Հոդված 28. Լիցենզիայի գործողության դադարեցումը
Հոդված 28. Լիցենզիայի գործողության դադարեցումը
1. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, ինչպես նաև`
ա) աուդիտ իրականացնող անձի կողմից կեղծ աուդիտորական եզրակացություն տրամադրվելու դեպքում.
բ) աուդիտ իրականացնող անձի կողմից սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի պահանջները խախտելու դեպքում.
գ) աուդիտ իրականացնող անձի կողմից սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից որևէ մեկը խախտելու դեպքում, եթե աուդիտ իրականացնող անձն այդ մասին չի տեղեկացրել լիազորված մարմնին` սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով սահմանված ժամկետում.
դ) տարեկան պետական տուրք չվճարելու հիմքով լիցենզիայի գործողության կասեցման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, պետական տուրքի և այն ժամանակին բյուջե չվճարելու համար հաշվարկված տույժի գումարների վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացվելու դեպքում.
ե) աուդիտ իրականացնող անձի կողմից սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված աուդիտորական եզրակացությունը սույն օրենքի 15-րդ հոդվածի երկրորդ պարբերության համաձայն կեղծ ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից:
Սույն հոդվածի 1-ին մասի «բ», «գ» և «ե» կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիազորված մարմնի դիմումի համաձայն: Լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից, եթե դատարանի վճռով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
3. Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմել միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:
(28-րդ հոդվածը լրաց., փոփ. 08.06.04 ՀՕ-93-Ն)