Հոդված 9. Պալատի նախագահը
Հոդված 9. Պալատի նախագահը
1. Պալատի նախագահը Պալատի գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձն է:
2. Պալատի նախագահին ընտրում է Պալատի ընդհանուր ժողովը` գաղտնի քվեարկությամբ, ժողովի մասնակիցների ձայների մեծամասնությամբ, չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։
3. Պալատի նախագահ կարող է ընտրվել առնվազն տասնհինգ տարվա մասնագիտական գործունեության փորձառություն ունեցող ճարտարապետը:
4. Պալատի նախագահը՝
1) ներկայացնում է Պալատը.
2) գործում է առանց լիազորագրի.
3) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային.
4) բանկում բացում է Պալատի հաշվարկային և ոչ հաշվարկային հաշիվներ.
5) սահմանում է Պալատի աշխատակազմի աշխատողների ծառայողական լիազորությունների շրջանակը, նշանակում և ազատում է Պալատի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
6) ապահովում և կազմակերպում է Պալատի գրանցամատյանների վարումը.
7) օրենքով և Պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով տնօրինում է Պալատի գույքը, այդ թվում` դրամական միջոցները.
8) իրականացնում է օրենքով և Պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
5. Պալատի նախագահն ի պաշտոնե Խորհրդի նախագահն է։
6. Պալատի նախագահն ունի տեղակալներ, որոնք նշանակվում են Պալատի նախագահի ներկայացմամբ ` Խորհրդի որոշմամբ:
7. Պալատի նախագահի տեղակալների թիվը և գործառույթները սահմանվում են Պալատի կանոնադրությամբ: