Հոդված 17. Փորձագետ հաշվապահի որակավորումը
Հոդված 17. Փորձագետ հաշվապահի որակավորումը
1. Փորձագետ հաշվապահի որակավորումը (այսուհետ՝ նաև որակավորում) սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պահանջները բավարարող՝ փորձագետ հաշվապահի որակավորում ստանալու համար մասնագիտացված կառույցին դիմած ֆիզիկական անձի (այսուհետ` դիմող)՝ սույն հոդվածի 2-րդ մասի պահանջների բավարարման հավաստումն է:
2. Որակավորումը տալիս է մասնագիտացված կառույցը: Որակավորումը տրվում է այն դիմողին, որը միաժամանակ՝
1) հանձնել է որակավորման քննությունները.
2) որակավորումն ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի բարձրագույն կրթություն.
3) որակավորումն ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և (կամ) աուդիտորական գործունեության իրականացման հետ կապված երեք տարվա աշխատանքային փորձ: Աշխատանքային փորձին վերաբերող պահանջները սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ:
3. Որակավորման քննությունների ծրագիրը (այդ թվում՝ քննական առարկաների կազմը) և քննությունների անցկացման կարգը հաստատում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ: Որակավորման քննությունները կազմակերպում և անցկացնում է մասնագիտացված կառույցը:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջը համարվում է բավարարված դիմողի կողմից քննական բոլոր առարկաների գծով քննությունները հանձնելու դեպքում: Մասնագիտացված կառույցի սահմանած և Հանրային վերահսկողության խորհրդի հետ համաձայնեցված որակավորման քննություններից ազատման կարգի համաձայն՝ դիմողը կարող է ազատվել որոշակի առարկաների գծով քննություններ հանձնելուց:
5. Որակավորում չտալու վերաբերյալ որոշում կայացվում է այն դեպքում, երբ դիմողը չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին:
6. Փորձագետ հաշվապահը պարտավոր է, որակավորում ստանալու տարվան հաջորդող տարվանից սկսած, անցնել շարունակական մասնագիտական զարգացում, որի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ: Շարունակական մասնագիտական զարգացման տևողությունը յուրաքանչյուր օրացուցային տարվա համար չպետք է պակաս լինի 20 ժամից, իսկ յուրաքանչյուր երկու հաջորդական տարիների համար՝ 80 ժամից:
7. Սույն հոդվածի համաձայն որակավորում ստացած դիմողին մասնագիտացված կառույցը տալիս է որակավորման վկայական: Որակավորման վկայականի ձևը և տրման կարգը սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ: