Հոդված 6. Սեյսմիկ պաշտպանության աշխատանքների ծրագրերը
Հոդված 6. Սեյսմիկ պաշտպանության աշխատանքների ծրագրերը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ պաշտպանության աշխատանքներն իրականացվում են սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական, մարզային և համայնքային ծրագրերով: Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության աշխատանքներն իրականացվում են Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագիրը (այսուհետ՝ Պետական ծրագիր) ունի համալիր բնույթ և բաղկացած է կարճաժամկետ (մինչև մեկ տարի), միջնաժամկետ (մինչև հինգ տարի) և երկարաժամկետ (մինչև 30 տարի) ծրագրերից:
Պետական ծրագիրը ներառում է երկրաշարժերի և դրանց հետ կապված աղետների նկատմամբ տարածքների սեյսմիկ խոցելիության նվազեցմանն ուղղված համալիր միջոցառումներ՝ ժամանակացույցով և պատասխանատու կատարողներով:
Պետական ծրագրի կատարման հետևանքով ապահովվում է սեյսմիկ վտանգի կանխատեսումը, սեյսմիկ ռիսկի գնահատումն ու նվազեցումը:
Սեյսմիկ ռիսկի նվազեցման կարճաժամկետ Պետական ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման վերաբերյալ սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի ղեկավարը յուրաքանչյուր տարի՝ մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս հաղորդմամբ:
Պետական ծրագրով նախատեսված սեյսմիկ պաշտպանության ոլորտի աշխատանքների իրականացման կարգերը հաստատում է լիազոր մարմինը, իսկ կառավարության սահմանած դեպքերում՝ լիազոր մարմինը և Պետական ծրագրով համակատարող հանդիսացող համապատասխան շահագրգիռ լիազոր մարմինը (մարմինները):
Պետական ծրագրի մշակումը, իրականացումը, համակարգումը և նախատեսված միջոցառումների կատարման նկատմամբ հսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է լիազոր մարմինը՝ սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի գնահատման համար:
3. Սեյսմիկ պաշտպանության աշխատանքների մարզային և համայնքային ծրագրերը համարվում են Պետական ծրագրի ենթածրագրեր:
4. Սեյսմիկ ռիսկի նվազեցման մարզային ծրագրերը կազմվում են Պետական ծրագրի համաձայն և ներառվում են մարզերի զարգացման ծրագրերում: Սեյսմիկ ռիսկի նվազեցման մարզային ծրագիրը մշակում է պետական կառավարման տարածքային մարմինը՝ լիազոր մարմնի մասնակցությամբ: Սեյսմիկ ռիսկի նվազեցման մարզային ծրագիրը լիազոր մարմնի մասնակցությամբ մշակվում է՝ համաձայն սույն օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերի:
5. Սեյսմիկ ռիսկի նվազեցման համայնքային ծրագրերը (բացառությամբ Երևան համայնքի) կազմվում են մարզային ծրագրի համաձայն և ներառվում են համայնքների զարգացման ծրագրերում: Սեյսմիկ ռիսկի նվազեցման համայնքային ծրագիրը մշակում է տեղական ինքնակառավարման մարմինը՝ լիազոր մարմնի մասնակցությամբ: Սեյսմիկ ռիսկի նվազեցման համայնքային ծրագիրը լիազոր մարմնի մասնակցությամբ մշակվում է՝ համաձայն սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի:
Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագիրը կազմվում է Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագրի համաձայն և ներառվում է Երևանի զարգացման ծրագրերում:
6. Սեյսմիկ ռիսկի նվազեցման մարզային և համայնքային ծրագրի մշակմանը լիազոր մարմինը մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
7. Սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական, մարզային և համայնքային ծրագրերն իրականացնում են լիազոր մարմինը, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: