Հոդված 3. Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու արտոնությունների կիրառությունը նշանակում է, որ`
Հոդված 3. Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու արտոնությունների կիրառությունը նշանակում է, որ`
1) այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից, իսկ այդ գործունեությունն իրականացնող և շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից.
2) տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության (բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության) կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի`
ա. իրացումից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից,
բ. օտարման գործարքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով իրենց գրանցման վայրի հարկային մարմին չեն ներկայացրել սույն ենթակետով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն,
գ. իրացումից ստացման ենթակա եկամուտներն ազատվում են շահութահարկից կամ եկամտային հարկից.
3) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործունեությունը, բացառությամբ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրման գործունեության, ազատվում է արտոնագրային վճարից, իսկ այդ գործունեությունն իրականացնող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից.
4) կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեության մասով Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում, որպես հարկային գործակալ, հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, բացառությամբ հարկային գործակալի կողմից վճարվող` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող եկամտային հարկի և սոցիալական վճարի:
Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող՝ օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կարող են հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված արտոնությունից իրենց գրանցման վայրի հարկային մարմին՝ վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից:
Արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն արտոնությունից հրաժարվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանում կարող են հաշվանցել Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեության հետ անմիջականորեն կապված՝ մինչև արտոնությունից հրաժարվելու պահն առկա միայն վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների ապրանքային մնացորդի մասով մատակարարների տրամադրած հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում մաքսային հայտարարագրերում, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում) առանձնացված և նախկինում չհաշվանցված ավելացված արժեքի հարկի գումարները:
Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հետագա հաշվետու ժամանակաշրջաններում չեն կարող օգտվել նշյալ արտոնությունից:
(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.11.15 ՀՕ-141-Ն)