Հոդված 11
Հոդված 11
Կենտրոնի ռուսական անձնակազմի ներկայացուցիչների արտոնությունները և անձեռնմխելիությունները
Կենտրոնի ռուսական անձնակազմի մշտական և ժամանակավոր ներկայացուցիչները և նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում օգտվում են հետևյալ արտոնություններից և անձեռնմխելիություններից.
անձնական անձեռնմխելիություն, որը ենթադրում է անձեռնմխելիություն ցանկացած տեսակի ձերբակալումից և կալանավորումից, ինչպես նաև ցանկացած տեսակի դատական միջամտությունից` որպես Կենտրոնի պաշտոնատար անձ իր արտահայտությունների, գրածի և կատարած գործողությունների համար.
բնակարանի, դրա մեջ գտնվող գույքի, ինչպես նաև անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի անձեռնմխելիություն` նույն չափով, ինչպես Կենտրոնի և դրա գույքի պարագայում.
միգրացիոն սահմանափակումներից ազատում.
Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող (արտահանվող)` անհատական օգտագործման ապրանքների համար գանձվող մաքսային վճարներից ազատում` պայմանով, որ նշված ապրանքները տեղափոխվում են մաքսային սահմանով` Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգի պահպանմամբ.
Կենտրոնի ռուսական անձնակազմի մշտական և ժամանակավոր ներկայացուցիչները և նրանց ընտանիքների անդամներն օգտվում են նաև բոլոր այն արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք Հայաստանի Հանրապետությունում, 1961 թվականի ապրիլի 18-ի` «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիային (այսուհետ` Կոնվենցիա) համապատասխան, տրամադրվում են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան վարչատեխնիկական անձնակազմին.
Հայաստանի Հանրապետության իրավազորությունից Կենտրոնի ռուսական անձնակազմի ներկայացուցիչների անձեռնմխելիությունը նրանց չի ազատում Ռուսաստանի Դաշնության իրավազորությունից: