Հոդված 24. Ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնությունը
Հոդված 24. Ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնությունը
1. Կազմակերպությունները, որոնց ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, պարտավոր են տարեկան հաշվետվությունները հրապարակել մինչև հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ը, իսկ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները` միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերն իրենց ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
1.1. Խոշոր կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները:
Սույն օրենքի իմաստով խոշոր կազմակերպություն է համարվում այն կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ երկու ցուցանիշներից առնվազն մեկին`
ա) նախորդ տարվա գործունեությունից հասույթը գերազանցում է 500 միլիոն դրամը.
բ) նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 500 միլիոն դրամը:
2. Ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել մամուլում, ինտերնետով կամ տարածվել գրքույկների ձևով: Տարեկան ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ:
(24-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-226-Ն)