Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

«Կոնկրետ գործով ընդունող անդամ պետության կողմից տրամադրվող երաշխիքները

Եվրոպական ձերբակալման թույլտվության կիրառումը քննությունն իրականացնող դատական իշխանությունների կողմից կարող է, քննությունն իրականացնող Անդամ պետության օրենքի միջոցով, հետևյալ պայմանների առարկա հանդիսանալ.

...

2. եթե հանցագործությունը, որի հիման վրա Եվրոպական ձերբակալման թույլտվությունը կիրառվել է, պատժվում է ցմահ ազատազրկմամբ, նշված ձերբակալման թույլտվությունը կարող է այն պայմանի առարկա հանդիսանալ, որ ընդունող Անդամ պետության իրավական համակարգում առկա լինեն այնպիսի դրույթներ, որոնց համաձայն պահանջի հիման վրա կամ առնվազն քսան տարի անցնելուց հետո պատիժը կամ նշանակված միջոցը վերանայվի կամ ներման միջոցներ կիրառվեն, որոնց անձը, ընդունող Անդամ պետության օրենքի կամ պրակտիկայի հիման վրա, իրավունք ունենա դիմել` նպատակ ունենալով չիրականացնել նման պատիժը կամ միջոցը...»:

C. Քաղվածքներ համապատասխան միջազգային փաստաթղթերի իրավական տեքստերից

75. Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 77-րդ հոդվածը, որը վերաբերում է կիրառելի պատժամիջոցներին, այնքանով, որքանով վերաբերելի է, սահմանում է հետևյալը.

«1. Ելնելով 110-րդ հոդվածից` Դատարանը կարող է սույն Կանոնադրության 5-րդ հոդվածում նշված հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ կիրառել հետևյալ պատժամիջոցներից որրևէ մեկը.

(a) ազատազրկում որոշակի ժամկետով, որը չի կարող գերազանցել 30 տարին,

(b) ցմահ ազատազրկում, եթե այն արդարացված է հանցագործության ծայրահեղ դաժան բնույթով և մեղավոր ճանաչված անձի անձնական հատկանիշներով:

...»:

76. 110-րդ հոդվածը, որը վերաբերում է Միջազգային քրեական դատարանի կողմից պատժի ժամկետի նվազեցման հարցի քննությանը, սահմանում է, որ.

«1. Դատավճռի իրականացման պետությունը չի կարող անձին ազատ արձակել` մինչև Դատարանի դատավճռով նշանակված պատժի ժամկետը լրանալը:

2. Միայն Դատարանն իրավունք ունի նվազեցնել պատժի ժամկետը, և այդ մասին որոշումը կայացնում է անձին լսելուց հետո:

3. Եթե անձը կրել է պատժի երկու երրորդը կամ ցմահ ազատազրկման դեպքում` 25 տարին, ապա Դատարանը վերանայում է իր դատավճիռը` որոշելու համար պատժի ժամկետի նվազեցման հնարավորությունը: Նման վերանայում չի կատարվում մինչև վերոնշյալ ժամկետի լրանալը:

4. 3-րդ կետի համաձայն` դատավճիռը վերանայելիս Դատարանը կարող է որոշում կայացնել պատժի ժամկետը կրճատելու մասին, եթե առկա են հետևյալ գործոններից մեկը կամ մի քանիսը.

(a) անձի` նախկինում արտահայտած անփոփոխ պատրաստակամությունը համագործակցելու Դատարանի հետ` նրա կողմից իրականացվող հետաքննությունների և քրեական հետապնդումների գործում,

(b) անձի կամավոր աջակցությունն այլ գործերով Դատարանի ընդունած որոշումների և կարգադրությունների կատարման գործում, մասնավորապես, աջակցությունն այն ակտիվների հայտնաբերման նպատակով, որոնց վրա տարածվում են տուգանքի, բռնագրավման կամ վնասի հատուցման վերաբերյալ որոշումների գործողությունը և որոնք կարող են օգտագործվել ի շահ տուժողների,

(c) Ընթացակարգի և ապացուցման կանոններով նախատեսված այլ գործոններ, որոնք վկայում են հանգամանքների այնպիսի ակնհայտ և կարևոր փոփոխության մասին, որը բավարար հիմք է պատժի ժամկետը նվազեցնելու համար:

5. Եթե Դատարանը 3-րդ կետի համաձայն սկզբնական վերանայման արդյունքում եզրակացնում է, որ պատժի ժամկետի նվազեցումը նպատակահարմար չէ, ապա դատավճռով նշանակված պատժի ժամկետի կրճատման հարցը վերանայում է հետագայում` այնպիսի պարբերականությամբ և չափանիշներով, որոնք նախատեսված են Ընթացակարգի և ապացուցման կանոններով»:

ՕՐԵՆՔԸ

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

77. Դիմողը նշել է, որ իրեն երկարատև կալանքի տակ պահելն առաջացրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, որը սահմանում է, որ`

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

78. Դիմողն իր գանգատում միանգամից երկու հարց է բարձրացրել: Առաջին` նա նշել է, որ իր ցմահ ազատազրկման ամբողջ կամ որոշակի պահի գործում էր պատժից ազատազրկումը, որն իր տևողությամբ գերազանցել է ընդունելի և ողջամիտ բոլոր ժամկետները, որի ուժով էլ հակասության մեջ է մտել Կոնվենցիայի դրույթների հետ: Երկրորդը, դիմողը գանգատվել է, որ իր վաղաժամկետ ազատ արձակումն անհիմն մերժվել է և ինքը գտնվել է անօրինական ազատազրկման մեջ, ինչի հետևանքով մի որոշակի ժամանակաշրջանում նրա մոտ առաջացել է անորոշության և տագնապի զգացում մի որոշակի ժամանակաշրջան: Նրա կարծիքով, սա դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է:

A. Դատարանին ներկայացված փաստեր

1. Դիմողը

79. Դիմողը խոստովանել է, որ 1989թ. մարտի 10-ին` իրեն ցմահ ազատազրկման դատապարտելու օրը, ըստ Կանոնակարգի ցմահ ազատազրկում ավելով պետք է հասկացվեր որպես 20 տարի ժամկետով ազատազրկում, որը, իհարկե, ինքնին Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում չէ ինքնին: Դիմողն այնուհետև նշել է ժամկետները` 1989թ. իր նկատմամբ պատժի նշանակում և 1996թ.-ից հետո, երբ ցմահ ազատազրկումը դադարեց համարվել քսանամյա ազատազրկում: Երբ դիմողը տարվել է ուղղիչ հիմնարկ, նրան հանձնվել է F5 ձևաթուղթ, որում պարզ նշված էր, որ «քսան տարի» վերոգրյալ «պատժի դեպքում»: Այնուհետև նրան հայտնել են, որ դրական վարքագիծ ցուցաբերելու դեպքում կարող է 2002թ. հուլիսի 16-ին ազատ արձակվել: Այնուհետև կարգապահական հանձնաժողովը նրա ազատ արձակման հարցը հետաձգել է մինչև 2002թ. նոյեմբերի 2-ը: Սակայն, ի լրումն դրա, Կիպրոսի Գերագույն դատարանը Հագջիսավասն ընդդեմ Կիպրոսի Հանրապետության գործով (Hadjisavvas v. The Republic of Cyprus) (տե՜ս կետեր 19, 50 և 51) որոշում է կայացրել այն մասին, որ Կանոնակարգը ճանաչվում է հակասահմանադրական և ինչն անհնարին է դարձնում ցմահ ազատազրկված անձանց ազատ արձակվելու հնարավորությունը:

80. Դիմողն ընդգծել է, որ Կիպրոսի դատական օրենսդրության ուսումնասիրությունները, պարզ է դարձել, որ այստեղ նախատեսված չէ Պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով հանձնաժողովի ստեղծում, ինչպես նաև ոչ մի ընթացակարգ` ցմահ ազատազրկվածներին իրենց իրավունքի իրականացումն ապահովելու և երկրորդ անգամ հասարակություն վերադառնալու համար: Այսպիսով, Կիպրոսում գործող դատական օրենսդրությանը համապատասխան` անձի ազատազրկումն ունի պատժիչ բնույթ: Դիմողի կարծիքով, սա, ուղղիչ աշխատանքների հետ մեկտեղ, հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին (հղում, inter alia Մաստրոմատեոն ընդդեմ Իտալիայի (Mastromatteo v. Italy [GC],) թիվ 37703/97 կետ 72 ECHR 2002‑VII ): Ներկայումս ազատ արձակման իրավազորությունը վերապահված է Նախագահին և կամայական բնույթ է կրում: Այս կապակցությամբ դիմողը նշել է Կիպրոսի պատժական (պենիտենցիար) համակարգի և կենտրոնական ուղղիչ հիմնարկներում ազատազրկված անձանց պահելու մասին Կիպրոսի Հանրապետության Վարչարարության հանձնակատարի (Օմբուդսմեն) 2004թ. մայիսի 26-ի ex officio զեկույցը (տե՜ս վերը` կետ 63):

81. Թեև ցմահ ազատազրկվածներն օգտվում էին որոշակի խմբի համար նախատեսված իրավասություններից, սակայն նրանց պետք է թույլատրվեր նաև օգտվելու պետական պաշտպանության իրենց իրավունքից (այստեղ դիմողը հղում է կատարել Սիլվերը և այլոք ընդդեմ (Silver and Others v. the United Kingdom) 1983թ. մարտի 25-ի վճռին Բաժին A թիվ 61): Կիպրոսյան օրենքը սահմանելով, որ սպանության հանցագործության դեպքում պետք է գործի ցմահ ազատազրկում պատժատեսակը, զրկել է դատական մարմիններին սեփական հայեցողությամբ հանդես գալ, այն է, պետք է դատավորին թույլատրվի հանցանքի համար պատիժ նշանակելիս հաշվի առնել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են արարքի ծանրությունը և հանրային վտանգավորությունը: Այս կապակցությամբ դիմողը մեջբերել է անդամ պետությունների հետևողական պատժին վերաբերող` Նախարարների ներկայացուցիչների կողմից 1991թ. հոկտեմբերի 19-ին ընդունված Եվրոպայի Խորհրդի նախարարների Կոմիտեի R (92) 17 հանձնարարականը, որը սահմանում է, որ « անկախ նրանից, թե ինչ բացատրություններ են տրվում, կատարված հանցանքի ծանրությունը պետք է համապատասխանի նշանակված պատժի բնույթին»: Նա նաև նշել է, որ նույնիսկ 1998թ. Հռոմի ստատուտում ցեղասպանություն հանցագործության համար ինքնաբերաբար ցմահ ազատազրկում չի նախատեսվում (Հռոմի ստատուտի 77(1) հոդված, տե՜ս վերը` 75 կետ):

82. Դիմողը նշել է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար նախատեսված սահմանափակումներն էապես տարբերվում են Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում գործող սահմանափակումներից, ակնհայտ է, որ անհրաժեշտ է միասնական քաղաքականության ձևավորում: Դիմողը նշել է, որ թե Իտալիայում, թե Ֆրանսիայում ցմահ ազատազրկման դատապարտված անձինք իրավունք ունեն բարձրացնելու իրենց վաղաժամկետ ազատ արձակման հարցը: Բացի դրանից Գերմանիայի Սահմանադրական Դատարանը հստակ սահմանում է, որ ցմահ ազատազրկման մինչև վերջ ի կատար ածումը հանգեցնում է մարդկային արժանապատվության նվաստացման և իրավունքների անդառնալի ոտնահարման: Վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը Գերմանիայում նախատեսված էր, որպեսզի պահպանվի մարդկային արժանապատվությունը և ազատության մեջ գտնվելու հույսը: Բացի դրանից, սա միջազգայնորեն սահմանված պահանջ է` պայմանավորված այն հանգամանքով, որ անձին պետք է հնարավորություն ընձեռվի առանց որևէ բարդության կրելու իր պատիժը, նորից վերադառնալու նորից հասարակություն և դառնալու հասարակության լիիրավ անդամ:

83. Վերջապես, չնայած որ դիմողը ողջունել է Կիպրոսում պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով արձակման հանձնաժողովի ստեղծումը, նա նաև նշել է, որ այդ հանձնաժողովի ստեղծման հարցը հետաձգվում է իր գործի առկայության պատճառով, և, բացի դրանից, ցանկացած դեպքում այս օրինագիծը չի հաստատվի կամ կնախատեսվի հանձնաժողովի գործունեության այլ կարգ:

84. Ինչ վերաբերում է գանգատի երկրորդ մասին, որը կապված է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հավանական խախտումների հետ, ապա դիմողը նշել է, որ 2002թ. նոյեմբերի 2-ից հետո նրան անազատության մեջ պահելով` նա ենթարկվել է ֆիզիկական և հոգեկան ինտենսիվ տառապանքների և կորցրել է հույսը, որ երբևէ կգտնվի ազատության մեջ: Իր տառապանքներում ակնհայտ տեսանելի են նրա հետ ցանկացած շփման ժամանակ, բաց նաև արտացոլում են այն, որ նա ջանք չի խնայում ազատության մեջ հայտնվելու համար:

85. Գտնվելով անազատության մեջ` դիմողն օրինական ակնկալիքներ է ունեցել, որ 2002թ. նա ազատ կարձակվի, քանի որ այդպես էր նշված եղել ուղղիչ հիմնարկում իրեն հանձնված ձևաթղթում: Սակայն իրենից անկախ հանգամանքների պատճառով նրա ազատ արձակումը հետաձգվել է: Արդյունքում` նա գտնվել է անորոշության և տանջալից սպասումների մեջ: Դիմողը նշել է, որ շատ մտահոգված է իր ապագայով, քանի որ համոզված է, որ իր վախճանը լինելու է հենց բանտախցերից մեկում:

2. Կառավարությունը

86. Ինչ վերաբերում է դիմողի գանգատը առաջին մասին` Կառավարությունը շեշտեց, որ դիմողն առանց վաղաժամկետ ազատ արձակման հնարավորության անհաղթահարելի ցմահ ազատազրկման չէր դատապարտվել: Չնայած իր կատարած հանցանքի ծանրությանը, նա վաղաժամկետ ազատ արձակման բավարար հույսեր ուներ, որոնք անմիջականորեն բխում են երկրի ներպետական օրենսդրությունից և Կոնվենցիայի 3-րդ հոդվածից: Առաջին` համաձայն երկրի Սահմանադրության 53-րդ հոդվածի 4-րդ կետի` Հանրապետության Նախագահը Գլխավոր դատախազի առաջարկությամբ, կարող է փոփոխել, կասեցնել կամ մեղմացնել իրավասու դատարանի կողմից նշանակված պատիժը: Երկրորդ` համաձայն 1996թ. Բանտային օրենսգրքի 14-րդ բաժնի` Նախագահը, Գլխավոր դատախազի հետ համաձայնեցնելով, կարող է ցանկացած ժամանակ վաղաժամկետ ազատ արձակել ցմահ դատապարտված անձանց: Վերջիններս կարող են միջնորդությամբ դիմել Նախագահին` խնդրելով նրանից լուծել իրենց վաղաժամկետ ազատ արձակման հարցը` դրա հետ մեկտեղ պահպանելով օրենքով նախատեսված պահանջները: Թեև նման որոշում կայացնելու իրավասությամբ օժտված է Հանրապետության Նախագահը, սակայն այս գործընթացին որպես երաշխիք մասնակցում են նաև հանձնաժողովը և Գլխավոր դատախազը, որը համարվում է գործադիր իշխանությունից անկախ մարմին: Հետևաբար, նա կաշկանդված չէ իր որոշումները կայացնելիս:

87. Մինչև վերոգրյալ որոշման ընդունումը` Նախագահը հաշվի է առնում հանցագործության բնույթը, ազատազրկման մեջ եղած ժամանակահատվածը, ինչպես նաև հանցանք կատարած անձի անկեղծ զղջման հանգամանքը: Այս առումով պետք է նշել, որ անկեղծ զղջումը հիմքերից մեկն, սակայն ամենակարևորն ու որոշիչը չէ: Նախագահն այնուհետև որոշում է, թե արդյոք ազատազրկման մեջ գտնվելու ժամանակահատվածը բավարար է եղել անձի ուղղման համար:

88. Դիմողը բազմիցս դիմել է ազատ արձակման հարցով` իր միջնորդության մեջ հղում կատարելով Սահմանադրության 53-րդ հոդվածի 4-րդ կետին: Սակայն նա երբեք իր միջնորդության մեջ չի վկայակոչել 1996թ. Բանտային օրենսգրքի 14-րդ բաժինը:

89. Կառավարությունը նշել է, որ 3-րդ հոդվածի խախտման հարցը լուծելիս` համաձայն Կոմիտեի և Դատարանի նախադեպային որոշումների, անհրաժեշտ է թեսթ կիրառել` պարզելու համար արդյոք դիմորդը զրկված է եղել «ազատ արձակվելու բոլոր հույսերից»: Այս թեսթի միջոցով պարզ է դառնում, թե ցմահ ազատազրկումն ինչ բնույթ է կրում` de jure, թե` de facto: Եթե ազատազրկումը եղել է de jure, ապա վաղաժամկետ ազատ արձակման հնարավորության բացակայությունը և դատապարտյալին հույս չտալը, ինչպես նաև ազատ արձակման մասին միջնորդության` ներպետական դատարանների կողմից քննության չառնելը չի համարվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Իսկ de facto ցմահ ազատազրկման դեպքում դատապարտյալը հուսադրվում է, որ գործնականում հետագայում նա վաղաժամկետ ազատ կարձակվի: Այս կապակցությամբ Կառավարությունը մեջբերել է Էյնհորն ընդդեմ Ֆրանսիայի վճիռը (Einhorn v. France ((dec.), no. 71555/01, ECHR 2001‑XI) և նշել որ հստակ զուգահեռներ կարելի է անցկացնել Կիպրոսի և Պենսիլվանիայի իրավիճակների միջև:

90. Այս գործում, դիմողի ազատ արձակման հնարավորությունը կրում էր de jure բնույթ, քանի որ այս գործընթացը կարգավորվում է Սահմանադրության 53-րդ հոդվածի 4-րդ կետով և 1996թ. Բանտային օրենսգրքի 14-րդ բաժնով: Հիմք չկա ենթադրելու, որ այս պայմաններն իրականացվելու են de facto: Ենթադրվում է, որ ցմահ ազատազրկված անձը պետք է, որ դա գիտակցի: Հաջորդ ինը ցմահ բանտարկյալներն ազատ են արձակվել 1993թ., մյուս երկուսը` Սահմանադրության 53-րդ հոդվածի 4-րդ կետով և 1996թ. Բանտային օրենսգրքի 14-րդ բաժնով սահմանված կարգով ազատ են արձակվել համապատասխանաբար 1997թ. և 2005թ.: Ոչ մի ապացույց չկա առ այն, որ դիմողը զղջացել է իր կատարած արարքի համար և այլևս հասարակության համար վտանգ չի ներկայացնում: Այդ իսկ պատճառով նա ազատ չի արձակվել:

91. Ինչևէ, Կառավարությունը համաձայնում է, որ ցմահ ազատազրկման vis-Ո-vis համակագի հետ կապված երկրում առկա են օրենսդրական լուրջ բացեր: Մասնավորապես, չկա հստակ սահմանված ընթացակարգ Սահմանադրության 53-րդ հոդվածի 4-րդ կետի և 1996թ. Բանտային օրենսգրքի 14-րդ բաժնի դրույթների իրականացման համար, երկրորդ` բացակայում են Գլխավոր դատախազին ներկայացված դիմումի մերժման կամ ընդունման չափանիշները, երրորդ` Նախագահի կողմից մերժման դեպքում ոչ մի հիմնավորում չի բերվում, և վերջապես` բացակայում է այս ընթացակարգի նկատմամբ դատական հսկողությունը:

92. Բացի դրանից, թեև անդամ պետությունների միջև ցմահ ազատազրկված անձանց ազատ արձակելու մասին միանշանակ համաձայնություն առկա չէ, սակայն որոշ պետություններ ելնելով Դատարանի և Կոմիտեի նախադեպային որոշումներից, հստակ շեշտում են, կատարել ցմահ ազատազրկված անձանց ազատ արձակման հարցում անհրաժեշտ է կատարել թափանցիկության, հավասարության, արդարության նախապայմանները: Նշվածը հիմք ընդունելով` Կառավարությունը նաև նշել է, որ օրենսդրական բարեփոխումները շարունակվելու են նաև 2007թ. հետո: Այս կապակցությամբ այն ներկայացրել է օրենսդրական նախագիծ, որը կոչված է լրացնելու 1996թ. Բանտային օրենսգրքի 14-րդ բաժնի դրույթների բացերը: Այս նախագիծը սահմանում էր նաև այն նվազագույն ժամանակահատվածը, որի ընթացքում պարտադիր կլինի պատասխանել դիմողների միջնորդություններին: Նաև նախատեսվում է որ պետք է ստեղծվի քրեական գործերով անձանց ազատման հարցերով անկախ մի մարմին` հանձնաժողով, որն առավելապես ելնելու է դատապարտված անձանց իրավունքների պաշտպանության դիրքորոշումից: Համենայն դեպս, Կառավարությունը նշել է` այն հանգամանքը, որ օրենսդրական փոփոխությունները դեռևս ընթացքի մեջ, ինքնին չի խախտում Կոնվենցիայով նախատեսված դիմողի իրավունքները:

93. Ինչ վերաբերում է դիմողի երկրորդ բողոքին, ապա Կառավարությունը նշել է, որ Հաջիսավասի գործը և Ղեկավար դրույթների փոփոխությունները դիմողի մոտ` կապված 2002թ. նոյեմբերին իր ազատ արձակման սպասելիքների հետ, կարող էին առաջացնել հուսահատ և անհանգիստ վիճակ, սակայն դրանք իրենց բնույթով և ծանրությամբ չեն կարող համարվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Դա հատկապես կարող է արտահայտվել այն դեպքում, երբ Կիպրոսի Հանրապետությունն ընդդեմ Իուրուկիսի (The Republic of Cyprus v. Yiouroukkis) գործով Լիմասոլի դատարանն անվավեր է ճանաչել ավելի վաղ ընդունված Նիկոսիայի ասիզների դատարանի կայացրած որոշումը, ինչպես նաև հակասություն է տեսել Սահմանադրության և Բանտային կարգապահական օրենքի 11-րդ բաժնի միջև, նշելով, որ ցմահ ազատազրկումը պետք է ենթադրի ազատազրկում մինչև կյանքի վերջը: Դիմողը ևս ներկա է գտնվել նշված դատավարությանը: Հետևաբար, դիմողը տեղեկացված է եղել, որ նա ազատ չի արձակվելու 2002թ. նոյեմբերին:

94. Բացի դրանից, այս որոշման կայացումից անմիջապես հետո դիմողը հնարավորություն է ունեցել խորհրդակցելու իր պաշտպանի հետ, որը, անշուշտ, նրան հայտնած կլինի, որ նա 15 կամ 20 տարին լրանալուց հետո ինքնաբերաբար ազատ չի արձակվելու: Բացի դրանից, Գերագույն դատարանը դիմողի ազատազրկումից երեք ու կես տարի հետո, հայտնել է իր դիրքորոշումը Հաջիսավվասի գործի վերաբերյալ: Փաստորեն, արդեն իսկ 14 տարի հետո ներպետական օրենսդրության պահանջները հստակորեն սահմանված են եղել: Հետևաբար, դիմողը չի կարող ասել, որ իր պատժի առումով ինքն անորոշ վիճակի մեջ է եղել:

B. Դատարանի գնահատականը

1. Կիրառվող սկզբունքները

95. Կոնվենցիայի 3-րդ հոդվածը ժողովրդավարական հասարակություններում լրջագույնս պահանջվող սկզբունքներից մեկն է: Այն արգելում է ցանկացած անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք կամ պատիժ` հաշվի չառնելով հանցանքի բնույթը և որն էլ տուժողի անձը (տե՜ս օրինակ, Լաբիտան ընդդեմ Իտալիայի գործը (Labita v. Italy [GC]) թիվ 26772/95, կետ 119 ECHR 2000-IV): Վատ վերաբերմունքը պետք է հասնի նվազագույն սահմանի, որպեսզի չհամարվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Այս սահմանումը պայմանավորված է ֆիզիկական և հոգեբանական ազդեցություններով, իսկ որոշ դեպքերում` նաև անձի սեռով, տարիքով և առողջական վիճակով: (տե՜ս Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության (Ireland v. the United Kingdom) 1978թ. հունվարի 18, Series A թիվ. 25, էջ 65, կետ 162):

96. Դատարանը նշում է, որ բոլոր տառապանքները և սահմանափակումները պետք է հասցված լինեն նվազագույն սահմանին, այսինքն` կիրառելի լինեն միայն պատժի շրջանակներում: Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է, որ անձին ձերբակալելիս կամ նրա նկատմամբ պատիժ նշանակելիս և սահմանափակումներ իրականացնելիս պետք է հարգել նրա արժանապատվությունը, իսկ դրանք իրականացնելիս խուսափել անձին վիրավորանք կամ ցավ պատճառելուց (տե՜ս Կուդլան ընդդեմ Լեհաստանի թիվ 30210/96, կետ 92-94(Kudła v. Poland [GC)], ECHR 2000-XI).

97. Չափահաս կամ տարիքով մեծ անձի նկատմամբ ցմահ ազատազրկում կիրառելը ինքնին չի ենթադրում Կոնվենցիայի 3-րդ կամ որևէ այլ հոդվածի խախտում (տե՜ս, inter alia, Կոտալլան ընդդեմ Նիդեռլանդների (KotՊlla v. the Netherlands) թիվ 7994/77 1978թ. մայիսի 6-ի Կոմիտեի որոշում, Որոշումներ և զեկույցներ (DR) 14,էջ. 238, Բամբերն ընդդեմ Միացյալ Թագավորության (Bamber v. the United Kingdom) թիվ 13183/87, 1988թ. դեկտեմբերի 14, Կոմիտեի որոշում, և Սավոնիուկն ընդդեմ Միացյալ Թագավորության (Sawoniuk v. the United Kingdom): Դրա հետ մեկտեղ, Դատարանը գտնում է, որ անհաղթահարելի պատժի նշանակումը հանգեցնում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման (տե՜ս, inter alia, Նիվետեն ընդդեմ Ֆրանսիայի (Nivette v. France) թիվ 44190/98 ECHR 2001‑VII, 2002 դեկտեմբերի 12, Էյնհորնը մեջբերված է վերևը, Ստանֆորդն ընդդեմ Միացյալ Թագավորության (Stanford v. the United Kingdom) թիվ 73299/01, Վյունեն ընդդեմ Միացյալ Թագավորության (Wynne v. the United Kingdom) թիվ 67385/01, 2003թ. մայիսի 22): .

98. Սույն գործով այն առումով, թե այս պարագայում առկա է, արդյոք, անհաղթահարելի պատիժ, Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով վերպետական օրենսդրությամբ սահմանված պահանջները, դիմողն ամեն դեպքում ազատ արձակվելու հույս ունեցել է: Դատարանն իր նախկինում կայացրած վճիռների հիման վրա հանգում է այն եզրակացությանը, որ եթե ներպետական օրենսդրությամբ սահմանվում են պատժի փոփոխման, կասեցման կամ մեղմացման մեխանիզմներ, ապա դա բավարար է, որպեսզի այն չհամարվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Այս կապակցությամբ Դատարանը նշում է մի քանի նախադեպային, որոշումներ, որոնցով դատապարտված անձն անհաղթահարելի ազատազրկման չի դատապարտվել (տե՜ս Ստաֆորդը, որը մեջբերված է վերը, Հիլն ընդդեմ Միացյալ Թագավորության (Hill v. the United Kingdom), Վյուննեն ընդդեմ Միացյալ Թագավորության (Wynne v. the United Kingdom): Դատարանը նշում է նաև, որ սույն գործում բացակայում է նաև ազատազրկման նվազագույն սահմանը: (տե՜ս, օրինակ, Էյնհորնի վճիռը, կետեր 27 և 28): Սրանից է, որ ցմահ ազատազրկում պատժատեսակը կարող է լրիվ ի կատար ածվել:

99. Հետևաբար, Դատարանը նշում է, որ Կոնվենցիան ազատ արձակման հետ կապված հարցերի վերաբերյալ անմիջական դրույթներ չի պարունակում` այն թողնելով ներպետական օրենսդրության կարգավորմանը ( տե՜ս, inter alia, Կոտալան ընդդեմ Նիդեռլանդների (KotՊlla v. the Netherlands) և Թրեհոլտն ընդդեմ Նորվեգիայի (Treholt v. Norway): Պարզ է, որ դրա հետ կապված հարցը քննարկվում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հնարավոր խախտումների հետ կապված: Դա նշանակում է, որ քրեական քաղաքականությանը վերաբերող հարցերը Դատարանն ամբողջությամբ թողնում է ներպետական մարմիններին, պայմանով, որ դրանք չպետք է հակասեն Եվրոպական չափանիշներին ( տես see, mutatis mutandis, Աչորն ընդդեմ Ֆրանսիայի (Achour v. France [GC]) թիվ 67335/01, կետ 51, ECHR 2006‑IV).

2. Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործով

100. Սույն գործով Դատարանը պետք է պարզի, թե արդյոք ցմահ ազատազրկումը դիմողի համար հանգեցրել է ազատ արձակվելու հնարավորության իսպառ վերացման:

101. Այս հարցի կապակցությամբ Դատարանն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի ցուցաբերած քրեական քաղաքականությանը, մասնավորապես ցմահ ազատազրկման նկատմամբ այդ երկրների մոտեցմանը (տե՜ս Սոերինգն ընդդեմ Միացյալ Թագավորության (Soering v. the United Kingdom) 1989թ. հուլիսի 7-ի վճիռն Series A թիվ 161, էջ 49, կետ 102 և Վ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (V. v. the United Kingdom) [GC], թիվ 24888/94, կետ 72, ECHR 1999‑IX):

102. Նախ Դատարանը նշում է, որ Կիպրոսում սպանություն հանցագործության համար նախատեսվում է ցմահ ազատազրկում (տե՜ս կետեր 31-33): Բացի դրանից, Դատարանը նշում է, որ կիպրոսյան օրենքը չի նախատեսում ցմահ ազատազրկման ամենավաղ ժամանակային սահմանը և դրական վարքագիծ ցուցաբերելու դեպքում ազատ արձակում: Սակայն այս գործընթացը հնարավոր է իրականացնել պատժի կրման ցանկացած ժամանակահատվածում (տե՜ս կետեր 36 և 37): Բացի դրանից, 1996թ. Բանտային օրենսգրքի 14-րդ բաժնով սահմանված են ազատ արձակման պայմանները (տե՜ս կետ 59): Վերջինի համաձայն` Գլխավոր դատախազի միջնորդությամբ երկրի Նախագահը ցանկացած ժամանակ քննության է առնում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց դիմումները:

103. Վերոգրյալի հիման վրա կարելի է ենթադրել, որ Կիպրոսում ցմահ ազատազրկված անձանց վաղաժամկետ ազատ արձակումը սահմանափակ բնույթ ունի, քանի որ այդ իրավասությամբ օժտված է Հանրապետության Նախագահը` համապատախանաբար ստանալով Գլխավոր դատախազի համաձայնությունը: Նաև նշվում է, որ այս ընթացակարգի վերաբերյալ Կիպրոսում առկա են բազմաթիվ բացթողումներ (տե՜ս վերը` կետ 91): Դատարանը գտնում է, որ չնայած այս հանգամանքին, Կիպրոսում ցմահ ազատազրկումը չի ենթադրում ազատ արձակման հնարավորության բացառում: Այս պատժատեսակի վերաբերյալ Կիպրոսում գործում է երկու մոտեցում` de jure և de facto: Առավելապես գործում է de jure-ն քանի որ այս գործընթացը կարգավորվում է Սահմանադրության 53-րդ հոդվածի 4-րդ կետով և 1996թ. Բանտային օրենսգրքի 14-րդ բաժնով: Մասնավորապես, ինը ցմահ ազատազրկվածներ ազատ են արձակվել 1993թ., իսկ այնուհետև երկուսը` 1997 և 2005թ. (տե՜ս վերը` կետեր 52, 90 և 158): Հետևաբար, հիմնավորված չէ դիմողի այն հավաստումները, որ նա ազատ արձակվելու հույս չէր կարող ունենալ:

104. Իր փաստարկներում դիմողը նշել է, որ Կիպրոսի դատական համակարգը շատ բացթողումներ ունի: Ինչևէ, Դատարանը կրկնում է, որ քրեական դատավարության և քրեական քաղաքականության համակարգը մտնում է պետության ներքին իրավասության մեջ (տե՜ս, Աչորի mutatis mutandis գործը` վերը մեջբերված ): Դատարանը նշում է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում ներկայում չկա միատեսակ մոտեցում` կապված ցմահ ազատազրկման և դրա կիրառման հետ: Պարզ է նաև, որ չկա որևէ հստակ մոտեցում ցմահ ազատազրկված անձանց ազատ արձակման մեխանիզմների մշակման վերաբերյալ:

105. Հիմք ընդունելով վերոգրյալը, Դատարանը գտնում է, որ դիմողը չի կարող փաստել, որ ազատ արձակման հետագա հնարավորություններ նա չունի և որ իր սպասումներն իր համար հանգեցրել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված անմարդկային պատժի: Ինչևէ, Դատարանը գտնում է, որ Կիպրոսի ներպետական օրենսդրությունն ընթացակարգերի սահմանման լուրջ բացթողումներ ունի (տե՜ս կետ 91) և խրախուսում է կառավարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումները:

106. Բացի դրանից, ինչ վերաբերում է դիմողի գանգատի երկրորդ մասին` Դատարանը նշում է, որ թեև օրենսդրական փոփոխությունները` կապված ազատ արձակման հետ, կարող էին դիմողի մոտ առաջացնել անհանգիստ և անորոշ վիճակ, սակայն դրանք չունեն այնքան լրջություն և ծանրության, որպեսզի համարվեն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Ուսումնասիրելով դեպքերի հաջորդականությունը, պետք է նշել, որ դիմող կարող էր լիովին հուսալ, որ իրեն 2002թ. նոյեմբերին ազատ են արձակելու: Այս կապակցությամբ Դատարանն անհրաժեշտ է համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները տեղի են ունեցել 1992-1996թթ. ընթացքում, իսկ դիմողի նկատմամբ Ասիզների դատարանի որոշմամբ պատիժը նշանակվել է 1989թ., այսինքն` դիմողի ազատ արձակումից 6 տարի առաջ: Այս պատճառով Դատարանը գտնում է, որ դիմողը կարող էր, հաշվի առնելով ներպետական օրենսդրական փոփոխությունները, գիտակցել, որ ինքն Ասիզների դատարանի կողմից նշանակված ցմահ ազատազրկման պարագայում ազատ չի արձակվելու:

107. Պարզ է, որ դիմողի նկատմամբ ցմահ ազատազրկման կիրառումը` առանց նվազագույն ժամկետի սահմանման, կարող է, ցմահ ազատազրկում պատժատեսակի բնույթով պայմանավորված, անձի մոտ առաջացնել տառապանքներ, ինչը, սակայն, չի կարելի նույնացնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող պատժի հետ:

108. Հետևաբար, Դատարանը գտնում է,որ այս պայմանների խախտում սույն գործով առկա չէ:

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

109. Դիմողը փաստարկել է, որ մինչև 2002 թվականի նոյեմբերի 2-ը տևած իր շարունակական ազատազրկման հետևանքով խախտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածը, որի համապատասխան մասի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(a) անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտումից հետո...»:

A. Դատարան ներկայացած անձանց փաստարկները

1. Դիմողը

110. Դիմողը փաստարկել է, որ Լիմասոլի ասիզների դատարանի կողմից տվյալ ժամանակահատվածում գործող Բանտային կանոնների հիման վրա դատապարտվել է պարտադիր պատժի` «ցմահ ազատազրկման», որը նշանակել է ազատազրկում քսան տարի ժամկետով: Թեև Ասիզների դատարանը տեղյակ է եղել այս հասկացության մասին, սակայն այն չի քննարկել դա և սահմանել է, որ նշված Կանոնները հակասահմանադրական են կամ, ի վերջո, դիմողի գործով ոչ կիրառելի: Դատարանը պարզապես վարույթ է իրականացրել պատիժ նշանակելու համար: Ինքը կրել է իր պատիժը, սակայն ազատ չի արձակվել իր պատժի ժամկետի ավարտից հետո` 2002 թվականի նոյեմբերի 2-ին: Նախքան այդ ժամկետը` դիմողն սպառել էր իր կատարած հանցագործության` սպանության համար նախատեսված պատժիչ տարրը և նրա ազատազրկումը, հետևաբար, կամայական և անհամաչափ է դարձել` իր նկատմամբ նշանակված պատժի նպատակների առումով:

111. Դիմողը պնդել է, որ դժվար է հասկանալ իր շարունակական ազատազրկման տրամաբանական հիմքը կամ հիմնավորումը, հատկապես, որ որևէ ապացույց չկա այն մասին, որ ինքը հոգեպես անկայուն է և վտանգավոր հասարակության համար (հիմք ընդունելով, inter alia, Stafford v. the United Kingdom [GC] վճիռը, գանգատ թիվ 46295/99, կետեր 28-49 և 62-83, ECHR 2002‑IV):

2. Կառավարությունը

112. Կառավարությունը փաստարկել է, որ դիմողի` 2002 թվականի նոյեմբերի 2-ից հետո շարունակված ազատազրկումը չի համապատասխանել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (a) կետին: Դիմողը ցմահ ազատազրկման ձևով պատիժ է կրել, որը նրա դատապարտումից հետո Քրեական օրենսգրքի 203-րդ բաժնի հիման վրա նրա նկատմամբ նշանակվել է դատարանի 1989 թվականի մարտի 10-ի դատավճռով: Դիմողի դատապարտումից հետո նրա մշտական ազատազրկումը պայմանավորված է եղել Քրեական օրենսգրքի հիման վրա Լիմասոլի ասիզների դատարանի կողմից ցմահ ազատազրկման նշանակմամբ: Արդյունքում` խախտվել է սկզբնական պատժի հետ պատճառական կապը: Այս կապակցությամբ Կառավարությունը նշել է, որ դիմողի պատիժը` պարտադիր ցմահ ազատազրկումը, չի նշանակվել հանցագործի վտանգավորության վերաբերյալ դատողությունների վկայակոչմամբ, որոնք կարող էին ժամանակի ընթացքում փոփոխվել. պատիժը չի բաժանվել պատժիչ տարրի, որը հանդիսանում է ազատազրկման պատժիչ «սակագնային» փուլը, և հետագա տարրի` հիմնված դատապարտյալի` վտանգ ներկայացնելու վրա, որը հասարակության պաշտպանության առումով հանդիսանում է ազատազրկման հետագա փուլը:

113. Politis v. the Republic of Cyprus գործով Գերագույն դատարանի վճռից (տե՜ս վերը` կետ 35) պարզ է դառնում, որ Սահմանադրությունն առանձնացրել է հանցագործությունների որոշակի տեսակներ, այդ թվում` սպանությունը, որոնք բացառիկ վերաբերմունքի են արժանի` ելնելով դրանց ծանրության աստիճանից և հասարակության բարեկեցության վրա ունեցած ազդեցությունից: Սա գործում է այն հանգամանքից անկախ, թե ցմահ դատապարտյալը կարող է Սահմանադրության կամ 1996 թվականի Բանտային օրենքի հիման վրա ազատ արձակվել: Նմանապես, Hadjisavvas-ի գործով Գերագույն դատարանը գտել է, որ օրենսդրությունը չի հավասարեցնում ցմահ ազատազրկումը որոշակի ժամանակահատվածով ազատազրկման հետ` ոչ այն դեպքում, երբ նշանակվում է Քրեական օրենսգրքի 203 (2)-րդ բաժնի հիման վրա` որպես պարտադիր պատժամիջոց, ոչ այն դեպքում, երբ օրենսգրքի 23-րդ բաժնի հիման վրա նշանակվում է որպես հայեցողական պատժամիջոց:

114. Այս պատճառով Կառավարությունը գտնում է, որ Կիպրոսում իրավիճակը հավասարազոր է Դատարանի կողմից Wynne v. the United Kingdom գործով (1994 թվականի հուլիսի 18-ի վճիռը, Series A no. 294‑A) քննված իրավիճակին, որի կապակցությամբ Դատարանը գտել է, որ պարտադիր ցմահ ազատազրկումը նշանակվել է ինքնաբերաբար` որպես կատարված սպանության համար նշանակված պատիժ և պայմանավորված չի եղել հանցագործի վտանգավորության վերաբերյալ դատողություններով: Վերոնշյալ գործից հետո անգլիական ներպետական իրավունքի զարգացումները որևէ զուգահեռ չունեն Կիպրոսի հետ, որտեղ հավասարազոր «սակագնի» սահմանում չի իրականացվել:

115. Ի վերջո, Կառավարությունը փաստարկել է, որ Կանոնները չեն վերաբերել դիմողի շարունակական ազատազրկման օրինականությանը, քանի որ այն ժամանակի ընթացքում, երբ դրանք պետք է հանգեցնեին դիմողի` ժամանակից շուտ` 2002 թվականի նոյեմբերին ազատ արձակվելուն, այդ Կանոնները վերացվել են 1996 թվականի Բանտային օրենքով:

B. Դատարանի գնահատականը

1. Ընդհանուր սկզբունքներ

116. Դատարանը կրկնում է, որ ազատազրկման «օրինականության» քննարկման ժամանակ Կոնվենցիան վկայակոչում է ներպետական օրենսդրությունը և սահմանում ազգային օրենսդրության նյութաիրավական և դատավարական կանոններին համապատասխանող պարտականություն: Սա առաջին հերթին պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր ձերբակալում կամ կալանք ներպետական օրենսդրությունում իրավական հիմք ունենա, ապա նաև կապված լինի օրենքի որակի հետ, որի համաձայն` վերջինս պետք է համապատասխանի Կոնվենցիայի բոլոր հոդվածներում ամրագրված հայեցակարգին` օրենքի գերակայությանը (տե՜ս վերը` inter alia, Stafford v. the United Kingdom [GC], և Amuur v. France, 1996 թվականի հունիսի 25-ի վճիռը, Reports of Judgments and Decisions 1996‑III, էջեր 850-51, կետ 50): Այս կապակցությամբ ըստ Դատարանի նախադեպային իրավունքի` կարող է անհրաժեշտ լինել դիտարկել կիրառված ձևակերպումներից և լեզվից «այն կողմ» և կենտրոնանալ իրավիճակի իրական հանգամանքների վրա (տե՜ս Van Droogenbroeck v. Belgium, 1982 թվականի հունիսի 24-ի վճիռը, Series A no. 50, էջեր 20-21, կետ 38): Բացի դրանից, ազատությունից զրկելու յուրաքանչյուր դեպք պետք է իրականացվի 5-րդ հոդվածին համապատասխան` անձին կամայականություններից պաշտպանելու նպատակով (ի թիվս այլ աղբյուրների, տե՜ս, Winterwerp v. the Netherlands, 1979 թվականի հոկտեմբերի 24-ի վճիռը, Series A no. 33, էջեր 17-18,19-20, կետեր 39 և 45, և Amuur, տե՜ս վերը` էջեր 850-51, կետ 50):

117. Կոնվենցիայով պահանջվող «օրինականությունը» ենթադրում է ոչ միայն համապատասխանություն ներպետական օրենսդրությանը, այլ նաև, ինչպես դա սահմանված է 18-րդ հոդվածով, համապատասխանություն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (a) ենթակետի հիման վրա թույլատրվող ազատությունից զրկելու նպատակներն (տե՜ս, Bozano v. France, 1986 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռը, Series A no. 111, էջ 23, կետ 54, և Weeks v. the United Kingdom, 1987 թվականի մարտի 2-ի վճիռը, Series A no. 114, էջ 23, կետ 42): Բացի դրանից, (a) ենթակետում կիրառվող` «հետո» բառը պարզապես չի նշանակում, որ ազատությունից զրկելը պետք է ժամանակային առումով հաջորդի «դատապարտմանը». ի լրումն դրա, «ազատությունից զրկելը» պետք է բխի, «հետևի և հիմնված լինի» կամ տեղի ունենա «դատապարտման ուժով»: Այլ կերպ ասած, պետք է բավարար պատճառական կապ լինի քննարկվող դատապարտման և ազատությունից զրկելու միջև (տե՜ս վերը` Van Droogenbroeck, էջեր 19 և 21, կետեր 35 և 39, և Weeks, տե՜ս վերը` էջ 23, կետ 42):

2.Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործով

118. Դատարանը գրեթե չի կասկածում, և կողմերն այս առումով համաձայնել են, որ դիմողը դատապարտվել է օրենքով սահմանված կարգով, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (a) ենթակետի իմաստով իրավասու դատարանի կողմից: Բացի դրանից, դիմողը չի վիճարկել մինչև 2002 թվականի նոյեմբերի 2-ը տևած իր ազատազրկումը: Որոշակի առումով պարզաբանման ենթակա է այն հարցը, թե արդյոք այդ ժամկետից հետո դիմողին ազատությունից զրկելը համապատասխանել է նրա նկատմամբ ի սկզբանե նշանակված պարտադիր ցմահ ազատազրկմանը:

119. Դատարանը գտնում է, որ դիմողը Լիմասոլի ասիզների դատարանի կողմից 1989 թվականի մարտի 9-ին դատապարտվել է սպանության համար և հաջորդ օրը Քրեական օրենսգրքի 203 (2)-րդ բաժնի հիման վրա դատարանի կողմից դատապարտվել է պարտադիր ցմահ ազատազրկման: Նման պատժատեսակը Քրեական օրենսգրքի հիման վրա ինքնաբերաբար է նշանակվել` որպես սպանության համար նշանակվող պատիժ` անկախ հանցագործի վտանգավորության վերաբերյալ դատողություններից: Ցմահ ազատազրկում նշանակելիս Լիմասոլի ասիզների դատարանը բավականին ակնհայտ է դարձրել այն, որ դիմողը դատապարտվել է ցմահ ազատազրկման, այսինքն` ազատազրկման մինչև իր կյանքի վերջը, ինչպես դա նախատեսված է Քրեական օրենսգրքով և ոչ թե քսան տարի ժամկետով ազատազրկման (տե՜ս վերը` կետեր 14 և 15):

120. Դատարանը, հետևաբար, գտնում է, որ այն փաստը, որ տվյալ ժամանակահատվածում գործող Բանտային կանոնների հիման վրա բանտային իշխանությունները դիմողին հուշաթերթիկ են տվել, որը սահմանել է պայմանական ազատ արձակման ժամկետը, չի կարող ազդել և չի ազդում Լիմասոլի ասիզների դատարանի կողմից նշանակված ցմահ ազատազրկման վրա և չի հանգեցնում տվյալ ժամկետից հետո նրա ազատազրկման անօրինական լինելուն: Դատարանի կարծիքով, առկա է հստակ և բավարար պատճառական կապ դատապարտման և դիմողի շարունակական ազատազրկման միջև, որը համաչափ է եղել նրա դատապարտմանը և համապատասխանել է իրավասու դատարանի կողմից նրա նկատմամբ Կոնվենցիայի պահանջներին համապատասխան և կամայականությունից զերծ կերպով նշանակված պարտադիր ցմահ ազատազրկմանը:

121. Գործի փաստերի հիման վրա, հետևաբար, Դատարանը գտնում է, որ դիմողի` 2002 թվականի նոյեմբերի 2-ից հետո շարունակված ազատազրկումը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (a) կետի իմաստով հիմնավորված է եղել: Հետևաբար, 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտում տեղի չի ունեցել:

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

122. Մեծ պալատի առջև ներկայացրած իր փաստարկներում դիմողը լրացուցիչ գանգատ է ներկայացրել այն մասին, որ ցմահ ազատազրկման պարտադիր բնույթը, որը կապված է եղել Կիպրոսում parole համակարգի բացակայության հետ, հանգեցրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտման: Վերջինիս համաձայն.

«4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:

123. Կառավարությունը փաստարկել է, որ օրենքով սահմանված կարգով դիմողի նկատմամբ նշանակված դատապարտումը եղել է ցմահ ազատազրկումը, օրինականության հետ կապված որևէ նոր հարց չի կարող բարձրացվել` կապված նրա դատապարտման հետ, որի համար կպահանջվի անկախ դատարանի կողմից վերանայման ընթացակարգի իրականացում: Նրա դատապարտումը եղել է օրինական, և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները պահպանվել են Լիմասոլի ասիզների դատարանի կողմից ի սկզբանե պատիժ նշանակելիս:

124. Դատարանը նշում է, որ այս գանգատն առաջին անգամ ներկայացվել է դիմողի կողմից Մեծ պալատին ներկայացված հուշագրում: Հետևաբար, այն չի լուծվել 2006 թվականի ապրիլի 11-ի` ընդունելիության վերաբերյալ որոշմամբ, որով սահմանվել է Դատարանի իրավազորության շրջանակը (ի թիվս այլ աղբյուրների, տե՜ս, Brogan and Others v. the United Kingdom, 1988 թվականի նոյեմբերի 29-ի վճիռը, Series A no. 145‑B, էջ 27, կետեր 46-47, Assanidze v. Georgia [GC], գանգատ թիվ 71503/01, կետ 162, ECHR 2004-II, և Draon v. France [GC], գանգատ թիվ 1513/03, կետ 117, 2005 թվականի հոկտեմբերի 6): Դրանից հետևում է, որ այս գանգատը դուրս է Մեծ պալատի առջև քննվող գործի շրջանակներից:

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

125. Դիմողը փաստարկել է, որ Կանոնների վերացման և օրենսդրական նոր դրույթների` հետադարձության կարգով կիրառման արդյունքում իր ազատազրկման ժամկետի չկանխատեսված երկարացումը հանգեցրել է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտման, որի համաձայն.

«1. Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կան անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին:

2. Սույն հոդվածը չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ և պատժել որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, համարվել է քրեական հանցագործություն»:

A. Դատարան ներկայացած անձանց փաստարկները

1. Դիմողը

126. Դիմողը փաստարկել է, որ 1989 թվականի մարտի 9-ին, երբ Լիմասոլի ասիզների դատարանի կողմից տվյալ ժամանակ գործող Բանտային կանոնների հիման վրա դատապարտվել է պարտադիր ցմահ ազատազրկման, «ցմահ ազատազրկումը» հավասարազոր է եղել քսան տարի ժամկետով ազատազրկման: Կանոնների վերացումից հետո համապատասխան օրենսդրական փոփոխությունների և փոփոխված օրենքների հետադարձության կարգով կիրառման արդյունքում իր ազատազրկման ժամկետն անկանխատեսելիորեն երկարացվել է` որոշակի ժամկետից` քսան տարուց վերածվելով մինչև իր կյանքի վերջը տևող անորոշ ժամկետի` առանց մեղմացման և ազատազրկման պայմանների փոփոխման հեռանկարի: Ուստի, ի խախտումն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի` նշանակվել է ավելի խիստ պատիժ, քան իր կողմից հանցագործության կատարման ժամանակ էր, որի համար նա դատապարտվել է:

127. Դիմողի կարծիքով, Կառավարությունը պետք է զրկվի այն հանգամանքը մերժելու հնարավորությունից, ըստ որի` իր պատժի ժամկետը քսան տարուց ավելի է եղել և որ Կանոնների կիրառման դեպքում ինքը պետք է պատիժը կրեր մինչև 2002 թվականը: Դա պարզ է դառնում այն հանգամանքից, որ դիմողը կարծել է, թե իր ազատազրկման ժամկետն ավարտվում է 2002 թվականին: Նա չի բողոքարկել իր պատժի չափը` հիմք ընդունելով բանտային իշխանությունների կողմից տրամադրված ծանոթագրությունը և նշված ազատ արձակման օրը: Փաստորեն, երկուստեք` բանտային իշխանությունները և Գլխավոր դատախազի գրասենյակը տեղյակ են եղել այս մասին: Կանոնների վերացումից հետո իր պատժի ժամկետի երկարացումն իր համար կանխատեսելի չի եղել ոչ հանցագործության կատարման, ոչ դատապարտման ժամանակ: Իր պատժի ժամկետը հետադարձության կարգով ավելացվել է` որոշակի ժամկետից` քսան տարուց հասցնելով անորոշ ժամկետի` առանց մեղմացման հեռանկարի:

128. Ի վերջո, դիմողը գտել է, որ իր գործը չի տեղավորվում Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառության շրջանակում:

2. Կառավարությունը

129. Կառավարությունը նշել է, որ 7-րդ հոդվածը չի վերաբերում այն փոփոխություններին, որոնց կատարման ժամանակ ենթարկվել է դատարանի կողմից նշանակված պատիժը` ի հակառակն ինքնին հանցագործության համար նախատեսված հիմնական պատժի մեջ կատարված փոփոխությունների (հիմք են ընդունվել inter alia, Hogben v. the United Kingdom, տե՜ս վերը` Grava v. Italy, գանգատ թիվ 43522/98, կետ 51, 2003 թվականի հուլիսի 10, և Uttley v. the United Kingdom (dec.) գանգատ թիվ 36946/03, 2005 թվականի նոյեմբերի 29):

130. Քրեական օրենսգրքի 203 (2)-րդ բաժինը, որը սպանության համար պարտադիր պատիժ է նախատեսում ցմահ ազատազրկումը, հանդիսացել է ներպետական օրենսդրության միակ նյութաիրավական դրույթը, որը սահմանել է նման հանցագործությունների համար կիրառվող պատիժը: Դրան հակառակ, Կանոնները չեն նախատեսում որևէ դրույթ, որը նյութաիրավական առումով կսահմաներ սպանության համար նշանակվող պատիժը, Կանոնները հանդիսացել են ենթաօրենսդրական ակտ` ընդունված Բանտային կարգապահության օրենքի հիման վրա և դրա նպատակներից ելնելով և պարզապես վերաբերել են այդ պատժի կրման եղանակին: Դրանք ընդունվել են ոչ թե Քրեական օրենսգրքին, այլ Բանտային կարգապահության օրենքի 4-րդ և 9-րդ բաժիններին համապատասխան, վերջինս, ինչպես վերնագիրն է հուշում, վերաբերում է բանտային կարգապահությանը: Նշված բաժիններից ոչ մեկով չի կարող սահմանվել այպիսի պատիժ, որը կարող է կանխորոշել դատարանների կողմից նշանակման ենթակա պատիժը:

131. 2-րդ կանոնում առկա է սահմանումը (ինչպես այն ընդունվել է 1987 թվականի Կանոններով), որի համաձայն` «ցմահ ազատազրկում» նշանակում է «ազատազրկում քսան տարի ժամկետով», և 93-րդ կանոնը (փոփոխված 1987 թվականի Կանոններով) սահմանում է, որ ցմահ դատապարտյալի պատիժը կարող է մեղմացվել, եթե նա արժանանա այդ մեղմացմանը լավ վարքագծի և ջանասիրության հիմքով` կապված դատարանի կողմից նշանակված ցմահ ազատազրկումը կրելու հետ:

132. Կառավարությունը նշել է, որ վերոնշյալ վերլուծությունն ընդունվել է ներպետական դատարանների կողմից: Նախ և առաջ, Լիմասոլի ասիզների դատարանը 1989 թվականի մարտին դիմողին դատապարտելիս կասկածի տակ է դրել Կանոնների` Սահմանադրության իմաստով ունեցած արժեքը և գտել, որ ամեն դեպքում, եթե անգամ դրանք արժեք ունենային, միևնույն է, չէին կարող հաշվի առնվել դիմողի դատապարտման ժամանակ այն նպատակով, որ երեք հաջորդական ցմահ ազատազրկում նշանակելու հնարավորություն տային: Դատարանը գտել է, որ «ցմահ ազատազրկում նշանակում է ազատազրկում մինչև մեղադրյալի կյանքի վերջը»: Սահմանադրությունից ցածր իրավաբանական ուժ ունեցող ենթաօրենսդրական ակտը չէր կարող փոփոխել այս մոտեցումը: 1989 թվականին որևէ բողոք չի ներկայացվել այս պատժի դեմ: Բացի դրանից, Գերագույն դատարանը դիմողի habeas corpus դիմումը քննության առնելիս գտել է, որ այդ ժամանակ գործող Կանոնները չեն փոփոխել այն փաստը, որ օրենքի հիման վրա նշանակվել է մինչև դիմողի կյանքի վերջը տևող ազատազրկում:

133. Կառավարության կարծիքով, Կանոնների իրավական ուժի վերաբերյալ Գերագույն դատարանի մեկնաբանությունը ճիշտ է եղել: Քրեական օրենսգրքի 203 (2)-րդ բաժնի համաձայն` հանցագործության համար պատիժը, Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով, միշտ եղել է պարտադիր ցմահ ազատազրկումը: Օրենքի այն փոփոխությունը, որը պահանջում է, դատապարտյալը կրի իր սկզբնական պատժի ավելի մեծ մասը, քան այն, որը նա պետք է կրեր հանցագործության կատարման պահին գործող օրենքով, չի հանգեցնում 7-րդ հոդվածի խախտման: Ելնելով դատապարտյալի տեսանկյունից` այս դիրքորոշումը, անկասկած, խիստ է: Սակայն սա չի փոխարինում այն փաստը, որ 7-րդ հոդվածի իմաստով «կիրառելի» պատիժը պահպանվում է համապատասխան ներպետական օրենսդրությամբ սահմանված պատժի միջոցով:

134. Եթե դիմողի փաստարկները ճիշտ են, ապա դա նշանակում է, որ ենթաօրենսդրական ակտի՝ հետադարձության կարգով փոփոխությունը կամ, ինչու չէ, Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության վարչական պրակտիկայում կատարված ցանկացած փոփոխություն, որը տեղի է ունեցել այն պահից հետո, երբ դատապարտյալն իրավասու էր ազատ արձակվել բանտից՝ անկախ այն հանգամանքից, թե դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով նշանակված պատիժը եղել է որոշակի, թե՝ անորոշ, անհամապատասխան կլինի Կոնվենցիայի 7-րդ հոդվածին: Դա կհանդիսանա նահանջ Կոնվենցիայի հիման վրա գոյություն ունեցող նախադեպային իրավունքից:

135. Վերոնշյալ բոլոր պատճառներով Կառավարությունը գտնում է, որ չի կարելի ասել, թե Կանոնների վերացումը հանգեցրել ` ցմահ ազատազրկման ժամկետի՝ հետադարձության կարգով ավելացման, որը նշանակել է Լիմասոլի ասիզների դատարանը` դիմողի կողմից սպանությունների կատարման ժամանակ գործող օրենքի հիման վրա:

136. Ի վերջո, Կառավարությունը նշել է, որ եթե Դատարանը եզրահանգի, որ հանցագործության կատարման ժամանակ Կանոնները ներպետական օրենսդրության մեջ կիրառվել են այն առումով, որ սահմանափակեն հանցագործության համար նշանակվող առավելագույն պատժի ժամկետը՝ հասցնելով այն քսան տարվա (տարբերակելու համար ցմահ ազատազրկում պատժատեսակի կիրառման եղանակի կարգավորումից), ապա կստացվի, որ այդ Կանոնների վերացումը հանգեցրել է այդ առավելագույն ժամկետի՝ հետադարձության կարգով ավելացման: Անհրաժեշտ կլինի քննարկել նաև այն հարցը, թե արդյոք Կանոններով նախատեսված առավելագույն պատժաչափը տասնհինգ, թե՝ քսան տարին է: Եթե վերջինս ընդունվի, ապա ստացվում է, որ դիմողն իրավասու չէր 7-րդ հոդվածի հիման վրա ազատ արձակվել մինչև 2007 թվականի հուլիսը: Կանոնների իմաստով` պարզ է դառնում, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձի պատժի առավելագույն ժամկետը քսան տարին է, իսկ ավելի վաղ ազատ արձակման ժամկետը տասնհինգ տարին: Քանի որ պատժի կրման սկզբից հինգ տարի ազատազրկման ժամկետը հանելու պրակտիկան վարչական բնույթ ունի, ուստի ազատ արձակման հնարավոր վաղ ժամկետը որոշելու առումով այս պրակտիկան նախատեսված չէ Կանոններում կամ դրա ընդունման համար հիմք հանդիսացած օրենքում: Նման վարչական պրակտիկան, Կառավարության կարծիքով, չի կարող հանգեցնել դատարանի կողմից նշանակված պատժաչափի առավելագույն տևողության էական սահմանափակման: Կառավարությունը, սակայն, շեշտել է, որ սա ներպետական օրենսդրության ճիշտ մեկնաբանությունը չէ, և որ Գերագույն դատարանի կողմից տրված մեկնաբանությունը պետք է ընդունվի և կիրառվի Դատարանի կողմից:

B. Դատարանի գնահատականը

1. Ընդհանուր սկզբունքներ

137. 7-րդ հոդվածում ամրագրված երաշխիքները, որոնք օրենքի գերակայության էական տարր են հանդիսանում, Կոնվենցիայի պաշտպանության համակարգում կայուն տեղ են զբաղեցնում, դա հատկապես ընդգծվում է այն փաստով, որ Կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն՝ անգամ պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ դրանից որևէ շեղում չի թույլատրվում: Դա, ելնելով վերջինիս առարկայից և նպատակից, պետք է այնպես մեկնաբանվի և կիրառվի, որպեսզի նախատեսի կամայական մեղադրման, դատապարտման և պատժման դեմ ուղղված արդյունավետ երաշխիքներ (տե՜ս S.W. v. the United Kingdom և C.R. v. the United Kingdom, 1995 թվականի նոյեմբերի 22, Series A no. 335‑C, էջեր 41-42, կետ 35, և էջեր 68 և 69, կետ 33 և համապատասխան այլ կետեր):

138. Հետևաբար, այն ընդհանուր առմամբ սահմանում է այն սկզբունքը, որ բացառապես օրենքի հիման վրա կարող է որոշվել հանցագործության առկայությունը և դրա համար պատիժ սահմանվել (nullum crimen, nulla poena sine lege) (տե՜ս Kokkinakis v. Greece, 1993 թվականի մայիսի 25-ի վճիռը, Series A no. 260-A, էջ 22, կետ 52): Որոշակի առումով արգելելով նախատեսված հանցագործությունների սահմանների ընդլայնումն ի հաշիվ այն գործողությունների, որոնք նախկինում հանցագործություն չեն համարվել, այն նաև սահմանում է այն սկզբունքը, որի համաձայն՝ քրեական օրենքը չպետք է ի վնաս մեղադրյալի անընդհատ տարածական մեկնաբանվի, օրինակ՝ մեկնաբանվի անալոգիայի կիրառմամբ (Coսme and Others v. Belgium, գանգատներ թիվ 32492/96, 32547/96, 32548/96, 33209/96 և 33210/96, կետ 145, ECHR 2000-VII, և Achour, տե՜ս վերը` կետ 41):

139. Խոսելով «օրենքի» մասին՝ 7-րդ հոդվածը վկայակոչում է այն նույն հայեցակարգը, որը Կոնվենցիան է վկայակոչում, երբ օգտագործում է այդ հասկացությունը, նշված հայեցակարգը ներառում է ինչպես ստատուտային օրենքը, այնպես էլ նախադեպային իրավունքը (տե՜ս, mutatis mutandis, Sunday Times v. the United Kingdom (no. 1), 1979 թվականի ապրիլի 26-ի վճիռը, Series A no. 30, էջ 30, կետ 47, Kruslin v. France, 1990 թվականի ապրիլի 24-ի վճիռը, Series A no. 176‑A, էջ 21 կետ 29, և Casado Coca v. Spain, 1994 թվականի փետրվարի 24-ի վճիռը, Series A no 285-A, էջ 18, կետ 43): Այս կապակցությամբ Դատարանը միշտ «օրենք» հասկացությունն ընկալել է «նյութաիրավական» և ոչ թե «ֆորմալ» իմաստով: Ուստի այն ներառում է երկուստեք` ստատուտներից և չգրված օրենքից ցածր ուժ ունեցող նորմատիվ ակտերը (տե՜ս, մասնավորապես, mutatis mutandis, the De Wilde, Ooms and Versyp v. Belgium, 1971 թվականի հունիսի 18-ի վճիռը, Series A no. 12, էջ 45, կետ 93): Այսպիսով, «օրենքը» այնպես գործող դրույթն է, ինչպես մեկնաբանվել է իրավասու դատարանների կողմից (տե՜ս, Leyla Şahin v. Turkey [GC], գանգատ թիվ 44774/98, կետ 88, ECHR 2005‑XI):

140. Բացի դրանից, «օրենք» հասկացությունը ներառում է որակական չափանիշներ, ինչպիսիք են հասանելիությունը և կանխատեսելիությունը (ի թիվս այլ աղբյուրների, տե՜ս, Cantoni v. France, 1996 թվականի նոյեմբերի 15-ի վճիռը, Reports 1996-V, էջ 1627, կետ 29; Coսme and Others, տե՜ս վերը` կետ 145, և E.K. v. Turkey, գանգատ թիվ 28496/95, կետ 51, 2002 թվականի փետրվարի 7): Որակական այս պահանջները պետք է ապահովվեն ինչպես հանցագործության, այնպես էլ դրա համար պատժի նշանակման ժամանակ (տե՜ս վերը՝ Achour, կետ 41): Անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման և/կամ անգործության համար (ի թիվս այլ աղբյուրների, տե՜ս վերը՝ Cantoni, էջ 1627, կետ 29): Բացի դրանից, օրենքը կարող է համարվել «կանխատեսելիության» պահանջը բավարարող, եթե տվյալ անձին այդ իրավիճակում ողջամիտ, պատշաճ իրավական խորհրդատվություն է տրամադրվել այն մասին, թե ինչ հետևանքներ կարող է առաջացնել նրա արարքը (ի թիվս այլ աղբյուրների, տե՜ս վերը՝ Cantoni, էջ 1629, կետ 35, և Achour, տե՜ս վերը` կետ 54):

141. Դատարանն իր նախադեպային իրավունքում ընդունել է, որ անկախ այն բանից, թե որքան պարզ է ձևակերպված իրավական դրույթը, այդ թվում՝ քրեական օրենքը, անհրաժեշտ է դատական մեկնաբանության առկայություն: Խնդրահարույց կետերի մեկնաբանության և փոփոխվող հանգամանքներին դրանց համապատասխանեցման անհրաժեշտություն միշտ լինելու է: Դատարանը հարկ է համարում կրկնել` քանի որ որոշակիությունը հատկապես կարևորվում է, այն կարող է չափազանց խիստ պահանջներ ներկայացնել, ուստի օրենքը պետք է կարողանա «խաղաղ գոյատևել» փոփոխվող հանգամանքների հետ: Համապատասխանաբար, բազմաթիվ օրենքներ ավելի կամ պակաս չափով այնպես են ձևակերպված, որ անորոշ են, և որոնց մեկնաբանությունն ու կիրառումը պրակտիկայի խնդիրն են հադիսանում (տե՜ս վերը՝ mutatis mutandis, Sunday Times no. 1, էջ 31, կետ 49, and Kokkinakis, cited above, էջ 19, կետ 40): Գործը քննելու իրավասությունը, որը տրված է դատարաններին, միանշանակ կարող է հանգեցնել նման մեկնաբանական խնդիրների փարատմանը (տե՜՜ս վերը՝ mutatis mutandis, Cantoni): Կոնվենցիայի 7-րդ հոդվածը չի կարող ընկալվել որպես քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթների կապակցությամբ յուրաքանչյուր գործով տրված դատական մեկնաբանության սահմաններից դուրս գտնվող կանոն, «որը ենթադրում է, որ որոշակի հանգամանքներից բխող զարգացումը համապատասխանում է հանցագործության բնույթին և ողջամտորեն կարող է կանխատեսելի լինել» (տե՜ս վերը՝ S.W. v. the United Kingdom, կետ 36, և Streletz, Kessler and Krenz v. Germany [GC], գանգատներ թիվ 34044/96, 35532/97 և 44801/98, կետ 50, ECHR 2001-II):

142. 7-րդ հոդվածում «պատժի» հայեցակարգը, ինչպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասում առկա «քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ» ու «քրեական մեղադրանք» հասկացությունները, որոշակի առումով ինքնավար են: 7-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության արդյունավետության տեսանկյունից, Դատարանը պետք է ազատ լինի իր համար գնահատելու, թե արդյոք այդ միջոցներն այս դրույթի իմաստով, ըստ էության, հանդիսացել են «պատիժ» (տե՜ս Welch v. the United Kingdom, 1995 թվականի փետրվարի 9-ի վճիռը, Series A no. 307‑A, էջ 13, կետ 27, և Jamil v. France, 1995 թվականի հունիսի 8-ի վճիռը, Series A no. 317‑B, էջ 27, կետ 30): Ըստ 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության ձևակերպման պատժի առկայության վերաբերյալ ցանկացած գնահատական տալու ելակետն այն է, թե արդյոք քննարկվող միջոցը նշանակվել է «քրեական մեղադրանքի» համար դատապարտման արդյունքում: Այլ գործոնները, որոնք կարող են հաշվի առնվել այս կապակցությամբ, հանդիսանում են քննարկվող միջոցի բնույթը և նպատակը, դրա որոշումը ներպետական օրենսդրության մեջ, այդ միջոցի ընտրության և նշանակման ընթացակարգերը և դրա խստությունը (տե՜ս վերը՝ Welch, էջ 13, կետ 28, և Jamil, տե՜ս վերը` էջեր 27-28, կետ 31): Այս կապակցությամբ երկուստեք` Հանձնաժողովը և Դատարանն իրենց նախադեպային իրավունքում տարբերակել են այն միջոցները, որոնք ըստ էության ձևավորում են «պատիժը» և այն միջոցները, որոնք վերաբերում են «պատժի» «կրմանը» կամ «կատարմանը»: Հետևաբար, այն դեպքում, երբ միջոցի բնույթը և նպատակը կապված են պատժի մեղմացման կամ վաղակետ ազատման համար ռեժիմի փոփոխության հետ, ապա դա 7-րդ հոդվածի իմաստով չի հանդիսանում «պատժի» մաս (տե՜ս վերը` inter alia, Hogben; Hosein v. the United Kingdom, գանգատ թիվ 26293/95, Հանձնաժողովի 1996 թվականի փետրվարի 28-ի որոշումը, Grava, տե՜ս վերը` կետ 51, և Uttley, տե՜ս վերը): Սակայն պրակտիկայում այս երկուսի տարանջատումը միշտ չէ, որ հստակ է:

2. Սույն գործով վերոնշյալ սկզբունքների կիրառումը

143. Նախ Դատարանը նշում է, որ կողմերը համաձայնել են, որ այն ժամանակ, երբ դիմողը մեղադրվել և դատապարտվել է, սպանությունը Քրեական օրենսգրքի 203 (2)-րդ բաժնի հիման վրա պատժվել է պարտադիր ցմահ ազատազրկմամբ, և որ դիմողը դատապարտվել է այդ դրույթի հիման վրա: Դիմողի դատապարտման և նրա նկատմամբ պատիժ նշանակելու համար իրավական հիմք է հանդիսացել տվյալ ժամանակահատվածում գործող քրեական օրենքը և նրա նկատմամբ նշանակված պատիժը համապատասխանել է Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներով նախատեսված պատժին:

144. Կողմերի փաստարկների էությունը կապված է «ցմահ ազատազրկում» հասկացության իրական իմաստի հետ: Մի կողմից, դիմողը նշել է, որ իր կողմից հանցագործության կատարման ժամանակ ցմահ ազատազրկումը, որը նշանակվել է իր նկատմամբ, հավասարազոր էր քսան տարի ժամկետով ազատազրկման: Բանտային կանոնների հետագա վերացման և 1996 թվականի Նոր բանտային օրենքի հետադարձ կիրառության արդյունքում տեղի է ունեցել իր պատժի ժամկետի անկանխատեսելի երկարացում՝ հասցնելով այն անորոշ ժամկետով, այն է՝ մինչև իր կյանքի վերջը տևող ազատազրկման, և իր ազատազրկման պայմանների փոփոխության: Մյուս կողմից` Կառավարությունը փաստարկել է, որ Քրեական օրենսգրքի 203 (2)-րդ բաժինը դեռևս գործում է, այն հանդիսանում է ներպետական օրենսդրության միակ նյութաիրավական դրույթը, որը սահմանում է, որ սպանության համար դատարանների կողմից պետք է ցմահ ազատազրկման ձևով պատիժ նշանակվի: Այս պատիժը Լիմասոլի ասիզների դատարանի կողմից նշանակվել է դիմողի նկատմամբ: Բանտային կանոնները վերաբերել են դատարանի կողմից նշանակված ցմահ ազատազրկման կատարմանը, մասնավորապես, լավ վարքագծի և ջանասիրության հիմքով նրա պատժի մեղմացման հնարավորության գնահատմանը:

145. Հետևաբար, այն հարցը, որի կապակցությամբ Դատարանը պետք է սույն գործով որոշում կայացնի, վերաբերում է նրան, թե ցմահ ազատազրկում «պատժատեսակը» տվյալ ժամանակահատվածում գործող ներպետական օրենսդրության իմաստով իրականում ինչ հետևանքներ է ունեցել: Մասնավորապես, Դատարանը պետք է համոզվի, թե արդյոք օրենքի տեքստը, այն մեկնաբանող նախադեպային իրավունքի լույսի ներքո քննարկելու դեպքում, բավարարում է, արդյոք, հասանելիության և կանխատեսելիության չափանիշները: Վերոնշյալ համոզմանը հանգելու համար Դատարանը պետք է անդրադառնա ներպետական իրավունքին` որպես ամբողջության, և այն, հարցին, թե ինչպես է այդ իրավունքը կիրառվել տվյալ ժամանակահատվածում:

146. Թեև դիմողի կողմից հանցագործության կատարման ժամանակ Քրեական օրենսգրքով հստակ սահմանված էր, որ սպանությունը հանգեցնում է ցմահ ազատազրկման ձևով պատժի նշանակման, հավասարապես պարզ է, որ այդ ժամանակ երկուստեք` գործադիր և վարչական իշխանություններն աշխատում էին այն նախապայմանից ելնելով, որ այս պատժատեսակը հավասարազոր է քսան տարի ժամկետով ազատազրկման (տե՜ս վերը` կետ 65): Բանտային իշխանությունները կիրառել են Բանտային կարգապահության օրենքի (Cap. 286) հիման վրա ընդունված Բանտային կանոնները, որոնց համաձայն` բոլոր, այդ թվում ցմահ դատապարտյալները լավ վարքագիծ և ջանասիրություն դրսևորելու դեպքում իրենց պատժի մեղմացման իրավունք ունեն: Այս նպատակով, 2-րդ կանոնը ցմահ ազատազրկումը սահմանում է որպես ազատազրկում քսան տարի ժամկետով (տե՜ս վերը` կետ 42): Կառավարությունն ընդունել է, որ սա գործադիր և վարչական իշխանությունների, այդ թվում բանտային ծառայության կողմից ընկալվել է որպես յուրաքանչյուր ցմահ դատապարտյալի նկատմամբ առավելագույնը քսան տարի ժամկետով ազատազրկում սահմանող նորմ (տե՜ս վերը` կետ 65): Բանտային իշխանությունները, հետևաբար, ցմահ դատապարտյալների պատժի մեղմացումը գնահատել են քսան տարի ժամկետով ազատազրկման հիման վրա: Սա ակնհայտ է դառնում նաև տվյալ ժամանակ պաշտոնավարող Հանրապետության Գլխավոր դատախազի կողմից Նախագահին ուղարկված նամակից (տե՜ս վերը` կետ 53):

147. 1988 թվականի փետրվարի 5-ին Նիկոսիայի ասիզների դատարանը, the Republic of Cyprus v. Andreas Costa Aristodemou, alias Yiouroukkis գործով կայացված մեղադրական դատավճռում հստակ նշել է, որ Քրեական օրենսգրքի իմաստով ցմահ ազատազրկումը հանդիսանում է ազատազրկում մինչև դատապարտյալի կենսաբանական կյանքի ավարտը և ոչ թե ազատազրկում քսան տարի ժամկետով: Հետագայում` 1989 թվականի մարտի 10-ին Լիմասոլի ասիզների դատարանը, դիմողի նկատմամբ պատիժ նշանակելիս, հիմք է ընդունել վերոնշյալ գործով Նիկոսիայի ասիզների դատարանի դատողությունները: Համապատասխանաբար, այն դիմողին դատապարտել է «ցմահ ազատազրկման» մինչև նրա կյանքի ավարտը: Չնայած այս հանգամանքին, երբ դիմողն սկսել է կրել իր պատիժը, նրան բանտային իշխանությունների կողմից գրավոր ծանուցում է տրամադրվել, որում նշված է եղել նրան պայմանական ազատ արձակելու ժամկետը, նրա ցմահ ազատազրկման մեղմացումը գնահատվել է այնպես, որ նշանակված պատիժը նվազեցվել է մինչև քսան տարի ժամկետով ազատազրկում: Իրավիճակն այդպիսին չի եղել մինչև 1992 թվականի հոկտեմբերի 9-ը` Hadjisavvas v. the Republic of Cyprus գործի քննությունը (տե՜ս վերը` կետեր 19 և 50), որի արդյունքում Կանոնները Գերագույն դատարանի կողմից հակասահմանադրական և ultra vires են ճանաչվել (տե՜ս վերը` կետեր 50-51): Ի վերջո, 1996 թվականի մայիսի 3-ին դրանք վերացվել են:

148. Վերոգրյալի հիման վրա Դատարանն ընդունում է Կառավարության այն փաստարկը, որ Կանոնների նպատակը վերաբերել է պատժի կատարմանը, պարզ է, որ իրականում տվյալ ժամանակահատվածում այս Կանոնների ընկալումն ու կիրառությունը նշվածից առաջ է անցել: Ցմահ ազատազրկման սահմանների և դրա իրականացման եղանակի տարբերակումը, սակայն, անմիջականորեն տեսանելի չի եղել: Այս կապակցությամբ ներպետական դատարանի կողմից առաջին պարզաբանումը տրվել է Yiouroukkis-ի գործով, որի արդյունքում դիմողը մեղադրվել և դատապարտվել է հանցագործության կատարման համար: Բացի դրանից, Դատարանը նշում է, որ այս երկու` Yiouroukkis-ի և դիմողի գործերով մեղադրանքի կողմը հակված է եղել ցմահ ազատազրկումը դիտել որպես քսան տարի ժամկետով ազատազրկում (տե՜ս վերը` կետեր 47 և 15):

149. Միևնույն ժամանակ, սակայն, Դատարանը չի կարող ընդունել դիմողի փաստարկն այն մասին, որ իր նկատմամբ հետադարձության կարգով ավելի խիստ պատիժ է նշանակվել, քանի որ Քրեական օրենսգրքի նյութաիրավական նորմերի ուսումնասիրությունից չի երևում, որ տվյալ ժամանակահատվածում ցմահ ազատազրկման ձևով պատիժը միանշանակ կարող էր ընկալվել որպես քսան տարի ժամկետով ազատազրկման հանգեցնող պատժատեսակ:

150. Հետևաբար, Դատարանը գտնում է, որ սույն գործով առկա չէ հետադարձության կարգով ավելի խիստ պատիժ նշանակելու որևէ տարր, սակայն առկա է «օրենքի որակի» հարցը: Մասնավորապես, Դատարանը գտնում է, որ դիմողի կողմից հանցանքի կատարման ժամանակ Կիպրոսի համապատասխան օրենսդրությունը` ամբողջությամբ, բավականաչափ հստակ ձևակերպված չի եղել, որպեսզի դիմողը, թեկուզ համապատասխան խորհրդատվության առկայության դեպքում, կարողանար այդ հանգամանքներում ողջամիտ համարվող որոշակի չափով ըմբռնել ցմահ ազատազրկում պատժատեսակի սահմանները և դրա կիրառման եղանակը: Հետևաբար, այս կապակցությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում:

151. Սակայն, ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ բանտային օրենսդրության փոփոխության հետևանքով (տե՜ս վերը` կետ 58) դիմողը, որպես ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող անձ, այլևս իր պատժի մեղմացման իրավունք չի ունեցել, ապա Դատարանը գտնում է, որ այս հարցն առավելապես վերաբերում է պատժի կատարմանը, ի տարբերություն նրա նկատմամբ նշանակված «պատժի», որը մնացել է նույնը, այն է` ցմահ ազատազրկում: Թեև բանտային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և ազատ արձակման պայմանները կարող են հանգեցնել նրան, որ դիմողի պատիժն ավելի խիստ ձևով կիրառվի, սակայն այս փոփոխությունները չեն կարող դիտվել որպես ավելի խիստ «պատիժ» նշանակող, քան այն, որը նշանակվել է գործը քննող դատարանի կողմից (տե՜ս Hogben և Hosein, երկուսն էլ վերևը վկայակոչված են ): Այս կապակցությամբ Դատարանը կրկնում է, որ ազատ արձակման քաղաքականությանը, դրան կիրառման եղանակին և դրան հիմնավորմանը վերաբերող հարցերը գտնվում են Անդամ պետության իրավասության ներքո և կապված են վերջինիս կողմից իր քրեական քաղաքականության սահմանման հետ (տե՜ս վերը` Achour, կետ 44): Հետևաբար, այս առումով Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:

152. Արդյունքում` Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում՝ կապված տվյալ ժամանակ գործող օրենքի որակի հետ: Ապա Դատարանը գտնում է, որ տեղի չի ունեցել սույն դրույթի խախտում այն առումով, այնքանով, որքանով վերաբերում է հետադարձության կարգով ավելի ծանր պատիժ նշանակելու և բանտային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում ցմահ դատապարտյալների պատժի մեղմացման հնարավորությունը բացառելու վերաբերյալ դիմողի գանգատներին:

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

153. Ի վերջո, դիմողը վիճարկել է, որ, ի տարբերություն այլ ցմահ դատապարտյալների և մյուս դատապարտյալների, ինքը խտրական վերաբերմունքի է արժանացել, ինչի արդյունքում տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 7-րդ հոդվածների հետ փոխկապակցված՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում: Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն.

«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:

A. Դատարան ներկայացած անձանց փաստարկները

1. Դիմողը

154. Դիմողը փաստարկել է, որ մյուս ցմահ դատապարտյալների մեծ մասը քսան տարի ժամկետով ազատազրկում կրելուց հետո ազատ է արձակվել: Այս կապակցությամբ նա նշել է, որ թեև այս դատապարտյալներն ազատ են արձակվել Հանրապետության Նախագահի կողմից Սահմանադրության 53 (4)-րդ հոդվածի հիման վրա նրանց պատիժների փոփոխման եղանակով, իրեն անհասկանալի պատճառներով ինքը խտրական վերաբերմունքի է արժանացել և պահվել է բանտում: Բացի դրանից, նա նշել է, որ 1993 թվականին ազատ արձակված ինը ցմահ դատապարտյալներից բացի, ևս չորս ցմահ դատապարտյալներ 53 (4)-րդ հոդվածի հիման վրա ազատ են արձակվել 1997-2005 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Այս խտրականության վերաբերմունքի արդյունքում ինքը Կենտրոնական բանտի ամենաերկար ժամկետով ազատազրկում կրող անձն է դարձել:

155. Ի վերջո, նա փաստարկել է, որը համապատասխան օրենսդրության փոփոխությունից հետո` 1996 թվականի բանտային օրենքի 12 (1)-րդ բաժնի հիման վրա, ինքը, որպես ցմահ դատապարտյալ, զրկվել է իր պատժի մեղմացման որևէ հնարավորությունից:

2. Կառավարությունը

156. Կառավարությունն ընդունել է, որ դիմողի նկատմամբ վերաբերմունքը տարբերվել է ինը ցմահ դատապարտյալների նկատմամբ վերաբերմունքից, ովքեր 1993 թվականին ազատ են արձակվել Հանրապետության Նախագահի կողմից Սահմանադրության 53(4)-րդ հոդվածի հիման վրա նրանց պատիժների փոփոխման միջոցով: Սակայն այն փաստարկել է, որ վերաբերմունքի առումով առկա այս տարբերությունը չի հակասել Կոնվենցիայի 14-րդ հոդվածին: Մասնավորապես, դիմողի նկատմամբ վերաբերմունքը` մնացած ինը ցմահ դատապարտյալների նկատմամբ վերաբերմունքի համեմատ տարբեր է եղել ոչ թե «անձնական հատկանիշների», այլ նրան դատապարտելու վերաբերյալ Ասիզների դատարանի դատավճռի բնույթի պատճառով: Ասիզների դատարանն ուղղակիորեն ճիշտ մեկնաբանություն է տվել ցմահ ազատազրկմանը և այն հարցին, թե արդյոք Կանոնները հակասահմանադրական են եղել: Մյուս բոլոր ինը դատապարտյալները դատապարտվել են նախքան Yiouroukkis-ի գործով դատավճռի կայացումը, որում առաջին անգամ բարձրացվել են ցմահ ազատազրկման մեկնաբանության և Կանոնների նշանակության հարցերը: Գլխավոր դատախազի կողմից Նախագահին ուղարկված նամակներից պարզ է դառնում, որ ինը դատապարտյալներն ազատ են արձակվել այն հիմքով, որ նրանց տեղեկացվել է, որ իրենց պատժի չափը քսան տարի է: Ի տարբերություն դիմողի գործի, այս մոտեցումը նախկինում դատավճիռ կայացրած դատարանների նշումներում չի եղել:

157. Բացի դրանից, բոլոր ինը դատապարտյալների պատժի ժամկետը, որը նրանք Կանոնների հիման վրա պետք է կրեին, գրեթե ավարտվում էր, երբ Գերագույն դատարանը Hadjisavvas-ի գործով դատավճիռ է կայացրել: Ի տարբերություն դիմողի, նրանք բոլորը Կանոնների հիման վրա ենթակա են եղել ազատ արձակման մինչև 1993 կամ 1994 թվականը, քանի որ կրել են իրենց պատիժների գրեթե ամբողջ ժամկետը՝ հստակ գիտակցելով, որ Կանոնների հիման վրա ինքնաբերաբար ազատ են արձակվելու: Այդ հանգամանքներում Նախագահը, գործելով Գլխավոր դատախազի առաջարկի հիման վրա, որոշել է, որ մարդասիրության նկատառումներից ելնելով անհրաժեշտ է, որպեսզի ինը դատապարտյալները Սահմանադրության 53 (4)-րդ հոդվածի ուժով վաղակետ ազատ արձակվեն: Այս մոտեցումն առկա չի եղել դիմողի գործով: Հետևաբար, Կառավարությունը գտել է, որ դիմողին ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրելուն պարտադրելու միջոցով (որն իրականացվել է Կանոնների ազդեցությունից անկախ) նրա նկատմամբ վերաբերմունքը տարբերվել է մնացած ինը ցմահ դատապարտյալների նկատմամբ վերաբերմունքից, դիմողին՝ Քրեական օրենսգրքի հիման վրա ներպետական դատարանների կողմից նշանակված պատժի լրիվ ժամկետը կրելուն պարտավորեցնելն ուղղված է եղել պատժի օրինական նպատակների իրականացման ապահովմանը: Այս կապակցությամբ Կառավարությունը նշել է, որ ցմահ դատապարտյալ պրն Իուրուկիսի նկատմամբ վերաբերմունքը նույն պատճառներով ճիշտ այնպիսին է եղել, ինչպիսին սույն գործով դիմողի նկատմամբ վերաբերմունքն է: Ուստի նա դեռևս ցմահ ազատազրկման ձևով իր պատիժն է կրում:

158. Ի վերջո, Կառավարությունը նշել է, որ մինչև 1993 թվականը միայն երկու ցմահ դատապարտյալներ են Սահմանադրության 53 (4)-րդ հոդվածի հիման վրա ազատ արձակվել և ոչ թե չորս դատապարտյալ, ինչպես նշել է դիմողը: Երկու այլ գործերը, որոնք դիմողը վկայակոչել է, ցմահ դատապարտյալների չեն վերաբերել:

B. Դատարանի գնահատականը

1. Ընդհանուր սկզբունքներ

159. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածը ինքնուրույն գոյություն ունենալ չի կարող, քանի որ այն գործում է միայն այն իրավունքների և ազատությունների կապակցությամբ, որոնք երաշխավորված են Կոնվենցիայի կամ դրա Արձանագրությունների այլ նյութաիրավական դրույթներով: Սակայն 14-րդ հոդվածի կիրառությունը չի ենթադրում, որ առկա է նման մեկ կամ մի քանի դրույթների խախտում, և այս առումով այն ինքնուրույն է (տե՜ս, օրինակ, Thlimmenos v. Greece [GC], գանգատ թիվ 34369/97, կետ 40, ECHR 2000‑IV): Այն միջոցը, որն ինքնին համապատասխանում է քննարկվող իրավունքներն ու ազատություններն ամրագրող հոդվածին, սույն հոդվածի խախտում կարող է առաջացնել այն դեպքում, երբ 14-րդ հոդվածի հետ փոխկապակցված վերլուծության արդյունքում պարզվում է, որ այն խտրական բնույթ ունի (տե՜ս, օրինակ, Belgian linguistic case (փաստերը), 1968 թվականի հուլիսի 23-ի վճիռը, Series A no. 6, էջեր 33-34, կետ 9): Համապատասխանաբար, 14-րդ հոդվածը կիրառելի դառնալու համար բավարար է, որպեսզի գործի հանգամանքները տեղավորվեն Կոնվենցիայի կամ դրա Արձանագրությունների մեկ այլ նյութաիրավական դրույթի շրջանակներում (օրինակ, տե՜ս վերը՝ Thlimmenos, կետ 40, և Karlheinz Schmidt v. Germany, 1994 թվականի հուլիսի 18-ի վճիռը, Series A no. 291‑B, էջ 32, կետ 22):

160. Բացի դրանից, Դատարանը նշում է, որ 14-րդ հոդվածը Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների իրացման ժամանակ դրսևորված վերաբերմունքի ցանկացած տարբերություն չէ, որ արգելվում է: Այն երաշխավորում է, որպեսզի նույն կամ համեմատաբար նման իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի մեջ խտրական տարբերություն չդրվի, եթե այդ վերաբերմունքը նրանց նկատմամբ պետք է դրսևորվի այն անձնական հատկանիշների («կարգավիճակի») պատճառով և հիման վրա, որի միջոցով անձինք կամ անձանց խմբերը տարբերվում են միմյանցից (տե՜ս Kjeldsen, Busk Madsen and Pedersen v. Denmark, 1976 թվականի դեկտեմբերի 7-ի վճիռը, Series A no. 23, էջ 56 և Thlimmenos v. Greece, տե՜ս վերը` կետեր 40-49):

161. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ վերաբերմունքի մեջ առկա տարբերությունը Կոնվենցիայի 14-րդ հոդվածի իմաստով խտրական է, եթե այն «օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում չունի»: Այլ կերպ ասած, խտրականության հասկացությունը սովորաբար ներառում է այն դեպքերը, երբ անձի կամ անձանց խմբի նկատմամբ վերաբերմունքը, առանց պատշաճ հիմքի, նվազ բարենպաստ է, քան այլ անձանց կամ խմբի նկատմամբ վերաբերմունքը, եթե անգամ առավել բարենպաստ վերաբերմունք պայմանավորված չէ Կոնվենցիայի պահանջներով (տե՜ս Abdulaziz, Cabales and Balkandali v. the United Kingdom, 1985 թվականի մայիսի 28-ի վճիռը, Series A no. 94, էջ 39, կետ 82): 14-րդ հոդվածը չի արգելում տարբերվող վերաբերմունքի դրսևորումն այն հիմքերով, որոնք հանդիսանում են ըստ էության տարբեր փաստական հանգամանքների օբյեկտիվ գնահատման արդյունք և որոնք, հիմնած լինելով հանրային շահի վրա, արդարացի հավասարակշռություն են պահպանում հասարակության շահերի պաշտպանության և Կոնվենցիայով նախատեսված իրավունքների ու ազատությունների պահպանության միջև (ի թիվս այլ աղբյուրների, տե՜ս, G.M.B. and K.M. v. Switzerland (dec.), գանգատ թիվ 36797/97, 2001 թվականի սեպտեմբերի 27): Մասնակից պետություններն օժտված են որոշակի հայեցողությամբ՝ կապված այն հարցի գնահատման հետ, թե արդյոք որևէ կերպ նման իրավիճակն արդարացնում է վերաբերմունքի մեջ առկա տարբերությունները, եթե` այո, ապա ինչ չափով (տե՜ս Gaygusuz v. Austria, 1996 թվականի սեպտեմբերի 16-ի վճիռը, Reports 1996-IV, էջ 1142, կետ 42): Հայեցողության սահմանները կարող են փոփոխվել՝ կախված հանգամանքներից, քննարկման առարկա հարցից և դրա նախապատմությունից (տե՜ս Rasmussen v. Denmark, 1984 թվականի նոյեմբերի 28-ի վճիռը, Series A no. 87, էջ 15, կետ 40, և Inze v. Austria, 1987 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, Series A no. 126, էջ 18, կետ 41), սակայն Կոնվենցիայի պահանջների պահպանման վերաբերյալ վերջնական որոշումը կախված է Դատարանից (տե՜ս Willis v. the United Kingdom, գանգատ թիվ 36042/97, կետ 39, ECHR 2002-IV):

2. Սույն գործով վերոնշյալ սկզբունքների կիրառումը

162. Սույն գործով Դատարանը նշում է, որ դիմողի կողմից փաստարկված խտրական վերաբերմունքն ընկած է, առաջին հերթին, դիմողի և մինչև 1993 թվականն ազատ արձակված այլ ցմահ դատապարտյալների միջև առկա տարբերության մեջ, ապա դիմողի՝ որպես ցմահ դատապարտյալի, և այլ դատապարտյալների միջև 1996 թվականի բանտային օրենքի 12 (1)-րդ հոդվածի իմաստով առկա տարբերության մեջ:

163. Ինչ վերաբերում է դիմողի առաջին գանգատին, ապա Դատարանը գտնում է, որ վերոնշյալ բոլոր ցմահ դատապարտյալներն էլ ազատ են արձակվել Հանրապետության Նախագահի կողմից Սահմանադրության 53 (4)-րդ հոդվածով նախատեսված իր լայն լիազորության և հայեցողական իրավազորության իրականացման շնորհիվ իրենց պատժի փոփոխման և մեղմացման արդյունքում, որը կիրառվել է կոնկրետ գործով: Մասնավորապես, ինը ցմահ դատապարտյալները, ովքեր դիմողի նման ցմահ ազատազրկման են դատապարտվել Բանտային կանոնների գործողության ժամանակ, և ովքեր բանտային իշխանութունների կողմից տեղեկացվել են իրենց ազատ արձակվելու ժամկետի մասին, ազատ են արձակվել ոչ թե Կանոնների կամ դատապարտման որոշման հիման վրա, այլ Նախագահի կողմից իր սահմանադրական հայեցողական իրավազորության իրականացման արդյունքում: Բացի դրանից, ինչպես Կառավարությունն է նշել, դիմողի գործով Լիմասոլի ասիզների դատարանն ուղղակիորեն տվել է ցմահ ազատազրկման ճիշտ մեկնաբանությունը և դիմողի նկատմամբ մինչև նրա կյանքի վերջը տևող ազատազրկման ձևով պատիժ է նշանակել:

164. Վերոգրյալի հիման վրա և չմոռանալով Նախագահի կողմից իր հայեցողական լիազորությունների իրականացման ժամանակ հաշվի առնվող բազմաթիվ հանգամանքների մասին, ինչպիսիք են հանցագործության բնույթը և քրեական արդարադատության համակարգի նկատմամբ հանրության վստահությունը (տե՜ս վերը՝ կետ 87), չի կարելի ասել, որ այս հայեցողության իրականացումը 14-րդ հոդվածի իմաստով խնդիրներ է առաջացնում:

165. Դիմողի երկրորդ գանգատի կապակցությամբ Դատարանը գտնում է, որ ելնելով ցմահ ազատազրկման բնույթից՝ դիմողը չի կարող պնդել, որ ցմահ ազատազրկման ձևով պատիժ չկրող մյուս անձանց հետ գտնվել է նույն կամ համեմատաբար նման վիճակում:

166. Դատարանը, հետևաբար, եզրակացնում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 7-րդ հոդվածների հետ փոխկապակցված՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում:

VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

167. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է, որ.

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

A. Վնասը

168. Դիմողը նյութական վնասի փոխհատուցում չի պահանջել: Նա փաստարկել է, որ իր գանգատների կապակցությամբ խախտում արձանագրելը և դրանից հետո իրեն բանտից ազատելը պատշաճ բավարարում կլինի: Բացի դրանից, թեև դիմողը խնդրել է իրեն ոչ նյութական վնասի փոխհատուցում տրամադրել, նա որոշակի գումար չի նշել և այդ հարցը թողել է Դատարանի հայեցողությանը: Այս կապակցությամբ նա փաստարկել է, որ լուրջ հոգեկան տառապանքի է ենթարկվել և անորոշության, վախի ու տանջանքի զգացումներ է ունեցել՝ կապված սխալի հետևանքով իր ազատազրկման շարունակման և բանտում մեռնելու հեռանկարի հետ: Դիմողը Դատարանին խնդրել է այս կետի հիման վրա տրամադրվող գումարի չափը որոշելիս inter alia հիշել ազատ արձակվելու ողջամիտ ակնկալիքների մասին, որոնք բխել են բանտային իշխանությունների կողմից իրեն տրված ծանուցումից, իր կողմից որևէ սխալ թույլ տրված չլինելու պայմաններում իր պատժի չափի ավելացման, ինչպես նաև այն փաստի մասին, որ իր կրած ապրումները հավասարազոր են եղել «մահապարտների խցում» գտնվող անձի ապրումներին:

169. Կառավարությունը փաստարկել է, որ եթե Դատարանը գտներ, որ դիմողի առաջին բողոքի կապակցությամբ առկա է 3-րդ հոդվածի խախտում, ապա նման խախտման արձանագրումն արդարացի փոխհատուցում կհանդիսանար: Այս կապակցությամբ Կառավարությունը շեշտել է, որ եթե անգամ ներպետական օրենսդրությունը տարբեր է եղել, օրինակ, եթե դիմողի ազատ արձակման հնարավորությունը պետք է որոշվեր Պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով անկախ հանձնաժողովի կողմից, դրանից չի հետևում, որ նման ընթացակարգերի առկայությունը տվյալ ժամանակ անխուսափելիորեն հանգեցնելու էր դիմողի ազատ արձակմանը: Եթե Դատարանը գտներ, որ դիմողի բողոքներից որևէ մեկի կապակցությամբ առկա է Կոնվենցիայի խախտում, Կառավարությունը կընդուներ, որ հիմնվելով Դատարանի դատողությունների հստակության վրա` դիմողին որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում պետք է տրամադրվի այն գումարը, որը, հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները, և հավասար հիմքերով որոշում կայացնելով՝ Դատարանը կսահմաներ:

170. Հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները՝ Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտման փաստի արձանագրումն ինքնին դիմողի կրած ոչ նյութական վնասի բավարար, արդարացի փոխհատուցում է հանդիսանում:

B. Ծախսերը և ծախքերը

171. Դիմողը պահանջել է 7,645.25 CYP գումար՝ ներառյալ ԱԱՀ-ի 15%-ը, որպես ներպետական ատյաններում իր habeas corpus դիմումի քննության ծախսերի և ծախքերի փոխհատուցում: Նա նաև պահանջել է 20,933.35 CYP գումար՝ ներառյալ ԱԱՀ-ի 15%-ը, որպես Դատարանում կրած ծախսերի և ծախքերի փոխհատուցում: Ընդհանուր առմամբ՝ 715 եվրո (EUR) է շնորհվել Եվրոպայի խորհրդի կողմից՝ որպես Պալատում քննության ժամանակ տրամադրված իրավական օգնության փոխհատուցում: Նա ներկայացրել է կտրոններ, որոնցում ամրագրված է կատարված աշխատանքի հատ-հատ թվարկումը:

172. Ներպետական վարույթներին վերաբերող նրա պահանջը ներառում էր ընդհանուր առմամբ հիսունմեկ ժամ աշխատանքի համար փաստաբանի վարձատրությունը, որը հաշվարկվել է ժամը 125 CYP, և առձեռն վճարված գումարները, որոնք առավելապես ներառում են հաղորդակցության ծախսերը:

173. Ծախսերի ու ծախքերի փոխհատուցման վերաբերյալ նրա պահանջը բաղկացած է հետևյալ մասերից.

(a) 8,075 CYP գումար՝ ներառյալ ԱԱՀ-ն, այն ծախսերի ու ծախքերի համար, որոնք վերաբերում են իր փաստաբանի կողմից Պալատում և Մեծ պալատում կատարված աշխատանքի, ինչպես նաև տեսակցությունների ու հաղորդակցության համար: Վերոնշյալ գումարը պահանջվել է ընդհանուր առմամբ հիսունվեց ժամ աշխատանքի համար, որոնցից տասներեք ժամը հաշվարկվել է 125 CYP` մեկ ժամի դիմաց, իսկ մնացած ժամերը՝ 150 CYP` մեկ ժամի դիմաց.

(b) 468 CYP 468 գումար՝ ներառյալ ԱԱՀ-ն, առձեռն վճարված գումարների համար, որոնք առավելապես ներառում են հաղորդակցության ծախսերը (ֆաքս, հեռախոս, նամակագրություն), պատճենահանման ծախսերը և սույն գործով բարձրացված հարցի վերաբերյալ գրքերի վրա ծախսված գումարները.

(c) 9,150 CYP գումար՝ ներառյալ ԱԱՀ-ն, իր փաստաբանի կողմից Մեծ պալատում նախապատրաստված աշխատանքի և Մեծ պալատում իր ներկայացուցիչների մասնակցության համար կատարված ծախսերն ու հոնորարները, և

(d) 863 CYP գումար՝ ներառյալ ԱԱՀ-ն, Մեծ պալատում կայացած լսումից հետո 2007 թվականի հունվարի 23-ին Կառավարության ներկայացրած մեկնաբանություններին պատասխանելու կապակցությամբ իր փաստաբանի կատարած նախապատրաստական աշխատանքների հոնորարները և ծախսերը:

174. Կառավարությունը հարցի լուծումը թողել է Դատարանի հայեցողությանը:

175. Ներպետական դատարաններում իրականացված վարույթի կապակցությամբ Դատարանը կրկնում է, որ եթե գտներ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի խախտում, ապա կարող էր դիմողին տրամադրել ներպետական դատարաններում «խախտման կանխարգելման կամ փոխհատուցման» համար իրականացված վարույթից բխող ծախսերի ու ծախքերի գումարը (տե՜ս, օրինակ, Hertel v. Switzerland, 1998 թվականի օգոստոսի 25-ի վճիռը, Reports 1998-VI, էջ 2334, կետ 63, և Carabasse v. France, գանգատ թիվ 59765/00, կետ 68, 2005 թվականի հունվարի 18): Քանի որ Գերագույն դատարանում դիմողի գործի քննությունն ըստ էության նպատակ է ունեցել իրավական օգնության միջոց տրամադրել հետագայում Դատարանում վկայակոչված՝ Կոնվենցիայի խախտումների համար, ուստի սույն գործով ներպետական այս ընթացակարգերի համար ծախսված գումարները կարող են հաշվի առնվել ծախսերի վերաբերյալ հայցի գնահատման ժամանակ:

176. Ինչ վերաբերում է Ստրասբուրգի վարույթից բխող ծախսերին ու ծախքերին, ապա Դատարանը կրկնում է, որ սահմանված իր նախադեպային իրավունքի համաձայն՝ 41-րդ հոդվածի իմաստով ծախսերն ու ծախքերը չեն կարող փոխհատուցվել, եթե չի հիմնավորվում, որ դրանք եղել են իրական ու անհրաժեշտ և ողջամիտ իրենց չափի առումով: Բացի դրանից, իրավական ծախսերը փոխհատուցվում են միայն այն դեպքում, երբ դրանք կապված են արձանագրված խախտման հետ (տե՜ս, օրինակ, Iatridis v. Greece (արդարացի փոխհատուցում) [GC], գանգատ թիվ 31107/96, կետ 54, ECHR 2000-XI, Beyeler v. Italy (արդարացի փոխհատուցում) [GC], գանգատ թիվ 33202/96, կետ 27, 2002 թվականի մայիսի 28, և Sahin v. Germany [GC], գանգատ թիվ 30943/96, կետ 105, ECHR 2003‑VIII):

177. Դատարանը գտել է, որ առկա է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում: Բացի դրանից, Դատարանը նշել է, որ Մեծ պալատի առջև բարձրացված հարցերը ծավալուն ու բարդ են եղել, ուստի սույն գործի քննությանը նախապատրաստվելը լուրջ աշխատանք է հանդիսացել:

178. Այնուամենայիվ, Դատարանը գտնում է, որ հոնորարների համար պահանջված ընդհանուր գումարը չափազանց մեծ է:

179. Հաշվի առնելով սույն գործի հանգամանքները՝ Դատարանը ներպետական և կոնվենցիոն վարույթների ընթացքում կրած բոլոր ծախսերի համար դիմողին տրամադրում է ընդհանուր առմամբ 16,000.16 EUR, հանած այն գումարը, որն արդեն սույն կետի հիման վրա նա ստացել է իրավական օգնության համար (2535.16 EUR), արդյունքում` ընդհանուր գումարը կազմում է 13,465 EUR, ներառյալ այն բոլոր հարկերը, որոնք կարող են գանձվել:

C. Տուգանային տոկոսները

180. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:

ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԴԱՏԱՐԱՆԸ

1. Տասը ձայնով` ընդդեմ յոթի, վճռում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում.

2. Տասնվեց ձայնով` ընդդեմ մեկի, վճռում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտում.

3. Միաձայն վճռում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ներկայացված բողոքն իր քննության սահմաններից դուրս է.

4. Վճռում է

(a) տասնհինգ ձայնով ընդդեմ երկուսի, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում՝ կապված տվյալ ժամանակ գործող օրենքի որակի հետ.

(b) տասնվեց ձայնով ընդդեմ մեկի, որ տեղի չի ունեցել սույն դրույթի խախտում այն առումով, այնքանով, որքանով վերաբերում է հետադարձության կարգով ավելի ծանր պատիժ նշանակելու և բանտային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում ցմահ դատապարտյալների պատժի մեղմացման հնարավորությունը բացառելու վերաբերյալ դիմողի գանգատներին.

5. Տասնվեց ձայնով ընդդեմ մեկի, վճռում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում.

6. Միաձայն վճռում է, որ խախտման արձանագրումն ինքնին բավարար արդարացի փոխհատուցում է դիմողի կրած ոչ նյութական վնասի համար.

7. Միաձայն վճռում է

(a) որ պատասխանող պետությունը պետք է դիմողին վճարի 13,465 EUR (տասներեք հազար չորս հարյուր վաթսունհինգ եվրո)՝ որպես կատարված ծախսերի ու ծախքերի փոխհատուցում, հավելած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել.

(b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին՝ հավելած երեք տոկոս.

8. Միաձայն մերժում է արդարացի բավարարման հետ կապված դիմողի պահանջի մնացած մասը:

Կատարվել է անգլերենով ու ֆրանսերենով և Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն դռնբաց նիստում հրապարակվել է 2008 թվականի փետրվարի 12-ին, Ստրասբուրգի Մարդու իրավունքների կառույցում:

Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի կանոնների 74-րդ կանոնի 2-րդ մասի հիման վրա հետևյալ հատուկ կարծիքները կցվում են սույն վճռին.

(a) Դատավոր Բրաթզայի հատուկ կարծիքը.

(b) Դատավորներ Թուլկենսի, Կաբրալ Բարետոյի, Ֆուրա-Սանդսթրոմի, Սպիելմանի և Ջեբենսի մասնակի հատուկ կարծիքը.

(c) Դատավոր Լուկաիդեսի մասնակի հատուկ կարծիքը, որին միացել է դատավոր Ջոսիենը.

(d) Դատավոր Բորեգո Բորեգոյի մասնակի հատուկ կարծիքը:

ԴԱՏԱՎՈՐ ԲՐԱԹԶԱՅԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ

Ես համաձայն եմ գործի բոլոր հանգամանքների վերաբերյալ Մեծ պալատի կողմից տրված եզրակացություններին և միայն կհավելեմ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ իմ անձնական նկատառումները` հաշվի առնելով վերջինիս կարևորությունը:

Ես գտնում եմ, որ եկել է ժամանակը, երբ Դատարանը հստակ սահմանի, որ նույնիսկ չափահաս անձին անհաղթահարելի ցմահ բանտարկության դատապարտելն ըստ էության հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին: Դատարանը նախկինում մեկնաբանել է, թե ինչ պետք է հասկանալ «անհաղթահարելի» եզրույթի ներքո, որի համաձայն այս եզրույթը պետք է հասկանալ որպես հանցանքի մեջ մեղադրված անձին ազատ արձակվելու «հնարավորություն», «հույս» կամ «հեռանկար» չընձեռել: Ինչպես երևում է Դատարանի որոշումներից, ցմահ ազատազրկման դատավճիռը «անհաղթահարելի» է դառնում, քանի որ սահմանափակում է վաղաժամկետ ազատազրկման հնարավորությունը կամ էլ հաստատում, որ պատիժը պետք է ամբողջությամբ ի կատար ածվի:

Նկատի ունենալով Կիպրոսում գործող օրենսդրությամբ սահմանված լիազորությունները և սույն գործով շարադրված դատողությունները` ինչպես որ Դատարանի մեծամասնությունը, ես նույնպես չեմ կարող միանշանակ ասել, թե արդյոք դիմողն ազատ արձակվելու «հույս» կամ «հեռանկար» ուներ այն պայմաններում, երբ ցմահ ազատազրկումը կարող էր կասեցվել կամ փոփոխվել կամ դատապարտված անձը կարող էր վաղաժամկետ ազատ արձակվել:

Միանշանակ է այն, որ համաձայն 1996թ. Բանտային օրենսգրքում կատարված փոփոխությունների, արգելքի, այդ թվում նաև դատապարտված անձանց վաղաժամկետ ազատ արձակելու իրավունք ունի Հանրապետության Նախագահը, ով հիմք է ընդունում Գլխավոր դատախազի հանձնարարականը կամ համաձայնությունը, ինչպես նաև այն, որ այս ընթացակարգը դեռևս դատական կամ այլ անկախ մարմնի կողմից վերանայման ենթակա չէ: Միանշանակ է նաև այն, որ չկա որևէ դատավարական երաշխիք նշված ընթացակարգի համար. մասնավորապես, բացակայում են այն չափորոշիչները, որոնց հիման վրա Գլխավոր դատախազը ներկայացնում էր միջնորդություն վաղաժամկետ ազատ արձակման մասին կամ մերժում է դա:

Սակայն ես չեմ գտնում, որ այս ընթացակարգի բողոքարկման կամ դատավարական երաշխիքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ նախկինում վաղաժամկետ ազատ արձակման իրավասությունը վերապահված էր դատարանին, կարելի է ասել վնասում են դիմողին որպես ցմահ ազատազրկված անձի` զրկելով նրան հետագայում ազատ արձակվելու «հույսից» և «հեռանկարից»: Կատարելով կիպրոսյան այս ընթացակարգի գործնական ուսումնասիրություն (տե՜ս վճռի 52-րդ կետը), արտահայտելով, թերևս, Դատարանի փոքրամասնության կարծիքը, գտնում եմ, որ այն պայմաններում, երբ բացակայում են ինքնուրույն դատավարական երաշխիքները, դիմողի` պատժից վաղաժամկետ ազատումը դառնում է «անիրական և աննյութական» և հանգեցնում է վերջինիս նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման` ենթարկելով նրան անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող պատժի:

Մյուս կողմից` գործադիր իշխանության կողմից ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ազատ արձակելու որոշման բողոքարկման և հատուկ դատավարական երաշխիքների բացակայությունն ինքնին առաջ չի բերում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, սակայն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ «յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե այդ կալանավորումն անօրինական է»:

Սթաֆորդի վճռում (Ստաֆորդն ընդդեմ Միացյալ Թագավորության (Stafford v. the United Kingdom [GC]) թիվ 46215/99 2002թ. մայիսի 28-ի որոշում), Դատարանն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձին սահմանված ժամկետը լրանալուց հետո հարկադրաբար լրացուցիչ անազատության մեջ են պահել մինչև, այսպես կոչված, «սակագնային» ժամանակահատվածի լրանալը, որը համարվում է ցմահ ազատազրկում պատժատեսակի բաղկացուցիչ մասը: Դատարանը նշում, որ այս «սակագնի» տևողությունը կախված է կատարված հանցանքի բնույթից և վտանգավորության աստիճանից: Դատարանը նշում է, որ ժամանակի ընթացքում փոփոխվում են արդարադատության առջև դրված խնդիրները, առաջանում է անկախ և անկողմնակալ մարմին ստեղծելու անհրաժեշտություն, որն ի զորու կլինի իրականացնել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պահանջներից այնպիսիք, ինչպիսին է, օրինակ, բանավոր քննության հնարավորությունը (տե՜ս 87-90-րդ կետերը):

Դատարանի կողմից քննության առնված այս համակարգն առկա չէ Կիպրոսի դատական համակարգում, մասնավորապես, այստեղ բացակայում է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ «սակագնային» ժամանակահատվածի նշանակումը, հատկապես նախասակագնային և հետագա սակագնային ժամանակահատվածների բաժանումը ցմահ ազատազրկման դեպքում: Սակայն նույնիսկ սակագնային համակարգի բացակայության պայմաններում ևս, ինձ թվում է, որ Սթաֆորդի գործով քննարկված դատական համակարգն իր բույթով նմանվում է Կիպրոսում առկա համակարգին, որի շրջանակներում գործում է վաղաժամկետ ազատ արձակման հարցերով մասնագիտացված մարմին, որը նաև զբաղվում է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարցերով: Իմ կարծիքով, սակայն, ազատազրկման և հատկապես ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վաղաժամկետ ազատ արձակելու հարցին պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի` հաշվի առնելով հանցագործի անձը և նրա հանրային վտանգավորության աստիճանը, և այս հարցով չպետք է զբաղվի գործադիր իշխանության մարմինը:

Ի վերջո, թեև սույն գործի համար սա անհրաժեշտ չէ, սակայն պետք է պարզել` արդյոք անկախ մարմնի կողմից այս հարցի քննարկումը կնպաստեր Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված` դիմողի իրավունքների իրականացման ձգձգումների վերացմանը և լրացուցիչ երաշխիքների առաջացմանը, սակայն այս հարցը Դատարանում քննության չի առնվել:

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԹՈՒԼԿԵՆՍԻ, ԿԱԲՐԱԼ ԲԱՐԵՏՈՅԻ, ՖՈՒՐԱ - ՍԱՆԴՍԹՐՈՄԻ, ՍՊԻԵԼՄԱՆԻ և ՋԵԲԵՆՍԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ

Մենք չենք կիսում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ մեծամասնության արտահայտած կարծիքը և ցանկանում ենք /շարադրել դրա պատճառները: Սույն գործում առկա խնդիրը կայանում է հետևյալում` ցմահ ազատազրկումը և անհաղթահարելի պատիժը համատեղելի են արդյոք, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ: Սույն խնդիրն առկա է եվրոպական շատ երկրներում` ներառյալ նաև այն, որ անձանց դատապարտում են ազատազրկման շատ երկար ժամանակահատվածով:

1. Նախ մենք պետք է կրկնենք Սելմոունին ընդդեմ Ֆրանսիայի (Selmouni v. France)( թիվ 25803/94, կետ 101 ECHR 1999-V) գործով Դատարանի կողմից տրված հստակ դիրքորոշումը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, ինչպես նաև Կոնվենցիայի հիմնական կառուցվածքային դրույթների մասին. «...մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության բնագավառում անհրաժեշտություն է առաջանում ավելի ու ավելի բարձր չափանիշներ ապահովել և համապատասխանաբար ավելի խիստ լինել ժողովրդավարական հասարակությունում Կոնվենցիայի հիմնարար արժեքների խախտումները գնահատելիս»:

2. Ինչպես մեծամասնությունն արդարացիորեն նկատել է` առաջին հերթին պետք է սահմանել, թե դիմողի նկատմամբ կիրառված ցմահ ազատազրկումն արդյոք խաթարել է նրա մոտ ազատ արձակվելու հեռանկար ունենալու հույսը (տե՜ս վճռի 100-րդ կետը) և որոշել անձի կյանքի մնացյալ մասն ազատազրկման մեջ պահելու համարժեքության հարցը (տե՜ս կետ 102):

Կիպրոսի ներպետական օրենսդրության համաձայն` դատապարտված անձանց վաղաժամկետ ազատ արձակելու իրավունք ունի Հանրապետության Նախագահը, ով հիմք է ընդունում Գլխավոր դատախազի հանձնարարականը կամ համաձայնությունը (Սահմանադրության 53-րդ հոդվածի 4-րդ կետ): Ավելին, 1996թ. մայիսի 3-ին ընդունված Բանտային օրենսգրքի 14-րդ բաժինը (որը վերափոխվել է 12(I)/97 օրենքի) Նախագահին ընձեռել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու լիազորության: Հետևաբար, թեև ցմահ ազատազրկման դատապարտված անձը տեսականորեն ազատ արձակվելու հեռանկար ունի, սակայն գործնականում այն սահմանափակված է: Արդարացի է, որ միայն այն փաստը, որը սահմանափակվում է ազատ արձակվելու հեռանկարը, ինքնին Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում չէ (տե՜ս Էյնհորնն ընդդեմ Ֆրանսիայի (Einhorn v. France) վճիռը թիվ 71555/01, կետեր 27 և 28 ECHR 2001-XI): Ինչևէ, ազատ արձակվելու հեռանկարը թեկուզ de facto պետք է գոյություն ունենա` չխորացնելու համար ցմահ ազատազրկման դատապարտված անձի մոտ կսկիծը և անորոշությունը: «De facto» մենք նկատի ունենք հենց ազատ արձակվելու իրական հնարավորությունը: Պարզ է, որ այս դեպքում դա ակնհայտորեն չի իրականացվում:

3. Այս կապակցությամբ պետք է նշել, որ ներման և գթասրտության տարրեր պարունակող որոշումերի ընդունման հարցը վերապահված է գործադիր իշխանությանը, որն ընդլայնել է իր լիազորությունների սահմանը` քննության առնելով նաև ազատ արձակման հետ կապված բոլոր տեսակի առաջարկությունները և միջնորդությունները, ինչպես նաև արձագանքել այն դեպքում, եթե առկա են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման դեպքեր: Թեև պետությունը որդեգրել է առանձնահատուկ քրեական դատական համակարգ, սակայն անձին ազատ արձակելու վերաբերյալ առաջարկությունները և միջնորդության հարցերն սկզբունքորեն դուրս են գալիս նրա դիտարկման շրջանակից, Դատարանն այս հարցը դիտարկում է ելնելով եվրոպական չափորոշիչներից և գտնում, որ ըստ էության սկզբունքորեն չեն խախտվել Կոնվենցիայի հիմնական պահանջները (տես, mutatis mutandis, Աշուրն ընդդեմ Ֆրանսիայի (Achour v. France [GC]) թիվ 67335/01, կետ 51, ECHR 2006-IV): Հետևաբար, քրեական դատավարության ոլորտում պետության իրավազորություններն անսահմանափակ չեն:

Ինչպես արդարացիորեն նշել է Կառավարությունը, Կիպրոսում գործող դատավարությունն ունեցել է մի շարք թերություններ(տե՜ս վճռի 91-րդ կետը), ինչը շտկելու համար 2007թ. իրականացվել էին դատաիրավական բարեփոխումներ (տե՜ս որոշման 92-րդ կետը): Մասնավորապես, օրենսդրությունը չի պարտավորեցնում Գլխավոր դատախազին կամ Նախագահին դատապարտյալի` իր վաղաժամկետ ազատման վերաբերյալ դիմումին պատասխանելիս ներկայացնել դրա մերժման պատճառները: Բացի դրանից, սա Նախագահի գործունեության մաս չի կազմում: Հետևաբար, դատապարտյալը չի տեղեկանում իր դիմումի մերժման պատճառների և կողմնորոշիչ չափորոշիչների մասին: Եվ, վերջապես, վաղաժամկետ ազատ արձակման մասին կայացված որոշումը ենթակա չէ դատական բողոքարկման: Արդարության այս պակասը, ինչպես նաև այս գործընթացի վերաբերյալ անորոշություններն ազատազրկմանը բնորոշ տանջանքներ են առաջացնում ցմահ բանտարկված անձի մոտ:

Այս առումով, մենք ամբողջությամբ ընդունելի ենք համարում, որ սույն վճռում Եվրոպայի խորհրդի Դատարանի առաջարկած միջոցառումները կկարգավորեն այս գործընթացը (տե՜ս մասնավորապես, 69-72-րդ կետերը): Իհարկե, սույն դեպքը պետք է տարբերակել մյուս դեպքերից, երբ Դատարանը գտել է, որ տեղի են ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներ (տե՜ս ի թիվս այլնի, Ստաֆորդն ընդդեմ Միացյալ Թագավորության (Stafford v. the United Kingdom [GC]) թիվ 73299/01, 2002թ. դեկտեմբերի 12), Սավոնուկն ընդդեմ Միացյալ Թագավորության (Sawoniuk v. the United Kingdom) թիվ 63716/00 ECHR 2001-VI), Էյնհորնը (Einhorn v. France) մեջբերված վերը` 20-21-րդ, 27-րդ և 28-րդ կետերում), Հիլն ընդդեմ Միացյալ Թագավորության (Hill v. the United Kingdom no. 19365/02) 2003թ. մարտի 18), և Վայնն ընդդեմ Միացյալ Թագավորության (Wynne v. the United Kingdom) թիվ 67385/01, 2003թ.մայիսի 22):

4. Սույն վճռում տեղ է գտել այն հիմնավորումը, որ «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները չունեն ցմահ ազատազրկման դատապարտված անձանց դիմումների հստակ և միանշանակ սահմանված կարգով վերանայման մեթոդներ: Բացի դրանից, վաղաժամկետ ազատման գործընթացում բացակայում են հստակ սահմանված միտումները (տես կետ 104):

Մեր կարծիքով` սա չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի` փոխակերպման, պահանջներին: Ավելի քան 30 տարի Նախարարների կոմիտեն և Գլխավոր ասամբլեան բազմիցս առաջարկություններով են հադես եկել և խնդրել անդամ պետություններին «իրենց օրենսդրության մեջ փոխակերպել վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը» (տե՜ս «Պայմանական ազատազրկման մասին» Նախարարների կոմիտեի հանձնարարականը (2003) 2003թ. սեպտեմբերի 22-23-ը): Այդ Հանձնարարականում այնուհետև նշվում է, որ վաղաժամկետ ազատ արձակումը ոչ թե մեղմացնող տարր է, այլ պատժի կատարման բաղկացուցիչ մաս, դրանից բացի, հանդիսանում է կրկնահանցագործության կանխարգելման և տեղաշարժի խրախուսման միջոց: 2006թ. հունվարի 11-ին Նախարարների կոմիտեի կողմից ընդունված (Հանձնարարական (2006)2)` «Եվրոպական բանտային կանոնները», որն արտացոլում է ընթացիկ եվրոպական կոնսենսուսը, նույնպես վերաբերում է դատապարտված անձանց ազատ արձակման հարցին: «Երկար ժամկետով դատապարտված անձանց ազատ արձակելը պետք է այդ անձանց հասարակություն վերադառնալու գործընթացի առաջին քայլը համարել (107.2)»: Եվ վերջերս, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարն իր` 2007թ. նոյեմբերի 12-ի ելույթում նշել է, որ ցմահ ազատազրկում պատժատեսակի կիրառումը պետք է կասկածի տակ առնել»: Նա ավելացրել է նաև, որ ազատ արձակման հարցի անընդմեջ հետաձգումը ցմահ ազատազրկում դարձնում է de facto:

Նույն խնդիրն առկա է նաև Եվրոպական միության մակարդակում: Այսպիսով, անդամ պետությունների միջև անձանց հանձնման կարգի և ձերբակալման մասին Եվրոպական հանձնարարականով 2002/584/JHA, Շրջանակային որոշմամբ, որն ընդունվել է Եվրոպական միության խորհրդի կողմից 2002թ. հունիսի 13-ին, կարգավորվում է անդամ պետությունների միջև քրեական հետապնդման նպատակով անձանց հանձնման և ձերբակալման կամ նրանց ազատազրկման հարցը լուծելիս պետությունների միջև փոխօգնությունը, սակայն, դրա հետ մեկտեղ, սահմանում է նաև հետևյալ երաշխիքները`

«Այն հանցագործությունների դեպքում, որոնց համար նախատեսված է ցմահ կամ որոշակի ժամկետով ազատազրկում, հանցանք կատարած անձին ձերբակալելու վերաբերյալ Եվրոպական հանձնարարականը կատարելիս անդամ պետությունը կարող է առաջ քաշել այնպիսի պայմաններ, ինչպիսիք են, օրինակ, այն, որ անդամ պետությունները կարող են պահանջել, որպեսզի արարքի համար որպես պատիժ կիրառվեն համապատասխան տուգանքներ, կամ էլ այն, որ ոչ ուշ, քան 20 տարի հետո անձին հնարավորություն տրվի բարձրացնելու իր վաղաժամկետ ազատ արձակման հարցը...(հոդված 5 կետ 2):

Վերջապես, դեռ վերջերս միջազգային քրեաիրավական արդարադատությունը որդեգրեց հետևյալ դիրքորոշումը` անձը կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման այն դեպքում, եթե դատապարտվել է ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված, զինվորական հանցագործության կամ ագրեսիվ հանցագործությունների համար, կամ` «եթե այն արդարացված է հանցագործության ծայրահեղ դաժան բնույթով և մեղավոր ճանաչված անձի անձնական հատկանիշներով» (Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հոդված 77, կետ 1 (b)): Ստատուտն անդրադառնում է նաև պատժի ժամկետի կրճատման հարցին.

«Եթե անձը կրել է պատժի 2/3-ը կամ, ցմահ ազատազրկման դեպքում` 25 տարին, ապա դատարանը վերանայում է իր դատավճիռը` որոշելու համար պատժի ժամկետի կրճատման հնարավորությունը» (հոդված 110)

Վճռում արտահայտվում է այն մտահոգությունը, որ եվրոպական և համընդհանուր մասշտաբները պետք է շարունակեն նպաստել ազատազրկման վերաբերյալ ժողովրդավարական պետություններում հաստատված մեխանիզմների ձևավորմանը և ամրապնդմանը: Սակայն դրանից գործնական դատողություններ չեն բխում, ինչն ավելի է վտանգում մարդու հիմնական իրավունքների պաշտպանությունը:

5. Ներկայումս ոչ միայն միջազգային, այլև ներպետական մակարդակում ընդունված է համարել, որ սահմանադրական ներգործության միջոցները ոչ միայն պատժիչ տարրեր պարունակեն, այլև խրախուսեն դատապարտյալներին հասարակական ինտեգրումը:Այնուամենայնիվ, շատ երկրների օրենսդրությամբ ցմահ ազատազրկման պարագայում ընդունված չէ համարել, որ անձը բանտարկված է լինելու մինչև կյանքի վերջը: Այս երկրներում օրենսդրությամբ նախատեսված է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց որոշակի ժամկետ անցնելուց հետո որոշակի պայմանների առկայության դեպքում պետք է ազատ արձակվելու հնարավորություն ընձեռվի: Ցավալի է, որ այս դեպքում համեմատական օրենսդրությանը հղում չի կատարվում: Օրինակ, 1964թ. Մահապատժի վերացման մասին օրենքի ընդունման հետ կապված Միացյալ Թագավորության խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին, որ «անձը 9 -10 տարիների ընթացքում գտնվելով ազատազրկման մեջ և, սահմանափակված լինելով ազատ տեղաշարժման իրենց իրավունքում, կարող են չկորցնել իրենց անհատականությունը և դառնալ հասարակությանը պիտանի անձ: Դատարանը նորից նշում է, որ ազատազրկումը բացի պատժի վերաբերյալ իրավական պահանջներից բխող սահմանափակումներից, չպետք է անձի մոտ տառապանք առաջացնի (տե՜ս Մուիսելն ընդդեմ Ֆրանսիայի (Mouisel v. France), թիվ 67263/01, կետ 48, ECHR 2002-IX): Սակայն պետք է պարզել, թե արդյոք այդ «պատժի վերաբերյալ իրավական պահանջները» չեն հանգեցնում անձի` վերաինտեգրման վիճակի, ինչպես նաև պարզել, թե արդյոք այդ ժամկետները չեն, որ դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի խթան են հանդիսանում:

6. Այսպիսով, հաշվի առնելով Կիպրոսի իրավական ընթացակարգերը, մենք գտնում ենք, որ դիմողն ազատ արձակվելու իրական և նյութական հեռանկար չուներ, և մենք, հետևաբար, հավաստում ենք, որ սույն գործով առկա է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Եթե անձը չի ցանկանում անտեսել իրականությունը, ապա պարզ է դառնում, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձը, որը հետագայում ազատ արձակման հույս չունի, հասնում է հուսահատության լուրջ մակարդակի, ինչը հանգեցնում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված` դաժան և անմարդկային վերաբերմունքի: Մենք լիովին համամիտ ենք դատավոր Բրաթզայի հնչեցրած հետևյալ դիրքորոշմանը, որ «եկել է ժամանակը, երբ Դատարանը հստակ սահմանի, որ նույնիսկ չափահաս անձին անհաղթահարելի ցմահ բանտարկության դատապարտելն ըստ էության հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին»:

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԼՈՒԿԱԻԴԵՍԻ ԵՎ ՋՈՍԻԵՆԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ

Ես համաձայն եմ կայացված վճռին, բացառությամբ այն բանի, որ դրանում առկա է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում` «կապված տվյալ ժամանակ գործող օրենքի որակի հետ»: Սա առաջին դեպքն է, երբ «օրենքի որակ» հասկացությունը քննարկվում է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի ենթատեքստում` հղում կատարելով նույն հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությանը, որը սահմանում է, որ` «Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին»: Թեև ես չեմ հասկանում «օրենքի որակ» եզրույթի կիրառման նպատակահարմարությունը, սակայն համաձայն եմ մեծամասնության կարծիքին:

Խախտման վերաբերյալ հարցը քննարկելիս, սակայն, Դատարանը գտել է, որ «սույն գործում այս դրույթի խախտում առկա չէ, քանի որ դիմողը բողոքարկել է այն հանգամանքը, որ իր հանդեպ հետադարձությամբ կիրառվել են «Բանտային օրենսգրքում փոփոխված դրույթները, որոնք վերաբերում են անձին վաղաժամկետ ազատ արձակելու հիմնահարցերին»:

Փաստացի Կոնվենցիայի 7-րդ հոդվածի բնույթից և բովանդակությունից բխում է, որ այն կոչված է կանխելու պետական մարմինների ինքնիրավչությունները (օրինակ` պատիժ կիրառել այն անձի նկատմամբ, ում կատարած հանցանքն այդ պահին գործող օրենսդրությամբ հանցագործություն չի համարվել): Այսպիսով, Կոնվենցիայի 7-րդ հոդվածի նպատակն է առաջարկել «արդյունավետ երաշխիքներ կամայական հետապնդումների և դատավարությունների դեմ[1]»: Այս հոդվածի հիմանական նպատակն է արգելել օրենքի հետադարձության կիրառումը քրեական հանցագործությունների վերաբերյալ գործեր քննելիս:

Դատարանը գտել է, որ սույն գործում առկա չէ անձի վիճակը վատթարացնող, պատիժը ծանրացնող օրենքի կիրառում: Թվում էր` այս հարցի պարզաբանմամբ Դատարանը կսահմանափակվի: Սակայն Դատարանը շարունակել է պնդել, որ «այստեղ թեև օրենքի հետադարձության խնդիր չկա, բայց ի հայտ է գալիս առավելապես «օրենքի որակ» հասկացությունը»: Մասնավորապես, դատարանը նշում է, որ «դիմողի հանցանքի կատարման ժամանակահատվածում Կիպրոսում գործող օրենսդրությունը հստակ և միանշանակ չէր, և դիմողը, նույնիսկ օգնության դիմելով, չէր կարող տարբերակել և ընկալել դիմում կիրառվող օրենքը»: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ այստեղ խախտվել է Կոնվենցիայի 7-րդ հոդվածը (տե՜ս վճռի 150-րդ կետը):

Սույն գործից երևում է, որ պատիժը, որը կիրառվել էր դիմողի նկատմամբ նման արարք կատարելու համար (ուղղակի դիտավորությամբ սպանություն), հստակ սահմանված է եղել Քրեական օրենսգրքով, իսկ այնուհետև ուղղիչ հիմնարկում նրան գրավոր ներկայացվել է իր հնարավոր վաղաժամկետ ազատ արձակման ժամկետը` 2002թ. հուլիսի 16 (տե՜ս 6-րդ կետը), որը նշանակում էր, որ նա 20 տարի պետք է գտնվեր ուղղիչ հիմնարկում: Այս ժամկետը սահմանված էր դատարանի կողմից` հաշվի առնելով այն, որ անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Պետք է նշել, որ հստակ տարբերակված են հանցանք և պատիժ հասկացությունները, և այս տարբերակումն ընդունելի է նաև Կոնվենցիայի 7-րդ հոդվածի առնչությամբ (տե՜ս Հոգբենն ընդդեմ Միացյալ Թագավորության (Hogben v. the United Kingdom) թիվ 11653/85, Հանձնաժողովի 1968թ. մարտի 3-ի որոշում, Զեկույցներ և որոշումներ 46, էջ 231)

Գրավան ընդդեմ Իտալիայի գործով (Grava v. Italy) (թիվ 3522/98, կետ 51, 2003թ. հուլիսի 10) Դատարանը նշեց (Ֆրանսերենից կատարված թարգմանություն):

«Բացի դրանից, Դատարանի կարծիքով` Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասի իմաստից բխում է, որ անձը պետք է պատժի մեկ չորրորդը կրած լինի: Ինչ վերաբերում է Նախագահի թիվ 394/1990 հրամանագրին, ապա պետք է նշել, որ դա վերաբերում է պատժի ի կատար ածմանը, այլ ոչ թե պատժին ընդհանրապես: Համապատասխանաբար, սույն գործով սահմանված պատիժը կարելի է ասել, որ ավելի ծանր չի եղել, քան այն, որ կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին (տե՜ս, mutatis mutandis, Հոգբենն ընդդեմ Միացյալ Թագավորության (Hogben v. the United Kingdom)թիվ 11653/85, հանձնաժողովի 1968թ. մարտի 3-ի որոշում, Զեկույցներ և որոշումներ 46, էջեր 231 և 242, կապված վաղաժամկետ ազատ արձակման հետ)»:

Դատարանը փաստորեն պատժի և դրա կատարման միջև հստակ տարանջատում է տեսնում: Այս կապակցությամբ Դատարանը նշել է.

«Սակայն, ինչ վերաբերում է բանտային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին (տե՜ս կետ 58), որի համաձայն դիմողն այլևս իր պատժի մեղմացման իրավունք չուներ, Դատարանը գտնում է, որ հարցը առավելապես վերաբերում է պատժի կատարմանը (տե՜ս Հօգեբանը և Հոսեյնը (Hogben and Hosein), երկուսն էլ մեջբերված են վերը): Օրենսդրական փոփոխությունները և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վաղաժամկետ ազատ արձակման կարգի փոփոխությունները կարող են դիտվել որպես առաջին ատյանի կողմից ավելի ծանր պատժի կիրառում: Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ անձին պատժից վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ ընթացակարգը մտնում է անդամ պետության քրեական քաղաքականության շրջանակների մեջ (տե՜ս վերը` մեջբերված Աշուրի գործը, կետ 44): Հետևաբար, այս առումով Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել (տե՜ս վճռի 151-րդ կետը):

Սակայն Դատարանը նաև գտնում է, որ «ազատազրկման դատապարտման և դրա ի կատար ածման միջև ուղղակիորն ակնհայտություն առկա չէ»: Վճռի համապատասխան մասը շարադրված է հետևյալ կերպ`

«Վերոգրյալի հիման վրա Դատարանն ընդունում է Կառավարության այն փաստարկը, որ Կանոնների նպատակը եղել է պատժի կատարումը, պարզ է, որ իրականում տվյալ ժամանակահատվածում այս Կանոնների ընկալումն ու կիրառությունը նշվածից առաջ են անցել: Ցմահ ազատազրկման սահմանների և դրա իրականացման եղանակի տարբերակումը, սակայն անմիջականորեն տեսանելի չի եղել» (տե՜ս 148-րդ կետը):

Ես կարծում եմ, որ մեծամասնության կողմից Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում արձանագրելը պայմանավորված էր նրանով, որ այդ երկրի օրենսդրության պահանջներին համապատասխան դիմողին` իր ազատ արձակվելու հնարավոր ժամկետի վերաբերյալ բանտային մարմինների կողմից գրավոր ծանուցում տրամադրելը դիմողի մոտ առաջացրել է այն պատկերացումը, որ նա, ցմահ ազատազրկման դատապարտվելու դեպքում, ազատազրկման վայրում մնալու է ընդամենը 20 տարի: Դա այն պարագայում, երբ Դատարանն իր վճռով դիմողին հստակ դատապարտել էր ցմահ ազատազրկման: Սա այնուհետև հաստատվել է Դատարանի հետագա դիրքորոշումներում:

«Միևնույն ժամանակ, սակայն, Դատարանը չի կարող ընդունել դիմողի փաստարկն այն մասին, որ իր նկատմամբ հետադարձության կարգով ավելի խիստ պատիժ է նշանակվել, քանի որ Քրեական օրենսգրքի նյութաիրավական նորմերի ուսումնասիրությունից չի երևում, որ տվյալ ժամանակահատվածում ցմահ ազատազրկման ձևով պատիժը միանշանակ կարող էր ընկալվել որպես քսան տարի ժամկետով ազատազրկման հանգեցնող պատժատեսակ» (տե՜ս կետ 149, ընդգծումը մերն է):

Այնուհետև հետագա խախտումը բացահայտելիս, Դատարանը նշել է, որ.

«Հետևաբար, Դատարանը գտնում է, որ սույն գործով առկա չէ հետադարձության կարգով ավելի խիստ պատիժ նշանակելու որևէ տարր, սակայն առկա է «օրենքի որակի» հարց: Մասնավորապես, Դատարանը գտնում է, որ դիմողի կողմից հանցանքի կատարման ժամանակ Կիպրոսի համապատասխան օրենսդրությունը` ամբողջությամբ, բավականաչափ հստակ ձևակերպված չի եղել, որպեսզի դիմողը, թեկուզ համապատասխան խորհրդատվության առկայության դեպքում, կարողանար այդ հանգամանքներում ողջամիտ համարվող որոշակի չափով ընկալել ցմահ ազատազրկում պատժատեսակի սահմանները և դրա կիրառման եղանակը: Հետևաբար, այս կապակցությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում» (տե՜ս կետ 150):

I. Չնայած նրան, որ պատժի վերաբերյալ Քրեական օրենսգիրքը հստակ սահմանումներ է տալիս, անորոշությունը և անճշտությունները ինքնին չեն կարող Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում համարվել, սակայն այս գործում հարցը վերաբերում է միայն օրենքի հետադարձ ուժի գործողությանը (մի հանգամանք, որը Դատարանը սույն որոշմամբ բացառում էր), այլ ոչ թե ցանկացած անորոշությանը կամ անճշտություններին: Այս հարցերի պարզաբանումը չի մտնում Կոնվենցիայի շրջանակների մեջ:

II. «Օրենքի որակ» չափանիշը, որն օգտագործվում է բնականոն դեպքերից դուրս հանգամանքներում (իրականում, այն կապված է «օրենքին համապատասխան» կամ «օրենքով սահմանված կարգով» հասկացությունների հետ), ինչն արդեն հաստատվել է Դատարանի կողմից և փաստորեն պարտադիր չէ Կոնվենցիայի 7-րդ հոդվածը կիրառելիս: Այս կապակցությամբ Դատարանն արդեն նշել է, որ «Դատարանը չի կարող ընդունել դիմողի փաստարկն այն մասին, որ իր նկատմամբ հետադարձության կարգով ավելի խիստ պատիժ է նշանակվել, քանի որ Քրեական օրենսգրքի նյութաիրավական նորմերի ուսումնասիրությունից չի երևում, որ տվյալ ժամանակահատվածում ցմահ ազատազրկման ձևով պատիժը միանշանակ կարող էր ընկալվել որպես քսան տարի ժամկետով ազատազրկման հանգեցնող պատժատեսակ» (տե՜ս վճռի 149 և 150 կետերը, ընդգծումը մերն է): Հետևաբար, Քրեական օրենսգրքով նախատեսված պատիժն իր բնույթով բավականին մատչելի, հստակ և կանխատեսելի է և թույլ է տալիս դիմողին կանխարգելել պետական մարմինների կողմից հնարավոր կամայականությունների դրսևորումը: Եթե պատիժը չի համապատասխանում վերոգրյալ պահանջներին, ապա այդ պարագայում առկա կլինի Կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջների խախտում:

Վերջապես, ես ցանկանում են հայտնել իմ կարծիքը Դատարանի հետևյալ դիրքորոշման վերաբերյալ` մասնավորապես, Դատարանը գտնում է, որ դիմողի կողմից հանցանքի կատարման ժամանակ Կիպրոսի համապատասխան օրենսդրությունը` ամբողջությամբ բավականաչափ հստակ ձևակերպված չի եղել, որպեսզի դիմողը, թեկուզ համապատասխան խորհրդատվության առկայության դեպքում, կարողանա այդ հանգամանքներում ողջամիտ համարվող որոշակի չափով ընկալել ցմահ ազատազրկում պատժատեսակի սահմանները և դրա կատարման եղանակը (տե՜ս կետ 150):

Յուրաքանչյուր դատական համակարգում գոյություն ունի իրավական փաստաթղթերի և օրենքների հստակ սահմանված աստիճանակարգություն (որպես կանոն, հետևյալ կերպ` Սահմանադրություն, Կոնվենցիա, Ստուգումներ, ուղեցույց դրույթներ, վարչական ակտեր):

Այդ պատճառով չի կարելի խոսել «կիպրոսյան օրենքի մասին» որպես «մեկ ամբողջության»` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ բոլոր օրենքները չունեն նույն իրավաբանական ուժը: Ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցողները չեն կարող չհամապատասխանել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցողներին:

Հետևաբար, խոսելով «կիպրոսյան օրենքի» մասին` չի կարելի ենթադրել, որ այս երկրում գործող բոլոր օրենքներն ունեն նույն իրավաբանական ուժը, ձևավորված են որպես անբաժան իրավական համակարգ: Անկախ օբյեկտից, լինի դա քրեական կամ սահմանադրական օրենք, «օրենքը» պետք է բավարար չափով հստակ լինի, ինչպես նաև բավականաչափ պարզ լինի նրա դիրքը աստիճանակարգության մեջ: Չի կարելի միաձուլել ցանկացած տեսակի իրավական ակտ` հաշվի չառնելով դրա ուղղվածությունը, իրավաբանական ուժը և կարգավորման օբյեկտը: Այդ պատճառով ես ենթադրում եմ, որ մեծամասնությունն այս հարցում սխալ է գտնվել «կիպրոսյան օրենքը դիտելով որպես մեկ ամբողջություն»:

Սույն հարցի կարևորությունը կայանում է նրանում, որ դրա պարզաբանումից է պարզ դառնում, թե անձն արդյոք հնարավորություն ունեցել է ընկալելու ցմահ ազատազրկման պատժիչ բնույթն ու բովանդակությունը` այն պայմաններում, երբ երկրի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, հստակ սահմանում է այս պատժատեսակի հետ կապված հարցերը և, բացի դրանից, անձը հնարավորություն է ունեցել օգտվելու իրավաբանական խորհրդատվությունից: Անձին այս պատժատեսակի վերաբերյալ խորհրդատվությունը կարող է ենթադրել նաև որոշ կանոնների կամ ընթացակարգային դրույթների պարզաբանում, որոնց կիրառման կարգը և եղանակները կարող են ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվել` կապված պետական մարմինների կողմից քրեական քաղաքականության փոփոխման հետ:

Համապատասխանաբար` ենթադրվում է, որ տուժողին և նրա երկու երեխային ուղղակի դիտավորությամբ սպանելու դեպքում դիմողը խորհրդակցել է իր պաշտպանի հետ, որը վերջինիս բացատրել է, որ նման արարքի համար Քրեական օրենսգիրքը նախատեսում էր ցմահ ազատազրկում: Պարզ է, եթե դիմողն այնուհետև կարող էր խորհրդակցել նաև իր պատժի վերաբերյալ գործող Բանտային կանոնների վերաբերյալ, ինչը ենթադրվում է, որ հենց կատարվել է և նրան բացատրվել է, որ նա կարող է ազատ արձակվել 20 տարի ազատազրկումից հետո, սակայն պարզ է, որ` (a) այս դրույթները կարող էին ցանկացած ժամանակ փոփոխվել և ցմահ ազատազրկումը կարող էր մինչև վերջ ի կատար ածվել, (b) եթե այս դրույթների և Քրեական օրենսգրքի միջև հակասություն առաջանար, ապա միանշանակ կգործեին Քրեական օրենսգրքի դրույթները:

Ես անհրաժեշտ էի համարում բարձրացնել այս` ոն այնքան բարդ հարցերը: Ես զգում էի, որ պարտավոր եմ դա անել, քանի որ դա բխում է գործի բնույթից և նշանակությունից: Այնուամենայնիվ, ես փորձում եմ չհամաձայնել մեծամասնության կարծիքին և գտնում եմ, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում այս գործում առկա չէ, քանի որ չի բխում այդ հոդվածի լեզվական և փիլիսոփայական իմաստից:

Վերջապես, ես անհրաժեշտ եմ համարում նշել, որ չի խախտվել անձին երկարատև անազատության մեջ պահելու օրինականության պահանջը: Այս հղումը կատարված է` Դատարանի այս վճռի 121-րդ հոդվածը հիմք ընդունելով, որը կապված է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի հետ:

«Գործի փաստերի հիման վրա, հետևաբար, Դատարանը գտնում է, որ դիմողի` 2002 թվականի նոյեմբերի 2-ից հետո շարունակված ազատազրկումը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (a) կետի իմաստով հիմնավորված է եղել: Հետևաբար, 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտում տեղի չի ունեցել»:

Հիմք ընդունելով վերոգրյալը` գտնում եմ, որ այստեղ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում առկա չէ:

ԴԱՏԱՎՈՐ ԲՈՐԵԳՈ ԲՈՐԵԳՈՅԻ ՄԱՍԱՄԲ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ

(Թարգմանություն)

1. Շփոթմունք: «Իվորի աշտարակ»: Ու զղջում: Ես խորապես զղջում եմ անհրաժեշտ է ներկայացնելու իմ կարծիքը սույն վճռի վերաբերյալ, քանի որ առկա փաստարկները հուսահատեցնող էին, իսկ Դատարանն այնքան էր հեռացել իրականությունից, որ կարելի էր նմանեցնել Իվորի աշտարակից արված հայտարարությանը:

Շփոթմունքի և փաստերի հաշվարկը

2. Այս գործը վերաբերում է վարձու մարդասպանի կողմից Կիպրոսի հասարակության բարձրաստիճան անդամի և նրա երկու երեխաների սարսափելի սպանությանը: Մի քանի օր անց հանցանք կատարած անձը` վարձու մարդասպանը ձերբակալվում է ոստիկանների կողմից: Այնուհետև շարունակում է գտնվել ուղղիչ հիմնարկում: Սույն գործին վերաբերող հանգամանքներն սկսվում են ավելի ուշ` 20 տարի հետո: Ոստիկանությանը դեռևս չի հաջողվել գտնել սպանությունը պատվիրած անձին, ով ամենայն հավանականությամբ, ևս հասարակության բարձրաստիճան անդամ է: Դատապարտյալը չի աջակցել այդ անձի հայտնաբերմանը:

3. Սակայն փաստերը մնում են փաստեր, որքան էլ որ դրանք կարծրացած են, անձեռնմխելի են: Սակայն այս փաստերի մի մասն էլ մերթընդմերթ են ի հայտ գալիս, մյուսները անհետանում են, մի մասն էլ` կորում:

4. Մերթընդմերթ ի հայտ եկող փաստերից է այն, որ դիմողը դատապարտվել է պատվիրված սպանություն կատարելու համար:

Առաջին բաժանմունքի կողմից 2006թ. ապրիլի 11-ին կայացված որոշմամբ հղում չի արվում կատարված սպանության բնույթին, սակայն այդ կապակցությամբ էական դատողություններ են արվում (կետ 12, մեկուկես տողը): Հետագայում ևս ոչ մի դատողություն այս կապակցությամբ չի արվում: Այլ կերպ ասած` սպանության պատվիրված լինելու փաստի վերաբերյալ կամ նշումներ չեն արվում, կամ մասամբ դրանք անհետանում են: Ես իմ մտահոգությունն եմ հայտնում այդ փաստերի հաստատունության վերաբերյալ:

5. Ինչ վերաբերում է կորսված փաստերին, ապա դրանք առաջին հերթին վերաբերում են նրան, որ նախ նշվում են հանցագործության կատարման հենց սկիզբը, իսկ այնուհետև ուշադրությունը բևեռվում է ձերբակալման, հարցաքննության, դատապարտման և դատապարտյալի գանգատի վրա: Բաց ոչ սույն գործով: Սպանությունը և դրա կատարման ժամանակն այնքան են հեռվացել, որ նպատակահարմար է դարձել դրանք տեղափոխել կամ չհիշատակել:

Չնայած որ գլուխը վերնագրված է «Գործի նախապատմություն»` 12-րդ կետն սկսվում է ոչ թե սպանությունից, այլ մեղադրական դատավճռից, որը կայացվել է 1989թ. մարտի 9-ին: Թե ո՞րն է նման հիմնական փաստերի տեղափոխման պատճառը, ես չեմ կարող ասել, սակայն կարող եմ նշել մի հետաքրքիր հանգամանք, որ 1989թ, մարտի 10-ի իրադարձությունները վերդրվել և փոխարինվել են 1988թ. մարտի 5-ի դեպքերով: Դիմողը 1989թ. դատապարտվել է ցմահ ազատազրկման և 1988թ. պատժի մասին որոշման մեջ այն մեկնաբանվել է հենց «ցմահ ազատազրկում», որով Պետությունը դիմողին դատապարտել է «բանտային կյանքի»: Փաստ է, որ սպանությունը տեղի է ունեցել 1987թ., որի վերաբերյալ հիշատակումը, սակայն, բաց է թողնված, սակայն Պետությունը հիմք է ընդունել այն, որ իրավաբանական ուժով է օժտված հանցանքը կատարելու պահին գործող օրենքը:

1987թ. Կիպրոսում չէր գործում այնպիսի նախադեպ, որն ազատազրկման դատապարտելը կդիտարկեր որպես անձին կյանքի մնացած հատվածում ազատությունից ընդմիշտ զրկել:

6. Ինչ վերաբերում է անհետացած փաստերին, ապա նշեմ, որ 1991թ. (իրադարձության կատարման իրական ժամկետը հաստատված չէ) տուժողների մայրը/ այրին այցելել է դիմողին և խնդրել նրան հայտնել իրեն, թե ով է պատվիրել այդ սպանությունը: Քանի որ վերջինս հրաժարվել է պատասխանել այդ հարցին, տուժողների մայրը/ այրին խնդրել է Կիպրոսի Նախագահին զրուցել դիմողի հետ: Նախագահը գնացել է ուղղիչ հիմնարկ Գլխավոր դատախազի հետ: Կողմերի հայտնած տեղեկություններից պարզ է դառնում, որ Նախագահը զրուցելով դիմողի հետ` խոստացել է նրան, որ եթե վերջինս իրեն հայտնի պատվիրատուի անունը, ապա ինքը դիմողին ազատ կարձակի, խոշոր դրամական պարգև կտրամադրի և նրան երկրի սահմաններից դուրս կհանի: Սակայն Կառավարությունը նշել է, որ (2007թ. հունվարի 23-ի նամակում, որը հետագայում դարձել է գործի բաղկացուցիչ մաս) նման առաջարկ դիմողին չի արվել, միայն ասել է, որ նրա` վաղաժամկետ ազատ արձակման հարցը լուծելիս հաշվի կառնվի նրա համագործակցությունն իրավապահ մարմինների հետ: Այս փաստի անհետացումն ինձ մոտ շփոթմունք է առաջացնում: Պարզ է, որ Նախագահը Գլխավոր դատախազի հետ այցելել է դիմողին և առաջարկել նրան պատվիրատուի անունը հայտնելու փոխարեն նրան երկրի սահմաններից դուրսբերում: Սակայն դիմողը մերժել է այդ առաջարկը` հստակ իմանալով, որ «Նախագահի և Գլխավոր դատախազի իրավասությունների շրջանակում է ցմահ ազատազրկման դատապարտված անձի վաղաժամկետ ազատ արձակման հարցի լուծումը» (տե՜ս կետ 103):

Ով կարող է բացատրել, որ այս հանգամանքները քննության չեն առնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի կողմից: Ես իրոք մտահոգված եմ այս փաստի անհետացման հարցով և ինձ պարտավորված եմ զգում հայտնել այդ մասին:

Իվորի աշտարակի վերաբերյալ պատճառաբանությունները

7. Երբեմն օրենքը կարող է բարդություններ առաջացնել: Այս դեպքում Դատարանը պետք է օրենքն ավելի մատչելի դարձնի: Սակայն այն դեպքերում, երբ օրենքի դրույթներն արդեն իսկ բացարձակ հստակ են («չկա պատիժ առանց օրենքի»), իսկ փաստերը` ևս հստակ, Դատարանը չպետք է օրենքները բարդացնի և աճպարարություններ անի փաստերի հետ:

Այս վճռով Դատարանն իրականացրեց Իվորի աշտարակի մեկնաբանություններ: Անտեսելով սարսափելի սպանությունը` այս դատողությունները շատ հեռացել էին իրականությունից, որով անտարբերության էր մատնվել Կիպրոսի բնակչության մոտ առաջացած սարսափը` կապված հասարակության բարձրաստիճան անդամի սպանության հետ, որի կատարման մեջ կասկածվում էր մեկ այլ բարձրաստիճան անդամ, ինչպես նաև լռությունը պահպանող դիմողի (պայմանավորված քրեական անտարբերությամբ կամ վախով), որը հրաժարվել էր համագործակցել երկրի Նախագահի հետ: Նաև այս դատողությունները հեռացել են իրավաբանական, վարչական, կատարողական, դատավարական իրականությունից, նշելով, որ ցմահ ազատազրկումն իրենից ներկայացնում է 20 տարի ազատազրկում, քանի որ դիմողը վաղաժամկետ ազատ է արձակվել, սակայն փաստացի գտնվել է ուղղիչ հիմնարկում մինչև այն ժամանակ, քանի դեռ նա չի «զղջացել» իր արարքի համար և չի հայտնել պատվիրատուի անունը:

Իմ կարծիքով այստեղ առկա է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում, քանի որ անձը ենթարկվել է պատժի, որն արարքը կատարելու պահին չի գործել: Այստեղ նաև առկա են Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, 5-րդ հոդվածի 1(a) կետը և 14-րդ հոդվածը:

Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում

8. Խուսափելու համար հնարավոր շփոթմունքներից, ես կառաջադրեմ հինգ պարզ հարց, որոնց այնուհետև կփորձեմ պատասխանել:

Առաջին հարցը` երբ է կատարվել հանցանքը: Պատասխան` 1987թ. հուլիսի 10-ին (ես առաջարկում են ընթերցողներին անիմաստ չվատնել իրենց ժամանակը և վճռում փնտրել հանցանքի կատարման ժամանակը: Սա իմ տեսած առաջին վճիռն է, որում բացակայում է հանցանքի կատարման հստակ ժամանակը):

Երկրորդ հարցը` այդ ժամանակ որն է եղել սպանություն կատարելու համար պատիժը: Պատասխան` ցմահ ազատազրկում (տե՜ս 1983թ. օրենքը` վճռի 33-րդ կետում). մինչև այդ որպես պատիժ նախատեսված էր մահապատիժը:

Երրորդ հարցը` ինչպիսինն է եղել ազատազրկում պատժատեսակի կիրառման կարգը: Պատասխան` այն իրականացվել է Բանտային օրենսգրքին (Cap. 286) համապատասխան, որի ուղեցույց դրույթները սահմանում էին, որ ցմահ ազատազրկումը կամ մահապատիժը երբ վերափոխվում է որոշակի ժամկետով ազատազրկման, այն պետք է հավասարեցվի 20 տարի ժամկետով ազատազրկման (տե՜ս կետ 40): Բացի դրանից, բանտային ուղեցույց կանոններն սկսել են գործել 1987թ. մարտի 13-ին` մոտ չորս ամիս առաջ` մինչև հանցանքի կատարումը: «Ցմահ ազատազրկում ենթադրում է 20 տարի ազատազրկում» և դատապարտված անձանց ազատ արձակման հնարավորություն է տրվում միայն պատժի մեկ չորրորդը կրելուց (այսինքն` 5 տարուց) հետո` հաշվի առնելով դատապարտվածի դրական վարքագիծը (տե՜ս կետեր` 41, 42 և 43):

Չորրորդ հարցը` Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով ինչ պետք է հասկանալ «օրենք» ասելով: Պատասխան` օրենքը ուժի կիրառումն է. այսպես է նախատեսված վճռում (կետ 139):

Հինգերորդ հարցը` 1987թ. հուլիսի 7-ին արդյոք Կիպրոսի որևէ օրենքով նախատեսվում է, որ ցմահ ազատազրկումը 15-20 տարով ազատազրկում է ենթադրում: Պատասխան` ոչ:

Ինչու, երբ ամեն ինչ այսքան պարզ է, դատողություններն այդքան բարդացվել են:

Դա մենք հանդիպում ենք մոտ վեց անգամ (վճռի չորս կետերում` 146-149). «հստակ» բառը` բոլոր ձևերով (գոյական, ածական, մակբայ)` «դա հստակ շարադրված է Քրեական օրենսգրքով...», «Նիկոսիայի ասիզների դատարանը... հստակորեն նշում է...«հստակ սահմանված է... », «կարող է հստակորեն ասել, որ ...»: Ես չեմ հասկանում այն, որ եթե ամեն ինչ հստակ է, ապա Դատարանն ինչու պետք է ad nauseam արդեն իսկ պարզ հանգամանքները և պարզաբանումներ ներկայացնի:

Դատարանի` Իվորի աշտարակի պատճառաբանությունների առկայությունն ակնառու են դառնում վճռի 147-րդ կետում, որտեղ «մեծամասնությունը փորձում է բացատրել, որ 1989թ. փետրվարի 5-ին Իուրուկիսի (Yiouroukkis) գործում Նիկոսիայի ասիզների դատարանը «ցմահ ազատազրկումը» դիտել է որպես «կյանքի ազատազրկում»:

Հետագայում` 1989թ. մարտի 10-ին Լիմասոլ ասիզների դատարանը դիմողի նկատմամբ պատիժ կիրառելիս հիմք է ընդունել Նիկոսիայի ասիզների դատարանի դիրքորոշումը»: Իսկ հետագայո՞ւմ: Մեծամասնության կարծիքով 1989թ. իրադարձություններին նախորդել են 1988թ. իրադարձությունները: Ինչևէ, խնդիրը հետևյալն է` հանցանքը կատարվել է 1987թ., և կիրառելի է այն պատիժը, որը գործել է այդ ժամանակ (Կոնվենցիայի 7-րդ հոդված):

Այս հստակությունը հանգեցնում է հետագայում շատ բարդ հետևությունների: Այսպես, 150-րդ կետում նշվում է, որ սույն գործում առկա է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում` միաժամանակ նշելով, որ այստեղ չի եղել «չկա պատիժ առանց օրենքի» սկզբունքի խախտում: Ինչպիսի կատարյալ հակասություն:

Նույն կերպ, 151-րդ և 152-րդ կետերում նշվում է, որ առկա է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում, սակայն պատժի ի կատար ածման հետ կապված խախտումներ առկա չեն: Պարզ է դառնում, որ Դատարանի այս դատողությունները բավականին իրարամերժ են:

Ահա և այս հակասությունների վերաբերյալ ևս մեկ օրինակ: Որպեսզի մեկնաբանի այս հակասությունները` մեծամասնությունն առաջ է քաշում 3 նախադեպային վճիռները: Նրանք միացնում են Հոգբենը և Հոսեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության վճիռները, սակայն անտեսում են այն, որ հսկայական տարբերություններ կան Միացյալ Թագավորության և Կիպրոսի` ցմահ ազատազրկման վերաբերյալ օրենսդրությունների միջև, որոնց և՜ Կառավարությունը (տե՜ս կետ 92), և՜ Դատարանը (տե՜ս կետեր 102 և 105) համաձայնել են: Պարզ է, որ նման տարբերությունների դեպքում սույն նախադեպային վճիռները կիրառելի չեն:

Ինչ վերաբերում է Աշորն ընդդեմ Ֆրանսիայի գործին, ապա ես համաձայն եմ, որ այն կիրառելի է սույն դեպքում իր հետևյալ նախադասությամբ. «Պետությունն ազատ է իր քրեաիրավական քաղաքականության իրականացման ընտրության հարցում», սակայն գտնում եմ, որ այն փաստը, որ հանցանքը կատարելուց 9 տարի հետո` 1996թ. մայիսի 3-ին Կիպրոսի պետական մարմինները փոփոխել են իրենց դիրքորոշումը, ցմահ ազատազրկման վերաբերյալ, շատ է շահարկման առարկա դառնում (տե՜ս կետ 56 և 57):

«Կոնվենցիայի 7-րդ հոդվածում սահմանված երաշխիքները, որոնք վերաբերում են օրենքի գերակայությանը, կարևոր տեղ են զբաղեցնում Կոնվենցիայի դրույթների մեջ (տե՜ս կետ 137): Փաստորեն առկա են հստակ երաշխիքներ, որոնց խախտման դեպքում առաջանում են Կոնվենցիայի 7-րդ հոդվածի էական խախտումներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։