Հոդված 8. Պալատի խորհուրդը
Հոդված 8. Պալատի խորհուրդը
1. Պալատի խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Պալատի գործադիր մարմինն է:
2. Խորհուրդը կազմված է Պալատի նախագահից և Խորհրդի անդամներից:
3. Խորհրդի անդամների ընդհանուր քանակը սահմանվում է Պալատի կանոնադրությամբ, որը չի կարող պակաս լինել տասներեքից` ներառյալ Խորհրդի նախագահը:
4. Խորհրդի անդամները (բացառությամբ Խորհրդի նախագահի) վարկանշային կարգով ընտրվում են Պալատի անդամների կազմից, ընդհանուր ժողովի կողմից` չորս տարի ժամկետով:
5. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պալատի անդամ է դառնում Խորհրդի անդամների վերջին ընտրության տվյալներով վարկանշային հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած անդամը՝ նախորդ անդամի լիազորությունների մնացած ժամանակահատվածի համար:
6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է նրա անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
8. Խորհրդի նիստերը հրավիրում է Պալատի նախագահը՝ ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ: Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև Խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:
9. Խորհուրդը`
1) հաստատում է որակավորման քննությունների անցկացման կարգը.
2) հաստատում է պարտադիր վերապատրաստման դասընթացների պարբերականությունը, ծրագրերն ու ժամաքանակը.
3) քննում է Պալատի կանոնադրության և (կամ) էթիկայի կանոնների խախտման դեպքերը, կիրառում է կարգապահական տույժեր.
4) սույն օրենքով նախատեսված դեպքերում Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով որոշում է ընդունում դադարեցնելու կամ կասեցնելու ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) արտոնագրի կամ օտարերկրյա ճարտարապետի հավատարմագրի գործողությունը, որը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել լիազորված մարմնի ղեկավարին.
5) հաստատում է Պալատի աշխատակազմի հաստիքացուցակը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում մասնագիտական եզրակացություն է տալիս բարձր ռիսկայնության դասակարգում ունեցող հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների նախագծերի վերաբերյալ: