Հոդված 13. ՏՈՒԳԱՆՔԸ
Հոդված 13. ՏՈՒԳԱՆՔԸ
1. Տուգանքը կիրառվում և գանձվում է վերահսկող մարմնի կողմից: Եթե կազմակերպիչը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ վերահսկող մարմնի որոշման հետ, ապա վերահսկող մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:
2. Տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը`
ա) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նվազագույն չափը` յուրաքանչյուր խաղային ավտոմատի համար (ինտերնետ շահումով խաղերի դեպքում՝ յուրաքանչյուր խաղի)` երկու հարյուր հազար դրամի չափով.
բ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով կամ 2.1-ին մասի «ա» կետով սահմանված պահանջը` առաջին անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու միլիոն դրամ, առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երկրորդ անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ միլիոն դրամ, իսկ առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երրորդ անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` տասը միլիոն դրամ.
բ1) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժգ» կամ 2.1-ին մասի «ժ» կետերի պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու միլիոն դրամ.
բ2) խախտել է սույն օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված պահանջները` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ հարյուր հազար դրամի չափով.
գ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով սահմանված պահանջը` երեք հարյուր հազար դրամի չափով.
դ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կամ 2.1-ին մասի «զ» կամ «զ2» կետերով սահմանված պահանջը` երկու հարյուր հազար դրամի չափով.
ե) սույն օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո` երկու տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը` հարյուր հազար հայկական դրամի չափով.
զ) խախտել է սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կամ 5-րդ մասերով պահանջը` հինգ հարյուր հազար դրամի չափով.
է) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կամ 2.1-ին մասի «ե» կետերով պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ հարյուր հազար դրամ.
ը) առանց լիազոր մարմնին տեղեկացնելու փոփոխել է լիցենզավորման կարգով սահմանված լիցենզիա ստանալու համար ներկայացված տվյալներից մեկը (բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված պահանջների), ինչը չէր կարող հիմք հանդիսանալ լիցենզիա ստանալու հայտի մերժմանը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամ.
թ) սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան թույլ տված խախտումը վերահսկող մարմնի կողմից սահմանված ժամկետում չի վերացրել և այդ մասին վերահսկող մարմնին գրավոր չի տեղեկացրել` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հարյուր հազար դրամ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն տուգանքի կիրառումից հետո` երկու տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է մեկ միլիոն դրամով:
4. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տվյալներ արտացոլելու համար վերահսկող մարմինը կարող է կազմակերպչի ղեկավարների նկատմամբ տուգանք նշանակելու հայցով դիմել դատարան` հարյուր հազար դրամը չգերազանցող չափով:
(13-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-122-Ն, լրաց., փոփ. 28.09.16 ՀՕ-149-Ն, փոփ. 07.02.18 ՀՕ-121-Ն, 23.03.18 ՀՕ-310-Ն, լրաց. 07.02.18 ՀՕ-108-Ն)