Հոդված 13. Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք
Հոդված 13. Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք
Նա հայտարարել է, որ, ի խախտումն 3-րդ հոդվածի դրսևորված վատ վերաբերմունքի գործերով պետական իշխանությունները 13-րդ հոդվածի լույսի ներքո պարտավոր են գործը քննել պատշաճորեն և անկողմնակալ:
138. Այդ բողոքի վերաբերյալ Կառավարության փաստարկները չեն տարբերվում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի առնչությամբ ներկայացված դիրքորոշումից:
139. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի այն դեպքում, երբ հարց է առաջանում Կոնվենցիայով մեկ կամ մի քանի իրավունքների ենթադրյալ խախտումների մասին, տուժողի համար պետք է լինի այդ խախտումների համար պետական պաշտոնյաների կամ մարմինների պատասխանատվության հաստատման մեխանիզմ: Պայմանավորվող պետությունները որոշակիորեն ազատ են որոշելու, թե ինչպես պետք է իրականացնեն Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտականություններն այդ դրույթի ներքո: Որպես ընդհանուր կանոն, եթե առանձին միջոցն ինքնին լիովին չի համապատասխանում 13-րդ հոդվածի պահանջներին, ներպետական օրենսդրության ներքո նախատեսված միջոցների ամբողջականությունը կարող է դա անել (տես այլոց շարքում՝ Կուդլան ընդդեմ Լեհաստանի [GC], թիվ 30210/96, կետ 157, ՄԻԵԴ 2000-XI, տես նաև Ջոնքան ընդդեմ Բելգիայի, թիվ 51564/99, կետ 75, ՄԻԵԴ 2002‑I):
140. Այդուհանդերձ, 13-րդ հոդվածի ներքո Պետության պարտականության ծավալը տարբեր է՝ կախված դիմողի բողոքի բնույթից, և որոշակի իրադրությունում Կոնվենցիան պահանջում է, որպեսզի տրամադրվի հատուկ միջոց: Այդպիսով, կասկածելի մահվան կամ նրա նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքում 2-րդ, 3-րդ, 13-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքների կարևորությունը պահանջում է (անհրաժեշտության դեպքում` փոխհատուցման վճարման հետ մեկտեղ) պատշաճ և արդյունավետ քննություն, որը կկարողանա հանգեցնել մեղավորների բացահայտմանն ու պատժին (տես՝ Անգելովան ընդդեմ Բուլղարիայի, թիվ 38361/97, կետեր 161-162, ՄԻԵԴ 2002‑IV, Ասենովն և այլոք ընդդեմ Բուլղարիայի, կետ 114 et seq., Շուհեյլա Այդինն ընդդեմ Թուրքիայի, թիվ 25660/94, կետ 208, 2005թ. մայիսի 24):
141. Տվյալ գործով ներկայացված ապացույցի հիման վրա Դատարանը գտնում է, որ պետական մարմինները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո պատասխանատու են եղել 1998 թվականի սեպտեմբերի 19-ին դիմողի ստացած վնասվածքների համար: Ուստի այս առումով դիմողի բողոքները «վիճելի էին» 13-րդ հոդվածի իմաստով (տես՝ Բոյլն և Րայսն ընդդեմ Միացյալ թագավորության, 1988թ. ապրիլի 27, Series A թիվ 131, էջ 23, կետ 52): Այդպիսով, իշխանությունները պարտավոր էին իրականացնել դիմողի՝ պատուհանից նետվելու հանգամանքների առթիվ արդյունավետ քննություն: Վերը նշված հանգամանքների հիմքով (տես մաս I և վճռի «իրավունքի հարցեր» մասը) չի կարելի ասել, թե կատարվել է բավականաչափ արդյունավետ քննություն: Ուստի Դատարանը գտնում է, որ դիմողը մերժվել է բավականաչափ արդյունավետ քննության ապահովման հարցում` կապված ոստիկանների կողմից դրսևորված վատ վերաբերմունքի հետ, ինչպես նաև չի ունեցել իր տրամադրության տակ եղած այլ միջոցների դիմելու հնարավորություն, ներառյալ՝ փոխհատուցման պահանջը:
142. Հետևաբար, այս առումով տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում:
III. Կոնվենցիայի 34-րդ և 38-րդ հոդվածների խախտում
143. Իր` գանգատի ընդունելիության հետ կապված նախկին դիտարկումներում դիմողը նաև բողոքել է առ այն, որ պատասխանող Կառավարության կողմից քննության նյութերը չտրամադրելը նրա՝ կողմից Կոնվենցիայի 34-րդ հոդվածով և 38-րդ հոդվածի 1 (a) կետով նախատեսված պարտականությունների խախտում է: 34-րդ հոդվածի համաձայն՝
«Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, հասարակական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների՝ որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը»:
38-րդ հոդվածի 1(a) կետի համաձայն՝
«1. Եթե Դատարանը գանգատը հայտարարում է ընդունելի, այն՝
(a) նախաձեռնում է գործի քննությունը կողմերի կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ և, եթե անհրաժեշտ է, իրականացնում է հետաքննություն, որի արդյունավետ իրականացման համար գործին առնչվող պետություններն ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները»:
144. Հաշվի առնելով իր վերը նշված պատճառաբանությունները, որոնք հանգեցրել են Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածների խախտումների հայտնաբերմանը՝ Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ չէ քննել այդ գանգատներն առանձին՝ Կոնվեկցիայի 34-րդ և 38-րդ հոդվածների ներքո:
IV. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառում
145. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Դիմողի՝ արդարացի փոխհատուցման պահանջը
146. Նախ` դիմողը պահանջել է նյութական վնասների փոխհատուցում՝ կապված հիվանդության կապակցությամբ բուժում ստանալու հետ, որն առաջացել է 1998 թվականի սեպտեմբերի դեպքերի պատճառով: Նա նշել է, որ 1998 թվականից բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններ և մասնավոր հովանավորներ վճարել են իր բուժման ծախսերը: Այդուհանդերձ, նա չի կարող ակնկալել, որ նրանք կվճարեն իր համար նաև հետագա տարիներին: Այդ պատճառով, նա ունի այլ ֆինանսական աղբյուրների կարիք: Բժիշկ Լ. Մագնուտովայի արձանագրության համաձայն դիմողի` յուրաքանչյուր անգամ հիվանդանոցում մնալու արժեքն է 60,000 ռուսական ռուբլի: Նա կարիք ունի հիվանդանոցում պառկելու առնվազն տարին երկու կամ երեք անգամ: Ավելին, դիմողը պետք է ծախսի 300-500 ռուբլի օրական դեղորայքի և անձնական հիգիենայի միջոցների համար: Հետևաբար, տարեկան բժշկական կարիքները հոգալու համար կպահանջվի 362,500 ռուբլի: Հիմնվելով այս հաշվարկի վրա՝ դիմողը պահանջել է 23,562,500 ռուբլի մինչև 65 տարեկան դառնալն իր հետագա բժշկական ծախսերը հոգալու համար:
147. Այնուհետև դիմողը նշել է, որ ինքը պաշտոնապես ստացել է առաջին կարգի հաշմանդամի կարգավիճակ: Նա չի կարող այլևս աշխատել և գումար վաստակել, ունի մշտական հոգ տանելու կարիք և, քանի որ իր ընտանիքը չի կարող շռայլել նման գումարներ, իր մայրը թողել է աշխատանքն իր մասին հոգ տանելու համար: Նրա եկամուտների կորուստը, ըստ դիմողի, պետք է դիտվի որպես նյութական կորուստ: Դիմողը պահանջել է իր սեփական եկամուտների կորստի փոխհատուցում: Քննարկվող ժամանակահատվածում Ռուսաստանում միջին աշխատավարձի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության հաշվարկով դիմողը պահանջել է 2,736,384 ռուբլի՝ կորցրած եկամտի դիմաց և 513,072 ռուբլի՝ իր մոր կորցրած եկամուտների փոխհատուցման դիմաց:
148. Արդյունքում` դիմողը պահանջել է 27,351,812 ռուբլի` նյութական վնասի փոխհատուցման դիմաց (մոտ 794,000 եվրո վճարման օրվա դրությամբ եվրոյի փոխարժեքով):
149. Դիմողը նաև ներկայացրել է ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջ: Նա նշել է, որ ոստիկանությունում եղած ժամանակ ինքը ենթարկվել է էլեկտրոդներով տանջանքի, ինչը պատճառել է իրեն խիստ ֆիզիկական և հոգեկան տառապանք: Ավելին, պատուհանից նրա ընկնելն առաջացրել է խիստ լուրջ և ցավագին վնասվածք: Նրա ոտքերը կաթվածահարվել են, և նա կարող է տեղաշարժվել միայն անվասայլակով և այլևս երբեք չէր կարող երեխաներ ունենալ: Մինչև կյանքի վերջը նա պետք է այլ մարդկանցից կախման մեջ գտնվեր: Նա չէր կարող աշխատել ու դրսևորել մասնագիտական ունակություններ և ունենալ մասնագիտական աճ: Շենքը, որտեղ նա ապրում էր, չուներ վերելակ, և նա պետք է մեծագույն ջանքեր գործադրեր ամեն անգամ դուրս գալ ցանկանալիս: Ռուսաստանում հանրային շենքերի մեծ մասում չկան հատուկ միջոցներ անվասայլակներ օգտագործողների համար: Արդյունքում` նրա գործողությունները և հանրային շփումները շատ սահմանափակ էին: Այս բոլոր գործոնները պատճառել են նրան կայուն և խիստ հոգեկան տառապանքներ:
150. Վերջապես, տառապանքներն ավելացել են իր հանդեպ իշխանությունների մշտական բացասական վերաբերմունքից և նրանց կողմից դեպքի առումով իրենց պատասխանատվությունը հերքելուց: Նրան նվաստացրել են` անվանելով անկայուն անձնավորություն, որը փորձել է ինքնասպան լինել: Դա ստիպել է դիմողին իրեն զգալ նվաստացած, անօգնական և խոցելի:
151. Վերը նշվածի հիման վրա դիմողը պահանջել է 22,530,000 ռուբլի՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման համար (654,000 եվրո՝ վճարման օրվա դրությամբ ռուբլու փոխարժեքով):
B. Կառավարության դիրքորոշումն արդարացի փոխհատուցման պահանջի վերաբերյալ
152. Ի պատասխան դիմողի կողմից արդարացի փոխհատուցման պահանջի, Կառավարությունը նկատել է, որ Նիժնի Նովգորոդի Լենինսկի շրջանային դատարանում դիմողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցի քննությունը դեռևս շարունակվում է: Այդ քննությունն ընդմիջվել է հենց դիմողի նախաձեռնությամբ՝ քրեական գործի քննության արդյունքներին սպասելու նպատակով: Քննության համար նախատեսված ժամկետները կասեցվել են Գլխավոր դատախազի կողմից մինչև 2005 թվականի ապրիլի 2-ը: Այդպիսով, Կառավարությունը եզրակացրել է, քանի որ ներպետական մակարդակով քննությունը դեռևս ավարտված չէ, դիմողն ունի հնարավորություն ստանալու փոխհատուցում ներպետական դատարանների վճռով: Այդ պատճառով նրա բողոքներն արդարացի փոխհատուցման վերաբերյալ ժամանակից շուտ էին:
153. Ավելին, Կառավարությունը համարել է պահանջված գումարները չափազանց մեծ և անհիմն են:
C. Դատարանի գնահատականը
1. Նյութական վնաս
154. Նախ` Դատարանը գտնում է, որ դիմողը թեև կարող է ստանալ նյութական վնասների փոխհատուցում ներպետական իրավական քննության արդյունքում, չի զրկում նրան Կոնվենցիայի 41-րդ հոդվածի ներքո փոխհատուցում պահանջելու իրավունքից: Դատարանը կարող է քննել այս հարցը, եթե նույնիսկ ներպետական քննությունը դեռևս շարունակվում է: Կոնվենցիայի 41-րդ հոդվածի որևէ այլ մեկնաբանություն կդարձնի այս դրույթը ոչ արդյունավետ:
155. Ապա Դատարանը կրկնում է, որ պետք է լինի հստակ պատճառական կապ դիմողի կողմից պահանջվող գումարի և Կոնվենցիայի խախտման միջև, ներառյալ՝ եկամուտների կորստի դիմաց փոխհատուցումը):
156. Դատարանը գտնում է, որ դիմողը ենթարկվել է տանջանքի, որի արդյունքում նա դիմել է ինքնասպանության փորձի: Իշխանություններն այդպիսով պատասխանատու են 1998 թվականի սեպտեմբերի 19-ի դեպքի հետևանքների համար: Դիմողն այժմ չի կարող աշխատել, և պահանջվում են զգալի գումարներ նրա բուժումը շարունակելու համար: Հետևաբար, առկա է պատճառական կապ հայտնաբերված խախտման և դիմողի կողմից իր վաստակների կորստի և իր հետագա բժշկական ծախսերի միջև (տես՝ ի հակադրություն Բերքթայն ընդդեմ Թուրքիայի, թիվ 22493/93, կետ 215, 2001թ. մարտի 1):
157. Ապա Դատարանը հիշեցնում է, որ դիմողի կրած նյութական վնասների դիմաց լիակատար փոխհատուցում (restitutio in integrum) կատարելու համար անհրաժեշտ գումարների հստակ հաշվարկը կարող է խոչընդոտել խախտումից առաջացած վնասների ըստ էության ոչ հստակ բնույթը: Փոխհատուցումը կարող է, այդուհանդերձ, կատարվել` անկախ ապագա կորուստների մի շարք անհստակությունից՝ չնայած որքան շատ ժամանակ է անցնում, այնքան ոչ հստակ է դառնում կապը վնասի և եկամուտների միջև (տես՝ Օրհանն ընդդեմ Թուրքիայի, թիվ 25656/94, կետ 426 et seq., 2002թ. հունիսի 18): Նման գործերով պետք է որոշել արդարացի փոխհատուցման աստիճանը` թե անցյալ և թե ապագա նյութական վնասների առումով, որոնք անհրաժեշտ է տրամադրել դիմողին, և որոնք պետք է հաստատվեն Դատարանի կողմից՝ հաշվի առնելով, թե որ չափը կլինի արդարացի (տես՝ Սանդեյ Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1989թ. նոյեմբերի 6, Series A, թիվ 38, էջ 9, կետ 15, և Լասթիգ Պրինն և Բիքիթն ընդդեմ Միացյալ թագավորության, թիվ 31417/96 և 32377/96, կետեր 22-23, ՄԻԵԴ 2000):
158. Դատարանը նկատում է, որ դիմողի պահանջը` կապված ապագա բժշկական ծախսերի և եկամուտների կորստի հետ, հիմնված են եղել բժիշկ Լ. Մագնուտովայի հաշվետվության վրա՝ նշելով դիմողի համար բժշկական բուժման տարեկան ենթադրելի ծախսերը, Ռուսաստանում միջին աշխատավարձի վերաբերյալ պաշտոնական տվյալները և այն վարկածը, որ դիմողը կարող էր շարունակել աշխատել մինչև 65 տարեկան դառնալը: Կառավարությունը չի ներկայացրել որևէ այլ հաշվարկ՝ վիճահարույց ծախսերի և եկամուտների կորստի վերաբերյալ:
159. Դատարանը նկատում է, որ մի շարք նախկին գործերով, երբ քննարկվել է ապագա եկամուտների կորստի հարցը, Դատարանն իր հաշվարկները հիմնել է դիմողի ներկայացուցիչների կողմից ներկայացված եկամուտների որոշակի մակարդակ ապահովելու համար հիմնական կարիքների փաստացի հաշվարկի վրա (տես՝ Aktaş v.Turkey, no. 24351/94, կետ 350, ՄԻԵԴ 2003‑V, և Օրհանն ընդդեմ Թուրքիայի, կետ 433): Միևնույն մոտեցումը կարող է կիրառվել ապագա ծախսերի հաշվարկի համար: Տվյալ գործով, այդուհանդերձ, դիմողի կողմից պահանջվող ողջ գումարը հաշվարկվել է Ռուսաստանում կյանքի միջին տևողության հետ կապված տարեկան բժշկական ծախսերի հաշվարկով: Ապագա եկամուտների պահանջվող գումարները նույնպես հաշվարկվել են նույն ճանապարհով:
160. Ուստի, նույնիսկ ընդունելով, որ դիմողի կողմից ներկայացված բոլոր հաշվարկները և նյութերը ճիշտ են, Դատարանը գտնում է, որ տվյալ գործով կիրառված հաշվարկի մեթոդը չի համընկնում ապագա կորուստների հաշվարկի վերաբերյալ Դատարանի մոտեցման հետ: Ավելին, նրա ապագա եկամուտների կորուստների հաշվարկը չի ներառում այն գումարը, որը նա ստանում է որպես հաշմանդամ: Այդ պատճառով Դատարանը չի կարող ընդունել այս կետի ներքո դիմողի կողմից ներկայացված վերջնական հաշվարկը:
161. Այդուհանդերձ, հաշվի առնելով դիմողի` իր վիճակի գնահատման անճշտությունները և այն փաստը, որ նա, անկասկած, կունենա էական նյութական կորուստներ` կապված դիմողի լիարժեք հաշմանդամության և մշտական բժշկական բուժման կարիքը հոգալու հետ, Դատարանը գտնում է, որ տվյալ գործով տեղին կլինի սահմանել փոխհատուցում նյութական վնասի դիմաց՝ դիմողի վիճակի գնահատման հիման վրա (տես՝ mutatis mutandis, Ավշարն ընդդեմ Թուրքիայի, թիվ 25657/94, կետ 442, ՄԻԵԴ 2001‑VII, Զ.-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 29392/95, կետ 127, ՄԻԵԴ 2001‑V, Օրհանն ընդդեմ Թուրքիայի, կետ 438): Հաշվի առնելով դիմողի վիճակի լրջությունը և մասնագիտացված ու շարունակական բժշկական բուժման կարիքը՝ Դատարանը տրամադրում է նրան 130,000 եվրո` այս գլխի ներքո, ներառյալ բոլոր կիրառելի հարկերն ու տուրքերը:
2. Ոչ նյութական վնասը
162. Դատարանը կրկնում է, որ դեպքի ժամանակ դիմողն առողջ երիտասարդ էր, որն ուներ մշտական աշխատանք: Սակայն ոստիկանությունում ձերբակալված լինելու ժամանակ նա ենթարկվել է տանջանքի, որը պատճառել է նրան հոգեկան և ֆիզիկական տառապանք: Այժմ նա զրկվել է շարժունակությունից և սեռական ու հետույքային գործառույթից և չի կարող աշխատել ու երեխաներ ունենալ: Նա ունի կանոնավոր բժշկական հետազոտությունների ենթարկվելու կարիք, և առկա է նրա վիճակի վատթարացման վտանգ: Հաշվի առնելով դիմողի համար 1998 թվականի սեպտեմբերի 19-ի դեպքի հետևանքների լրջությունը՝ Դատարանը տրամադրում է նրան 120,000 եվրո՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման դիմաց, ներառյալ կիրառելի բոլոր հարկերն ու տուրքերը:
D. Տուգանային տոկոսներ
163. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Մերժում է Կառավարության առարկությունը՝ դիմողի կողմից ներպետական միջոցներն սպառած չլինելու մասին, և ընդունում է դիմողի՝ վիճելի խախտումներից տուժածի կարգավիճակը:
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ կապված դիմողի՝ 1998 թվականի սեպտեմբերի 19-ին ոստիկանությունում պատուհանից նետվելու դեպքի կապակցությամբ արդյունավետ քննություն չիրականացնելու հետ:
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ ձերբակալված լինելու ընթացքում դիմողի նկատմամբ վատ վերաբերմունք առնչությամբ:
4. Վճռում է, որ վերը նշված հետևությունների տեսանկյունից անհրաժեշտ չէ քննել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո ներկայացված մյուս գանգատները:
5. Վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ գանգատարկվող վատ վերաբերմունքի հետ կապված արդյունավետ միջոցների չապահովման առումով:
6. Վճռում է, որ անհրաժեշտ չէ քննել դիմողի գանգատն առանձին 34-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 1(a) կետի ներքո:
7. Վճռում է,
(a) որ պատասխանող Պետությունը պետք է վճռի` Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան օրինական ուժ ստանալուց հետո` երեք ամսվա ընթացքում վճարի դիմողին 130,000 եվրո (մեկ հարյուր երեսուն հազար եվրո) նյութական վնասի փոխհատուցման համար և 120,000 եվրո (մեկ հարյուր քսան հազար եվրո)՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման համար, որոնք պետք է հաշվարկվեն ռուսական ռուբլիով վճռի կատարման օրվա դրությամբ կիրառելի տոկոսադրույքով՝ ներառյալ այս գումարների նկատմամբ կիրառելի բոլոր հարկերն ու տուրքերը:
(b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում չվճարված գումարի մասով պետք է հաշվարկվի տուգանային տոկոս, հավասար է պարտավորության չկատարված ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս:
8. Մերժում է արդարացի փոխհատուցման վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերեն և ծանուցված է գրավոր 2006 թվականի հունվարի 26-ին՝ համաձայն Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Սորեն Նիելսեն
Քարտուղար Քրիստոս Ռոզակիս
Նախագահող