, Կառավարությունը նշել է, որ ճակատի մասում ստացած վնասվածքը դիմողի մոտ առաջացել է այն բանից հետո, երբ վերջինս չի ենթարկվել հսկիչների օրինական պահանջներին: Ներպետական իշխանություններն ամենայն լրջությամբ քննել են 2003թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած իրադարձությունները, հավաքել անհրաժեշտ ապացույցներ և մերժել ներկայացված բողոքը:

114. Դիմողը պնդել է, որ իրեն բազմաթիվ վնասվածքներ են պատճառել, այդ թվում` նաև ճակատի մասում, որոնք նա ինքն իրեն չէր կարող հասցնել, քանի որ քննարկվող իրադարձությունների ժամանակ իր ձեռքերը շղթայված էին: Ձեռնաշղթաները խոչընդոտում էին նաև հսկիչի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելուն: Բացի դրանից, դիմողն ընդգծել է, որ իրեն, ծեծի ենթարկելուց հետո, տարել են ոստիկանության հսկիչ ծառայության սենյակ, իսկ բժշկական օգնություն իրեն ցույց է տրվել արդեն միայն քննչական մեկուսարանում` 2003թ. հուլիսի 10-ի երեկոյան: Դիմողը նշել է նաև, որ ճակատի մասում նման բաց վնասվածք կարող էր առաջանալ միայն ձեռնաշղթայով հարվածելու միջոցով: Ինքը չէր կարող ընկնելիս նման վնասվածք ստանալ, քանի որ մեքենայի հատակն ու պատերը հարթ էին, աստիճաններ կամ անհարթություններ չկային: Դիմողը նշել է, որ Կառավարության կողմից նշված փաստարկները չի կարելի հիմնավոր համարել, քանի որ մեկը մյուսին հակասում են: Այսպես, Կառավարությունը մի կողմից նշել է, որ իր նկատմամբ ֆիզիկական ուժ է գործադրվել, իսկ մյուս կողմից պնդել, որ ճակատի վնասվածքն ինքն է իրեն պատճառել:

115. Բացի դրանից, դիմողը նշել է, որ այս իրադարձության վերաբերյալ իրականացված քննությունն անարդյունավետ և սուբյեկտիվ է եղել, քանի որ քննիչն ավելի հավաստի էր համարել հսկիչների կողմից ներկայացված փաստերը, իսկ իր կողմից առաջ քաշված գանգատները` մերժել: Ավելին, քննիչը նաև չի իրականացրել մի շարք անհրաժեշտ դատավարական գործողություններ: Կատարված քննչական գործողությունները հիմնավոր համարելու մասին շրջանային դատարանի կողմից բազմաթիվ մերժումներն ապացուցում են, որ քննությունն իրականացվել է սահմանված կարգի խախտմամբ:

B. Դատարանի գնահատականը

1. Ընդունելիություն

116. Դատարանը նշում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Ապա այն նշում է, որ գանգատը որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար, այն պետք է ընդունելի համարել:

2. Հանգամանքներ

(a) Ընդհանուր սկզբունքներ

(i) ինչ վերաբերում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի կիրառման ոլորտին

117. Դատարանը միանշանակ պնդում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է ժողովրդավարական հասարակության համար հիմնարար արժեքները: Նույնիսկ ամենաբարդ և ոչ միանշանակ դեպքերում, ինչպիսիք են, օրինակ, ահաբեկչությունը կամ կազմակերպված հանցավորությունը, Կոնվենցիան կտրականապես արգելում է խոշտանգումը կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը` անկախ հանգամանքներից և տուժողի վարքագծից (տե՛ս Labita v. Italy [GC], գանգատ թիվ 26772/95, կետ 119, ECHR 2000-IV, և Chahal v. the United Kingdom, 1996 նոյեմբերի 15, կետ 79, Reports of Judgments and Decisions 1996-V): Կոնվենցիայի 3-րդ հոդվածը բացառություններ չի սահմանում և համաձայն Կոնվենցիայի 15-րդ հոդվածի 2-րդ կետի` քննարկվող հոդվածը նույնիսկ մասնակի բացառություններ չի սահմանում հասարակությանը կամ ազգին վտանգ ներկայացնող դեպքերում (տե՛ս Selmouni v. France [GC], գանգատ թիվ 25803/94, կետ 95, ECHR 1999-V, և Assenov and Others v. Bulgaria, 1998թ. հոկտեմբերի 28, կետ 93, Reports 1998-VIII):

118. Դատարանն ընդգծում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված ցանկացած տառապանք և նվաստացում պետք է անցնի վատ վերաբերմունքի նվազագույն շեմը, այսինքն` որոշակի տեսակի պատժի կամ վերաբերմունքի համար նախատեսված իրավաչափության սահմաններն անցնի: Ազատության սահմանափակման ձևերն իրենց մեջ պարունակում են վատ վերաբերմունքի որոշակի տարրեր: Մասնավորապես, Կոնվենցիայի 3-րդ հոդվածն անդամ պետություններին պարտավորեցնում է անազատության մեջ պահվող անձանց ապահովել մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններով: Պատիժների կիրառման կարգն ու միջոցները չպետք է անձի համար այնպիսի տառապանքներ կամ դժվարություններ առաջացնեն, որոնք կանցնեն վատ վերաբերմունքի նվազագույն շեմը (տե՛ս Kudla v. Poland [GC], գանգատ թիվ 30210/96, կետեր 92-94, ECHR 2000-XI):

119. Ազատության սահմանափակման վերաբերյալ Դատարանը նշում է, որ կալանավորված անձինք գտնվում են խոցելի վիճակում, այդ պատճառով իշխանությունները պետք է ապահովեն նրանց ֆիզիկական ամբողջականությունը (տե՛ս Tarariyeva v. Russia, գանգատ թիվ 4353/03, կետ 73, ECHR 2006-... (հավելվածներ), Sarban v. Moldova, գանգատ թիվ 3456/05, կետ 77, 2005թ. հոկտեմբերի 4, և Mouisel v. France, գանգատ թիվ 67263/01, կետ 40, ECHR 2002-IX): Անազատության մեջ գտնվող ցանկացած անձ, ում նկատմամբ կիրառվում է մարդկային արժանապատվությունը նվաստացնող ֆիզիկական ուժ, որը, սակայն, խիստ պայմանավորված չի եղել վերջինիս վարքագծով, ըստ էության կհամարվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքների խախտում (տե՛ս Sheydayev v. Russia, գանգատ թիվ 65859/01, կետ 59, 2006թ. դեկտեմբերի 7, Ribitsch v. Austria, 1995թ. դեկտեմբերի 4, կետ 38, Series A գանգատ թիվ 336, և Krastanov v. Bulgaria, գանգատ թիվ 50222/99, կետ 53, 2004թ. սեպտեմբերի 30):

(ii) ինչ վերաբերում է հաստատված հանգամանքներին

120. Դատարանը կրկնում է, որ վատ վերաբերմունքը պետք է հաստատել ներկայացված ապացույցներով: Ապացույցները գնահատելիս Դատարանը կիրառում է «հիմնավոր կասկածից վեր» եզրույթը (տե՛ս Ireland v. the United Kingdom, 1978թ. հունվարի 18, կետ161, Series A թիվ 25): Նման ապացույցները պետք է լինեն հավաստի, միանշանակ և հետևողական կամ անհերքելի փաստեր: Եթե քննարկվող իրադարձությունն ընդհանուր առմամբ կամ մեծամասամբ գտնվում է իշխանությունների իրավազորության ներքո, օրինակ՝ այն դեպքերում, երբ անձը գտնվում է անազատության մեջ, անձի վրա եղած վնասվածքների վերաբերյալ կանխակալ կարծիք է ստեղծվում: Փաստորեն, իրականում իշխանությունների վրա է ընկնում համոզիչ և բավարար ապացույցներ ներկայացնելու պարտականությունը (տե՛ս Salman v. Turkey [GC], գանգատ թիվ 21986/93, կետ 100, ECHR 2000-VII):

121. Քննարկվող դեպքում, եթե արդեն առկա է ներպետական դատարանների կողմից ապացույցներին տրված գնահատականը, ապա Դատարանը դրանք նորից է գնահատում: Ընդհանուր սկզբունքի համաձայն` ներպետական դատարաններն իրենք են կոչված գնահատելու ներկայացված ապացույցները (տե՛ս Klaas v. Germany, 1993թ. սեպտեմբերի 22, կետ 29, Series A թիվ 269): Թեև Դատարանը կաշկանդված չէ ներպետական դատարանների փաստարկներով, որպես կանոն, անհրաժեշտ են անհերքելի փաստեր (տե՛ս Matko v. Slovenia, գանգատ թիվ 43393/98, կետ 100, 2006թ. նոյեմբերի 2): Սակայն, եթե առկա է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման վերաբերյալ գանգատը, ապա Դատարանը պարտավոր է փաստերի մանրակրկիտ ուսումնասիրություն իրականացնել (տե՛ս՝ վերը նշված` mutatis mutandis, Ribitsch, կետ 32):

(b) Սույն գործով վերոնշյալ սկզբունքների կիրառումը

(i) Փաստերի հաստատում և վատ վերաբերմունքի նվազագույն շեմի կիրառման կարգը

122. Դատարանը նշում է, իսկ կողմերը չեն վիճարկել, որ 2003թ. հուլիսի 10-ին դիմողը և նրա խցակից պրն Հ.-ն վիճաբանություն են ունեցել ոստիկանության հսկիչ ծառայության աշխատակիցների հետ, երբ վերջիններս փորձել են դիմողին և պրն Հ.-ին դատական նիստերի դահլիճ տանել: Նաև չի վիճարկվում այն, որ հսկիչները դիմողի նկատմամբ ֆիզիկական ուժ են գործադրել:

123. Դատարանը կրկնում է, որ ֆիզիկական ուժի գործադրման հանգամանքները և հաճախականությունը կողմերը վիճարկել են: Կառավարությունը նշել է, որ ֆիզիկական ուժը գործադրվել է օրինական հիմքերով` ի պատասխան դիմողի անպատշաճ վարքագծի: Կիրառված բռնությունը դուրս չի եկել հիմնավորվածության և անհրաժեշտության սահմաններից: Ինչպես երևում է քննիչին ներկայացրած՝ ոստիկանության աշխատակիցների զեկույցներից, 2003թ. հուլիսի 10-ի առավոտյան, այն բանից հետո, երբ դիմողը հրաժարվել է ներկայանալ դատական նիստին, նրա դիմադրությունը ճնշվել է: Նմանատիպ իրադարձություն տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դիմողը փորձել է կծել հսկիչներից մեկին (տե՛ս վերը` կետ 41): Դիմողը չի վիճարկել այն, որ հրաժարվել էր կատարել հսկիչների օրինական պահանջները, նրանց ակտիվ դիմադրություն է ցույց տվել` նույնիսկ բռնության գործադրմամբ: Սակայն մեջբերելով իր խցակից պրն Հ.-ին՝ դիմողը պնդել է, որ հսկիչները ոտքերով և մարմնի այլ մասերով բազմիցս հարվածել են իրեն: Ավելին, հսկիչներից մեկը ձեռնաշղթայով հարվածել է իր ճակատին, ինչի հետևանքով առաջացել է բաց վնասվածք:

124. Դատարանը նախ նշում է, որ 2003թ. հուլիսի 10-ի երեկոյան քննչական մեկուսարանում դիմողը ենթարկվել է բժշկական զննության: Ըստ բժշկական տեղեկանքի` դիմողի ճակատին առկա էր ոչ մեծ չափի վերք` ծածկված չորացած արյամբ (տե՛ս վերը` կետեր 36 և 37): Ուրիշ վնասվածքներ չեն եղել: 2003թ. հուլիսի 11-ին դիմողը ենթարկվել է դատաբժշկական զննության, որի ընթացքում դիմողի մոտ հայտնաբերվել է միայն ճակատի վնասվածքը, այլ վնասվածքներ չեն եղել: Այս կապակցությամբ Դատարանը հիմք է ընդունում այն, որ դիմողը չի վիճարկում ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ բուժզննման արդյունքները:

125. Դատարանն ընդգծում է Ռուսաստանի Դաշնության իշխանությունների փաստարկումն այն մասին, որ դիմողը կարող էր նման վնասվածք ստանալ հսկիչներին դիմադրություն ցույց տալու ժամանակ և, հավանաբար, սայթաքել և ընկել է մեքենայի մեջ գտնվելու ժամանակ: Դիմողը ներկայացրել էր վնասվածք ստանալու վերաբերյալ այլ վարկած, պնդելով, որ հսկիչներից մեկը ձեռնաշղթայով հարվածել է իր գլխին: Դատարանը չի կարող նշանակություն չտալ այն հակասություններին, որոնք առկա են Դատարանին ներկայացված` դիմողի գանգատում և Կառավարության փաստարկներում: Օրինակ՝ Ինդուստրիալնի շրջանի դատախազության քննիչի կողմից անցկացված առաջին հարցաքննության ժամանակ դիմողը նշել էր, որ, ի պատասխան այն բանի, որ ինքը փորձել է կծել հսկիչին, վերջինս հարվածել է ձեռնաշղթայով (տե՛ս վերը` կետ 41): Երկրորդ հարցաքննության ժամանակ դիմողն ավելացրել է, որ հսկիչը նաև իր ճակատին է վնասվածք պատճառել (տե՛ս վերը` կետ 45): Սակայն դիմողը նախ 2003թ. հուլիսի 10-ին տեղի ունեցածը Դատարանին ներկայացրել է որպես դաժան ծեծ: Սակայն, երբ Ռուսաստանի Դաշնության իշխանություններն այս կապակցությամբ հակափաստարկներ են ներկայացրել, դիմողը 2003թ. հուլիսի 10-ին տեղի ունեցածը նկարագրել է այնպես, ինչպես դա արել էր քննության ընթացքում:

126. Հաշվի առնելով այն, որ տեղի ունեցած իրադարձությունների մասին դիմողը քննության տարբեր փուլերում ներկայացրել է միմյանց հակասող վարկածներ, Դատարանը չի կարող միանշանակ պնդել, որ դիմողի ճակատին առկա վնասվածքն առաջացել էր դիմողի կողմից նկարագրված հանգամանքներում: Ներկայացված ապացույցները թույլ չեն տալիս Դատարանին բացառել ո՛չ Կառավարության և ո՛չ էլ դիմողի ներկայացրած վարկածները: Ճակատի մասում ստացած վնասվածքը կարող էր առաջանալ ինչպես մեքենայում վայր ընկնելու հետևանքով, այնպես էլ հսկիչների հետ ընդհարվելիս:

127. Ընդգծելով, որ դիմողի կողմից ներկայացված փաստարկները համոզիչ չեն, Դատարանը նաև նշում է, որ սույն գործով առկա չեն այլ ապացույցներ, որոնք լույս կսփռեն 2003թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած իրադարձությունների վրա: Դատարանը նաև հավաստի չի համարում հսկիչների ամենաթողությունների մասին դիմողի խցակցի` պրն Հ.-ի կողմից ներկայացված փաստերը: Դատարանը կասկածներ է հայտնում, որ պրն Հ.-ն կարող է սույն պարագայում «անաչառ կողմ» համարվել: Բացի դրանից, զարմանալի է, թե ինչպես է պրն Հ.-ն կարողացել անձամբ հսկիչներին դիմադրություն ցույց տալով հստակ նկատել այն հանգամանքները, որոնց պարագայում դիմողը ճակատի վնասվածք էր ստացել: Դատարանը հաշվի է առնում նաև այն, որ հսկիչը դիմողի ճակատը վնասել է որպես կաստետ օգտագործված ձեռնաշղթայով: Սակայն նմանատիպ հարվածը հավասարազոր չէ ստացված վնասվածքին. այն կարճ էր և նեղ: Դատարանն այնուհետև նշում է, որ այդ վնասվածը դիմողը կարող էր ստանալ ինչպես հսկիչների հետ կռվելիս, այնպես էլ մեքենայում վայր ընկնելու ժամանակ:

128. Այսպիսով, Դատարանն նշում է, որ հսկիչների կողմից ֆիզիկական ուժի գործադրման սահմանազանցում տեղի չի ունեցել, քանի որ վերջիններս կատարում էին իրենց ծառայողական պարտականությունները դիմողի կողմից անպատշաճ վարքագիծ դրսևորելը կանխելու նպատակով: Դատարանը նաև համոզված չէ, որ ֆիզիկական ուժի գործադրումը կարող էր այնպիսի ֆիզիկական կամ հոգեբանական ազդեցություն ունենալ դիմողի վրա, որ հանգեցներ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման:

129. Այս հանգամանքների լույսի ներքո Դատարանը չի կարող հանգել այն եզրակացությանը, որ 2003թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ իշխանությունների դրսևորած վարքագիծը խախտում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքները:

130. Դատարանը, հետևաբար, գտնում է, որ այս կապակցությամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում առկա չէ:

(ii) Ենթադրյալ ոչ արդյունավետ քննություն

131. Դատարանը հիշեցնում է, որ եթե անձն ապացույցներ է ներկայացնում այն կապակցությամբ, որ իր նկատմամբ կիրառվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վատ վերաբերմունքը, Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված ընդհանուր պահանջից` այն է` «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են Կոնվենցիայով սահմանված այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի Բաժին I-ում», բխում է նաև, որ այս կապակցությամբ պետք է արդյունավետ քննություն իրականացվի: Պարտադիր քննությունը ենթադրում է ոչ թե «անպայման արդյունքի հասնել, այլ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել». պարզ է, որ ոչ բոլոր դեպքերում քննությունը կարող է դրական արդյունքի հասնել, սակայն, ըստ էության, պետք է վերհանի գործին վերաբերող հանգամանքները, իսկ բողոքների հավաստիության պարզաբանումից հետո` պատժի մեղավոր անձանց: Այսպիսով, վատ վերաբերմունքի կիրառման մասին ներկայացված գանգատները պետք է լուրջ քննության առնել: Սա նշանակում է, որ իշխանությունները պետք է հնարավոր միջոցները կիրառեն պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել, միաժամանակ չկայացնեն գործի քննությունը դադարեցնելու մասին որևէ որոշում: Իշխանությունները ցանկացած ողջամիտ, հասանելի միջոցով պետք է ապացույցներ հավաքեն, այդ թվում, inter alia, վկաների հարցաքննություն, դատաբժշկական փորձաքննություն և այլն: Քննության ընթացքում ցանկացած բացթողում նվազեցնում է վնասվածքների պատճառների բացահայտման հնարավորությունը կամ մեղավոր անձանց հայտնաբերումը (տե՛ս, ի թիվս այլնի, վերը նշված՝ Mikheyev, 107 և հաջորդող կետերը, և վերը նշված Assenov and Others v. Bulgaria, 102 և հաջորդող կետերը):

132. Անդրադառնալով գործի հանգամանքներին` Դատարանը նշում է, որ այն բանից հետո, երբ դատախազությունը տեղեկացել է, որ դիմողը մարմնական վնասվածքներ է ստացել, այդ կապակցությամբ նախնական քննություն է իրականացրել, սակայն մեղավոր անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել: Դատարանի կարծիքով, քննարկման առարկա է ոչ մի այն հարցը, թե դեպքի առթիվ քննություն իրականացվել է, թե` ոչ, հատկապես, երբ կողմերը դա չեն վիճարկում, այլ այն, թե քննությունն արդյոք ամբողջակա՞ն է եղել, իշխանությունները ցանկացե՞լ են հայտնաբերել և պատժել հանցանք կատարած անձանց և, վերջապես, քննությունն արդյոք արդյունավե՞տ է եղել, թե` ոչ:

133. Այսպիսով, Դատարանը նախ պետք է գնահատի դատախազության գործողությունները, պարզի, թե իշխանությունները ջանացե՞լ են, արդյոք, վատ վերաբերմունք ցուցաբերած անձանց պատասխանատվության ենթարկել (տե՛ս Selmouni v. France [GC], գանգատ թիվ 25803/94, կետեր 78 և 79, ECHR 1999-V): Չնայած Կառավարության կողմից ներկայացված հակափաստարկներին, Դատարանը գտնում է, որ դիմողը դատախազություն է դիմել 2003թ. հուլիսի 11-ին (տե՛ս վերը` կետ 38): Դատարանն ուշադրությունը սևեռում է այն հանգամանքի վրա, որ դատախազությունն անմիջապես քննության է առել ենթադրյալ իրավախախտումը: Նույն օրը, քննիչի նախաձեռնությամբ դիմողը բժշկական զննության է ենթարկվել: Մասնավորապես, քննիչի կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները` անմիջապես բացատրություն է վերցվել ոստիկանության հսկիչ ծառայության ղեկավարից, հարցաքննվել են բոլոր հսկիչները, դիմողի խցակիցը, մյուս ամբաստանյալը և դիմողի պաշտպանը: Բացի դրանից, քննիչի որոշմամբ բժշկական զննության է ենթարկվել նաև այն հսկիչը, որին դիմողը դիմադրություն ցույց տալու ժամանակ վնասվածք է պատճառել: Դատարանը չի գտնում, որ քննիչի որոշումը շրջանային դատարանի կողմից բեկանվել է այն պատճառով, որ քննությունն ակնհայտ թերություններով էր կատարել, քանի որ գործի նյութերից երևում է, որ քննություն իրականացնող մարմինները ջանասիրաբար փորձել են հարցաքննել նաև այլ վկաների, որոնք հնարավոր է, որ գործին վերաբերող տեղեկություններ կարող էին հայտնեին: Բացի դրանից, քննիչը նաև լրացուցիչ հարցաքննել է գործով հայտնի վկաներին` միմյանց հակասող փաստերը վերհանելու համար: Դատարանը նաև նշում է, որ քննչական մարմինների համար լրացուցիչ բարդություն է ստեղծել այն, որ դիմողը գանգատները հաջորդաբար չի ներկայացրել կամ պարբերաբար փոփոխել իրադարձության նկարագրությունները: Քննություն իրականացնող անձինք ստիպված էին իրականացնել զգուշավոր և մանրազնին քննչական գործողությունները, քանի որ դիմողի ներկայացրած տեղեկությունները միշտ չէ, որ միանշանակ են եղել: Ընդ որում, Դատարանը նշում է, որ քննություն իրականացնող մարմինները չեն հապաղել հարցաքննել նաև հենց դիմողին, ինչպես նաև վերջինիս հնարավորություն են ընձեռել պարզաբանել իր կողմից շարադրված վկայությունները: Բացի դրանից, Դատարանն ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ դիմողը գանգատներ չէր ներկայացրել առ այն, որ իրեն պատշաճ կերպով չեն տեղեկացրել քննության ընթացքի մասին:

134. Իրականացված քննությունը գնահատելիս` Դատարանը նշում է, որ քննիչը չի զննել ազատազրկված անձանց տեղափոխող մեքենան, որտեղ որ իրականացվել էր ենթադրյալ ծեծը: Դատարանը կրկնում է, որ դեպքի վայրի զննությունը կարևոր քննչական գործողությունների թվին է դասվում, սակայն սույն գործով կոնկրետ ապացույցներ չկան, որոնք կհաստատեն, որ դեպքի վայրի զննությամբ ձեռք կբերվեին այնպիսի իրեղեն ապացույցներ, որոնք լույս կսփռեին իրադարձության վրա և կնպաստեին գլխավոր փաստերի պարզմանը:

135. Դատարանը նաև գալիս է այն եզրահանգման, որ իշխանությունները քննություն իրականացնելիս, ի սկզբանե, բազմակողմանի գնահատական են տվել ներկայացված բժշկական եզրակացություններին, փորձել դրանց միջոցով եզրահանգումների գալ, ընդ որում՝ մանրազնին քննության են ենթարկել նաև ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված վարկածը: Այնուամենայնիվ, Դատարանը հաստատված չի համարում այն հանգամանքը, որ քննություն իրականացնող մարմինները ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված վարկածը հաստատող ապացույցներ չեն հավաքել կամ այդ վարկածը բավարար ուշադրության չեն արժանացրել: Դատարանը նաև գտնում է, որ իշխանությունները գործել են առանց անհարկի ձգձգումների, իսկ դատավարական գործողություններն իրականացրել ողջամիտ ժամկետի սահմաններում:

136. Հիմք ընդունելով սույն որոշման 133-րդ և 134-րդ կետերում արված եզրակացությունները` Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ենթադրյալ խախտման առնչությամբ ներպետական իշխանություններն իրականացրել են արդյունավետ քննություն: Հետևաբար, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական կողմի խախտում տեղի չի ունեցել:

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

137. Դիմողը նաև պնդել է, որ գողության վերաբերյալ իր նկատմամբ իրականացվող քրեական դատավարությունը չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված «ողջամիտ ժամկետի» պահանջին: Նշված հոդվածը սահմանում է՝

«Յուրաքանչյուր ոք…նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի …ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

A. Կողմերի փաստարկները

138. Կառավարությունը պնդել է, որ ներպետական իշխանության մարմիններն իրականացրել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված «ողջամիտ ժամկետում» քննություն իրականացնելու պահանջը: Քննության երկարաժամկետ լինելը կախված էր այնպիսի հանգամանքներից, ինչպիսիք են գործի քննության բարդությունը, քանի որ գործով առկա էին չորս ամբաստանյալներ, դատավարությանը բոլոր մասնակիցների՝ վկաների, տուժողների կամ պաշտպանների ներկայությունն ապահովելը, քանի որ վերջիններս նույն ժամանակաշրջանում մասնակցում էին մի քանի դատավարությունների, և այլն: Ընդ որում, Կառավարության կարծիքով, գործով քննությունը ձգձգվել է հենց դիմողի և մյուս ամբաստանյալի պատճառով, քանի որ վերջիններս բազմիցս հրաժարվել էին գործով նշանակված իրենց պաշտպանների ծառայություններից: Պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր նոր նշանակված պաշտպանի տրվում էր լրացուցիչ ժամանակ գործի նյութերին ծանոթանալու, նոր պաշտպանական մարտավարություն մշակելու համար: Բացի դրանից, դիմողն ակտիվորեն օգտվել է իր՝ պաշտպանվելու իրավունքից, քանի որ առաջին ատյանում քննության ժամանակ բազմաթիվ միջնորդություններ և խնդրագրեր է ներկայացրել:

139. Դիմողը նշել է, որ շուրջ երեք տարի ութ ամիս տևած քրեական դատավարությունն ընդհատումներով է իրականացվել: Երկար ժամանակ ներպետական իշխանության մարմինները պասիվություն են ցուցաբերել կամ ուղղել են իրենց դատավարական սխալները: Մասնավորապես, առաջին ատյանի դատարանը մոտավորապես չորս անգամ գործն ուղարկել է քննության մարմիններին՝ գործում առկա անթույլատրելի սխալներն ու բացթողումները շտկելու նպատակով: Բացի դրանից, դիմողը նշել է, որ գործի քննության հետ կապված բարդությունը չի կարող արդարացում համարվել այն բանի, որ քննությունն իրականացվել է ամիսների ընթացքում, իսկ ստորադաս երկու ատյաններում գործի քննությունը տևել է ավելի քան երեք տարի: Անդրադառնալով սեփական վարքագծին՝ դիմողն ընդգծել է, որ ինքը գտնվել է կալանքի տակ, այսինքն՝ գտնվել է իշխանությունների հսկողության ներքո: Նա միշտ մասնակցել է քննչական գործողություններին և ներկա գտնվել դատական նիստերին ու լսումներին: Ինչ վերաբերում է պաշտպան ունենալու իր իրավունքի չարաշահմանը, դիմողը նշել է, որ իր միջնորդությունների մեծ մասն առաջին ատյանի դատարանը մերժել է: Սակայն առաջին ատյանի դատարանի կողմից ընդունված միջնորդությունները, այդ թվում՝ պաշտպանին փոխելու մասին դիմողի միջնորդությունն իրավաչափ և հիմնավոր է եղել: Նշված միջնորդությունները բավարարվել էին այն պատճառով, որ հակառակ դեպքում կխախտվեր նրա՝ արդար դատաքննության իրավունքը:

B. Դատարանի գնահատականը

1. Ընդունելիություն

140. Դատարանը նշում է, որ քննարկվող ժամանակահատվածն սկսվում է 2002թ. հունվարի 16-ից, այսինքն՝ քրեական գործի հարուցումից, և ավարտվում 2005թ. սեպտեմբերի 27-ին, այսինքն՝ Ուդմուրտիայի Հանրապետության գերագույն դատարանի կողմից որոշման կայացմամբ: Այսպիսով, սույն գործով իրականացված քննությունը երկու ստորադաս ատյաններում տևել է մոտավորապես երեք տարի և յոթ ամիս:

141. Դատարանը նշում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Ապա այն նշում է, որ գանգատը որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար, այն պետք է ընդունելի համարել:

2. Հանգամանքներ

142. Դատարանը հիշեցնում է, որ դատական քննության ողջամիտ ժամկետը պետք է գնահատվի կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո՝ հաշվի առնելով նաև հետևյալը՝ գործի բարդությունը, դիմողի և իշխանության համապատասխան մարմինների վարքագիծը (տե՛ս, Pռlissier and Sassi v. France [GC], գանգատ թիվ 25444/94, կետ 67, ECHR 1999-II):

143. Դատարանն ընդունում է, որ սույն գործող իրականացված դատական քննությունը բարդ է եղել: Սակայն չի կարող համաձայնել, որ դրանից ելնելով այն կարող էր այսքան երկար տևել: Բացի դրանից, Դատարանը նշում է, որ պետք է հաշվի առնվեր, որ դիմողը կալանավորված էր, ինչն արդեն պահանջում է, որ քննություն իրականացնող մարմինները պետք է ջանք գործադրեին դատական քննությունն արագ իրականացնելու համար (տե՛ս Panchenko v. Russia, գանգատ թիվ 45100/98, կետ 133, 2005թ. փետրվարի 8, և Kalashnikov v. Russia, գանգատ թիվ 47095/99, կետ132, ECHR 2002-VI):

144. Ինչ վերաբերում է դիմողի վարքագծին, Դատարանը նշում է, որ դիմողը չպետք է պատասխանատվություն կրի ներկայացված միջնորդությունների համար: Նախևառաջ, Դատարանը հիշեցնում է իր այն մոտեցման մասին, որ դիմողին չի կարելի մեղադրել այն բանի համար, որ նա օգտագործել է ներպետական օրենսդրությամբ սահմանված իրավական պաշտպանության բոլոր միջոցները (տե՛ս Kolomiyets v. Russia, գանգատ թիվ 76835/01, կետ 29, 2007թ. փետրվարի 22): Կառավարությունն իր փաստարկներով չի ապացուցել, որ դիմողը խախտել է միջնորդություններ ներկայացնելու կարգը, ինչի հետևանքով էլ ձգձգվել է դատական քննությունը: Ընդ որում, Դատարանն ուշադրություն է դարձնում Կառավարության կողմից ներկայացված նաև այն փաստարկի վրա, որ դատական քննությունը երկարաձգվել էր, քանի որ քննության ընթացքում դիմողը չորս անգամ պաշտպանի ծառայությունից հրաժարվել է: Յուրաքանչյուր հրաժարման դեպքում առաջին ատյանի դատարանն ստիպված է եղել ընդհատել դատական նիստը և պաշտպանին ժամանակ տալ գործի նյութերին ծանոթանալու համար: Հաշվի առնելով, որ արդար դատական քննության իրավունքը յուրաքանչյուր ժողովրդավարական պետության համար հիմնաքարային է (տե՛ս, inter alia, De Cubber v. Belgium, 1984թ. հոկտեմբերի 26, կետ 30, Series A թիվ 86), Դատարանը պետք է պատասխանատվություն կրի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատական քննության ողջամիտ ժամկետի խախտման համար, նույնիսկ այն դեպքում, երբ ամբաստանյալը բազմիցս հրաժարվել էր պետության կողմից նշանակված պաշտպանների ծառայություններից (տե՛ս, ի թիվս այլնի, LՓffler v. Austria (Թիվ 2), գանգատ թիվ 72159/01, կետ 57, 2004թ. մարտի 4): Դատարանը հիշեցնում է, որ ներպետական դատարանները պետք է այնպես կազմակերպեն գործի քննությունը, որպեսզի չխախտվի դրա համար Կոնվենցիայով սահմանված ողջամիտ ժամկետը (տե՛ս, mutatis mutandis, Marchenko v. Russia, գանգատ թիվ 29510/04, կետ 39, 2006թ. հոկտեմբերի 5, և Sidorenko v. Russia, գանգատ թիվ 4459/03, կետ 32, 2007թ. մարտի 8):

145. Այնուհետև անդրադառնալով իշխանության մարմինների վարքագծին՝ Դատարանը նշում է, որ գործի քննության ընթացքում նկատելի են նաև այլ անհարկի ընդհատումներ, որոնց վերաբերյալ, սակայն, Կառավարությունը բացատրություններ չի ներկայացրել: Մասնավորապես, Դատարանը նշում է, որ 2002թ. հունվարին սկսված նախնական քննությունն արդեն նույն թ. հուլիսին ավարտվել էր, իսկ գործի քննությունը շարունակվել էր առաջին ատյանում: Սակայն առաջին ատյանում գործի քննությունն սկսվել էր նրանից, որ այն հետ էր ուղարկվել նախաքննության մարմիններին՝ առկա անճշտությունները վերացնելու համար: Գործի հանձնումն առաջին ատյանից քննության մարմիններին՝ կատարվել է ևս երեք անգամ, ինչի հետևանքով գործի քննությունը ձգձգվել է մոտ ութ ամսով (տե՛ս վերը՝ կետեր 12, 13, 16 և 17):

146. Դատարանը նաև նշում է Կառավարության այն փաստարկը, որ դատական քննության ձգձգման պատճառ է հանդիսացել ամբաստանյալների, վկաների, տուժողների և պաշտպանների վարքագիծը: Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ սույն գործի քննությունն իրականացնող դատարանի վրա պարտականություն է դրված դատավարության մասնակիցների գործողությունները կազմակերպել այնպես, որպեսզի չխախտվի ողջամիտ ժամկետը (տե՛ս վերը՝ Sidorenko, կետ 34): Այսպիսով, Դատարանը նշում է, որ դատական քննության ձգձգումները, ինչը պայմանավորված է եղել դատավարության մասնակիցների վարքագծով, պետք է համարել Կառավարության կողմից Կոնվենցիայի պահանջի խախտում, քանի որ առաջին ատյանի դատարանը ճիշտ չէր կազմակերպել գործի քննության ընթացքը (տե՛ս Kuśmierek v. Poland, գանգատ թիվ 10675/02, կետ 65, 2004թ. սեպտեմբերի 21):

147. Դատարանը նաև չի կարող չանդրադառնալ այն հանգամանքին, որ գործի քննության մեծ մասը, այսինքն՝ մոտավորապես երեք տարի և յոթ ամիս, իրականացվել է առաջին ատյանի դատարանում: Սակայն, ինչպես երևում է կողմերի փաստարկներից, առաջին ատյանի դատարանը փաստացի գործը քննել է միայն 2004թ. օգոստոսից մինչև 2005թ. հունվարն ընկած ժամանակահատվածում, երբ դատական քննությունը չի հետաձգվել և բնականոն քննություն է իրականացվել:

148. Եվ վերջապես, ուսումնասիրելով գործի նյութերը՝ Դատարանը գտնում է, որ սույն գործով իրականացված դատական քննությունը չափից շատ երկար է տևել և չի համապատասխանել «ողջամիտ ժամկետում» դատական քննության պահանջին, այսինքն՝ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

149. Դիմողը նաև գանգատներ է ներկայացրել այն կապակցությամբ, որ ինքը զրկված է եղել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից, ինչի օգնությամբ կարող էր դատական քննության ձգձգման վերաբերյալ բողոքներ ներկայացնել: Կոնվենցիայի 13-րդ հոդվածը սահմանում է՝

«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

A. Կողմերի փաստարկները

150. Կառավարությունը նշում, որ դիմողի գանգատներն անհիմն են և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով պետք է անընդունելի համարել:

151. Դիմողը պնդել է իր գանգատները:

B. Դատարանի գնահատականը

1. Ընդունելիություն

152. Դատարանը նշում է, որ այս գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Ապա այն նշում է, որ գանգատը որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար, այն պետք է ընդունելի համարել:

2. Հանգամանքներ

153. Դատարանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս հարցի կապակցությամբ «Փոխհատուցման մասին» օրենքը նախատեսում է իրավական պաշտպանության նոր միջոց, որի ընդունումը կապված է Burdov v. Russia (թիվ 2) (գանգատ թիվ 33509/04, ECHR 2009-...) վճռի հետ (տե՛ս վերը՝ կետեր 70 և 71):

154. Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վերաբերյալ կողմերի փաստարկներն այն ստացել է մինչև 2010թ. մայիսի 4-ը, այսինքն՝ մինչև նշված օրենքի ուժ մեջ մտնելը: Սակայն Դատարանը գտնում է, որ դիմողը մինչև 2010թ. մայիսի 4-ը կարող էր օգտվել իրավական պաշտպանության այս նոր միջոցից (տե՛ս վերը՝ կետ 71):

155. Դատարանը նշում է, որ վերը հիշատակված վճռում այն սահմանել է, որ անարդարացի կլինի դիմողներից պահանջել նորից իրենց գանգատները ներպետական դատարաններին ներկայացնեն՝ հաշվի առնելով այն, որ այդ գործն արդեն երկար ժամանակ քննվել է դրանց կողմից և որի կապակցությամբ արդեն իսկ Դատարանին գանգատ է ներկայացվել (տե՛ս վերը նշված՝ Burdov (no. 2), կետ 144): Նշված հանգամանքը հաշվի առնելով՝ Դատարանը որոշել է այս կապակցությամբ քննության առնել դատական քննության անհարկի ձգձգումների հետ ներկայացված գանգատները և գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

156. Սակայն այն հանգամանքը, որ Դատարանը քննության է առնում դատական քննության ձգձգումների վերաբերյալ դիմողի ներկայացրած գանգատը, դեռևս չի նշանակում, որ Դատարանը սույն գործով գնահատական է տալիս իրավական պաշտպանության արդյունավետ նոր միջոցին (տե՛ս, Kravchenko and Others (military housing) v. Russia համեմատ, գանգատներ թիվ 11609/05, 12516/05, 17393/05, 20214/05, 25724/05, 32953/05, 1953/06, 10908/06, 16101/06, 26696/06, 40417/06, 44437/06, 44977/06, 46544/06, 50835/06, 22635/07, 36662/07, 36951/07, 38501/07, 54307/07, 22723/08, 36406/08 և 55990/08, կետեր 40-45, 2010թ. սեպտեմբերի 16, և Vasilchenko v. Russia, գանգատ թիվ 34784/02, կետեր 54-59, 2010թ. սեպտեմբերի 23):

157. Հիմք ընդունելով վերոնշյալ հանգամանքները՝ Դատարանը գտնում է, որ անհրաժեշտություն չկա առանձին քննության առնել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտման վերաբերյալ ներկայացված գանգատը:

VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

158. Դիմողը գանգատներ է ներկայացրել Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման վերաբերյալ՝ այն մասով, որ մի շարք դեպքերում իշխանությունները խոչընդոտել են նրան գանգատ ներկայացնել Դատարան: Մասնավորապես, նա նշել է, որ ղեկավարները նրան առաջարկել են բողոքը հետ վերցնելու դեպքում թույլատրել մնալ Ուդմուրտիայի Հանրապետության քննչական մեկուսարանում:

159. Կոնվենցիայի 34-րդ հոդվածը սահմանում է, որ

«Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից…, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների՝ որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը»:

A. Կողմերի փաստարկները

160. Կառավարությունն ընդգծել է, որ 2008թ. օգոստոսին դիմողը երկու անգամ հանդիպել է տիկին Ռասսադինային: Այս հանդիպումները կազմակերպվել էին Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի նախաձեռնությամբ, ում նպատակն է եղել Դատարանի քննությանը ներկայացված գործը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծել: Պետական պաշտոնատար անձինք չեն ստիպել դիմողին հետ վերցնել Դատարան ներկայացված բողոքը: Նրանք միայն ցանկացել են ներկայացնել նման մոտեցման դեպքում վրա հասնող հետևանքները և պարզել այդ կապակցությամբ դիմողի դիրքորոշումը: Խաղաղ միջոցներով գործի լուծման` դիմողի հրաժարումից հետո պաշտոնատար անձինք այլ միջոցներ չեն ձեռնարկել: Բացի դրանից, Կառավարությունը նշել է, որ Նովոսիբիրսկի շրջանի ուղղիչ հիմնարկ տեղափոխելը բխել է քրեակատարողական օրենսգրքի 73-րդ հոդվածի պահանջներից, քանի որ դիմողը Նովոսիբիրսկում տուն է ունեցել, ինչպես նաև այդտեղ են բնակվել նրա հարազատները: Այս պատճառով, մեղադրական դատավճռի հրապարակումից հետո նրան տեղափոխել են Նովոսիբիրսկի շրջանի ուղղիչ հիմնարկ պատիժը կրելու: Մինչև նշված վայր տեղափոխվելը՝ դիմողը պահվել է Ուդմուրտիայի Հանրապետության բժշկական քննչական մեկուսարանում: Կառավարությունը Դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ տիկին Ռասսադինայի հետ հանդիպումից միայն ութ ամիս հետո է դիմողը նման գանգատներ ներկայացրել: Կառավարության կարծիքով Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման վերաբերյալ դիմողի ներկայացրած գանգատները նպատակ են ունեցել ազդել Կառավարության վրա, որպեսզի պատիժը կրելու համար իրեն տեղափոխեն Ուդմուրտիայի Հանրապետության քննչական մեկուսարան: Դիմողը Դատարանին գանգատ է ներկայացրել միայն այն բանից հետո, երբ իրեն տեղափոխել են Նովոսիբիրսկի շրջան՝ նպատակ ունենալով Դատարանի միջոցով անօրինական ճանաչել այդ տեղափոխումը:

161. Կառավարությունն այնուհետև նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունում եվրոպական դատարանում մարդու իրավունքների հանձնակատարը նամակ է ուղարկել Ռուսաստանի Դաշնությունում պատիժների կատարման դաշնային ծառայությանը, որում նշված է եղել, որ դիմողի հետ բանակցությունները պետք է ավարտվեն, քանի որ նրա գանգատներն արդեն իսկ քննության են առնվել Դատարանում: Հանձնակատարը նշել է նաև, որ դիմողի հետ ցանկացած բանակցություն պետք է տարվի միայն իր կամ դատարանի ներկայությամբ:

162. Դիմողը պնդել է, որ համաձայն ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգի՝ ինքը պետք է պատիժը կրի Ուդմուրտիայի Հանրապետությունում: Եվ, իմանալով օրենսդրական այս դրույթի մասին, չի համաձայնել Կառավարության հետ բանակցություններ վարել գործի խաղաղ կարգավորման համար: Այնուհետև դիմողը նշել է, որ Նովոսիբիրսկի հետ իրեն կապող օղակն իր մայրն էր, որը, սակայն, արդեն մահացել է: Նովոսիբիրսկում թեև նա բնակարան ուներ, բայց իր բարեկամներն ապրում էին Ուդմուրտիայի Հանրապետության տարածքում:

163. 2008թ. սեպտեմբերին Դատարանին ներկայացրած իր նամակում դիմողը, առանց որևէ մանրամասնության, գանգատ է ներկայացնում այն կապակցությամբ, որ պետության ներկայացուցիչները միջամտել են իր և իր կնոջ միջև եղած նամակագրությանը: Այնուհետև դիմողը պնդել է, որ 2007 թվականին տիկին Ռասսադինայի հետ ունեցած երկու հանդիպումների ժամանակ վերջինս սպառնացել է իրեն ուղարկել Նովոսիբիրսկի շրջանում գտնվող ուղղիչ հիմնարկ, եթե ինքը չհամաձայնի խաղաղ կարգավորման առաջարկին: Նաև տիկին Ռասսադինան ասել էր, որ իրեն կարգելեն իր բարեկամների հետ ցանկացած շփում կամ հանդիպում, իսկ Դատարանի հետ ունեցած ցանկացած նամակագրություն նրանց կողից ստուգման կենթարկվի: Դիմողը պնդել է, որ խաղաղ ճանապարհով գործի լուծումից հրաժարվելուց անմիջապես հետո նրան արգելել են հանդիպել իր կնոջ հետ: Բացի դրանից, դիմողը նշել է, որ Դատարանին ուղղված նամակներն ուղարկել է կնոջ միջոցով, քանի որ վստահ է եղել, որ դրանք քննչական մեկուսարանի վարչակազմը կհրաժարվեր ուղարկել: Այնուհետև դիմողը նշել է, որ վարչակազմի անօրինական գործողությունների մասին գանգատներ չէր կարող ներկայացնել, քանի որ արտաքին աշխարհի կետ կապ չուներ, իսկ կնոջն արգելել էին իր հետ տեսակցել:

B. Դատարանի գնահատականը

1. Նամակագրությանը միջամտելը

164. Դատարանն ընդգծում է դիմողի գանգատներն առ այն, որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները խոչընդոտել են Դատարանում նրա՝ իր ներկայացուցիչների հետ նամակագրությանը, ինչպես նաև արգելել իր բարեկամների հետ տեսակցությունները, ինչը խոչընդոտներ է ստեղծել Դատարանին գործի վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու համար: Հաշվի առնելով դիմողի՝ անհատական գանգատներ Դատարանին ներկայացնելու և իր ներկայացուցիչների հետ շփվելու իրավունքը (տե՛ս Ճcalan v. Turkey [GC], գանգատ թիվ 46221/99, կետ 200, ECHR 2005-IV), Դատարանը նշում է, որ դիմողը ոչ մի ապացույց չի ներկայացրել այն մասին, որ իշխանությունները միջամտել են իր նամակագրություններին: Դիմողը միայն նշել է, որ Դատարանին հասցեագրված նամակներն առնվազն չորս օր ուշացումով են հասել: Այս կապակցությամբ, Դատարանը նշում է, որ բացի վերոնշյալ փաստարկից, դիմողն այլ ապացույց չի ներկայացրել, իսկ նամակների ուշացումները չեն կարող վկայել այն մասին, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում (տե՛ս Hosein v. the United Kingdom, գանգատ թիվ 18264/91, 1993թ. սեպտեմբերի 8, Commission decision), հատկապես հաշվի առնելով նաև այն, որ դրանից առաջ կամ հետո դիմողի կողմից Դատարանին հասցեագրված նամակները ժամանակին են հասել, իսկ ուշացումներն ինքնին չեն կարող խոչընդոտ կամ միջամտություն համարվել դիմողների կողմից Դատարանին հասցեագրված նամակների նկատմամբ (տե՛ս Valašinas v. Lithuania, գանգատ թիվ 44558/98, կետեր 134-137, ECHR 2001-VIII).

165. Սակայն Դատարանը չի կարող հաշվի չառնել այն հանգամանքը, որ 2008թ. հուլիսին դիմողի կողմից քննչական մեկուսարանի վարչակազմին հանձնված երկու նամակներն այդպես էլ Դատարանին չեն հասել: Այս կապակցությամբ, Դատարանը կասկածներ է հայտնում առ այն, որ դիմողը խնդրել էր քննչական մեկուսարանի վարչակազմին ուղարկել Դատարանին հասցեագրված նամակներ: Դատարանը նաև նշում է, որ մինչև Դատարանին այն մասին հայտնելը, որ 2007 թվականին դիմողը ներկայացուցիչ է ունեցել և ցանկացած շփում իրականացնելու է նրա միջոցով, դիմողը Դատարանին նամակ է ուղարկել՝ շրջանցելով իր ներկայացուցչին: Այս կապակցությամբ դիմողը ոչ մի բացատրություն չի ներկայացրել, թե ինչու է ինքը որոշել 2008թ. հուլիսին Դատարանի հետ նամակագրական կապ հաստատել անձամբ՝ առանց նշանակված ներկայացուցչի: Բացի դրանից, դիմողը չի ներկայացրել իր դատողություններն այն մասին, թե ինչու՞ քննչական մեկուսարանի վարչակազմն իր նախորդ երկու նամակները չի ուղարկել Դատարանին: Ընդ որում, հուլիսին ուղարկված նամակների պատճենները, այնուամենայնիվ, դիմողի ներկայացուցիչը 2008թ. սեպտեմբերի 19-ին Դատարան է հանձնել, և վերջինս հնարավորություն է ունեցել ուսումնասիրել դրանք: Դատարանը նշում է, որ դրանցում գործի ելքի վրա ազդեցություն ունեցող տեղեկություններ չէին պարունակվում:

166. Հիմք ընդունելով գործի հանգամանքները, ինչպես նաև այն կարևոր հանգամանքը, որ Դատարանին հասցեագրված մյուս նամակները ժամանակին են հասել, Դատարանը հանգում է այն եզրակացությանը, որ Կառավարության կողմից միջամտություններ չեն եղել դիմողի՝ Դատարանի կամ իր ներկայացուցիչների միջև առկա նամակագրությանը (տե՛ս, mutatis mutandis, Cooke v. Austria, գանգատ թիվ 25878/94, կետեր 46-49, 2000թ. փետրվարի 8):

167. Բացի դրանից, Դատարանը նշում է, որ նամակագրության գաղտնիության իրավունքի խախտման վերաբերյալ ներկայացված փաստարկները դիմողը շարադրել է ոչ համոզիչ՝ առանց տրամաբանական հաջորդականության: Օրինակ՝ դիմողն ապացուցել էր, որ իշխանություններն արգելել էին իր կնոջը տեսակցել իր հետ, սակայն միևնույն ժամանակ դիմողը պնդել էր, որ անձամբ է Դատարանին հասցեագրված նամակները հանձնել կնոջը, քանի որ քննչական մեկուսարանի վարչակազմը չէր համաձայնել ուղարկել այդ նամակները: Բացի դրանից, դիմողը հնարավորություն է ունեցել գոնե մեկ անգամ հեռախոսային խոսակցություն ունենալ իր ներկայացուցչի հետ: Դատարանը նշում է, որ 2008 թվականին Դատարանին հասցեագրված նամակները ձեռագիր են եղել: Վերոգրյալից հետևում է, որ դիմողն անհերքելի ոչ մի ապացույց չի ներկայացրել այն մասին, որ խախտվել է Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված անհատական գանգատներ ներկայացնելու իր իրավունքը:

2. Պետական պաշտոնատար անձանց այցելություններ

168. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով սահմանված է անհատական գանգատներ ներկայացնելու մի համակարգ, որի նպատակն է դիմողին կամ հավանական դիմողին ընձեռել Դատարան դիմելու հնարավորություն, իսկ Բարձր պայմանավորվող կողմերին պարտավորեցնում է որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի իրացմանը (տե՛ս ի թիվս այլնի, Akdivar and Others v. Turkey, 1996թ. սեպտեմբերի 16, կետ 105, Զեկույցներ 1996-IV և Aksoy v. Turkey, 1996թ. դեկտեմբերի 18, կետ 105, Զեկույցներ 1996-VI): Այս կապակցությամբ «չխոչընդոտել» հասկացությունը մեջ ներառում է ոչ միայն ցանկացած ճնշում կամ ակնհայտ ահի մթնոլորտի ստեղծում կամ այլ անուղղակի միջոցի կիրառում, այլև ցանկացած գործողություն, որն ուղղված է անձին համոզելուն՝ չօգտվել իրավական պաշտպանության միջոցներից կամ խոչընդոտել դրա իրականացմանը (տե՛ս Kurt v. Turkey, 1998թ. մայիսի 25, կետ 159, Զեկույցներ 1998-III):

169. Բացի դրանից, այն հարցը, թե համարվու՞մ են, արդյոք, դիմողի և Կառավարության ներկայացուցիչների միջև առկա հաղորդակցությունները Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով ընդունելի, թե՝ ոչ, ապա այս կապակցությամբ պետք է հաշվի առնել նշված անձանց միջև կապի բնույթն ու Կառավարության կողմից ճնշումների առկայությունը կամ բացակայությունը (տե՛ս վերը նշված՝ Akdivar and Others, կետ 105, և վերը նշված՝ Kurt, կետ 160): Դիմողի դիրքորոշումը կարող է առավելապես խոցելի լինել, եթե վերջինս գտնվում է անազատության մեջ՝ մեկուսացված իր ընտանիքի և հասարակության անդամներից (տե՛ս Cotleţ v. Romania, գանգատ թիվ 38565/97, կետ 71, 2003թ. հունիս): Նույնիսկ ստրասբուրգյան դատավարության վերաբերյալ դիմողին ոչ պաշտոնապես, առավել ևս՝ պաշտոնական «հարցաքննության» ենթարկելը կարող է դիտվել որպես ահի մթնոլորտի ստեղծում (տե՛ս Sisojeva and Others v. Latvia [GC], գանգատ թիվ 60654/00, 117 և հաջորդիվ կետերը, ECHR 2007-II):

170. Դատարանը նշում է, որ դիմողի պնդմամբ 2007թ. օգոստոսին նրա հետ կապ է հաստատել պետական պաշտոնատար անձ: Դիմողը նշել է, որ այդ պաշտոնատար անձը փորձել է իրեն համոզել կարգավորել Դատարանին ներկայացված գործը, առաջարկել է դրա համար նույնիսկ իրեն պահել Ուդմուրտիայի Հանրապետության քննչական մեկուսարանում, եթե նա համաձայնի հետ վերցնել ներկայացված գանգատը: Ռուսաստանի Դաշնության իշխանությունները նշել են, որ Ռասսադինան՝ բարձրաստիճան պաշտոնատար անձը, երկու անգամ այցելել քննչական մեկուսարան, հանդիպել դիմողին, առաջարկել է Դատարանին ներկայացված գանգատի վերաբերյալ խաղաղ բանակցություններ վարել:

171. Դատարանը նշում է, որ դիմողը և նրա ներկայացուցիչը չեն կարողացել Դատարանին ներկայացնել կոնկրետ ապացույցներ այն մասին, որ Կառավարությունը փորձել է վախեցնել նրանց Դատարանին ներկայացված գանգատի կապակցությամբ: Ըստ էության, բացառությամբ ապրիլին Դատարանին ներկայացված նամակի, որում նշված էր, որ իշխանությունները դիմողին գայթակղում են Նովոսիբիրսկի շրջանում գտնվող ուղղիչ հիմնարկ տեղափոխել, եթե վերջինս հետ վերցնի բողոքը, առաջարկում են վաճառել Նովոսիբիրսկում ունեցած բնակարանը՝ նշված բնակավայրում պատժի կրումն օրինական դարձնելու համար, Կառավարության կողմից վախեցնելու վերաբերյալ դիմողն այլ պնդումներ չի ներկայացրել: Սակայն, մյուս կողմից՝ Դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ 2008թ. սեպտեմբերին ստացված նամակում դիմողը նշել էր, որ տիկին Ռասսադինան նույնպես իրեն սպառնացել է, խոստացել սահմանափակել դիմողի շփումներն ընտանիքի անդամների, ներկայացուցիչների և Դատարանի հետ: Սակայն հաշվի առնելով սույն վճռի 164-167-րդ կետերում արված դատողությունները և տարօրինակ գտնելով այն, որ դիմողն այդ մասին չի նշել 2008թ. ապրիլի 7-ի նամակում, Դատարանը դրանք հիմնավոր չի կարող համարել: Ներկայացված փաստերին հակառակ, Դատարանը, հիմք ընդունելով ստորև ներկայացվող փաստարկները, գտնում է, որ չի կարելի ապացուցված համարել, որ Կառավարությունը դիմողին սպառնալիքներ է տվել կամ վերջինին տեղափոխել այլ ուղղիչ հաստատություն, որպեսզի քաջալերի դիմողին հետ վերցնել իր գանգատը կամ այլ կերպ խոչընդոտել դիմողին Դատարանին գանգատներ ներկայացնել (տե՛ս, Aydın v. Turkey, 1997թ. սեպտեմբերի 25-ին, կետեր 116-117, Զեկույցներ 1997-VI):

172. Մասնավորապես, գնահատելով դիմողի և Կառավարության միջև եղած հաղորդակցությունը՝ Դատարանը հիշեցնում է, որ Կառավարության կողմից գանգատի բովանդակությանը ծանոթանալուն ուղղված գործողությունները պետք է համարել որպես վախեցնելուն ուղղված արարք: Դատարանն ընդգծում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածը չի արգելում պետությանն անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել Ստրասբուրգում քննվող գործի լուծման համար: Բացի դրանից, Դատարանը նշում է, որ ինչպես ցանկացած համակարգ, կոնվենցիոն համակարգը նույնպես նախատեսում է ներդատական և արտադատական խաղաղ և երկկողմ համաձայնությունների կայացման հնարավորություն և, բացի այդ, Դատարանը երբեք չի նսեմացնում նման կարգավորումների կարևորությունը և ակտիվորեն աջակցում է կողմերին: Նշվածը հաստատում է, որ Բարձր պայմանավորվող կողմերի համար Կոնվենցիայի մեղադրանքի կամ քննության իրականացման միջոց չէ, այլ մի փաստաթուղթ, որի պահանջների կատարման նկատմամբ, Կոնվենցիայի 19-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հսկողություն է իրականացնում Եվրոպական դատարանը:

173. Դատարանը նշում է, որ խաղաղ բանակցությունների ձևերը կարող են տարբերվել և, հիմնականում, կախված են կողմերի հարաբերություններից: Բանակցությունները կարող են լինել նաև եռակողմ, որտեղ որոշիչ նշանակություն ունի Դատարանի խոսքը, սակայն բանակցությունները կարող են նաև երկկողմ լինել՝ կատարված եզրակացությունների մասին անմիջապես տեղեկացնելով Դատարանին: Ակնհայտ է, որ այն բանակցություններում, որտեղ Դատարանը մասնակցություն է ունեցել, չի առաջացել այն հարցը, թե դիմողն իր կամքո՞վ է դիմել բանակցություններին, թե՝ ոչ: Սակայն Կառավարությանն արգելելով անմիջականորեն կարգավորել վերջինիս և դիմողի միջև եղած տարաձայնությունները՝ Դատարանն իր վրա ծանր բեռ կվերցնի: Կողմերին պետք է բավարար ժամանակ տրամադրել վեճի խաղաղ, բանակցային լուծման համար: Ընդ որում, Դատարանը պահանջում է, որպեսզի դիմողի վրա ճնշում չգործադրվի և վախի մթնոլորտ չստեղծվի:

174. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը վերադառնում է սույն գործի հանգամանքներին: Դատարանն ընդգծում է Կառավարության այն փաստարկը, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության քրեակատարողական օրենսգրքի, մասնավորապես, դրա 73-րդ հոդվածի՝ դիմողին Նովոսիբիրսկի շրջանի, այսինքն՝ նրա բնակության վայրի, ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը թողնվել է Պետության վրա (տե՛ս վերը՝ կետ 72): Դիմողն իր պատիժն սկսել է կրել Նովոսիբիրսկի շրջանում, իսկ Ուդմուրտիայի Հանրապետության քննչական մեկուսարանում նրա գտնվելը զուտ ժամանակային բնույթ էր կրում: Դատարանը համոզիչ չի համարում դիմողի այն պնդումը, որ Կառավարությունը խոստացել էր իրեն հետ տեղափոխել Նովոսիբիրսկի շրջան այն բանի համար, որպեսզի վերջինս հրաժարվի Դատարանին ներկայացված գանգատներից: Այս կապակցությամբ, Դատարանը հատուկ ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ դիմողը Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման վերաբերյալ գանգատներ է ներկայացրել յոթ ամիս անց՝ այն բանից հետո, երբ դիմողի և իշխանության ներկայացուցիչների միջև սկսվել էին բանակցությունները, իսկ Նովոսիբիրսկի շրջան տեղափոխվելու գործընթացն արդեն սկսված էր: Հաշվի առնելով այն, որ բացակայում են ապացույցներն առ այն, որ Կառավարությունը միջամտել է դիմողի և նրա կնոջ նամակագրությանը (տե՛ս վերը՝ կետեր 164-167), Դատարանը պատրաստ է եզրահանգել, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված գանգատն ուշացել է այն պատճառով, որ ցանկացել է իրեն Նովոսիբիրսկի շրջան տեղափոխելու որոշման վրա ազդեցություն գործել: Այս եզրակացությունը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ Դատարանի համար ակնհայտ չեն այն բացասական հետևանքները, որոնք կարող էին առաջանալ դիմողի համար նշված տեղափոխությունների հետևանքով: Բացի դրանից, Դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ դիմողը Ուդմուրտիայի Հանրապետությունում պատիժը կրելու խնդրանքով երբևէ չի դիմել համապատասխան մարմիններին: Այս հանգամանքների լույսի ներքո, Դատարանը չի կարող հանգել այն եզրակացությանը, որ իշխանության մարմինների գործողությունները «անպատշաճ» են եղել: Այստեղից հետևում է, որ Կառավարությունը չի խախտել Կոնվենցիայի 34-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունները:

VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

175. Վերջապես, Դատարանը քննության է առել դիմողի կողմից ներկայացված մյուս գանգատները: Սակայն Դատարանը քննության առնելով ներկայացված բոլոր ապացույցները և հաշվի առնելով, որ բոլոր գանգատներն էլ ենթակա են Դատարանի քննությանը, այն հաստատված է համարում, որ դիմողի կողմից ներկայացված մյուս գանգատներում առկա են Կոնվենցիայով և Արձանագրություններով սահմանված իրավունքների խախտումներ: Այստեղից հետևում է, որ գանգատի այս մասը ենթակա է մերժման, քանի որ չի համապատասխանում Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին:

VIII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

176. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է՝

«Եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

A. Վնասը

177. Դիմողը ոչ նյութական վնասի առնչությամբ պահանջել է 65,000 եվրո (EUR): Մատնացույց չանելով որևէ հավելյալ ծախսված գումար կամ դա հաստատող որևէ փաստաթուղթ՝ դիմողը պահանջել է նաև նյութական վնասի հատուցում տրամադրել:

178. Կառավարությունը նշել է, որ դիմողի կողմից պահանջված նյութական վնասի հատուցումը հիմնավորող որևէ ծախսված գումարի կամ դա ապացուցող փաստաթղթի վերաբերյալ նշում պահանջում առկա չէ: Բացի դրանից, Կառավարությունն անհանգստություն է հայտնում այն կապակցությամբ, որ ոչ նյութական վնասի փոխհատուցման համար պահանջված գումարը չափից ավելի է և անհիմն:

179. Հիմք ընդունելով դիմողի` նյութական վնասի կապակցությամբ առաջ քաշված փոխհատուցման պահանջը՝ Դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման, քանի որ դրա չափի վերաբերյալ նշումներ առկա չեն, ինչպես նաև բացակայում են հիմնավոր ապացույցներ առ այն, որ նման վնաս դիմողը փաստացի կրել է:

180. Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի հատուցմանը, Դատարանը նշում է, որ դիմողը պարտավոր չէ ի հավաստումն այդ պահանջի որևէ ապացույց ներկայացնել (տե՛ս Gridin v. Russia, գանգատ թիվ 4171/04, կետ 20, 2006թ. հունիս): Դատարանը նշում է, որ դիմողը տառապել է անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից, ինչպես նաև իր նկատմամբ իրականացվող քրեական վարույթի անպատշաճ ձգձգումներից: Նշված հանգամանքների լույսի ներքո, Դատարանը գտնում է, որ կրած տառապանքները չեն կարող հատուցվել միայն այդ փաստի արձանագրմամբ: Սակայն դիմողի կողմից ներկայացված ոչ նյութական վնասի համար փոխհատուցումը չափազանց մեծ է: Վերոգրյալը հիմք ընդունելով` Դատարանը գտնում է, որ դիմողին որպես ոչ նյութական վնասի հատուցում պետք է տրամադրել 15000 եվրո` ներառյալ այդ գումարի հետ կապված բոլոր վճարումները:

B. Ծախքեր և ծախսեր

181.Դիմողը նաև պահանջել է 35000 եվրո (EUR) որպես ներպետական դատարաններում և Դատարանում կրած ծախքերի և ծախսերի փոխհատուցում:

182. Կառավարությունը նշել է, որ դիմողը ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել որպես ապացույց առ այն, որ նշված պահանջն արդարացի է և, հետևաբար, այն պետք է անընդունելի համարել:

183. Հիմք ընդունելով Դատարանի նախադեպային որոշումները` այն նշում է, որ դիմողը կարող է փոխհատուցում պահանջել միայն այնպիսի ծախքերի կամ ծախսերի համար, որոնց վերաբերյալ ապացույցներ է ներկայացրել, ինչպես նաև ցույց տվել, որ դրանք անհրաժեշտ են եղել: Դատարանը նշում է, որ 2007 թվականին դիմողը Մոսկվայում գտնվող Միջազգային պաշտպանության կենտրոնի իրավաբաններին խնդրել էր իրեն ներկայացնել Դատարանում` սույն գործի քննության ժամանակ: Հաշվի առնելով Դատարանին ներկայացված գանգատի բովանդակությունը` Դատարանը գտնում է, որ դիմողի օգտին բավականաչափ գործողություններ են կատարվել: Նկատի ունենալով, որ Դատարանը դիմողին իրավաբանական օգնության համար տրամադրել է 850 եվրո, ինչպես նաև այն, որ դիմողի կողմից ներկայացված գանգատների մի մասն անընդունելի է համարվել, Դատարանը գտնում է, որ դիմողին պետք է փոխհատուցվի 3,000 եվրո (EUR)` ներառյալ ցանկացած հարկ և տուրք, որոնք կարող են գանձվել այդ գումարից:

C. Տոկոսներ փոխհատուցումը չվճարելու դեպքում

184. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:

ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

1. Հայտարարում է, որ դիմողի գանգատները` կապված 2002թ. հունվարի 30-ից մինչև 2004թ. հուլիսի 16-ն ընկած ժամանակաշրջանում թիվ IZ-18/1 քննչական մեկուսարանում պահելու, 2003թ. հուլիսի 10-ին ոստիկանության հսկիչ ծառայության աշխատողների կողմից վատ վերաբերմունքի, այդ կապակցությամբ իրականացված անարդյունավետ քննության, գողության համար առաջադրված մեղադրանքի կապակցությամբ անչափ երկար տևողությամբ դատավարության, ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության, ինչի կիրառմամբ դիմողը կարող էր գանգատներ ներկայացնել չափից երկար ձգձգվող դատավարության վերաբերյալ, ընդունելի համարել, իսկ մնացած մասով` մերժել.

2. Վճռում է, որ 2002թ. հունվարի 30-ից մինչև 2004թ. հուլիսի 16-ն ընկած ժամանակաշրջանում թիվ IZ-18/1 քննչական մեկուսարանում պահելու հետ կապված տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում.

3. Վճռում է, որ 2003թ. հուլիսի 10-ին հսկիչների կողմից դրսևորված վերաբերմունքի հետևանքով տեղի չի ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում.

4. Վճռում է, որ դիմողի գանգատների քննության կապակցությամբ առկա չէ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում.

5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` կապված քրեական դատավարության չափից ավելի ձգձգման հետ.

6. Վճռում է, անհրաժեշտություն չկա առանձին քննության առնել Կոնվենցիայի 13-րդ հոդվածը.

7. Վճռում է, որ պատասխանող պետությունն իրականացրել է Կոնվենցիայի 34-րդ հոդվածով սահմանված պարտականությունները` կապված դիմողի և նրա ներկայացուցիչների` Դատարանի հետ նամակագրությանը ենթադրյալ խոչընդոտներ ստեղծելու հետ.

8. Վճռում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում առկա չէ` կապված դիմողի և պետության իշխանության մարմինների միջև հաղորդակցության առկայության հետ.

9. Վճռում է,

(a) որ վճիռը վերջնական դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, պետք է դիմողին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է տրամադրվեն ռուսական ռուբլով՝ վճարման օրը գործող փոխարժեքով,

(i) 15000 EUR (տասնհինգ հազար եվրո)՝ ոչ նյութական վնասի կապակցությամբ,

(ii) 3000 (երեք հազար եվրո), գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել ծախսերի և ծախքերի կապակցությամբ,

(iii) վճարման ենթակա ցանկացած հարկ` ծախքերի և ծախսերի համար.

(b) որ վճարումը վերոնշյալ եռամսյա ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը պետք է հավասար լինի չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին՝ հավելած երեք տոկոս:

10. Մերժում է մնացած մասով առկա պահանջները:

Կատարվել է անգլերենով և Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն գրավոր հրապարակվել 2011թ. հունվարի 27-ին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։