Հոդված 4.1. Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների կազմակերպիչների` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերի, փայատերերի կամ մասնակիցների, նրանց իրական շահառուների, ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հանդեպ կիրառվող պահանջները
Հոդված 4.1. Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների կազմակերպիչների` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերի, փայատերերի կամ մասնակիցների, նրանց իրական շահառուների, ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հանդեպ կիրառվող պահանջները
(վերնագիրը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)
1. Կազմակերպչի` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրա իրական շահառու կամ նրանց հետ փոխկապակցված անձ չի կարող լինել այն ֆիզիկական անձը, որը`
1) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.
3) սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ.
4) նախկինում պատճառ է հանդիսացել խաղատան, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը.
5) չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն).
6) այնպիսի իրավաբանական անձի մասնակից է հանդիսացել, որի` շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց:
2. Կազմակերպչի` նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրանց հետ փոխկապակցված անձ չի կարող լինել այն իրավաբանական անձը`
1) որի նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ մասնակիցը կամ Տնօրենը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին և պահանջներին.
2) որը գտնվում է սնանկացման վարույթում.
3) որի գործունեությունը նախկինում պատճառ է հանդիսացել խաղատան, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը.
4) որի շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատան գործունեության կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց.
5) որը չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն):
3. Ղեկավար պաշտոններ չի կարող զբաղեցնել այն անձը, որը կամ որի հետ փոխկապակցված անձը հանդիսանում է սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նշված անձ:
(4.1-ին հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-122-Ն, 28.09.16 ՀՕ-149-Ն)