Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ-ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

Հոդված 14. Ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագրումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագրումը

1. Ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու համար կարող է դիմել հայերենին տիրապետող, ճարտարապետություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան և ճարտարապետի մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային փորձառություն կամ բակալավրի աստիճան ու հինգ տարվա աշխատանքային փորձառություն ունեցող յուրաքանչյուր ոք:

2. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող լրացուցիչ ուսուցման ծրագրերով կարող է լրացվել սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքային փորձառության պակասը՝ հավասարեցնելով մեկ տարվա համար նախատեսված ուսուցման ծրագիրը մեկ տարվա աշխատանքային փորձառությանը:

3. Սույն օրենքի իմաստով աշխատանքային փորձառություն է համարվում որևէ արտոնագրված ճարտարապետի ենթակայությամբ կամ ինքնուրույն իրականացված մասնագիտական, այդ թվում` առանց արտոնագրի թույլատրվող աշխատանքը, ինչպես նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ճարտարապետների իրականացրած մասնագիտական աշխատանքը:

4. Ճարտարապետների արտոնագրման նպատակով ձևավորվում է յոթ անդամից կազմված հանձնաժողով, որի կազմում ներառվում են Պալատի չորս, լիազորված մարմնի ղեկավարի ներկայացմամբ` երկու, և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատության ռեկտորի ներկայացմամբ՝ մեկ ներկայացուցիչ: Պալատի ներկայացուցիչներին ընտրում է Պալատի ընդհանուր ժողովը: Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում և հրապարակվում է լիազորված մարմնի ղեկավարի հրամանով: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետի ընթացքում հանձնաժողովի անդամի մահվան կամ անհայտ բացակայող ճանաչվելու կամ հրաժարական ներկայացնելու պատճառով հանձնաժողովի կազմում փոփոխությունները նույնպես հաստատվում են լիազորված մարմնի ղեկավարի հրամանով, ընդ որում, Պալատի ներկայացուցիչն ընտրվում է Խորհրդի կողմից, իսկ մյուս մարմինների ներկայացուցիչները՝ ըստ այդ մարմինների ղեկավարների ներկայացման:

5. Որակավորման քննությունների ծրագրերն ու անցկացման կարգը Պալատի ներկայացմամբ հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:

6. Մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը որակավորման քննություն է հանձնում Խորհրդի որոշմամբ սահմանված և լիազորված մարմնի հաստատած որակավորման սանդղակի պահանջներով ու ծրագրերով։ Որակավորման սանդղակով սահմանվում են ճարտարապետի արտոնագրի կարգեր (դասեր)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության օբյեկտների ռիսկայնության աստիճաններին համապատասխան:

7. Որակավորման քննությունը չհանձնած հավակնորդին թույլատրվում է այն հանձնել վերապատրաստման դասընթացներ անցնելուց հետո` Խորհրդի սահմանած ժամաքանակով:

8. Որակավորման քննությունների արդյունքները հավակնորդը տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկել լիազորված մարմնի ղեկավարին:

9. Համապատասխան կարգի (դասի) արտոնագիր տալու մասին հանձնաժողովի որոշումը լիազորված մարմնի ղեկավարի կողմից տասնօրյա ժամկետում հաստատվելուց հետո Պալատի նախագահը արտոնագիրը հանձնում է արտոնագրված ճարտարապետին (ճարտարագետ-կոնստրուկտորին)՝ Պալատի կանոնադրությամբ սահմանված արարողակարգով: Արտոնագրի ձևը Խորհրդի ներկայացմամբ հաստատում է լիազորված մարմինը: Արտոնագիրը ստորագրում են լիազորված մարմնի ղեկավարը և Պալատի նախագահը, կնքվում է լիազորված մարմնի կնիքով:

10. Արտոնագիրը տրվում է անժամկետ` առանց տարիքային սահմանափակման:

11. Արտոնագրված ճարտարապետը կարող է պայմանագրային հիմունքներով աշխատել ճարտարապետական ծառայություն մատուցող որևէ իրավասու անձի մոտ կամ կազմակերպությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։