Հոդված 15. Ֆիզիկական ուժի գործադրումը
Հոդված 15. Ֆիզիկական ուժի գործադրումը
Ոստիկանության աշխատակիցները հանցավոր գործողությունները դադարեցնելու և օրինական պահանջներին ցուցաբերվող դիմադրությունը չեզոքացնելու նպատակով կարող են ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրել միայն այն դեպքերում, երբ բռնություն չենթադրող միջոցները բավարար չեն իրենց պարտականությունները կատարելու համար:»:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
49. Դիմողը պնդել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, որի համաձայն`
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաuտացնող վերաբերմունքի կամ պատժի:»:
50. Դատարանն ընդգծում է, որ այս գանգատը վերաբերում է թե՛ դիմողի հանդեպ ցուցաբերված վատ վերաբերմունքին և թե՛ դրա կապակցությամբ իշխանությունների իրականացրած քննությանը:
A. Կողմերի դիրքորոշումները
51. Ըստ դիմողի` Մոլդովայում ոստիկանների աշխատավարձը և առաջխաղացումը կախված է նրանց կողմից բացահայտված հանցագործությունների թվից: Դա նպաստում է ցուցմունք կորզելու նպատակով կասկածյալների նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորելու պրակտիկային:
52. Նա նշել է, որ ոստիկաններ Ա. Տուլբուն և Վ. Դուբչեկը սպառնացել էին սպանել իրեն և դաժանորեն ծեծել: Նա, մասնավորապես, հիմնվել էր դատախազության կողմից նշանակված անկախ բժշկական հանձնաժողովի 2000թ. փետրվարի 28-ի բժշկական եզրակացության վրա (տե՛ս վերը՝ 33-րդ կետ), որը, ըստ նրա, հավաստում էր իրեն պատճառված վնասվածքների ծանրությունը: Ծեծի արդյունքում ինքը խլացել է և անչափահաս տարիքում դարձել անաշխատունակ:
Դիմողի պնդմամբ՝ իր հանդեպ դրսևորված վերաբերմունքը համարժեք է խոշտանգման:
53. Գործի ընդունելիության և էության վերաբերյալ 2004թ. սեպտեմբերին ներկայացրած իր առարկություններում Կառավարությունը վերահաստատել էր Լյապուշնայի դատախազության 2001թ. հունիսի 20-ի որոշման մեջ ներկայացված փաստարկները (տե՛ս վերը՝ 41-րդ կետ): Գործի էության վերաբերյալ 2005թ. նոյեմբերին ներկայացված լրացուցիչ առարկություններում Կառավարությունը պնդել է, որ դիմողի փաստարկներն անհիմն են և որ, ամեն պարագայում, նրա նկատմամբ դրսևորված վերաբերմունքը չի ընդգրկվում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի կարգավորման ոլորտում: Կառավարությունը վկայակոչել է Լյապուշնայի դատախազության 2001թ. հունիսի 20-ի որոշումը և պնդել, որ դիմողի մոտ առկա վնասվածքներն առաջացել են ընկնելու արդյունքում: Ըստ Կառավարության` ոստիկանները գործել են օրենքի սահմաններում, և դիմողը չի կարող ապացուցել ոստիկանների գործողությունների և իր հաշմանդամության միջև պատճառահետևանքային կապը: Կառավարության կարծիքով` դիմողի առողջության վատթարացումը կարող է լինել նրա՝ առանց այդ էլ թույլ առողջական վիճակի կամ սխալ բուժման, մասնավորապես՝ ոչ համարժեք բժշկական միջամտության հետևանք: Դիմողին գետնին գցելը նրան պատճառել է թեթև վնասվածքներ, այլ ոչ թե երկրորդ աստիճանի հաշմանդամություն:
B. Դատարանի գնահատականը
1. Ենթադրյալ վատ վերաբերմունքի վերաբերյալ
54. Ինչպես Դատարանը բազմիցս նշել է, 3-րդ հոդվածը վերաբերում է ժողովրդավարական հասարակությունում ընդունված հիմնարար արժեքներից մեկին: Անգամ ամենաբարդ հանգամանքներում, ինչպիսին ահաբեկչության կամ կազմակերպված հանցավորության դեմ պայքարն է, Կոնվենցիան կտրականապես արգելում է խոշտանգումները և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքն ու պատիժը: Ի տարբերություն Կոնվենցիայում և դրան կից 1-ին և 4-րդ արձանագրություններում ամրագրված նյութական դրույթների մեծամասնության՝ 3-րդ հոդվածը բացառություններ սահմանող որևէ դրույթ չի պարունակում և այն ենթակա չէ 15- րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված որևէ սահմանափակման անգամ պետության գոյությանը սպառնացող հանրային վտանգի դեպքում (տե՛ս Selmouni v. France [Մեծ պալատ], թիվ 25803/94, կետ 95, ECHR 1999-V և Assenov and Others v. Bulgaria, 1998թ. հոկտեմբերի 28-ի վճիռը, Reports of Judgments and Decisions 1998-VIII, էջ 3288, կետ 93):
55. Դատարանը հիշեցնում է, որ կալանքի ընթացքում կամ ոստիկանության հսկողության տակ գտնվելու այլ ժամանակահատվածներում անձին պատճառված վնասը ծանրակշիռ հիմք է տալիս ենթադրելու, որ այդ անձը ենթարկվել է վատ վերաբերմունքի (տե՛ս Bursuc v. Romania, թիվ 42066/98, կետ 80, 2004թ. հոկտեմբերի 12): Պետությունը պարտավոր է հիմնավորապես պարզաբանել, թե ինչպես են պատճառվել վնասվածքները. հակառակ դեպքում ի հայտ է գալիս Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման խնդիր (Selmouni v. France, կետ 87): Քրեական վարույթի արդյունքում ոստիկանության աշխատակիցներին արդարացնելու փաստի պարզ վկայակոչումը բավարար չէ պետության համար ու, հետևաբար՝ անձին վնասվածք պատճառելու մեղադրանքով ոստիկաններին արդարացնելու փաստը պետությանը չի ազատում Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված պարտականությունից, այն է՝ ապացուցել, որ ոստիկանության հսկողության ներքո գտնվելու ընթացքում անձի ստացած վնասվածքները չեն պատճառվել ոստիկանների կողմից (Ribitsch v. Austria, 1995թ. դեկտեմբերի 4-ի վճիռը, Series A no. 336, 34 և 38 կետեր):
(a) Դատարանի եզրակացությունը փաստերի վերաբերյալ
56. Անվիճելի փաստ է, որ 1998թ. հուլիսի 9-ին կատարված իր ձերբակալությունից մինչև 1998թ. հուլիսի 10-ի երեկոն դիմողը գտնվել է ոստիկանության հսկողության ներքո: Կասկածից վեր է նաև այն, որ դիմողը վնասվածքները ստացել է այդ ժամանակահատվածում:
57. Կառավարության առարկությունների առանցքն այն է, որ վնասվածքներն առաջացել են 1998թ. հուլիսի 9-ին դիմողին ոստիկանություն տանելու ճանապարհին՝ նրան գետնին գցելու արդյունքում (տե՛ս վերը՝ 53-րդ կետ):
58. Կառավարության հիմնավորումները Դատարանը համոզիչ չի համարում և գտնում է, որ Կառավարությունը հիմնավորապես չի պարզաբանել, թե ինչպես են պատճառվել վնասվածքները: Դատարանը նշում է, որ դատախազության ձևավորած՝ չորս փորձառու դատական բժիշկներից բաղկացած հանձնաժողովի 2000թ. փետրվարի 28-ի եզրակացությունը հստակ ամրագրել է, որ վնասվածքները չէին կարող առաջանալ ընկնելու արդյունքում, այլ պատճառվել էին բութ առարկայով հարվածելուց (տես վերը՝ 33-րդ կետ): Դատարանը նաև նշում է, որ գործի ներպետական քննության ընթացքում կողմերը չեն վիճարկել բժշկական հանձնաժողովի եզրակացությունը, և որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ ապացույց՝ ի հերքումն բժշկական հանձնաժողովի հստակ եզրակացության: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ այդ եզրակացությունը նշանակալի ապացուցողական արժեք ունի դիմողի վնասվածքների առաջացման աղբյուրը պարզելու համար:
59. Բացի այն եզրակացությունից, որ դիմողի գլխի վնասվածքները պատճառվել են բութ առարկայով հարվածելուց և չէին կարող առաջանալ ընկնելու արդյունքում, հարկ է ընդգծել նաև, որ բժշկական հանձնաժողովի 2000թ. փետրվարի 28-ի եզրակացության մեջ նշվել է, որ կապտուկներ կան նաև նրա ձախ ոտքի ներբանին, որը ևս կարող էր առաջացած լինել միայն բութ առարկայով հարվածելու արդյունքում: Այդ եզրակացությունը համապատասխանում է դիմողի պնդումներին առ այն, որ խոստովանություն կորզելու նպատակով մահակներով հարվածել են իր ներբաններին: Այդուհանդերձ, ներպետական իշխանություններն անտեսել են հանձնաժողովի եզրակացությունը և հանգել ընդհանուր եզրակացության, որ դիմողի բոլոր վնասվածքները գլուխը գետնին հարվածելու արդյունք են՝ եզրահանգում, որը Դատարանն անհավանական է համարում:
60. Իրեն ներկայացված բոլոր նյութերի հետազոտության հիման վրա Դատարանը եզրակացնում է, որ Կառավարությունը չի կատարել իր պարտականությունը՝ ապացուցելու, որ վնասվածքներն անձին չեն պատճառվել ոստիկանության հսկողության ներքո գտնվելու ընթացքում ցուցաբերված վատ վերաբերմունքի արդյունքում:
61. Բժշկական ապացույցները ցույց են տալիս, որ դիմողին՝ գլխի և ձախ ոտքի ներբանի հատվածներում, հարվածել են բութ առարկայով: Ակնհայտ է, որ ծեծի արդյունքում պատճառվել է գլխի սուր վնասվածք և ուղեղի ցնցում. եղել են բազմաթիվ կապտուկներ դեմքի հատվածում՝ աջ աչքի, աջ ականջի, ինչպես նաև ձախ ոտքի ներբանի շրջանում. վնասված է եղել նաև թմբկաթաղանթը (տե՛ս վերը՝ 33-րդ կետ), դիմողը տառապել է հանկարծակի խլացմամբ, որը հետագայում հանգեցրել է թույլ լսողության (տե՛ս նույն տեղում): Պարզվել է, որ դիմողի կրած վնասվածքները վերջերս հանգեցրել են երկրորդ կարգի հաշմանդամության, որը, համաձայն Մոլդովայի օրենսդրության, համարժեք է աշխատունակության 50-75%-ի կորստի:
62. Հաշվի առնելով այն փաստը, որ Կառավարությունը վիճարկել է դիմողի պնդումներն այն մասին, որ իրեն սպառնացել են ատրճանակով, և դիմողն ի պաշտպանություն իր պնդումների՝ որևէ ապացույց չի ներկայացրել, Դատարանն այդ կապակցությամբ որևէ եզրակացության հանգելը հնարավոր չի համարում:
(b) Վատ վերաբերմունքի բնորոշումը՝ ըստ 3-րդ հոդվածի
63. Դատարանն այսուհետ պետք է որոշի, թե դիմողի նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքը դրսևորման ինչ ձև է ունեցել: Վատ վերաբերմունքի այս կամ այն ձևը որպես խոշտանգում որակելու կամ չորակելու հարցը քննարկելիս պետք է ուշադրություն դարձնել խոշտանգման և անմարդկային կամ նվաuտացնող վերաբերմունքի միջև 3-րդ հոդվածով սահմանված տարբերակմանը: Ինչպես արդեն նշվել է նախկինում քննված գործերով` ակներև է, որ այդ տարբերակումը դնելով` Կոնվենցիան փորձել է հատուկ եզրույթով ընդգծել շատ լուրջ ու դաժան տառապանք պատճառող անմարդկային վերաբերմունքը (տե՛ս Ireland v. the United Kingdom, 1998թ. հունվարի 18-ի վճիռը, Series A թիվ 25, 66-67 էջեր, կետ 167): Խոստովանություն կորզելու նպատակով դիտավորյալ ցավ կամ տառապանք պատճառելու փաստը հաջորդ գործոնն է, որը պետք է հետազոտվի՝ վատ վերաբերմունքը խոշտանգում համարելու կամ չհամարելու հարցը որոշելիս (Aksoy v. Turkey, 1996թ. դեկտեմբերի 18-ի վճիռը, Reports 1996-VI, կետ 64, Salman v. Turkey, [Մեծ պալատ], թիվ 21986/93, կետ 114, ECHR 2000-VII):
64. Սույն գործով Դատարանը մասնավորապես ընդգծում է դիմողին հասցված հարվածների ուժգնությունը, որի արդյունքում նա շատ լուրջ վնասվածքներ է ստացել (տե՛ս վերը՝ 61-րդ կետ): Այդ վնասվածքների պատճառով դիմողը 1998թ. հուլիսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում շուրջ 70 օր անցկացրել է հիվանդանոցում (տե՛ս վերը՝ 18-րդ կետ): Հաշվի առնելու ենթակա կարևոր գործոն է այն, թե վատ վերաբերմունքն ինչպես է անդրադարձել դիմողի առողջական վիճակի վրա (տե՛ս վերը՝ 61-րդ կետ): Դատարանը նաև մեծ նշանակություն է տալիս դիմողի երիտասարդ տարիքի փաստին (միջադեպի ժամանակ նա տասնյոթ տարեկան էր), ինչը նրան առավել խոցելի է դարձրել բռնություն գործադրողների առջև:
65. Այնուհանդերձ, վատ վերաբերմունքի ձևը բնութագրելու որոշիչ գործոնը falaka-ի (ներբաններին հարվածելու) պրակտիկան է, որին դիմողը ենթարկվել է: Սա տեղեկություն կորզելու, պատժելու կամ ահաբեկելու նպատակով գործադրվող վատ վերաբերմունքի առանձնակի դատապարտելի ձև է: Դատարանը հիշեցնում է, որ վերոհիշյալ Salman v. Turkey գործով (կետ 115) falaka-ի կիրառումը՝ զուգորդված կրծքավանդակին ուղղված հարվածների հետ, համարվել է խոշտանգում:
66. Հաշվի առնելով վերոգրյալը` Դատարանը գտնում է, որ դիմողի դեմ գործադրված բռնությունն աչքի է ընկել առանձնակի լրջությամբ և պետք է որ նրան այնպիսի ուժգին ցավ ու տառապանք պատճառած լիներ, որը, Կոնվենցիայի 3- րդ հոդվածի իմաստով, պետք է որակվի որպես խոշտանգում:
67. Վերը նշվածի հիման վրա` Դատարանը եզրակացնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
2. Ենթադրյալ ոչ պատշաճ քննության վերաբերյալ
68. Դատարանը հիշեցնում է, որ եթե անհատը հիմնավոր կերպով պնդում է, որ ոստիկանությունը կամ պետությունը ներկայացնող այլ պաշտոնատար անձանց կողմից ենթարկվել է վատ վերաբերմունքի, ապա 3-րդ հոդվածը, Կոնվենցիայի 1- ին հոդվածով պետության համար սահմանված «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայի I բաժնում նշված իրավունքներն ու ազատություններն» ապահովելու պարտականության հետ համակցության մեջ դիտարկելով, պահանջում է, որ իրականացվի արդյունավետ քննություն: Այնպես, ինչպես 2- րդ հոդվածի ներքո քննությունը, այդ քննությունը պետք է հանգեցնի հանցանք կատարած անձանց պատժելուն: Հակառակ դեպքում խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի ընդհանուր արգելքը, չնայած իր հիմնարար նշանակությանը, գործնականում անարդյունավետ կլինի, և որոշ դեպքերում պետական պաշտոնատար անձինք հնարավորություն կունենան անպատիժ ոտնահարել իրենց հսկողության ներքո գտնվողների իրավունքները (ի թիվս այլ գործերի, տե՛ս Labita v. Italy [Մեծ պալատ], թիվ 26772/95, կետ 131, ECHR 2000-IV):
69. Քննությունը պետք է արդյունավետ լինի նաև այն իմաստով, որ դրա արդյունքում հնարավոր լինի պարզել՝ ոստիկանության կողմից գործադրված ուժը տվյալ հանգամանքներում արդարացվա՞ծ էր, թե՝ ոչ (տե՛ս Kaya v. Turkey գործով վճիռը՝ կայացված 1998թ. փետրվարի 19-ին, Reports 1998-I, կետ 87):
Վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների գործերով քննությունը պետք է լինի համակողմանի: Դա նշանակում է, որ իշխանությունները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, և քննության ընթացքում կամ իրենց որոշումները կայացնելիս պետք է չհիմնվեն հապճեպ կայացված և անհիմն եզրակացությունների վրա (տե՛ս վերոհիշյալ Assenov and Others v. Bulgaria գործով վճիռը, 103 և հաջորդ կետեր): Նրանք պետք է ողջամտորեն ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները՝ միջադեպի վերաբերյալ ապացույցներ, ներառյալ` վկաների ցուցմունքներ ու դատաբժշկական փորձաքննության եզրակացություններ հավաքելու համար (տե՛ս Tanrıkulu v. Turkey [Մեծ պալատ], թիվ 23763/94, ECHR 1999-IV, 104 և հաջորդ կետեր, և GՖl v. Turkey, թիվ 22676/93, կետ 89, 14 դեկտեմբերի 2000թ.): Քննության ընթացքում թույլ տրված ցանկացած բացթողում, որը նվազեցնում է պատճառված վնասի պատճառները կամ մեղավոր անձանց ինքնությունը պարզելու հնարավորությունը, պարունակում է այս չափանիշից շեղվելու վտանգ:
70. Եվ վերջապես, քննությունը պետք է հնարավորինս արագ ընթանա: Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված միջադեպերի քննության ժամանակ, երբ քննության արդյունավետությունը հարցականի տակ էր դրվում, Դատարանը հաճախ գնահատում էր, թե իշխանությունները որքան արագ են արձագանքել բողոքներին (տե՛ս վերը՝ Labita v. Italy գործը, կետ 133):
71. Դատարանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ քննությունը տևել է ավելի քան երեք տարի, որի ընթացքում վարույթն առնվազն տասներկու անգամ կարճվել և վերսկսվել է: Բողոքներին ընթացք չտալու վերաբերյալ բոլոր որոշումները պարունակել են միևնույն եզրակացությունը՝ դիմողին պատճառված բոլոր վնասներն առաջացել են գլուխը գետնին հարվածելու արդյունքում` այն պահին, երբ ոստիկանները նրան գետնին են գցել՝ դանակը ձեռքից խլելու նպատակով: Նշվել էր նաև, որ ոստիկանները ուժ գործադրելու իրավունք ունեցել են, քանի որ դիմողի դանակը վտանգ է ներկայացրել նրանց կյանքի ու առողջության համար, և որ նրանք գործել են օրենքի սահմաններում:
72. Դատարանն այնուհետև նշում է, որ ներպետական իշխանությունները չեն փարատել բժշկական հանձնաժողովի 2000թ. փետրվարի 28-ի եզրակացության, որում հստակ նշվել էր, որ վնասվածքները կարող էին առաջացած լինել միայն ծեծի արդյունքում, և դեպքերի ընթացքի՝ ոստիկանության աշխատողներ Ա.Տուլբուի և Վ.Դուբչեկի ներկայացրած վարկածի միջև առկա հակասությունները:
73. Հարկ է նաև նշել, որ քննության ընթացքում փորձ չի արվել տրամաբանական բացատրություն գտնել դիմողի ոտքի ներբանի վրա առկա կապտուկների ծագման վերաբերյալ. այդ հանգամանքն անտեսվել է:
74. Դատարանը նաև նշում է, որ ներպետական իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել դիմողի բողոքին առ այն, որ 1998թ. հուլիսի 10-ին իրեն սպառնացել են գլխից գնդակահարել, թեև դիմողը պարզորոշ հաղորդում էր ներկայացրել այդ մասին:
75. Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ քննությունն ընթացել է մի շարք լուրջ և անբացատրելի բացթողումներով: Քննության արդյունքում կայացվել են որոշումներ, որոնցում առկա են եղել անհամապատասխանություններ, իսկ փաստերը պատշաճ կերպով չեն վերլուծվել: Իշխանություններն անտեսել են որոշ փաստեր և իրենց որոշումներում չեն անդրադարձել որոշ անհանգստացնող փաստերի:
76. Վերոգրյալի հիման վրա` Դատարանը եզրակացնում է, որ այս առնչությամբ ևս տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
77. Դիմողը պնդել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքների խախտման ընթացքում պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ ինքը չի ունեցել, և որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում, որը սահմանում է.
«Յուրաքանչյուր ոք, ում uույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք...»:
A. Կողմերի դիրքորոշումները
78. Դիմողը, ի թիվս այլոց, հայտնել է, որ իր նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի գործի քննության արդյունքում ինքը զրկվել է վնասների հատուցման վերաբերյալ ոստիկանության աշխատողների դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու հնարավորությունից:
79. Կառավարությունն այս առնչությամբ նշել է, որ արդյունավետ պաշտպանության միջոցներ տրամադրելու նպատակով Գլխավոր դատախազությունը 2005թ. նոյեմբերի 7-ին որոշում է կայացրել դիմողի հանդեպ ոստիկանության աշխատողներ Ա. Տուլբուի և Վ. Դուբչեկի կողմից ենթադրաբար դրսևորված վատ վերաբերմունքի գործով վարույթը վերսկսելու մասին: Կառավարությունը գտել է, որ 13- րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
B. Դատարանի գնահատականը
80. Ըստ վերոնշյալ եզրահանգման՝ խոշտանգումների չենթարկվելու և դրանց ենթարկվելու վերաբերյալ բողոքների կապակցությամբ դիմողի՝ արդյունավետ քննության իրավունքները պետության կողմից խախտվել են: Հետևաբար` այդ առնչությամբ դիմողի բողոքները ենթակա էին քննության՝ 13-րդ հոդվածի լույսի ներքո (տե՛ս Boyle and Rice v. the United Kingdom գործով 1988թ. ապրիլի 27-ի վճիռը, Series A թիվ 131, էջ 23, կետ 52):
81. Խնդրո առարկա ժամանակահատվածում գործող Մոլդովայի քաղաքացիական օրենսգրքին համապատասխան (տե՛ս վերը՝ կետ 47)` դիմողը կարող էր նյութական և ոչ նյութական վնասների համար փոխհատուցում պահանջել միայն այն դեպքում, երբ վնասները պատճառվել են անօրինական գործողությունների արդյունքում: Քանի որ ներպետական իշխանությունները, իրականացված քննության արդյունքում, եզրակացրել էին, որ ոստիկաններ Ա. Տուլբուի և Վ. Դուբչեկի գործողություններն իրավաչափ են եղել, ապա նրանց դեմ քաղաքացիական հայց ներկայացնելը չէր կարող արդյունավետ լինել:
82. Վերոգրյալը հաշվի առնելով` Դատարանը եզրակացնում է, որ ներպետական օրենսդրությամբ դիմողն արդյունավետ պաշտպանության միջոցներ չի ունեցել իր հանդեպ դրսևորված վատ վերաբերմունքի դիմաց փոխհատուցում պահանջելու համար, ուստի տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ 3-րդ հոդվածի շրջանակում ներկայացված բողոքի առնչությամբ:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
83. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իuկ համապատաuխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մաuնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի բավարարում տրամադրել»:
A. Ոչ-նյութական վնաս
84. Դիմողը պահանջել է 20 000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ խոշտանգումների և իշխանությունների կողմից իր բողոքի պատշաճ քննություն չիրականացնելու դիմաց: Ըստ դիմողի` ինքը ցավ և տառապանք է կրել, վախ է ապրել իր կյանքի համար: Խոշտանգումների արդյունքում ինքը դարձել է հաշմանդամ և անաշխատունակ: Մեկ տարուց ավելի բուժում է անցել հիվանդանոցներում և դեռ բժշկական խնամքի կարիք ունի:
85. Կառավարությունն առարկել է՝ ի թիվս այլ փաստարկների, նշելով՝ քանի որ դիմողը չի ենթարկվել 3-րդ հոդվածին հակասող որևէ վերաբերմունքի, չի կարող որևէ փոխհատուցում ստանալ: Դիմողի վնասվածքները, որոնք սկզբում որակվում էին որպես թեթև, հանգեցրել են երկրորդ աստիճանի հաշմանդամության, որի հետևանքով դիմողի առողջական վիճակը վատթարացել է: Տվյալ պահին այդ հարցը գտնվում է Գլխավոր դատախազության վարույթում, որը վերսկսել է դիմողի գործով վարույթը: Այդուհանդերձ, վարույթի վերսկսումն ինքնին չէր նշանակում, թե ոստիկաններ Ա. Տուլբուն և Վ. Դուբչեկը մեղավոր են: Դրանք ընդամենը կարող են նպաստել վնասվածքների իրական պատճառները ճշտելուն, ինչպես նաև օգնել պարզելու՝ պրն Կորսակովի ներկայիս անընդհատ բժշկական խնամքի անհրաժեշտությունն առաջացել է ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքո՞ւմ, թե՞ այլ հանգամանքներում: Կառավարությունը եզրակացրել է, որ դիմողին չի հաջողվել ցույց տալ իր ստացած վնասվածքների և Կոնվենցիայի ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապը: Ամեն դեպքում, եթե Դատարանը խախտում հայտնաբերի, ապա այդ փաստն ինքնին կլինի բավարար չափով արդարացի փոխհատուցում:
86. Դատարանն առաջին հերթին ընդգծում է դիմողի իրավունքների ոտնահարումների ծայրահեղ ծանրությունը: Դատարանը նաև հաշվի է առնում, որ ոստիկանությունում բռնությունների ենթարկվելիս դիմողը եղել է անչափահաս՝ առանց որոշակի առողջական խնդիրների: Ծեծից հետո նա երկար ժամանակ բժշկական օգնություն է ստացել հիվանդանոցում, ինչպես նաև կորցրել է լսողությունը: Հետագայում նրա առողջությունը լրջորեն վատթարացել է: Անհրաժեշտ է որոշակի ուշադրություն դարձնել նրան, թե ներպետական իշխանության մարմիններն ինչ եղանակով են իրականացրել դիմողի խոշտանգումների վերաբերյալ բողոքի քննությունը, ինչպես նաև այն փաստին, որ քննության արդյունքում դիմողը զրկվել է քաղաքացիական գործով դատարանում փոխհատուցում պահանջելու հնարավորությունից:
87. Վերոգրյալը հաշվի առնելով` Դատարանը գտնում է, որ դիմողի տառապանքները չեն կարող փոխհատուցվել սոսկ խախտումը ճանաչելով, ինչպես առաջարկում է Կառավարությունը: Հիմնվելով 3-րդ հոդվածի վերաբերյալ իր նախադեպային իրավունքի վրա (մասնավորապես, տե՛ս վերոհիշյալ Selmouni v. France գործը, Dikme v. Turkey, թիվ 20869/92 գործը, ECHR 2000-VIII, Khudoyorov v. Russia, թիվ 6847/02 գործը, ECHR 2005-... (հատվածներ)), առաջնորդվելով անկողմնակալությամբ՝ Դատարանը բավարարում է դիմողի նշած ամբողջ գումարի փոխհատուցման պահանջը՝ հավելած այն հարկերը, որոնցով այդ գումարը ենթակա է հարկման:
B. Ծախքեր և ծախսեր
88. Դիմողի փաստաբանը պահանջել է 5 042.67 եվրո՝ որպես ծախսերի և ծախքերի հատուցում: Նա նշել է, որ այդ գումարը ներառում է գրասենյակային և թարգմանության ծախսերը, ներկայացուցչության համար վճարը: Նա ներկայացրել է բոլոր ծախսերի մանրամասն ցանկ, համաձայն որի՝ նա 39 ժամ է հատկացրել գործին՝ վճարման երկու տարբեր գումարներով՝ 50 և 150 եվրո:
89. Կառավարությունը չի համաձայնել պահանջվող գումարի չափին՝ ի թիվս այլոց, մատնանշելով, որ դիմողը չի ապացուցել ներկայացուցչության ծախսերի փաստացի կատարումը: Ըստ Կառավարության` Մոլդովայում միջին աշխատավարձի համեմատությամբ պահանջվող գումարը չափազանց մեծ է:
90. Դատարանը հիշեցնում է, որ ծախսերի ու ծախքերի գումարը փոխհատուցման ենթակա ընդհանուր գումարի մեջ ներառելու համար անհրաժեշտ է ապացուցել, որ դրանք անհրաժեշտ են եղել և փաստացի կատարվել են, ինչպես նաև հիմնավորված են գումարի չափի առումով (տե՛ս, օրինակ, Nilsen and Johnsen v. Norway [Մեծ պալատ], թիվ 23118/93, կետ 62, ECHR 1999-VIII):
91. Սույն գործի կապակցությամբ, հաշվի առնելով դիմողի կողմից ներկայացված մանրամասն ցանկը, վերոհիշյալ չափանիշները և փաստաբանի կատարած աշխատանքը` Դատարանը որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում սահմանում է 1000 եվրոյի չափով գումարը:
C. Տուգանային տոկոսներ
92. Դատարանը նպատակահարմար է համարում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ դիմողի նկատմամբ գործադրված վատ վերաբերմունքի հիմքով,
2. վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելու կապակցությամբ դիմողի բողոքին պատշաճ ընթացք չտալու հիմքով,
3. վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ հաշվի առնելով բողոքի առարկա վատ վերաբերմունքի գործադրման կապակցությամբ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներից օգտվելու հնարավորության բացակայությունը,
4. վճռում է.
(a) որ պատասխանող պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմողին պետք է վճարի 20000 (քսան հազար) եվրո` որպես ոչ նյութական վնասների փոխհատուցում, և 1000 (հազար) եվրո՝ որպես կատարված ծախսերի ու ծախքերի փոխհատուցում՝ նշված գումարները պատասխանող պետության դրամական միավորով հաշվարկելով վճարման օրվա փոխարժեքով՝ հավելած դրա հետ կապված բոլոր հարկային պարտավորությունների գումարը.
(b) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս,
5. մերժում է արդարացի փոխհատուցման վերաբերյալ դիմողի մնացյալ պահանջները:
Կատարվել է անգլերենով և գրավոր հրապարակվել 2006թ. ապրիլի 4-ին՝ Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ պարբերությունների համաձայն: