Հոդված 21. Խտրականության պայմանը
Հոդված 21. Խտրականության պայմանը
«...
3. Սույն Կոնվենցիան չպետք է մեկնաբանվի այնպես, որ հանձնման (էքստրադիցիայի) պարտականություն սահմանվի այն դեպքում, երբ հանձնման պահանջի սուբյեկտ հանդիսացող անձը կարող է ենթարկվել մահապատժի կամ երբ պահանջող կողմի օրենքը չի ներառում ցմահ ազատազրկում պատժատեսակը կամ նախատեսում է ցմահ ազատազրկում` առանց ներում ստանալու հնարավորության, մինչդեռ կողմը, ում հանձնման վերաբերյալ կիրառելի պայմանագրի շրջանակներում հանձնման պահանջ է ներկայացվել, պարտավոր է հանձնել անձին, եթե պահանջող կողմը երաշխավորում է, որ մահապատիժ չի նշանակվելու կամ նշանակման դեպքում ի կատար չի ածվելու, կամ որ այդ անձը չի դատապարտվելու ցմահ ազատազրկման` առանց ներման հնարավորության»:
69. Երկարաժամկետ ազատազրկմանը և պայմանական ազատ արձակմանը վերաբերող հարցերը Նախարարների խորհրդի կողմից քննության են առնվել դեռևս 1976 թվականին, երբ այն 1976 թվականի փետրվարի 17-ին ընդունել է Երկարաժամկետ դատապարտյալների նկատմամբ վերաբերմունքի մասին (76) 2 բանաձևը (Նախարարների տեղակալների 254-րդ հանդիպման ժամանակ).
«Նախարարների խորհուրդը,
...
I. Առաջարկում է, որպեսզի անդամ պետությունների կառավարությունները.
...
9. երաշխավորեն, որպեսզի բոլոր դատապարտյալների գործերը քննության առնվեն հնարավորինս շուտ` որոշելու համար, թե արդյոք պայմանական ազատում պետք է իրականացվի,թե` ոչ.
10. դատապարտյալին պայմանական ազատում շնորհիվ, կապված օրենքով սահմանված` կրած պատժի ժամկետի հետ, հենց որ հնարավոր լինի բարենպաստ կանխատեսում անել. միայն ընդհանուր կանխարգելման վերաբերյալ դատողությունները չեն կարող հիմնավորել պայմանական ազատ արձակման մերժումը.
11. ցմահ ազատազրկումների նկատմամբ կիրառել նույն սկզբունքները, ինչ երկարաժամկետ ազատազրկման համար.
12. ապահովել, որպեսզի ցմահ ազատազրկման ձևով պատժի` 9-րդ կետում նշված վերանայումն իրականացվի ազատազրկման ութից տասնչորսերորդ տարիներից հետո, եթե ավելի վաղ չի իրականացվել, և պարբերաբար կրկնվի.
...»:
70. Իր ընդհանուր զեկույցում Բանաձևի նախագծի ներկայացման համար պատասխանատու ենթակոմիտեն սահմանել է.
«... անմարդկային է անձին ցմահ ազատազրկման դատապարտել` առանց ազատ արձակվելու հույս տալու: Հանցագործությունների կանխարգելման քաղաքականությունը, որն ընդունում է, որ ցմահ դատապարտյալը պետք է անազատության մեջ պահվի անգամ այն բանից հետո, երբ դադարել է հասարակության համար վտանգ ներկայացնել, չի կարող համապատասխան լինել ոչ դատապարտյալների նկատմամբ պատժի կրման ընթացքում դրսևորվող վերաբերմունքի ժամանակակից սկզբունքներին, ոչ հանցագործի` հասարակության մեջ վերաինտեգրվելու գաղափարին: Ոչ ոք չպետք է զրկվի ազատ արձակվելու հնարավորությունից: Անհատական կանխատեսումներից կարող է կախված լինել միայն այն հարցը, թե որքան ուշ այս հնարավորությունը կարող է իրականացվել»:
71. 1999 թվականի սեպտեմբերի 30-ին Նախարարների կոմիտեն ընդունել է No. R (99) 22 հանձնարարականը, որը վերաբերում է բանտերի ծանրաբեռնվածությանը և դրանցում պահվող անձանց թվի չափազանց մեծ լինելուն (ընդունվել է Նախարարների տեղակալների 681-րդ հանդիպման ժամանակ), որը` այնքանով, որքանով վերաբերելի է, սահմանում է հետևյալը.
«...
23. Պետք է ընդլայնվի այն միջոցների կիրառումը, որոնք ուղղված են պատժի իրական տևողության նվազեցմանը` նախապատվություն տալով անհատական միջոցներին, ինչպիսին է պայմանական վաղաժամկետ ազատումը (parole)` բանտերի ծանրաբեռնվածության կարգավորմանն ուղղված կոլեկտիվ միջոցների համեմատ (համաներումներ, կոլեկտիվ ներումներ):
24. Parole-ը պետք է դիտվի որպես ամենաարդյունավետ և ամենակառուցողական միջոցը, որը ոչ միայն նվազեցնում է ազատազրկման տևողությունը, այլ նաև ըստ էության աջակցում է հանցագործի` հասարակություն ծրագրավորված վերադառնալուն:
25. Parole-ի կիրառումը խրախուսելու և ընդլայնելու նպատակով պետք է հասարակության մեջ հանցագործին աջակցելու, օգնելու և նրան վերահսկելու լավագույն պայմաններ ապահովվեն, ոչ նվազ կարևոր նպատակ ունենալով խթանել իրավասու դատական կամ վարչական մարմիններին` միջոցը դիտել որպես արժեքավոր և վստահելի տարբերակ:
26. Ազատազրկման ընթացքում վերաբերմունքի և ազատ արձակվելուց հետո վերաբերմունքի ու վերահսկողության արդյունավետ ծրագրեր պետք է մշակվեն և կիրառվեն աջակցելու համար հանցագործների վերաինտեգրմանը, ռեցիդիվի նվազեցմանը, հասարակական անվտանգության ու պաշտպանվածության ապահովմանը, ինչպես նաև դատավորների ու դատախազների մոտ վստահություն առաջացնել, որ այդ միջոցներն ուղղված են պատժի ժամկետի իրական տևողության նվազեցմանը և հասարակական սանկցիաները և միջոցները կառուցողական ու վստահելի տարբերակներ են:
...»:
72. 2003 թվականի սեպտեմբերի 24-ին Նախարարների կոմիտեն ընդունել է Rec(2003)22` կապված պայմանական ազատ արձակելու հետ (Նախարարների տեղակալների 853-րդ հանդիպման ժամանակ), որը` այնքանով, որքանով վերաբերելի է, սահմանում է հետևյալը.
«Նախարարների կոմիտեն Եվրոպայի խորհրդի ստատուտի 15.b հոդվածի հիման վրա,
հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շահերից է բխում ազատազրկման հետ կապված պատիժների իրականացման ընդհանուր սկզբունքների սահմանումը` այս ոլորտում միջազգային համագործակցությունն ուժեղացնելու նպատակով.
ընդունելով, որ պայմանական ազատ արձակումը կրկնահանցագործության կանխարգելման և դատապարտյալի` հասարակություն վերադառնալու ամենաարդյունավետ և կառուցողական եղանակներից է, որը դատապարտյալին հասարակության մեջ ինտեգրվելու ծրագրավորված, օժանդակ և վերահսկելի հնարավորություն է տալիս.
գտնելով, որ այն պետք է կիրառվի անհատական հանգամանքներին հարմարեցված ու արդարության և ազնվության սկզբունքներին համապատասխանող եղանակով.
...
գտնելով, հետևաբար, որ ցանկալի է ազատազրկման ժամկետը հնարավորինս նվազեցնել և որ նախքան պատժի ամբողջ ժամկետի լրանալը պայմանական ազատ արձակումն այդ առումով կարևոր միջոց է.
ընդունելով, որ պայմանական ազատ արձակման միջոցները պահանջում են քաղաքական առաջնորդների, վարչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձանց, դատավորների, հանրային մեղադրողների, փաստաբանների և հանրության աջակցությունը, ում պետք է մանրամասն բացատրություն ներկայացվի ազատազրկման հետ կապված պատժի ադապտացման պատճառների կապակցությամբ.
գտնելով, որ պայմանական ազատ արձակելու օրենսդրությունը և պրակտիկան պետք է համապատասխանեն օրենքի գերակայությամբ կառավարվող ժողովրդավարական պետությունների հիմնարար սկզբունքներին, որոնց առաջնային նպատակն է երաշխավորել մարդու իրավունքների իրացումը` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և դրա կիրառման համար պատասխանատու մարմինների նախադեպային իրավունքին համապատասխան.
...
առաջարկում է, որպեսզի անդամ պետությունների կառավարությունները.
1. իրենց օրենսդրությունում նախատեսեն պայմանական ազատ արձակելու ինստիտուտ, եթե այն դեռևս նման միջոց չի նախատեսում.
2. պայմանական ազատ արձակելու վերաբերյալ իրենց օրենսդրության, քաղաքականության և պրակտիկայի մեջ առաջնորդվել սույն հանձնարարականի հավելվածում ամրագրված սկզբունքներով.
3. ապահովեն, որպեսզի պայմանական ազատ արձակելու վերաբերյալ սույն հանձնարարականը և դրա բացատրական հուշագիրը հնարավորինս լայն տարածում ստանան:
Rec(2003)22 հանձնարարականի հավելվածը
II. Ընդհանուր սկզբունքներ
3. Պայմանական ազատ արձակումը պետք է նպատակ ունենա ազատ արձակելուց հետո ապահովվող պայմանների և դրանց նկատմամբ, ինչպես նաև հասարակական անվտանգության ու հանցավորության նվազեցման ապահովման նպատակով իրականացվող վերահսկողության միջոցով աջակցել դատապարտյալներին անցում կատարել բանտային կյանքից օրինապահ հասարակական կյանքին:
4.a. Ազատազրկման վնասակար հետևանքները նվազեցնելու և դատապարտյալի` հասարակություն վերադառնալն այնպիսի պայմաններով ապահովելու համար, որպեսզի երաշխավորվի հասարակության արտաքին անվտանգությունը, օրենքը պետք է պայմանական ազատումը հասանելի դարձնի բոլոր դատապարտյալների, այդ թվում` ցմահ դատապարտյալների համար:
4.b. Եթե ազատազրկման հետ կապված պատիժների տևողությունն այնքան կարճ է, որ պայմանական ազատում կիրառելն անհնարին է, ապա պետք է որոնել այս նպատակների իրականացման այլ եղանակներ:
5. Իրենց պատժի կրումն սկսելիս դատապարտյալները պետք է տեղյակ լինեն կամ այն մասին, թե երբ իրավունք կունենան ազատ արձակվել պատժի նվազագույն ժամկետը կրած լինելու հիմքով (որը որոշվում է բացարձակ չափման միավորներով և/կամ պատժի չափի համամասնությամբ), ինչպես նաև այն չափանիշի մասին, որը պետք է կիրառվի որոշելու համար, թե արդյոք նրանք ազատ արձակվելու են, թե` ոչ («հայեցողական ազատ արձակման համակարգ»), կամ այն մասին, թե երբ նրանք ազատ կարձակվեն բացարձակ չափման միավորներով և/կամ պատժի համամասնությամբ որոշվող սահմանված ժամկետը կրած լինելու հիմքով («պարտադիր ազատ արձակման համակարգ»):
6. Նվազագույն սահմանված ժամկետը չպետք է այնքան երկար լինի, որ բացառի պայմանական ազատ արձակման նպատակի իրականացումը:
IV. Պայմանական ազատ արձակումը
Հայեցողական ազատ արձակման համակարգ
16. Նվազագույն ժամկետը, որը դատապարտյալները պետք է կրեն պայմանական ազատ արձակվելու իրավունք ունենալու համար, պետք է սահմանվի օրենքին համապատասխան:
17. Համապատասխան իշխանությունները պետք է անհրաժեշտ վարույթ հարուցեն պայմանական ազատ արձակելու վերաբերյալ որոշումը դատապարտյալի կողմից պատժի նվազագույն ժամկետը կրելուց հետո հնարավորինս շուտ կայացնելու համար:
18. Այն չափանիշը, որին պետք է համապատասխանի դատապարտյալը պայմանական ազատ արձակվելու համար, պետք է հստակ և ուղղակի արտահայտված լինի: Այն պետք է նաև իրական լինի այն առումով, որ պետք է հաշվի առնի դատապարտյալի անձը, սոցիալ-տնտեսական հանգամանքները, ինչպես նաև հասարակություն վերադառնալու ծրագրերի հասանելիությունը:
19. Ազատ արձակվելուց հետո աշխատելու հնարավորության բացակայությունը չպետք է հիմք հանդիսանա պայմանական ազատ արձակումը մերժելու կամ հետաձգելու համար: Պետք է ջանքեր գործադրվեն նրա զբաղվածության ապահովման այլ ձևեր գտնելու համար: Մշտական բնակության վայրի բացակայությունը չպետք է հիմք հանդիսանա պայմանական ազատ արձակումը մերժելու կամ հետաձգելու համար, նման դեպքերում պետք է ժամանակավոր բնակության վայրեր տրամադրվեն:
20. Պայմանական ազատում շնորհելու չափանիշները պետք է այնպես կիրառվեն, որ պայմանական ազատ արձակվելու հնարավորություն տան բոլոր դատապարտյալներին, ովքեր հանդիսանում են օրինապահ քաղաքացիներ դառնալու համար նախատեսված նվազագույն չափանիշներն ապահովող դատապարտյալներ: Իշխանությունները պետք է պարտավորված լինեն ցույց տալու, որ դատապարտյալը չի համապատասխանում այդ չափանիշին:
21. Եթե որոշում կայացնող պաշտոնատար անձը որոշում է պայմանական ազատում չկիրառել, ապա նա պետք է սահմանի այն ժամկետը, թե երբ է ազատ արձակման հարցը կրկին քննության առնվելու: Համենայնդեպս, դատապարտյալները պետք է կարողանան կրկին դիմել որոշում կայացնող պաշտոնատար անձին, եթե իրավիճակն էականորեն փոխվել է հօգուտ իրենց:
Պարտադիր ազատ արձակման համակարգ
22. Այն ժամանակահատվածը, որը դատապարտյալները պետք է կրեն ազատ արձակվելու համար, պետք է սահմանված լինի օրենքով:
VIII. Ընթացակարգային երաշխիքներ
32. Պայմանական ազատ արձակում շնորհելու, հետաձգելու կամ վերացնելու վերաբերյալ, ինչպես նաև դրա հետ կապված պայմաններն և միջոցները սահմանող ու փոփոխող որոշումները պետք է կայացվեն օրենքով սահմանված իշխանությունների կողմից հետևյալ երաշխիքների պահպանմամբ իրականացվող ընթացակարգով.
a. դատապարտյալը պետք է անձամբ լսված լինելու և օրենքով սահմանված կարգով օգնություն ստանալու իրավունք ունենա.
b. որոշում կայացնող պաշտոնատար անձը պետք է մանրամասն անդրադառնա յուրաքանչյուր հանգամանքի, այդ թվում` դատապարտյալի կողմից հօգուտ իր գործի արված հայտարարություններին.
c. դատապարտյալին պետք է պատշաճ կերպով հասանելի լինեն իր փաստաթղթերը.
d. որոշումներում պետք է ամրագրված լինեն դրա հիմքում ընկած պատճառները, և դրանք պետք է գրավոր ներկայացվեն:
33. Դատապարտյալները պետք է կարողանան որոշման էության, ինչպես նաև դատավարական երաշխիքների չպահպանման դեմ ավելի բարձր անկախ և անկողմնակալ` օրենքի հիման վրա ստեղծված, որոշում կայացնող պաշտոնատար անձի բողոք ներկայացնել:
34. Բողոքարկման ընթացակարգերը պետք է հասանելի լինեն պայմանական ազատ արձակումը կիրառելու ժամանակ:
35. Բոլոր բողոքարկման ընթացակարգերը պետք է համապատասխանեն Հասարակական սանկցիաների և միջոցների վերաբերյալ եվրոպական կանոնների 13 և 19-րդ կանոններին:
36. 32 և 35-րդ կետերի որևէ ձևակերպում չպետք է մեկնաբանվի որպես որևէ իրավունքի սահմանափակում կամ որևէ իրավունքից զրկում, որը կարող է այս կապակցությամբ երաշխավորվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:
73. 2006 թվականի հունվարի 11-ին Նախարարների կոմիտեն Եվրոպական բանտային կանոնների վերաբերյալ ընդունել է Rec(2006)2 հանձնարարականը (նախարարների տեղակալների 952-րդ հանդիպման ժամանակ), որը` այնքանով, որքանով վերաբերելի է, սահմանում է հետևյալը.
«Մաս VIII. Դատապարտված բանտարկյալներ
Դատապարտված բանտարկյալների ռեժիմի նպատակը
102.1. Ի լրումն բոլոր դատապարտյալների նկատմամբ կիրառվող կանոնների, դատապարտված բանտարկյալների ռեժիմը պետք է սահմանվի այնպես, որպեսզի հանգեցնի նրանց` արժանավայել և ոչ հանցավոր կյանք վարելուն:
102.2. Բանտարկելն ինքնին պատիժ է հանդիսանում, քանի որ զրկում է ազատությունից, ուստի դատապարտված բանտարկյալների համար սահմանված ռեժիմը չպետք է խստացնի բանտարկման մեջ արդեն իսկ ներառված տառապանքը:
...»:
2. Համապատասխան քաղվածքներ Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից ներկայացված զեկույցներից
(a) 2004 թվականի փետրվարի 12-ին պրն Ալվարո Գիլ-Ռոբլեսի` Կիպրոս կատարած այցի արդյունքում կազմված զեկույց– Doc. Comm DH (2004) 2
«10. Մինչդեռ Պառլամենտը Քրեական օրենսգրքի փոփոխություններ է ընդունել, որոնք թույլ են տալիս ազատազրկման հետ, կապված պատիժը փոխարինել հասարակական ծառայություններով: Արդարադատության նախարարը ևս Կառավարությունում ընթացիկ քննարկումներ է ծավալել` կապված ցմահ ազատազրկում պատժատեսակի հետ` նպատակ ունենալով որոշակի պայմանների առկայության դեպքում ազատազրկումը դադարեցնելու հնարավորություն սահմանել»:
(b) Կիպրոսի վերաբերյալ լրացուցիչ զեկույց (2003-2005) «Եվրոպայի խորհրդի` Մարդու իրավունքների հանձնակատարի հանձնարարականների կիրառման արդյունքում արձանագրված առաջընթացի գնահատումը» – Doc. Comm DH (2006) 12
«11. Կենտրոնական բանտում ազատազրկման պայմանների վերաբերյալ իր` 2004 թվականի զեկույցում Օմբուդսմենը քննադատել է Կիպրոսի իշխանությունների կողմից ցմահ ազատազրկում պատժատեսակին տրված մեկնաբանությունը, որի համաձայն` այն հանդիսանում է մինչև դատապարտյալի կյանքի վերջը տևող ազատազրկում: Եվրոպայի խորհրդի անդամ մյուս պետություններում ցմահ ազատազրկումը չի հանդիսանում մինչև դատապարտյալի բնական կյանքի վերջը տևող ազատազրկում: Հանձնակատարի առաջին այցի ժամանակ Կառավարությունում քննարկումներ էին տեղի ունենում որոշակի պայմաններում ցմահ ազատազրկումը դադարեցնելու հնարավորության հարցի կապակցությամբ: Այս հարցի լուծումը, սակայն, պետք է արդեն գտնված լիներ: Կենտրոնական բանտի տնօրենի տեղակալը Հանձնակատարի այցելության ժամանակ խոսել է ցմահ ազատազրկում կրող տասնչորս դատապարտյալի հետ վարվեցողության դժվարությունների մասին` ինչպես դատապարտյալների բարոյական վիճակի, այնպես էլ անվտանգության նկատառումներից ելնելով: Դատապարտյալների կողմից լավ վարքագիծ դրսևորելը խրախուսելու սովորական միջոցները միանշանակ չեն գործում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար,և սա խնդիրներ է առաջացնում երկուստեք` բանտապահների և այլ դատապարտյալների համար»:
B. Քաղվածքներ Եվրոպական միության համապատասխան փաստաթղթերի տեքստերից
74. Խորհրդի` 2002 թվականի հունիսի 13-ին կայացված թիվ 2002/584/JHA շրջանակային որոշումը` Եվրոպական ձերբակալման թույլտվության և Անդամ պետությունների միջև հանձնման ընթացակարգի վերաբերյալ (OJ L 190 2002 թվականի հուլիսի 18, էջ 1) նախատեսում է, որ յուրաքանչյուր անդամ պետություն կատարի քրեական դատավարության նպատակների իրականացման կամ ազատազրկման հետ կապված պատժի ի կատար ածման նպատակով անձին ձերբակալելու և հանձնելու վերաբերյալ մյուս անդամ պետության դատական որոշումը: Որոշման 5-րդ հոդվածը սահմանում է.