Հոդված 310. Պայմանով ազատ արձակելու մասին միջնորդության ընդունելիությունը և դատարանի որոշումը
Հոդված 310. Պայմանով ազատ արձակելու մասին միջնորդության ընդունելիությունը և դատարանի որոշումը
(1) Քննիչ-դատավորը ստուգում է պայմանով ազատ արձակելու մասին միջնորդության համապատասխանությունը 191-րդ և 192-րդ հոդվածների դրույթներին: Եթե միջնորդությունը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա քննիչ-դատավորը, առանց կողմերին հրավիրելու, իր որոշմամբ մերժում է միջնորդությունը՝ որպես անընդունելի:
(2) Եթե միջնորդությունը համապատասխանում է 1-ին կետով նախատեսված պահանջներին, և ներկայացվել է մեղադրյալի կողմից, ապա քննիչ-դատավորը որոշում է կայացնում միջնորդությունն ընդունելի համարելու մասին, և կողմերին ծանուցելով՝ որոշի միջնորդությունը քննության առնելու օրը:
…
(5) Նշանակված օրը քննիչ-դատավորը քննության է առնում միջնորդությունը՝ դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի, ինչպես նաև միջնորդություն ներկայացրած անձի մասնակցությամբ: Որոշումը կայացվում է ներկաների բացատրություններն ունկնդրելուց հետո:
(6) Եթե միջնորդությունը հիմնավորված է և համապատասխանում է օրենքի պահանջներին, քննիչ- դատավորը պատճառաբանված որոշում է կայացնում մեղադրյալին ազատ արձակելու մասին՝ անհրաժեշտության դեպքում սահմանելով պայմաններ»:
53. Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթների համաձայն.
«Հոդված 1405. Պետության պատասխանատվությունը քրեական գործով նախնական քննության, քրեական հետապնդման մարմինների և դատարանների գործողությունների հետևանքով պատճառված վնասի համար
(1) Ապօրինի դատապարտման, անօրինական հետապնդման, կալանավորման կամ չհեռանալու մասին ստորագրության խափանման միջոցների ապօրինի կիրառման, կալանքի կամ հանրային աշխատանքների ձևով վարչական տույժի ապօրինի ենթարկելու միջոցով ֆիզիկական անձին պատճառված վնասն ամբողջությամբ հատուցվում է պետության կողմից՝ անկախ այն հանգամանքից, թե արդյո՞ք դա տեղի է ունեցել քրեական գործով նախնական քննության, քրեական հետապնդման մարմինների կամ Դատավորների մեղքով, թե՝ ոչ:…»
54. Քրեական գործով նախնական քննության, քրեական հետապնդման մարմինների և դատարանների ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման մասին թիվ 1545 օրենքի համապատասխան դրույթները նախատեսում են.
«Հոդված 1.
(1) Տվյալ օրենքին համապատասխան՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք ունեն այն բարոյական և նյութական վնասի հատուցման իրավունք, որն առաջացել է.
a) ապօրինի կալանավորման, ապօրինի ձերբակալման, ապօրինի մեղադրանքի, ապօրինի դատապարտման հետևանքով,
b) նախնական քննության կամ դատական քննության փուլում կատարված ապօրինի խուզարկության, առգրավման, գույքի վրա կալանք դնելու, պաշտոնավարման ապօրինի դադարեցման, ինչպես նաև այլ դատավարական գործողությունների հետևանքով, որոնցով սահմանափակվել են անձի իրավունքները,
c) ապօրինի վարչական կալանքի կամ հանրային աշխատանքների, գույքի ապօրինի բռնագրավման, ապօրինի տուգանքի հետևանքով,
d) ապօրինի քննչական գործողությունների կատարման հետևանքով,
e) հաշվապահական փաստաթղթերի, այլ փաստաթղթերի, դրամի կամ արժույթի ապօրինի առգրավման, ինչպես նաև բանկային հաշվի վրա արգելանք դնելու հետևանքով:
(2) Պատճառված վնասն ամբողջությամբ փոխհատուցվում է՝ անկախ նախնական քննության մարմինների, քրեական հետապնդման մարմնի և դատարանների մեղքի աստիճանից: