Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 7-րդ կետը «և հիմնարկների,» բառերից հետո լրացնել «օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավաբանական անձանց իրական սեփականատերերի,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-28-րդ կետերով.

«23) իրական սեփականատեր՝ ֆիզիկական անձ, որը՝

ա. առանձին կամ փոխկապակցված անձի հետ համատեղ վերահսկում կամ տիրապետում է իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առնվազն 10 տոկոս մասնակցության, այդ թվում՝ փայերին, բաժնեմասերին, բաժնետոմսերին կամ քվեարկության իրավունքին կամ տվյալ իրավաբանական անձի մասնակից կամ բաժնետեր իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության առնվազն 10 տոկոս հանրագումարին,

բ. վերահսկում է իրավաբանական անձին կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցություն ունենալու փաստի ուժով՝ արտոնյալ բաժնետոմսերի կամ մեկ ձայնից ավելի ձայնի իրավունք տվող քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայի, այսուհետ՝ բաժնետոմս) կամ այլ արժեթղթերի միջոցով,

գ. ստանում է իրավաբանական անձի տարեկան հասույթի առնվազն 15 տոկոսը,

դ. իրավասու է նշանակելու կամ ազատելու իրավաբանական անձի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց,

ե. իրավաբանական անձի կառավարման մարմիններում ընդգրկված չլինելով՝ հնարավորություն ունի ազդելու իրավաբանական անձի կառավարման վրա, վերահսկելու կառավարումը կամ իրավաբանական անձի գործունեությունը կամ իրավասու է կանխորոշելու իրավաբանական անձի որոշումներն այլ միջոցներով, ներառյալ՝ հավատարմագրային կառավարման պայմանագրի, համատեղ գործունեության պայմանագրի, օպցիոնի պայմանագրի, բաժնետոմսերի (բաժնեմասերի) փոխարկվող պարտքի տրամադրման պայմանագրի և այլ միջոցներով:

Սույն կետով սահմանված հիմքերով իրավաբանական անձին տիրապետելու, վերահսկելու կամ եկամուտ ստանալու դեպքերում քաղաքական ազդեցություն ունեցող անձը համարվում է իրական սեփականատեր՝ անկախ հսկողության, մասնակցության և եկամտի չափից:

24) քաղաքական ազդեցություն ունեցող անձ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված՝ շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք (բացառությամբ քննիչների), Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, փոխվարչապետների, նախարարների խորհրդականների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի, վարչապետի գլխավոր խորհրդականի, հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև նշված անձանց ընտանիքի անդամները, այն է՝ ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձը.

25) փոխկապակցված իրավաբանական անձինք՝ իրավաբանական անձինք,

ա. որոնցից մեկը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի առնվազն 10 և ավելի տոկոսին կամ տվյալ իրավաբանական անձի մասնակից իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության 10 տոկոս հանրագումարին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան՝ հնարավորություն ունի կանխորոշելու մյուսի որոշումները,

բ. որոնցից մեկի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցը (բաժնետերը) և (կամ) մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց հետ փոխկապակցված անձինք իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետելու (այդ թվում՝ առք ու վաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսից ավելիին կամ տվյալ իրավաբանական անձի մասնակից իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության 10 և ավելի տոկոս հանրագումարին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն,

գ. որոնք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.

26) փոխկապակցված ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը հանդիսանում է՝

ա. տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 10 տոկոս և ավելին կամ տվյալ իրավաբանական անձի մասնակից իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության առնվազն 10 տոկոս հանրագումարը տնօրինող մասնակից,

բ. օրենքով չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ,

գ. տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, վարչության նախագահ, վարչության անդամ կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ կամ կառավարման այլ մարմինների անդամ.

27) փոխկապակցված անձինք՝ անձի ամուսինը, անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները.

28) միջանկյալ իրավաբանական անձ՝ ընկերություն-իրական սեփականատեր շղթայում գործող ցանկացած իրավաբանական անձ:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։