Հոդված 16. Ընկերության վարչական խորհուրդը
Հոդված 16. Ընկերության վարչական խորհուրդը
Ընկերության վարչական խորհուրդն իրականացնում է Ընկերության ընդհանուր ղեկավարումը, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն օրենքով և Ընկերության կանոնադրությամբ սահմանվում են որպես Ընկերության ընդհանուր ժողովի և ներկայացուցիչների ժողովի (այսուհետ` Ժողով) բացառիկ իրավասություն:
Ժողովն Ընկերության անդամների թվից ընտրում է 5 անդամից ոչ պակաս վարչական խորհուրդ` 3 տարի ժամկետով։ Վարչական խորհրդի անդամների թիվը և նրանց ընտրության կարգը սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ։ Ընկերությանը պարտք ունեցող անդամները, ինչպես նաև Ընկերության կողմից ոռոգման ջուր ստացող համայնքների ղեկավարները չեն կարող ընտրվել վարչական խորհրդի կազմում:
Վարչական խորհուրդը հաշվետու է Ընկերության ժողովին:
Վարչական խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և Ընկերության կանոնադրությամբ:
Վարչական խորհուրդն իրականացնում է Ընկերության Ժողովի հրավիրման և նրա օրակարգի հաստատման հետ կապված կազմակերպական աշխատանքները:
Վարչական խորհուրդը Ժողովի հաստատմանը ներկայացնելու համար նախապատրաստում է`
ա) Ընկերության բյուջեի նախագիծը.
բ) Ընկերության տարեկան հաշվետվությունը և հաշվեկշիռը.
գ) ջրի բաշխման և ոռոգման համակարգի վերանորոգման աշխատանքների պլանները:
Վարչական խորհրդի բացառիկ իրավասություններն են`
ա) Ընկերության անդամներ ընդունելը և անդամությունը դադարեցնելը.
բ) այլ կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելը.
գ) մոնիտորինգ կազմակերպելը.
դ) Ընկերության ֆինանսական և հաշվապահական գործունեությունը համակարգելը.
ե) Ընկերության գործադիր տնօրենին ու գլխավոր հաշվապահին աշխատանքի ընդունելը և աշխատանքից ազատելը.
զ) կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:
Վարչական խորհուրդն իրականացնում է`
ա) Ընկերության ընդհանուր կառավարումը.
բ) Ընկերության գործադիր մարմնի գործունեության վերահսկումը.
գ) կանոնադրությամբ սահմանված` Ընկերության գործունեությունը կանոնակարգող ընթացակարգերի պահպանումը.
դ) սույն օրենքով, Ընկերության կանոնադրությամբ և Ժողովի որոշումներով նախատեսված այլ խնդիրներ:
Վարչական խորհուրդն իր կազմից երեք տարի ժամկետով ընտրում է վարչական խորհրդի նախագահ և նախագահի տեղակալ, որոնց լիազորությունները սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ: Վարչական խորհրդի նախագահի, նրա տեղակալի համար Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել ավելի կարճ ժամկետներ:
Վարչական խորհրդի նախագահը ղեկավարում է ժողովի աշխատանքները, վարչական խորհրդի նիստերը և ներկայացնում է Ընկերությունն այլ կազմակերպություններում:
Վարչական խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
Վարչական խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են վարչական խորհրդի նախագահի կամ վարչական խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:
Վարչական խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է անդամների ոչ պակաս, քան երեք քառորդը: Վարչական խորհրդի որոշումներն ընդունվում են նրա անդամների ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ:
Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ վարչական խորհրդի նախագահը քվեարկում է ձայների հավասարության դեպքում:
Վարչական խորհրդի անդամները կամ վարչական խորհրդի նախագահը կարող են հեռացվել Ժողովի որոշմամբ, եթե թույլ են տվել պարտականությունների խախտումներ, որոնց ցանկը կարող է սահմանվել Ընկերության կանոնադրությամբ:
Նույն Ժողովում կազմակերպվում են վարչական խորհրդի անդամների նոր ընտրություններ:
(16-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-20-Ն)