Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 21. Այլընտրանքային ծառայողների պատասխանատվությունը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 21. Այլընտրանքային ծառայողների պատասխանատվությունը

«2. Այլընտրանքային աշխատանքային ծառայողներն իրենց կատարած իրավախախտումների և հանցագործությունների, ինչպես նաև պետությանը հասցրած գույքային վնասի համար պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայության վայրն ինքնակամ լքելու համար պատասխանատվություն են կրում պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներին հավասար՝ օրենքով սահմանված կարգով: նշում' այս պարբերությունն ուժը կորցրել է 01.06.06]

ԻՐԱՎՈՒՆՔԸ

I. ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

117. Դատարանը նախ նշում է, որ դիմումատուները բերել են մի շարք համատեղ բողոքներ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի տարբեր դրույթների մասերով: Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ տասներորդ և տասնմեկերորդ դիմումատուները երբեք ազատությունից զրկված չեն եղել իրենց դեմ հարուցված քրեական գործի վարույթի ընթացքում (տե՛ս վերևում` 96-99-րդ պարբերությունները): Նման պարագայում նրանք չեն կարող պահանջել, որ իրենց ճանաչեն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի ենթադրյալ խախտման զոհ, այդ հոդվածի շրջանակներում նրանց համապատասխան բողոքները չեն համապատասխանում ratione personae (պետության պատասխանատվության) սկզբունքին և պետք է հայտարարվեն անընդունելի:

118. Հետևաբար Դատարանը կսահմանափակվի մնացած տասնյոթ դիմումատուների՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածով ներկայացրած բողոքների քննությամբ: Ուստի Դատարանի կողմից հետագայում մատնանշվելիք «դիմումատուները» չեն ներառի տասներորդ և տասնմեկերորդ դիմումատուներին:

119. Այնուհետև Դատարանը հնարավոր է համարում բոլոր տասնյոթ դիմումատուների գանգատների համատեղ քննությունը՝ հաշվի առնելով դրանց փաստական հանգամանքների նմանությունը և այն, որ նրանց բողոքների բնույթը նույնն է:

II. ՆԱԽՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈԻՆՆԵՐԸ

Ա. Երրորդ, չորրորդ և տասնութերորդ դիմումատուների վերաբերյալ Կառավարության կողմից ներկայացված առարկությունը

120. Կառավարությունը պնդել է, որ երրորդ, չորրորդ և տասնութերորդ դիմումատուների նկատմամբ կալանք չի կիրառվել: Նրանց նկատմամբ կիրառված միակ խափանման միջոցը եղել է չհեռանալու մասին ստորագրությունը:

121. Դատարանը նշում է, որ, իրոք, երրորդ, չորրորդ և տասնութերորդ դիմումատուները չեն կալանավորվել մինչև նրանց մեղավոր ճանաչելը: Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը 2006 թվականի փետրվարի 28-ին և մարտի 6-ին փոփոխել է նրանց նկատմամբ նշանակված պատիժը, նրանք շարունակել են մնալ նախնական կալանքի տակ (տե՛ս Սոլմազն ընդդեմ Թուրքիայի [Solmaz y. Turkey],թիվ 27561/02, § 34, 2007 թվականի հունվարի 16) մինչև 2006 թվականի ապրիլի 7-ին նրանց կալանքից ազատելը (տե՛ս, վերևում՝ 87-րդ, 89-րդ և 93-րդ պարբերությունները): Այսպիսով, նրանք կարող են պահանջել, որ իրենց ճանաչեն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի և 3-րդ կետի իմաստով զոհ՝ այդ ժամանակահատվածների համար:

122. Հետևաբար, Կառավարության առարկությունը ենթակա է մերժման:

Բ. Կառավարության առարկությունը՝ կապված իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու հետ

123. Կառավարությունը նշել է, որ դիմումատուները չեն սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ նրանք առաջին ատյանի դատարանների՝ կալանքի վերաբերյալ որոշումների դեմ բողոքներ չեն ներկայացրել: Բացի այդ, նրանք ոչ մի փաստարկ կամ առարկություն չեն ներկայացրել այն ժամանակ, երբ իրենց կալանքի վերցնելու հարցը քննարկվում էր առաջին ատյանի դատարաններում՝ առաջին կալանքի վերաբերյալ նիստերի ժամանակ:

124. Դիմումատուները նշել են, որ իրենք մի շարք բողոքներ և միջնորդություններ են ներկայացրել, որպեսզի դադարեցվեն քրեական գործերով վարույթները և իրենք ազատ արձակվեն: Բերված յուրաքանչյուր բողոք ապարդյուն էր լինելու, քանի որ դա անպայման մերժվելու էր, ինչպես ցույց էին տալիս իրենց ազատելու վերաբերյալ բազմաթիվ միջնորդությունների ու բողոքների պարբերական մերժումները, մինչև այն պահը, երբ Գլխավոր դատախազությանը պարզ դարձավ, որ առաջադրված մեղադրանքներում հանցակազմը բացակայում է: Այսպիսով, Հայաստանի դատարանները քննարկվող ժամանակահատվածում հակված չեն եղել որոշում կայացնել այն դատախազների կատարած գործողությունների դեմ, որոնք քրեական հետապնդում են իրականացրել առանց հանցակազմի առկայության: Անկախ այն բանից, թե քանի բողոք են նրանք ներկայացրել, ներպետական դատարանները հակված չեն եղել որոշում կայացնել Գլխավոր դատախազության կատարած գործողությունների դեմ:

125. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման վերաբերյալ կանոնը որևէ միջազգային դատական ատյանում պետության դեմ գործ հարուցել ցանկացող անձանց պարտավորեցնում է առաջին հերթին օգտվել ներպետական իրավական համակարգով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից՝ դրանով իսկ պետություններին ազատելով միջազգային ատյանի առջև իրենց գործողությունների համար պատասխան տալուց՝ մինչև իրենց սեփական իրավական համակարգի միջոցով խնդիրները լուծելու հնարավորություն ունենալը: Սույն կանոնը պահպանելու նպատակով դիմումատուն պետք է սահմանված կարգով օգտվի այն իրավական պաշտպանության միջոցներից, որոնք մատչելի և բավարար են ենթադրյալ խախտումների մասով հատուցում ստանալու համար (տե՛ս Ասենովը և այլք ընդդեմ Բուլղարիայի [Assenov and Others v. Bulgaria], թիվ 24760/94, § 85, ՄԻԵԴ 1999-VIII):

126. Ավելին, ըստ 35-րդ հոդվածի՝ իրավական պաշտպանության մատչելի և բավարար միջոցները պետք է բավականաչափ որոշակի լինեն ոչ միայն տեսական, այլ նաև գործնական տեսանկյունից, որի չապահովման դեպքում չի ապահովվի մատչելիության և արդյունավետության նախապայմանը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Դե Յոնգը, Բալժեն և Վան դեն Բրինքն ընդդեմ Նիդեռլանդների [De Jong, Baljet և Van den Brink y. the Netherlands], 1984 թվականի մայիսի 22, § 39, շարք Ա թիվ 77, և Վերնիյոն ընդդեմ Ֆրանսիայի [Vernillo v. France],1991 թվականի փետրվարի 20, § 27, շարք Ա թիվ 198): Կառավարության պարտականությունն է, երբ պնդում է, որ չեն սպառվել իրավական պաշտպանության միջոցները, Դատարանին բավարար ապացույցներ ներկայացնել առ այն, որ տվյալ ժամանակահատվածում առկա է եղել տեսականորեն և գործնականորեն մատչելի իրավական պաշտպանության արդյունավետ միջոց. այսինքն, եղել է մի մատչելի միջոց, որով հնարավոր է եղել ապահովել խախտված իրավունքների վերականգնում՝ կապված դիմումատուի բողոքների հետ, և որը կապահովեր հաջողության հասնելու ողջամիտ հնարավորություն (տե՛ս, Ակդիվարը և այլք ընդդեմ Թուրքիայի [Akdivar և Others y. Turkey],1996 թվականի սեպտեմբերի 16, § 68, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1996-IV):

127. Ապացուցման այս պարտավորությունը (պետության կողմից) իրականացվելու դեպքում արդեն դիմումատուի պարտավորությունն է ապացուցել, որ Կառավարության կողմից առաջարկված իրավական պաշտպանության միջոցը փաստացի սպառվել է կամ այլ կերպ անբավարար և անարղյունավետ է եղել գործի առանձնահատուկ հանգամանքների պայմաններում, կամ, որ առկա են եղել առանձնահատուկ հանգամանքներ, որոնք կարող էին ազատել նրան այդ պահանջը կատարելու պարտավորությունից (տե՛ս Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի (որոշում) [Kalashnikov v. Russia], թիվ 47095/99, 2001 թվականի սեպտեմբերի 18, և Մելնիկն ընդդեմ Ուկրաինայի [Melnik v. Ukraine], թիվ 72286/01, § 67, 2006 թվականի մարտի 28):

128. Դատարանն այնուհետև ընդգծում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետը պետք է կիրառվի որոշակի աստիճանի ճկունությամբ և առանց ավելորդ ձևականության (տե՛ս, Սեյդովիչն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Sejdovic v. Italy] [GC]], թիվ 56581/00, § 44, ՄԻԵԿ 2006-II). Ավելին, ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառելու կանոնը ո՛չ բացարձակ է, ո՛չ էլ ավտոմատ կերպով կիրառելի: Պարզելու համար, թե արդյոք պահպանվել է այս կանոնը, անհրաժեշտ է ի նկատի ունենալ քննարկվող Պետության իրավական համակարգում գոյություն ունեցող պաշտոնական իրավական պաշտպանության միջոցները, ընդհանուր իրավական և քաղաքական համատեքստերը, որոնց շրջանակներում դրանք գործադրվել են, ինչպես նաև պետք է հաշվի առնել գործի առանձնահատուկ հանգամանքները և այն հարցը, թե արդյոք դիմումատուն բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել է, որոնք ողջամտորեն պետք է ձեռնարկեր, որպեսզի սպառեր առկա ներպետական իրավական պաշտպանության միջոցները (տե՛ս, Սալմանն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Salman y. Turkey] [GC]], թիվ 21986/93, § 86, ՄԻԵԴ 2000-VII, և վերևում հիշատակված՝ Մելնիկի գործը, § 67):

129. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ իսկապես պարզ է դառնում, որ դիմումատուները առաջին ատյանի դատարանների՝ կալանք կիրառելու վերաբերյալ որոշումների դեմ վերաքննիչ բողոք չեն ներկայացրել կամ կալանքի վերաբերյալ առաջին դատական լսումների ժամանակ որևէ փաստարկ չեն ներկայացրել առ այն, որ այն գործողությունները, որոնց համար իրենք մեղադրվում են, ներպետական իրավունքի համաձայն հանցանք չեն համարվում, և այդ իսկ պատճառով իրենց կալանքը հիմնված չէ իրենց կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի վրա: Այնուամենայնիվ, գրեթե բոլոր դիմումատուներն ըստ էության ավելի ուշ այս կամ այն կերպ բարձրացրել են այս հարցը կա՛մ առաջին ատյանի դատարաններ կամ Վերաքննիչ դատարան ներկայացրած առանձին միջնորդությունների (տե՛ս վերևում՝ 15-րդ, 26-րդ, 41-րդ, 52-րդ, 86-րդ և 90-րդ պարբերությունները), կա՛մ իրենց գործերը լրացուցիչ քննության ուղարկելու մասին որոշումների դեմ իրենց կողմից բերված վերաքննիչ բողոքների (տե՛ս վերևում՝ 18-րդ, 33-րդ, 45-րդ, 54-րդ, 63-րդ և 75-րդ պարբերությունները), կա՛մ էլ իրենց մեղավոր ճանաչելու մասին դատական ակտերի դեմ ներկայացրած բողոքների տեսքով (տե՛ս վերևում՝ 28-րդ, 43-րդ և 85-րդ պարբերություննեը): Բոլոր այս գործերով և՛ առաջին ատյանի դատարանները, և՛ Վերաքննիչ դատարանը կա՛մ չեն անդրադարձել այս հարցին, կա՛մ լավագույն դեպքում արտահայտել են իրենց կասկածները և խուսափել են որևէ վերջնական եզրահանգում տալուց՝ ավելացնելով, որ այս հարցը պետք է պարզաբանվի լրացուցիչ քննության շրջանակներում, և հրաժարվել են դիմումատուներին ազատ արձակելու մասին որոշում կայացնել (տե՛ս վերևում՝ 29-րդ, 31-րդ, 44-րդ, 74-րդ, 89-րդ և 91-րդ պարբերությունները): Անգամ այն քիչ գործերով, երբ դիմումատուները կալանքից ազատ են արձակվել, դա արվել է դիմումատուների կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի հետ առնչություն չունեցող հիմքով, այլ մասնավորապես այն հիմքով, որ չի եղել վտանգ, որ դիմումատուները կդիմեն փախուստի, կխոչընդոտեն նախաքննության իրականացումը կամ այլ հանցանք կկատարեն (տե՛ս վերևում՝ 20-րդ, 21-րդ, 35-րդ և 53-րդ պարբերությունները):

130. Հիմնվելով վերոնշյալի վրա՝ Դատարանը լրջորեն կասկածում է, որ հազիվ թե դիմումատուները հաջողության հասնելու ողջամիտ հնարավորություն ունենային, եթե անգամ այս հարցերը բարձրացնեին իրենց նախկին վերաքննիչ բողոքներում կամ կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարաններում կայացած առաջին դատական նիստերի ընթացքում: Ավելին, դատելով այն մոտեցումից, որը ներպետական դատարաններն ունեցել են դիմումատուների կողմից վկայակոչվող՝ ողջամիտ կասկածի բացակայության փաստի վերաբերյալ, պարզ է դառնում, որ տվյալ ժամանակահատվածի դատական պրակտիկան ի վիճակի չի եղել նախքան օրենսդրական փոփոխությունների իրականացումը և դատախազության կողմից առաջադրված մեղադրանքից հրաժարվելը որևէ վերջնական անդրադարձ կատարել այս հարցին: Այսպիսով, Դատարանը եզրակացնում է, որ Կառավարության կողմից նշված իրավական պաշտպանության միջոցները արդյունավետ չեն եղել կամ հնարավորություն չեն տվել դիմումատուների՝ քննարկվող բողոքների մասով ապահովել իրավունքի վերականգնում և այս գործի առանձնահատուկ հանգամանքներում չեն ապահովել հաջողության հասնելու ողջամիտ հնարավորություն: Այդ իսկ պատճառով Կառավարության՝ իրավական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ առարկությունը մերժվում է:

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ «Գ» ԵՆԹԱԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

131. Դիմումատուները բողոքել են, որ իրենք կալանավորվել են մի արարքի համար, որը տվյալ ժամանակահատվածում հանցանք չի համարվել: Նրանք վկայակոչել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,»:

Ա. Ընդունելիությունը

132. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:

Բ. Ըստ էության քննությունը

1. Կողմերի փաստարկները

133. Դիմումատուները նշել են, որ իրենց կալանավորելը հիմնված չի եղել իրենց կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի վրա: Արարքի կատարման ժամանակ գործող օրենքը չի սահմանել այլընտրանքային ծառայության վայրը առանց թույլտվության լքելու հանցատեսակ, ինչը նաև հաստատել է գլխավոր դատախազը՝ գտնելով, որ իրենց գործողություններում բացակայել է հանցակազմը: Հետևաբար, իրենց կալանավորելով խախտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը:

134. Կառավարությունը նշել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը պահանջում է ներպետական օրենսդրության հետ համապատասխանություն: Դիմումատուներն իրենց այլընտրանքային ծառայության վայրը ինքնակամ լքելով խախտել են օրենքը: Քանի որ նրանք Սահմանադրությամբ սահմանված բոլոր դրույթները պահպանելու պարտավորություն են ունեցել, նախաքննության մարմինները, հիմնվելով հիմնավոր կասկածի վրա առ այն, որ նրանք օրենքով արգելված արարքներ են կատարել, [դիմումատուներին] կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացրել: Ավելին, նախաքննության մարմինները առաջնորդվել են «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 21-րդ մասի 2-րդ պարբերությամբ, որը գործում էր տվյալ ժամանակահատվածում: Հետևաբար՝ նախաքննության մարմինը և համայնքների դատարաններն իրավաչափ որոշումներ են կայացրել և կալանավորել են դիմումատուներին՝ օրենքով արգելված արարք կատարելու համար: Ուստի դիմումատուների նկատմամբ կիրառված կալանքը եղել է օրինական: Դիմումատուներին մեղադրանք է առաջադրվել իրենց գործողությունների համար ՔՕ-ի 361-րդ և 362-րդ հոդվածների համաձայն: Դիմումատուների գործերով ըստ էության քննություն և լրացուցիչ քննություն իրականացնելուց հետո ներպետական մարմինները գտել են, որ դիմումատուների կողմից կատարված արարքներում բացակայել է հանցակազմը, իսկ դատախազը կարճել է գործերով վարույթները և ազատ արձակել դիմումատուներին: Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ կալանքը սկզբունքորեն օրինական է, եթե կիրառվել է դատարանի որոշման հիման վրա: Ներպետական օրենսդրության համաձայն՝ պարտադիր չէր, որ Դատարանի կողմից որոշման կայացման սխալը հետադարձ ուժ ունենար կալանքի միջանկյալ ժամանակահատվածի օրինականության վրա: Եզրափակելով՝ Կառավարությունը նշել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի խախտում տեղի չի ունեցել:

2. Դատարանի գնահատականը

135. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը սահմանում է ազատությունից զրկելու համար թույլատրելի հիմքերի սպառիչ ցանկ, որը պետք է մեկնաբանվի խստորեն և ազատությունից զրկելու ոչ մի դեպք չպետք է համարվի օրինական, եթե այն չի ներառում նշված հիմքերից որևէ մեկը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ցիուլլան ընդդեմ Իտալիայի [Ciulla v. Italy],1989 թվականի փետրվարի 22, § 41, շարք Ա թիվ 148, և Սաադին ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Saadi y. the United Kingdom][GC]], թիվ 13229/03, § 43, ՄԻԵԴ 2008):

136. Անձը կարող է կալանավորվել 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն միայն քրեական գործի շրջանակներում՝ նրան իրավասու օրինական մարմին ներկայացնելու նպատակով, նրա կողմից հանցանք կատարած լինելու կասկածի առկայության դեպքում (տե՛ս, Եչիուսն ընդդեմ Լիտվայի [Jėčius v. Lithuania],թիվ 34578/97, § 50, ՄԻԵԴ 2000-IX, և Վլոչն ընդդեմ Լեհաստանի [Włoch v. Poland], թիվ 27785/95, § 108, ՄԻԵԴ 2000-XI): Բացի փաստացի կողմը հաշվի առնելուց, որն ամենից հաճախ է լինում խնդրո առարկա, նման կասկածի առկայությունը լրացուցիչ պահանջում է, որ հնարավոր լինի այն փաստերը, որոնց վրա հիմնվել են, ողջամիտ կերպով համարել ներպետական օրենսդրությամբ քրեորեն պատժելի վարքագիծ: Այսպիսով, հստակորեն չի կարող լինել «հիմնավոր կասկած», եթե կալանավորված անձին վերագրված արարքները դրանք կատարելու պահին հանցագործություն չի եղել(տե՛ս Կանժովն ընդդեմ Բուլղարիայի [Kandzhov v. Bulgaria], թիվ 68294/01, § 57, 2008 թվականի նոյեմբերի 6):

137. Հետևաբար, Դատարանը պետք է քննի այն հարցը, թե արդյոք դիմումատուների ձերբակալումը և կալանքը եղել են «օրինական»՝ 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով և արդյոք նրանց ազատությունից զրկելը հիմնված է եղել նրանց կողմից «հանցանք» կատարած լինելու հիմնավոր կասկածի վրա:

138. Դիմումատուները Եհովայի վկաներ են, ովքեր իրականացրել են այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, բայց նախընտրել են ինքնակամ թողնել իրենց ծառայությունը՝ պնդելով, որ ծառայությունը իրականում քաղաքացիական բնույթ չի կրել: Նրանց այնուհետև մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 361-րդ և 362-րդ հոդվածներով, որոնք պատիժ են սահմանում դասալքության և զինվորական ծառայության վայրը ինքնակամ թողնելու համար: Դիմումատուներից շատերը պահվել են նախնական կալանքի տակ, իսկ մնացածն ազատությունից զրկվել են մեղավոր ճանաչվելուց հետո և մնացել են անազատության մեջ՝ մինչև նրանց մեղավոր ճանաչելու մասին դատական ակտերը վերացվել են:

139. Դատարանը նշում է, որ այն ժամանակ, երբ դիմումատուները կատարել են վերոնշյալ արարքները, այլընտրանքային ծառայության վայրն ինքնակամ լքելը, ըստ Հայաստանի օրենսդրության, չի համարվել հանցանք: Նման հանցանք ներդրվել է ՔՕ-ում միայն 2006 թվականի հունիսի 1-ի փոփոխություններից հետո, որոնք ուժի մեջ են մտել 2006 թվականի հուլիսի 1-ին, այսինքն՝ սույն գործի հանգամանքներից հետո: Սա իրականում հաստատվել է ներպետական մակարդակում, մասնավորապես՝ դրա հաստատումը ընդունվել է գլխավոր դատախազի կողմից, ով այդ հիմքով ներպետական դատարանների կողմից դիմումատուների գործերը լրացուցիչ քննության ուղարկելուց հետո որոշում է կայացրել կարճել դիմումատուների գործերով քրեական վարույթները (տե՛ս վերևում՝ 101-րդ պարբերությունը): ՔՕ-ի 361-րդ և 362-րդ հոդվածները վերաբերել են միայն ծառայություն իրականացնողներին և սխալմամբ են կիրառվել դիմումատուների նկատմամբ (տե՛ս վերևում՝ նաև 110-113-րդ պարբերությունները): Հետևաբար դիմումատուների այն արարքները, որոնց համար նրանք մեղադրվել են, և որոնք հիմք են հանդիսացել նրանց նկատմամբ կալանք կիրառելու համար, արարքի կատարման պահին գործող ներպետական օրենսդրության համաձայն, հանցանք չեն համարվել: Հետևաբար, Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուներին ազատությունից զրկելը հիմնված չի եղել նրանց կողմից «հանցանք» կատարած լինելու հիմնավոր կասկածի վրա՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի իմաստով: Այն փաստը, որ դիմումատուների նկատմամբ հարուցված քրեական գործերով վարույթները կարճվել են, և որ նրանք ազատվել են կալանքից, բավարար հիմք չի տալիս եզրակացնելու, որ դիմումատուները չեն կարող ճանաչվել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի խախտման իմաստով զոհ: Ներպետական մակարդակում դիմումատուներին անօրինական կալանքի համար որևէ փոխհատուցում չի տրվել և, ավելին, Կառավարությունն իր դիտարկումներում չի ընդունում, որ դիմումատուներն անօրինական կերպով են զրկված եղել ազատությունից:

140. Հետևաբար, տեղի է ունեցել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի խախտում:

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

141. Տասնյոթերորդ դիմումատուն բողոքել է, որ ձերբակալվելուց հետո չի տարվել դատավորի մոտ: Դիմումատուները նաև բողոքել են, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել իրենց կալանքի տակ պահելը շարունակելու հիմքերը: Նրանք վկայակոչել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:»

Ա. Ընդունելիությունը

1. Տասնյոթերորդ դիմումատուի՝ դատավորի մոտ ենթադրյալ չտարվելը

142. Կառավարությունը նշել է, որ տասնյոթերորդ դիմումատուն ձերբակալվելուց անմիջապես հետո տարվել է դատավորի մոտ: Մասնավորապես, նա ձերբակալվել է 2005 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 18:00-ին, և տարվել է դատավորի մոտ 2005 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 16:00-ին: Այսպիսով, նա տարվել է դատավորի մոտ մոտավորապես 46 ժամ անց, ինչը համապատասխանում է 5-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին:

143. Դիմումատուն նշել է, որ ինքն անմիջապես չի տարվել դատավորի մոտ: Սույն գործի առանձնահատուկ հանգամանքներում 46 ժամը չափազանց երկար ժամանակահատված է: Բացի այդ, նրա կալանավորման հարցը քննած դատավորը չի բավարարել անկախության պայմանը, որպեսզի 5-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով կարողանա համարվել դատական իշխանություն իրականացնելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձ, քանի որ դիմումատուին կալանավորումը հիմնավորող պատշաճ հիմքեր չի ներկայացրել:

144. Դատարանը նկատում է, որ 5-րդ հոդվածի 3-րդ կետը պահանջում է, որպեսզի ձերբակալված անձն անմիջապես տարվի դատավորի կամ դատական իշխանություն իրականացնելու լիազորություն ունեցող այլ պաշտոնատար անձի մոտ՝ բացահայտելու համար ցանկացած տեսակի վատ վերաբերմունք և նվազագույնի հասցնելու համար անձնական ազատության նկատմամբ ցանկացած չարդարացված միջամտություն (տե'ս Կանժովն ընդդեմ Բուլղարիայի [Kandzhov v. Bulgaria], թիվ 68294/01, § 65, 2008 թվականի նոյեմբերի 6): Չնայած անհապաղությունը յուրաքանչյուր գործով պետք է գնահատվի ըստ դրա առանձնահատկությունների (տե՛ս Աքիլինան ընդդեմ Մալթայի [ՄՊ] [Aquilina v. Malta] [GC]], թիվ 25642/94, § 48, ՄԻԵԴ 1999-111), միևնույն ժամանակ «անհապաղություն» հասկացության մեկնաբանության և կիրառության ճկունության սահմանները շատ նեղ են (տե՛ս Բրոգան և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [Brogan and Others v. the United Kingdom], 1988 թվականի նոյեմբերի 29 , § 62, Սերիա Ա թիվ 145-Բ): Ավելին, դատական իշխանություն իրականացնելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձը պետք է ներկայացնի մեղադրանքի կողմից և մյուս կողմերից իր անկախության համար անհրաժեշտ երաշխիքները (տե՛ս ՄքՔեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [McKay v. the United Kingdom] [GC]], թիվ 543/03, § 35, ՄԻԵԴ 2006-X):

145. Սույն գործում տասնյոթերորդ դիմումատուն տարվել է դատավորի մոտ իր ձերբակալումից 46 ժամ անց, այսինքն՝ ավելի քիչ, քան երկու օր (տե՛ս վերևում՝ 65 և 67-րդ պարբերությունները): Դատարանն այն կարծիքին է, որ այս ժամանակահատվածը 5-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով կարող է համարվել «անհապաղ»: Բացի այդ, դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց կամ համոզիչ փաստարկ՝ ի հիմնավորումն իր այն պնդման, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի դատավորը, որը քննել է իր կալանքի հարցը, չի բավարարել անկախության պայմանը: Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ ներկայացված նյութերում չկա որևէ բան, որը կվկայեր, որ տասնյոթերորդ դիմումատուին ձերբակալումից հետո դատավորի մոտ տանելը չի համապատասխանել 5-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին:

146. Այստեղից հետևում է, որ բողոքի այս հատվածն ակնհայտորեն անհիմն է և պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի համաձայն:

2. Հիմքերը ենթադրաբար չներկայացնելը

147. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:

Բ. Գործի ըստ էության քննությունը

148. Դիմումատուները պնդել են, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել հիմքեր իրենց շարունակական կալանքի համար: Իրենք որևէ սպառնալիք չեն ներկայացրել կալանավորվելը հիմնավորելու համար և դատապարտվել են հանցակազմի բացակայության պայմաններում: Կալանքի բոլոր որոշումները եղել են առանց իրավական հիմքի: Իրենց կալանավորելու համար չի եղել որևէ ողջամիտ և հիմնավոր արդարացում:

149. Կառավարությունը պնդել է, որ ներպետական դատարանները ներկայացրել են Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված հիմքերը: Մասնավորապես, բավարար հիմքեր են եղել ենթադրելու, որ դիմումատուները կարող են թաքնվել, խոչընդոտել արդարադատության իրականացումը, խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց և խոչընդոտել դատավճռի կատարումը: Նրանք նաև հաշվի են առել վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը: Դատարանները կայացրել են հիմնավորված որոշումներ, քանի որ դիմումատուները կարող էին խոչընդոտել արդարադատության իրականացումը, կատարել քրեական օրենքով արգելված նոր արարքներ, խախտել հասարակական կարգը, ինչպես նաև վատ օրինակ ծառայել այլ զինծառայողների և այլընտրանքային զինվորական ծառայություն իրականացնող այլ անձանց համար:

150. Դատարանը նշում է, որ այս բողոքը վերաբերում է կալանքի այն նույն ժամանակահատվածին, որն արդեն ճանաչվել է չհիմնավորված և 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտմամբ կիրառված: Այսպիսով, Դատարանն անհրաժեշտ չի համարում առանձին անդրադառնալ այս բողոքին:

V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈԻՄԸ

151. Դիմումատուները բողոքել են, որ մերժել են իրենց տրամադրել ոչ նյութական վնասի փոխհատուցում Կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված իրենց իրավունքների խախտման համար: Նրանք վկայակոչել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետը, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«5. Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման»:

Ա. Ընդունելիությունը

152. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:

Բ. Ըստ էության քննությունը

1. Կողմերի փաստարկները

153. Դիմումատուները պնդել են, որ ներպետական օրենսդրությունը չի սահմանում հայցի ուժով օժտված ոչ նյութական բնույթի վնասի հատուցման իրավունք, ինչը խախտում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետը:

154. Կառավարությունը պնդել է, որ այն փաստը, որ դիմումատուներին չի տրվել ոչ նյութական վնասի դրամական հատուցում, չի նշանակում, որ նրանք զրկված են եղել փոխհատուցումից: Այսպես, Գլխավոր դատախազը պաշտոնական նամակով ներողություն է խնդրել նրանցից, ինչը նույնպես կարող է դիտարկվել որպես նրանց պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:

2. Դատարանի գնահատականը

155. Դատարանը վերահաստատում է, որ 5-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, թե որ դեպքերում է հասանելի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի խախտմամբ ազատությունից զրկելու համար տրվող փոխհատուցումը: Հետևաբար 5-րդ կետով սահմանված՝ փոխհատուցում ստանալու իրավունքը ենթադրում է, որ ներպետական մարմնի կամ Կոնվենցիոն մարմինների կողմից արձանագրվի մյուս կետերից որևէ մեկի խախտում (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ն.Ս.-ն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [N.C. v. Italy [GC]], թիվ 24952/94, § 49, ՄԻԵԴ 2002-X):

156. Սույն գործում Դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի խախտում: Հետևաբար, 5-րդ հոդվածի 5-րդ մասը կիրառելի է դիմումատուների նկատմամբ:

157. Դատարանը նշում է, որ 5-րդ հոդվածի երաշխիքների խախտման արդյունքում պատճառված տագնապի, անհանգստության և հիասթափության համար ոչ նյութական բնույթի վնասի համար հատուցում չտրամադրելը նախկինում Դատարանի կողմից ճանաչվել է այդ հոդվածի 5-րդ կետի խախտում (տե՛ս Պավլետիչն ընդդեմ Սլովակիայի [Pavletic v. Slovakia], թիվ 39359/98, § 96, 2004 թվականի հունիսի 22): Իսկապես, 5-րդ հոդվածի 5-րդ կետը չպետք է մեկնաբանվի որպես բացառապես դրամական բնույթի հատուցման իրավունքի տրամադրում, այլ պետք է նախատեսի նաև նման իրավունք տագնապի, անհանգստության և հիասթափության ցանկացած վիճակի համար, որոնք կարող են անձին պատճառվել 5-րդ հոդվածի այլ դրույթների խախտման արդյունքում:

158. Դատարանը նշում է, որ գործի քննության ժամանակահատվածում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված չի եղել պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իրավունք, այդ թվում նաև՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի առաջին չորս կետերից որևէ մեկի խախտման հետևանքով պատճառված: Մասնավորապես, Քրեական դատավարության օրենսգիրքը արդարացվածին տալիս էր միայն նյութական վնասի համար հատուցում ստանալու հնարավորություն: Նույն կերպ, այն պարագայում, երբ Քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածը սահմանում էր ապօրինի կալանքի արդյունքում պատճառված վնասի հատուցում պահանջելու հնարավորություն, նույն օրենսգրքի 17-րդ հոդվածը այդպիսի հատուցումը սահմանափակում էր միայն նյութական վնասի հատուցմամբ, ինչպիսիք են կատարված ծախսերը կամ բաց թողնված օգուտները: Հետևաբար, օրենքի ուժով կամ գործնականում դիմումատուները չեն ունեցել 5-րդ հոդվածի 5-րդ կետի իմաստով հայցի ուժով օժտված հատուցման իրավունք:

159. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում:

VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

160. Դիմումատուները, վերջապես, ներկայացրել են մի շարք այլ բողոքներ՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերի, 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի և 9-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների համաձայն:

161. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը և այնքանով, որքանով այդ բողոքների քննությունը գտնվում է իր իրավասության շրջանակում՝ Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների առերևույթ խախտման որևէ դեպք: Հետևաբար, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ գանգատի այս մասը պետք է մերժվի՝ ակնհայտ անհիմն լինելու պատճառով:

VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

162. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

Ա. Վնասը

163. Դիմումատուները պահանջել են հետևյալ գումարները՝ համապատասխանաբար որպես նյութական և ոչ նյութական վնասների հատուցում.

ա) առաջին դիմումատու՝ 1,085 եվրո և 21,000 եվրո,

բ) երկրորդ դիմումատու՝ 1,085 եվրո և 22,000 եվրո,

գ) երրորդ դիմումատու՝ 872 եվրո և 14,000 եվրո,

դ) չորրորդ դիմումատու՝ 530 եվրո և 13,500 եվրո,

ե) հինգերորդ դիմումատու՝ 1,698 եվրո և 21,000 եվրո,

զ) վեցերորդ դիմումատու՝ 669 եվրո և 22,000 եվրո,

է) յոթերորդ դիմումատու՝ 1,798 եվրո և 22,000 եվրո,

ը) ութերորդ դիմումատու՝ 1,141 եվրո և 22,000 եվրո,

թ) իններորդ դիմումատու՝ 1,557 եվրո և 22,000 եվրո,

ժ) տասներկուերորդ դիմումատու՝ 1,559 եվրո և 18,000 եվրո,

ժա) տասներեքերորդ դիմումատու՝ 591 եվրո և 21,000 եվրո,

ժբ) տասնչորսերորդ դիմումատու՝ 849 եվրո և 13,500 եվրո,

ժգ) տասնհինգերորդ դիմումատու՝ 637 եվրո և 13,000 եվրո,

ժդ) տասնվեցերորդ դիմումատու՝ 1,898 եվրո և 21,000 եվրո,

ժե) տասնյոթերորդ դիմումատու՝ 980 եվրո և 21,000 եվրո,

ժզ) տասնութերորդ դիմումատու՝ 1,183 եվրո և 14,000 եվրո,

ժէ) տասնիններորդ դիմումատու՝ 943 եվրո և 21,000 եվրո:

Ներկայացված նյութական վնասները ներառել են ենթադրյալ ճանապարհորդական, սննդի և բժշկական սպասարկման ծախսերը, որոնք իրենք և իրենց հարազատները կատարել են իրենց անօրինական կալանքի հետևանքով, ինչպես նաև բաց թողնված օգուտը:

164. Կառավարությունը պնդել է, որ կալանքի ընթացքում դիմումատուներին պետական միջոցների հաշվին տրամադրվել է սնունդ և, անհրաժեշտության դեպքում, ցանկացած տեսակի բժշկական օգնություն: Այսպիսով, որևէ այլ լրացուցիչ ծախսեր չէին կարող համարվել անհրաժեշտ: Ամեն դեպքում, դիմումատուներն իրենց պահանջներին չեն կցել որևէ փաստաթղթային ապացույց: Ավելին, բաց թողնված օգուտի վերաբերյալ նրանց պահանջը մտացածին է: Վերջապես, Կառավարությունը առարկել է ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ նրանց ներկայացրած պահանջների դեմ:

165. Դատարանը նշում է, որ նյութական վնասի վերաբերյալ դիմումատուների պահանջները հաստատված չեն որևէ ապացույցով: Այդ պատճառով Դատարանը մերժում է այս պահանջները: Մյուս կողմից, Դատարանը կարծում է, որ հայտնաբերված խախտումների արդյունքում դիմումատուներին, անկասկած, պատճառվել է ոչ նյութական վնաս և որոշում է դիմումատուներից յուրաքանչյուրին շնորհել 6,000-ական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Բ. Ծախսերը և ծախքերը

166. Դիմումատուները նաև պահանջել են 38,000 եվրո՝ ներպետական դատարաններում կատարված և 10,850 եվրո՝ Դատարանում կատարված ծախսերի և ծախքերի համար:

167. Կառավարությունը պնդել է, որ ծախսերի և ծախքերի վերաբերյալ դիմումատուների պահանջները հիմնավորված չեն պատշաճ փաստաթղթերով, և որ նրանք չեն ապացուցել, որ այդ ծախսերն իսկապես կատարվել են: Դիմումատուների կողմից ներկայացված ծախսերի նախահաշիվները չեն կարող դիտարկվել որպես կատարված վճարման կամ ապագայում նման վճարում կատարելու վերաբերյալ նրանց և նրանց փաստաբանների միջև ձեռք բերված համաձայնության ապացույց: Ավելին, փաստաբանների վճարներն ուռճացված են, ոչ խելամիտ և անհիմն: Վերջապես, փաստաբանների աշխատանքի մի մասը վերաբերում է այն բողոքներին, որոնք ճանաչվել են անընդունելի:

168. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի և ծախքերի հատուցման իրավունք միայն այն դեպքերում, եթե ապացուցվում է, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ, և դրանց չափը եղել է ողջամիտ: Բացի այդ, դատական ծախսերը ենթակա են հատուցման այնքանով, որքանով դրանք կապված են հայտնաբերված խախտման հետ (տե՛ս Բեյելերն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] (արդարացի փոխհատուցում) [Beyeler v. Italy], [GC]], թիվ 33202/96, § 27, 2008 թվականի մայիսի 28): Սույն գործում, հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը և վերը նշված չափանիշները, Դատարանը ողջամիտ է համարում բոլոր դիմումատուներին միասին վճարել 10,000 եվրո գումար՝ որպես կատարված բոլոր ծախսերի փոխհատուցում:

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույք

169. Դատարանը պատշաճ է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1. Որոշում է մերժել երրորդ, չորրորդ և տասնութերորդ դիմումատուների տուժողի կարգավիճակի, ինչպես նաև իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ Կառավարության փաստարկները:

2. Հայտարարում է բոլոր դիմումատուների՝ բացառությամբ տասներորդ և տասնմեկերորդ դիմումատուների, բողոքները՝ իրենց կողմից հանցանքը կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկածի բացակայության, շարունակական կալանքի համար հիմնավոր ու բավարար հիմքերի և հայցի ուժով օժտված ոչ նյութական բնույթի վնասի հատուցման իրավունքի բացակայության մասով ընդունելի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով, 3-րդ և 5-րդ կետերի ներքո, իսկ գանգատը մնացած մասով՝ անընդունելի:

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի խախտում:

4. Վճռում է, որ անհրաժեշտություն չկա գանգատը քննել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի ներքո:

5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում:

6. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

(i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 6 000 եվրո (վեց հազար եվրո) յուրաքանչյուր դիմումատուին՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

(ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 10 000 եվրո (տասը հազար եվրո) բոլոր դիմումատուներին միասին՝ գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ,

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ,

7. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2012 թվականի հունիսի 12-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

Սանտյագո Կեսադա Քարտուղար Ջուսեփ Կասադևայ Նախագահ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։