Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԸ

Հոդված 21. Աուդիտորական ծառայության որակի հսկողությունը և դրա արտաքին գնահատումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Աուդիտորական ծառայության որակի հսկողությունը և դրա արտաքին գնահատումը

1. Աուդիտորական կազմակերպությունը պարտավոր է սահմանել աուդիտորական ծառայության որակի հսկողության կանոններ և պահպանել այդ կանոնները: Աուդիտորական ծառայության որակի հսկողության իրականացման սկզբունքները և նշված հսկողության կազմակերպման նկատմամբ պահանջները սահմանվում են աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներով և Մասնագիտական էթիկայի կանոնագրքով:

2. Աուդիտորական կազմակերպությունը և աուդիտորը ենթակա են աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման: Նշված անձինք պարտավոր են արտաքին գնահատողին ներկայացնել գնահատման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և տեղեկությունները:

3. Աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման առարկա է աուդիտորական կազմակերպության և (կամ) աուդիտորի կողմից սույն օրենքի, «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի, աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների և Մասնագիտական էթիկայի կանոնագրքի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը:

4. Աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատումն իրականացնում է այն մասնագիտացված կառույցը, որի անդամ է աուդիտորական կազմակերպությունը և (կամ) աուդիտորը:

5. Անհրաժեշտության դեպքում աուդիտորական կազմակերպության աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատում կարող է իրականացնել նաև Հանրային վերահսկողության խորհուրդը:

6. Աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման պլանային արտաքին գնահատումները պետք է իրականացվեն ոչ հաճախ, քան տարին մեկ, և ոչ ուշ, քան երեք տարին մեկ:

7. Աուդիտորական ծառայության որակի հսկողության պահանջների պահպանման ոչ պլանային արտաքին գնահատումների իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ սույն օրենքի և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի պահանջների, աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների և Մասնագիտական էթիկայի կանոնագրքի հնարավոր խախտումների վերաբերյալ մասնագիտացված կառույցի կամ Հանրային վերահսկողության խորհրդի ստացած տեղեկությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։