Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-27-րդ մասերով.

«20. Օրենքով իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրառվում են իրական սեփականատիրոջ վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1) ֆիզիկական անձի ինքնությունը հավաստող տվյալները՝ քաղաքացիությունը, անունը, ազգանունը (անձի անունը և ազգանունը նշվում են նաև լատինատառ), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, հանրային ծառայությունների համարանիշը (առկայության դեպքում), հաշվառման հասցեն, բնակության վայրի հասցեն (հաշվառման հասցեից տարբերվելու դեպքում), աշխատանքի վայրի անվանումը (վայրերի անվանումները), աշխատանքի վայրի հասցեն (վայրերի հասցեները), կապի միջոցները.

2) միջանկյալ իրավաբանական անձի (անձանց) անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), պետական գրանցման համարը գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը.

3) իրավաբանական անձի (այդ թվում՝ միջանկյալ) կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի առկայության կամ իրավաբանական անձի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորության մասին տեղեկություններ՝ կատարելով՝

ա. նշում առանձին կամ փոխկապակցված անձի հետ համատեղ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առնվազն 10 տոկոս մասնակցության կամ քվեարկության իրավունքի, կամ տարբեր իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության առնվազն 10 տոկոս հանրագումարին տիրապետելու վերաբերյալ՝ նշելով բաժնետոմսերի քանակը, բաժնետոմսերի տոկոսը և ձեռք բերելու ամսաթիվը,

բ. նշում իրավաբանական անձին կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցություն ունենալու փաստի ուժով վերահսկելու մասին՝ արտոնյալ բաժնետոմսերի կամ մեկ ձայնից ավելի ձայնի իրավունք տվող քվեարկող բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի միջոցով՝ նշելով բաժնետոմսերի քանակը, բաժնետոմսերի տոկոսը և ձեռք բերելու ամսաթիվը,

գ. նշում իրավաբանական անձի տարեկան հասույթի առնվազն 15 տոկոսի չափով ստացված օգուտի մասին,

դ. նշում իրավաբանական անձի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց նշանակելու կամ ազատելու իրավասության մասին,

ե. նշում իրավաբանական անձի կառավարման մարմիններում ընդգրկված չլինելով՝ իրավաբանական անձի կառավարման վրա ազդելու, կառավարումը կամ իրավաբանական անձի գործունեությունը վերահսկելու կամ իրավաբանական անձի որոշումներն այլ միջոցներով կանխորոշելու հնարավորության մասին (ներառյալ՝ գործարքներ կնքելու, հավատարմագրային կառավարման պայմանագրի, համատեղ գործունեության պայմանագրի և այլ միջոցներով),

զ. նշում սույն օրենքի իմաստով փոխկապակցված անձ հանդիսանալու մասին (ներառյալ՝ նշում, թե ինչ կարգով է հանդիսանում փոխկապակցված անձ).

4) իրավաբանական անձի, ինչպես նաև դուստր և կախյալ ընկերությունների՝ ֆոնդային բորսայում գրանցված լինելու դեպքում՝ ֆոնդային բորսայի անվանումը՝ ներկայացնելով համապատասխան բորսաներում առկա փաստաթղթերի հղումները.

5) պետության, համայնքի կամ միջազգային կազմակերպության անվանումը, եթե իրավաբանական անձը համապատասխանաբար պետական, համայնքային մասնակցությամբ կամ միջազգային կազմակերպություն է՝ նշելով մասնակցության չափը և հսկողության մակարդակը:

21. Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում նշում է կատարվում իրավաբանական անձի (այդ թվում՝ միջանկյալ) իրական սեփականատիրոջ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ազդեցություն ունեցող անձ հանդիսանալու մասին՝ նշելով տվյալ անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, կազմակերպության անվանումը:

22. Օրենքով իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձը յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը, պետական ռեգիստր է ներկայացնում իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր (հայտարարագրեր)՝ ստորագրությամբ հավաստելով հայտարարագրված տվյալների ճշգրտությունը: Սույն հոդվածի 20-րդ մասով նախատեսված տեղեկությունների փոփոխության դեպքում 40 օրվա ընթացքում իրավաբանական անձը պարտավոր է պետական ռեգիստր ներկայացնել իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունները: Իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի առկայության դեպքում հայտարարագրին կցվում են սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերը՝ հայերենով կամ վավերացված և հայերեն թարգմանված: Սույն մասով սահմանված հայտարարագիրը կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունները չներկայացնելու, կեղծ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու դեպքում ներկայացնողը ենթակա է օրենքով սահմանված պատասխանատվության: Հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

23. Սույն հոդվածով նախատեսված իրական սեփականատերերի բացահայտման պահանջը չի տարածվում «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի համաձայն հաշվետու թողարկող հանդիսացող իրավաբանական անձանց վրա:

24. Սույն հոդվածի 22-րդ մասով նախատեսված հայտարարագրի ձևը, լրացման և ներկայացման կարգը սահմանում է արդարադատության նախարարը:

25. Իրավաբանական անձի իրական սեփականատիրոջ պետական գրանցումն իրականացվում է սույն օրենքի 9-րդ գլխով սահմանված կարգով: Իրավաբանական անձի իրական սեփականատիրոջ պետական գրանցումը հավաստվում է պետական միասնական գրանցամատյանից տրված քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: Անձի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով համապատասխան վճար վճարելու պայմանով անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը). այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված՝ գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:

26. Իրական սեփականատիրոջ պետական գրանցումից հետո՝ երեք տարվա ընթացքում, իրավաբանական անձը պահպանում է իր հայտարարագրում նշված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը:

27. Իրավաբանական անձի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության անճշտության ակնհայտ կեղծ կամ ոչ ամբողջական լինելու դեպքում գործակալությունն այդ մասին հաղորդում է ներկայացնում կեղծ կամ ոչ ամբողջական հայտարարագիր ներկայացնելու համար պատասխանատվություն կիրառող լիազոր մարմին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։