Հոդված 5. Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի գործունեությունը
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի գործունեությունը
1. Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատը (այսուհետ` Պալատ) մասնագիտական և անկախ գործունեություն իրականացնող, ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Պալատն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից:
2. Պալատն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալու դրա մասնակից:
3. Պալատը վարում է ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում՝ դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված հաշվետվություններում:
4. Պալատի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթն օգտագործվում է միայն կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ:
5. Պալատի լրիվ անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը:
6. Կազմակերպություններն իրավունք չունեն իրենց անվանման մեջ օգտագործելու «ճարտարապետների պալատ» բառակապակցությունը, դրա հոլովաձևերը, ինչպես նաև բառակապակցության օտարալեզու իմաստային թարգմանությունները, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի» կողմից ստեղծվող կազմակերպությունների:
7. Պալատը`
1) մշակում և հաստատում է ճարտարապետների մասնագիտական էթիկայի և վարվեցողության կանոնները (այսուհետ` էթիկայի կանոններ).
2) հսկողություն է իրականացնում իր անդամների կողմից ճարտարապետի էթիկայի կանոնների և Պալատի կանոնադրության պահանջների պահպանման նկատմամբ.
3) վարում է Պալատի անդամների գրանցամատյանները.
4) կազմակերպում է ճարտարապետների մասնագիտական որակավորման գործընթացը.
5) կազմում և վարում է ճարտարապետների և նախագծային կազմակերպությունների մասնագիտական վարկանշային ցուցակները.
6) կազմակերպում է իր անդամների մասնագիտական վերապատրաստումը, մշակում արտոնագրված ճարտարապետների շարունակական ուսուցման ծրագրեր և դրանց իրականացման համակարգ.
7) ներկայացնում և պաշտպանում է իր և իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հայտերի ու հարցումների հիման վրա մասնագիտական կարծիք է տալիս Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների և բնակավայրերի համար մշակվող տարածական պլանավորման փաստաթղթերի վերաբերյալ:
8. Պալատը կարող է`
1) մշակել պայմանագրերի օրինակելի ձևեր, աշխատանքների ու ծառայությունների գնահատման մեթոդաբանություն, ճարտարապետական գործունեության իրականացման հետ կապված այլ փաստաթղթեր.
2) իրականացնել իր և իր անդամների մասնագիտական գործունեության հետ կապված ռիսկերի, ինչպես նաև ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն.
3) անցկացնել ճարտարապետական մրցույթներ, կազմակերպել ցուցահանդեսներ, հանդիսություններ ու այլ միջոցառումներ.
4) աջակցել մշակվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և միջավայրում ծրագրվող ճարտարապետական միջամտությունների վերաբերյալ հանրային իրազեկումներին, նպաստել քաղաքաշինության հարցերում հանրային իրավագիտակցության մշակույթի բարձրացմանը.
5) սահմանել և շնորհել Պալատի պարգևներ.
6) մասնագիտական եզրակացություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմիններում քննարկվող՝ քաղաքաշինության օրենսդրությանն առնչվող նախագծերի վերաբերյալ, մասնակցել ճարտարապետների իրավունքներն ու օրինական շահերը շոշափող օրենքների ու իրավական այլ ակտերի մշակմանը և քննարկմանը.
7) հրատարակել թերթեր, ամսագրեր.
8) անդամագրվել միջազգային մասնագիտական կազմակերպություններին և համագործակցել այլ երկրների ու միջազգային ճարտարապետական համապատասխան կառույցների հետ.
9) իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն: