Հոդված 3. Հիմնական հասկացությունները
Հոդված 3. Հիմնական հասկացությունները
Ստորև բերված հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են հետևյալ նշանակությամբ.
1) զանգվածային լրատվություն (այսուհետ` լրատվություն)` անսահմանափակ թվով անձանց համար հասանելի տեղեկատվության տարածում, որի հիմնական նպատակն է ապահովել մարդու սահմանադրական իրավունքը` ազատորեն, անկախ պետական սահմաններից` փնտրելու, ստանալու և տարածելու տեղեկություններ ու գաղափարներ:
Լրատվությունն իրականացվում է զանգվածային լրատվության միջոցի տարածմամբ.
2) զանգվածային լրատվության միջոց (այսուհետ` լրատվության միջոց)` լրատվություն իրականացնելու միջոց, որը բաժանորդագրությամբ կամ առանց դրա, վճարովի կամ անվճար հիմունքներով տարածվում է`
- մշտական անվանում, հերթական համար և ամսաթիվ ունեցող պարբերական թողարկումներով` նյութական կրիչի վրա, որոնց միևնույն բովանդակությամբ օրինակների քանակը պակաս չէ հարյուրից,
- հեռուստառադիոհաղորդմամբ,
- հանրային հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց)` որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի և լրատվություն ներառող տեղեկատվական պաշար` անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տևողությունից և այլ չափանիշներից,
- համացանցում սեփական կամ վարձակալած դոմեյն, հոսթինգ ունեցող և սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված տեղեկությունները պարունակող կայքի միջոցով:
Լրատվության միջոց են նաև լրատվական գործակալության և նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների պարբերական հաղորդումները` ուղղված լրատվական գործունեություն իրականացնողներին` անկախ տարածման ձևից, թողարկման օրինակների քանակից կամ որևէ այլ չափանիշից.
3) լրատվական գործունեություն իրականացնող` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այդ թվում` անհատ ձեռնարկատեր, որն իր անունից տարածում է լրատվության միջոց:
Եթե Հայաստանի Հանրապետությունում լրատվական գործունեություն իրականացնողն այդ գործունեության առանձին փուլերն իրականացնում է այլ անձանց (զուտ տարածողը, հրատարակիչը և այլն) հետ կնքած գործարքների հիման վրա, ապա այդ անձինք, սույն օրենքի իմաստով, լրատվական գործունեություն իրականացնողներ չեն.
4) լրագրող` լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ, նրա հետ կնքած աշխատանքային կամ այլ պայմանագրի հիման վրա տեղեկատվություն փնտրող, հավաքող, ստացող, պատրաստող, խմբագրող:
(3-րդ հոդվածը լրաց. 06.03.20 ՀՕ-147-Ն)