Հոդված 12. Գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտականությունները
Հոդված 12. Գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտականությունները
1. Կազմակերպությունում հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումն իրականացնում է հաշվապահական ծառայության ղեկավարը, իսկ հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով հաշվապահական հաշվառումը վարելու դեպքում` այդ կազմակերպության լիազորած անձը կամ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ անձը (այսուհետ` գլխավոր հաշվապահ)` հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
2. Գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառում վարելու, ֆինանսական հաշվետվությունները ժամանակին կազմելու և ներկայացնելու համար:
Բացառությամբ այն դեպքերի, երբ կազմակերպության ղեկավարը համատեղում է նաև գլխավոր հաշվապահի պարտականությունները, կազմակերպությունում գլխավոր հաշվապահը պարտադիր է: Գլխավոր հաշվապահը կամ գլխավոր հաշվապահի պարտականությունները համատեղող կազմակերպության ղեկավարը պետք է լինի վարձու աշխատող (բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվապահական հաշվառումը կազմակերպությունում վարվում է հաշվապահական ծառայություններ մատուցող այլ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ, իսկ կուսակցությունների, հասարակական և կրոնական կազմակերպությունների համար` նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միջոցով):
3. Գլխավոր հաշվապահի պահանջների կատարումը` կապված հաշվապահական հաշվառման համար անհրաժեշտ տվյալների ու փաստաթղթերի ներկայացման հետ, պարտադիր է կազմակերպության բոլոր աշխատողների համար:
4. Առանձին տնտեսական գործառնությունների իրականացման հետ կապված` կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի միջև տարաձայնությունների դեպքում գլխավոր հաշվապահը կատարման է ընդունում փաստաթղթերը` կազմակերպության ղեկավարի գրավոր կարգադրությամբ (հանձնարարությամբ), և նման գործառնությունների իրականացման հետևանքների պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը:
5. Առևտրային կազմակերպությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք ունի որակավորված գլխավոր հաշվապահը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ունեցող ֆիզիկական անձը: Այդ նպատակով գլխավոր հաշվապահների որակավորումն իրականացնում է կամ հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը, կամ նրա կողմից սահմանված չափանիշների համաձայն ընտրված մասնագիտացված կառույցը:
Որակավորումը հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի կողմից իրականացվելու դեպքում որակավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ որակավորման հանձնաժողովի կազմը և որակավորման քննությունների ծրագիրը հաստատում է հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը:
Որակավորումը մասնագիտացված կառույցի կողմից իրականացվելու դեպքում որակավորման կարգը, որակավորման հանձնաժողովի կազմը և որակավորման քննությունների ծրագիրը հաստատում է այդ մասնագիտացված կառույցը` համաձայնեցնելով հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի հետ:
Որակավորման կարգը և որակավորման քննությունների ծրագիրը ենթակա են հրապարակման:
(12-րդ հոդվածը փոփ. 26.05.04 ՀՕ-87-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-190-Ն)