Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ
1. Սույն համաձայնագրի և նրա բոլոր հավելվածների համար («Համաձայնագիր») հետևյալ եզրույթներն ունեն ստորև ներկայացված իմաստները.
(ա) «Միացյալ Նահանգներ» եզրույթը նշանակում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ներառյալ նրա նահանգները, սակայն չի ներառում ԱՄՆ տարածքները: Ցանկացած հղում Միացյալ Նահանգների որևէ «Նահանգի» ընդգրկում է Կոլումբիայի շրջանը:
(բ) «ԱՄՆ տարածք» եզրույթը նշանակում է Ամերիկյան Սամոա, Հյուսիսային Մարիանյան Կղզիների Համագործակցություն, Գուամ, Պուերտո Ռիկոյի Համագործակցություն կամ ԱՄՆ Վիրջինյան կղզիներ:
(գ) «ՆԵԾ» եզրույթը նշանակում է Միացյալ Նահանգների Ներքին եկամուտների ծառայություն:
(դ) «Հայաստանի Հանրապետություն» եզրույթը նշանակում է Հայաստանի Հանրապետություն:
(ե) «Գործընկեր երկիր» եզրույթը նշանակում է այնպիսի երկիր, որը փաստացի համաձայնագիր ունի Միացյալ Նահանգների հետ ՕՀՀՀԱ-ի կիրարկմանն օժանդակելու մասին: ՆԵԾ-ը հրապարակում է Գործընկեր երկրների ցանկը:
(զ) «Իրավասու մարմին» եզրույթը նշանակում է.
1) Միացյալ Նահանգների պարագայում՝ Գանձապետարանի Քարտուղարը կամ նրա ներկայացուցիչը, իսկ
2) Հայաստանի Հանրապետության պարագայում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
(է) «Ֆինանսական հաստատություն» եզրույթը նշանակում Է Պահառու հաստատություն, Ավանդ (Դեպոզիտ) ընդունող հաստատություն, Ներդրումային կազմակերպություն կամ Սահմանված հատուկ ապահովագրական ընկերություն:
(ը) «Օտարերկրյա հաշվետվության ենթակա գումար» եզրույթը նշանակում է, համաձայն Միացյալ Նահանգների Գանձապետարանի համապատասխան ընթացակարգի՝ ֆիքսված կամ հաշվարկվող տարեկան կամ պարբերական եկամտի վճար, որը կլիներ պահման ենթակա վճար, եթե կատարվեր Միացյալ Նահանգներում գտնվող աղբյուրներից:
(թ) «Պահառու հաստատություն» եզրույթը նշանակում է որևէ կազմակերպություն, որի բիզնեսի գերակշիռ մասը կազմում է այլ անձանց համար ֆինանսական միջոցների պահումը: Կազմակերպության բիզնեսի գերակշիռ մասը կազմում է այլ անձանց համար ֆինանսական միջոցների պահումը, եթե կազմակերպության համախառն եկամուտը, որն առնչվում է ֆինանսական միջոցները պահելու կամ հարակից ֆինանսական ծառայությունների հետ, հավասար է կամ գերազանցում է կազմակերպության համախառն եկամտի 20 տոկոսը՝ հաշվարկված հետևյալներից ամենակարճի հիման վրա՝ (i) եռամյա ժամանակահատվածում, որն ավարտվում է դեկտեմբերի 31-ին (կամ ոչ-օրացուցային տարվա հաշվետու ժամանակահատվածի վերջին օրը) այն տարվանից առաջ, երբ կատարվում է հաշվարկը կամ (ii) այն ժամանակահատվածում, որի ընթացքում կազմակերպությունը գոյություն է ունեցել:
(ժ) «Ավանդ (Դեպոզիտ) ընդունող հաստատություն» եզրույթը նշանակում է կազմակերպություն, որն ընդունում է ավանդներ (դեպոզիտներ) սովորական բանկային կամ նմանատիպ գործունեության շրջանակներում:
(ի) «Ներդրումային կազմակերպություն» եզրույթը նշանակում է որևէ կազմակերպություն, որը որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է (կամ կառավարվում է մի կազմակերպության կողմից, որն իրականացնում է որպես ձեռնարկատիրական գործունեություն) հետևյալ գործունեություններից կամ գործառնություններից մեկը կամ ավելին հաճախորդի համար կամ նրա անունից.
1) դրամային շուկայի գործիքների (չեկեր, մուրհակներ, դեպոզիտար ստացականներ, ածանցյալներ և այլն); արտարժույթի, բորսայի, տոկոսադրույքի և ինդեքսային գործիքների, փոխանցելի արժեթղթերի կամ ապրանքային ֆյուչերսների առք և վաճառք,
2) անհատական և կոլեկտիվ պորտֆելային ներդրումների (արժեթղթերի) կառավարում, կամ
3) այլ անձանց անունից ֆինանսական միջոցների կամ փողի այլ տեսակի ներդրում, ղեկավարում կամ կառավարում:
Սույն ենթապարբերություն 1(ի) մեկնաբանվում է Ֆինանսական գործողությունների հատուկ հանձնաժողովի առաջարկություններում կայացված «ֆինանսական հաստատություն» եզրույթի սահմանմանը համահունչ լեզվով:
(լ) «Սահմանված հատուկ ապահովագրական ընկերություն» եզրույթը նշանակում է որևէ կազմակերպություն, որն ապահովագրական ընկերություն է (կամ էլ ապահովագրական ընկերության հոլդինգային ընկերություն է), որը կնքում է կամ պարտավոր է կատարել Կանխիկ արժեքի ապահովագրական պայմանագրից կամ Անուիտետային պայմանագրից բխող վճարումներ:
(խ) «Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատություն» եզրույթը նշանակում է (i) որևէ ֆինանսական հաստատություն՝ հիմնադրված Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն, սակայն բացառությամբ այդպիսի ֆինանսական հաստատության որևէ մասնաճյուղի, որը գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, և (ii) ֆինանսական կազմակերպության որևէ մասնաճյուղ, որը չի հիմնադրվել Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն, եթե այդպիսի մասնաճյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:
(ծ) «Գործընկեր երկրի ֆինանսական հաստատություն» եզրույթը նշանակում է (i) որևէ ֆինանսական հաստատություն, որը հիմնադրվել է Գործընկեր երկրում, սակայն բացառությամբ այդպիսի ֆինանսական հաստատության որևէ մասնաճյուղի, որը գտնվում է Գործընկեր երկրից դուրս, և (ii) Գործընկեր երկրում չհիմնադրված ֆինանսական կազմակերպության որևէ մասնաճյուղ, որը գտնվում է Գործընկեր երկրում:
(կ) «Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատություն» եզրույթը նշանակում է Հայաստանի Հանրապետության որևէ ֆինանսական հաստատություն, որը Հայաստանի Հանրապետության ոչ հաշվետու ֆինանսական հաստատություն չէ:
(հ) «Հայաստանի Հանրապետության ոչ հաշվետու ֆինանսական հաստատություն» եզրույթը նշանակում է Հայաստանի Հանրապետության ցանկացած ֆինանսական հաստատություն կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող որևէ այլ կազմակերպություն, որը նկարագրված է Հավելված II-ում որպես Հայաստանի Հանրապետության ոչ հաշվետու ֆինանսական հաստատություն կամ այլ կերպ որակվում է որպես համապատասխանող ՕՖՀ կամ որպես ազատված շահառու սեփականատեր՝ համաձայն ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգի:
(ձ) «Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություն» եզրույթը նշանակում է Ոչ-մասնակից ՕՖՀ, ինչպես այդ եզրույթը սահմանված է ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգում, սակայն չի ներառում Հայաստանի Հանրապետության որևէ ֆինանսական հաստատություն կամ այլ Գործընկեր երկրի ֆինանսական հաստատություն, բացի որևէ ֆինանսական հաստատությունից, որը դիտարկվում է որպես Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություն՝ համաձայն սույն Համաձայնագրի Հոդված 4-ի պարբերություն 2-ի կամ Միացյալ Նահանգների և Գործընկեր երկրի միջև կնքված համաձայնագրի համապատասխան դրույթի:
(ղ) «Նոր հաշիվ» եզրույթը նշանակում է Ֆինանսական Հաշիվ, որը բացվել է Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատության կողմից 2014 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո:
(ճ) «ԱՄՆ հաշիվ» եզրույթը նշանակում է Ֆինանսական Հաշիվ, որը սպասարկվում է Հայաստանի Հանրապետության որևէ Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից և պատկանում է մեկ կամ ավելի Նախատեսված ԱՄՆ անձանց կամ ոչ-ԱՄՆ կազմակերպությանը, որը Վերահսկող անձը կամ անձինք հանդիսանում են Նախատեսված ԱՄՆ անձ: Չնայած վերոհիշյալին՝ հաշիվը չպետք է դիտարկվի որպես ԱՄՆ հաշիվ, եթե այդպիսի հաշիվը չի բացահայտվում ԱՄՆ հաշիվ Հավելված I-ում ներկայացված վիճակի գնահատման ընթացակարգերն իրականացնելուց հետո:
(մ) «Համաձայնություն չտրամադրած ԱՄՆ հաշիվ» եզրույթը նշանակում է Ֆինանսական հաշիվ, որը սպասարկվում է Հայաստանի Հանրապետության Հաշվետու Ֆինանսական հաստատության կողմից 2014 թ. հունիսի 30-ի դրությամբ, որի նկատմամբ (i) Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը որոշել է, որ այն ԱՄՆ Հաշիվ է համաձայն Հավելված I-ում ներկայացված վիճակի գնահատման ընթացակարգի, (ii) Հայաստանի Հանրապետության օրենքներն արգելում են ներկայացնել ՕՖՀ համաձայնագրով պահանջվող հաշվետվությունը Հաշվետիրոջ համաձայնության բացակայութան պայմաններում, (iii) Հայաստանի Հանրապետության Հաշվետու ֆինանսական հաստատությունը փորձել է, սակայն չի կարողացել ստանալ հաշվետվություն տալու համաձայնությունը կամ էլ հաշվետիրոջ ԱՄՆ ՀՀՀ-ն (Հարկատուի հաշվառման համար) և (iv) Հայաստանի Հանրապետության Հաշվետու ֆինանսական հաստատությունը ՆԵԾ-ին է ներկայացրել կամ պարտավոր էր ներկայացնել ամփոփ տեղեկություններ հաշվի մասին՝ ինչպես նախատեսված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471-1474 բաժիններով և ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգով:
(յ) «Ֆինանսական հաշիվ» եզրույթն ունի ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգով սահմանված իմաստը, սակայն չի ներառում որևէ հաշիվ, որը բացառված է Հավելված II-ում ներկայացված ֆինանսական հաշվի սահմանումից:
(ն) «ՕՖՀ համաձայնագիր» եզրույթը նշանակում է այնպիսի համաձայնագիր, որում շարադրված են սույն Համաձայնագրին համահունչ պահանջներ, որ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը դիտարկվի որպես ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471(բ) պարբերության պահանջները բավարարող հաստատություն:
(շ) «Հաշվետեր» եզրույթը նշանակում է այն անձը, որին հաշիվը սպասարկող Ֆինանսական հաստատությունը գրանցել կամ բացահայում է որպես Ֆինանսական հաշվի տեր: Ֆինանսական հաստատությունից բացի որևէ անձ, որը Ֆինանսական հաշիվ է վարում որևէ այլ անձի համար կամ նրա անունից՝ լինի դա գործակալ, պահառու, անվանատեր, ստորագրող անձ, ներդրումային խորհրդատու կամ միջնորդ, սույն Համաձայնագրի պարագայում չի դիտարկվում որպես հաշվետեր, և նման այլ անձը դիտարկվում է որպես այդպիսի հաշվի հաշվետեր: Անմիջականորեն նախորդող նախադասության նպատակների համար «Ֆինանսական հաստատություն» եզրույթը չի ներառում ԱՄՆ որևէ տարածքում ստեղծված կամ հիմնադրված Ֆինանսական հաստատություն: Կանխիկ արժեքի ապահովագրական պայմանագրի կամ Անուիտետի պայմանագրի դեպքում հաշվետեր է ցանկացած անձ, որին մատչելի է Կանխիկ արժեքը կամ որն իրավասու է փոխելու պայմանագրի շահառուին: Եթե որևէ անձի մատչելի չէ Կանխիկ արժեքը կամ որևէ անձ իրավասու չէ փոխել շահառուին, ապա Հաշվետեր է այն անձը, որը պայմանագրում նշված է որպես սեփականատեր և այն անձը, որը պաշտոնապես օժտված է վճարում ստանալու իրավունքով՝ համաձայն պայմանագրի պայմանների: Կանխիկ արժեքի ապահովագրության պայմանագրի կամ Անուիտետի պայմանագրի վճարման ժամկետը հասնելուն պես յուրաքանչյուր անձ, ով համաձայն պայմանագրի օժտված է վճարում ստանալու իրավունքով, դիտվում է որպես Հաշվետեր:
(ո) «Կանխիկ արժեքի ապահովագրության պայմանագիր» և «Անուիտետի պայմանագիր» եզրույթներն ունեն ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգերում սահմանված իմաստները:
(չ) «ԱՄՆ անձ» եզրույթը նշանակում է որևէ ԱՄՆ քաղաքացի կամ ռեզիդենտ անհատ, ընկերակցություն կամ ընկերություն՝ հիմնված Միացյալ Նահանգներում կամ համաձայն Միացյալ Նահանգների կամ նրա որևէ Նահանգի օրենքների, հավատարմագրային ընկերություն, եթե (i) Միացյալ Նահանգների որևէ դատարան իրավունք կունենա գործող օրենսդրությամբ կայացնելու որոշումներ կամ վճիռներ հավատարմագրային ընկերության կառավարմանը վերաբերող, ըստ էության, բոլոր հարցերի առնչությամբ, և (ii) մեկ կամ ավելի ԱՄՆ անձինք լիազորություն ունեն վերահսկելու հավատարմագրային ընկերության բոլոր հիմնական որոշումները կամ որևէ ունեցվածք, որը պատկանում է Միացյալ Նահանգների քաղաքացու կամ ռեզիդենտ հանգուցյալի: Սույն՝ 1(չ) ենթապարբերությունը պետք է մեկնաբանվի համաձայն ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի:
(պ) «Նախատեսված ԱՄՆ անձ» եզրույթը նշանակում է որևէ ԱՄՆ անձ, բացառությամբ. (i) որևէ ընկերության, որի արժեթղթերը կանոնավոր կերպով առևտրի են ներկայացվում արժեթղթերի ճանաչված մեկ կամ ավելի շուկաներում, (ii) որևէ ընկերություն, որն անդամակցում է նույն ընդլայնված փոխկապակցված խմբին, ինչպես դա սահմանված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 (ե)(2) բաժնում որպես (i) պարբերությունում նկարագրված ընկերություն, (iii) Միացյալ Նահանգները կամ ամբողջությամբ դրա սեփականությունը հանդիսացող որևէ գործակալություն կամ կառուցվածքային միավոր; (iv) Միացյալ Նահանգների որևէ նահանգ կամ որևէ ԱՄՆ տարածք, վերոհիշյալներին պատկանող որևէ քաղաքական ստորաբաժանում կամ վերոհիշյալ միավորների որևէ մեկին կամ ավելիին ամբողջությամբ պատկանող գործակալություն կամ կառուցվածքային միավոր, (v) որևէ կազմակերպություն, որն ազատված է հարկերից համաձայն ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 501(ա) բաժնի կամ անհատական կենսաթոշակային պլանի, ինչպես դա սահմանված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 7701(ա)(37) բաժնում, (vi) որևէ բանկ, ինչպես դա սահմանված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 581 բաժնում, (vii) որևէ անշարժ գույքի ներդրումային հավատարմագրային ընկերությունում, ինչպես դա սահմանված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 856 բաժնում, (viii) որևէ կարգավորվող ներդրումային ֆոնդ, ինչպես դա սահմանված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 851 բաժնում կամ որևէ կազմակերպություն, որը գրանցված է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից համաձայն 1940 թ. Ներդրումային ֆոնդերի ակտի (15 ԱՄՆ Օրենսգիրք 80ա-64), (ix) որևէ ընդհանուր հավատարմագրային հիմնադրամ, ինչպես դա սահմանված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 584(ա) բաժնում, (x) որևէ հավատարմագրային ընկերություն, որն ազատված է հարկերից համաձայն ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 664(գ) բաժնի կամ նկարագրված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 4947(ա)(1) բաժնում, (xi) արժեթղթերի, ապրանքային կամ ածանցյալ ֆինանսական գործիքների (ներառյալ՝ հայեցողական հիմնական պայմանագրերը, ֆյուչերսները, ֆորվարդները և օպցիոնները) որևէ դիլեր, որը գրանցված է որպես այդպիսին համաձայն Միացյալ Նահանգների կամ նրա որևէ նահանգի օրենքների, կամ (xii) որևէ բրոքեր, ինչպես դա սահմանված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 6045(գ) բաժնում, կամ (xiii) հարկերից ազատված ցանկացած հավատարմագրային ծրագիր, որը նկարագրված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 403 (բ) կամ 457 (գ) բաժիններում:
(ջ) «Կազմակերպություն» եզրույթը նշանակում է իրավաբանական անձ կամ իրավաբանական միավոր, ինչպիսին է հավատարմագրային ընկերությունը:
(ռ) «Ոչ ԱՄՆ կազմակերպություն» եզրույթը նշանակում է կազմակերպություն, որն ԱՄՆ անձ չէ:
(ս) Կազմակերպությունը հանդիսանում է մեկ այլ կազմակերպության «Փոխկապակցված կազմակերպություն», եթե այդ կազմակերպություններից որևէ մեկը վերահսկում է մյուս կազմակերպությունը կամ երկու կազմակերպություններն էլ ընդհանուր վերահսկողության տակ են: Այս պարագայում վերահսկողությունը ներառում է որևէ կազմակերպության քվեների կամ արժեքի 50 տոկոսից ավելի մասի ուղղակի կամ անուղղակի տիրապետումը: Չնայած վերոհիշյալին՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է դիտարկել կազմակերպությունը որպես մեկ այլ կազմակերպության հետ չփոխկապակցված Փոխկապակցված կազմակերպություն, եթե այդ երկու կազմակերպությունները չեն անդամակցում նույն ընդլայնված փոխկապակցված խմբին, ինչպես դա սահմանված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 (ե)(2) բաժնում:
(վ) «ԱՄՆ ՀՀՀ» եզրույթը նշանակում է Միացյալ Նահանգների դաշնային հարկատուի հաշվառման համար:
(տ) «Հսկող անձինք» եզրույթը նշանակում է ֆիզիկական անձինք, ովքեր հսկողություն ունեն կազմակերպության նկատմամբ: Հավատարմագրային ընկերության պարագայում այդպիսի եզրույթը նշանակում է հավատարմագրային ընկերության հիմնադիրը, հոգաբարձուները, հովանավորը (եթե այդպիսին կա), շահառուները կամ շահառուների դասը, և որևէ այլ ֆիզիկական անձ, ով իրականացնում է առավելագույն փաստացի հսկողություն հավատարմագրային ընկերության նկատմամբ, իսկ հավատարմագրային ընկերությունից այլ իրավաբանական կարգավիճակ ունեցող միավորման դեպքում սույն եզրույթը նշանակում է անձինք համարժեք կամ նմանատիպ պաշտոններում: «Հսկող անձինք» եզրույթը մեկնաբանվում է Ֆինանսական միջոցառումների խմբի առաջարկություններին համահունչ կերպով:
2. Սույն Համաձայնագրում այլ կերպ չսահմանված որևէ եզրույթ, եթե համատեքստն այլ բան չի պահանջում կամ Իրավասու մարմինները համաձայնության են գալիս ընդհանուր իմաստի շուրջ (ինչը թույլատրվում է երկրում գործող ներքին օրենսդրությամբ), պետք է ունենա այն իմաստը, որ այդ պահին այն ունի համաձայն այն Կողմի օրենքների, որը կիրարկել է սույն Համաձայնագիրը, ընդ որում, այդ Կողմի համապատասխան հարկային օրենքներով սահմանված իմաստը գերակայում է այդ Կողմի այլ օրենքներով տվյալ եզրույթին տրված այլ իմաստների նկատմամբ: