Հոդված 7. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
Հոդված 7. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
1. Շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է նշվեն`
ա) հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը.
բ) հայտատուի գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.
գ) իրականացվող շահումով խաղերի տեսակները (մեքենայացված և/կամ կենդանի) և քանակը.
դ) շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը.
ե) խաղի անցկացման կարգը.
զ) շահումի տարբերակները.
է) շահումները վճարելու վայրը.
ը) խաղացողների իրավունքներն ու պարտականությունները.
թ) կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները:
2. Շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներկայացվում տվյալ վայրում լիցենզիա ստանալու հայտի հետ միասին:
3. Շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարվող փոփոխություններն ու լրացումները կազմակերպիչը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` նախքան դրանց կիրառումը, փոփոխությունները ներկայացնելով լիազոր մարմին` երկու օրինակից:
Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում` կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է կազմակերպչին:
Եթե լիազոր մարմինն ընդունել է կանոնակարգի փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու մասին որոշում, ապա կազմակերպիչը պարտավոր է այդ որոշումը ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հայտատուին տրամադրում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարված փոփոխության մեկ օրինակը: Եթե կազմակերպիչը վերը նշված որոշումն ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, ուղղված փաստաթղթերը լիազոր մարմին չի ներկայացնում, ապա լիազոր մարմնի որոշումը` կանոնակարգի փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու վերաբերյալ, համարվում է չեղյալ:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փոփոխություններին և լրացումներին լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե դրանք`
ա) հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին.
բ) կվտանգեն խաղացողների շահերը.
գ) հակասում են սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին կամ 5-րդ մասի հիման վրա սահմանված կանոններին:
5. Նույն տեսակի կենդանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նույն կանոնները, ընդ որում, կազմակերպիչն ազատ է քայլերի մեծության ընտրության հարցում: