Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին հոդվածով.
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին հոդվածով.
«Հոդված 22.1. Միասնական սոցիալական ծառայության լիազորությունները և կազմավորման կարգը
1. Միասնական սոցիալական ծառայությունը՝
1) իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքի (անձի) սոցիալական գնահատում (սոցիալական կարիքների գնահատում) և կազմակերպում սոցիալական աջակցության տրամադրումը.
2) կազմակերպում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը սոցիալական դեպքի վարման միջոցով.
3) կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, կանանց, տարեցների, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և օրենսդրությամբ սահմանված առանձին կատեգորիայի անձանց սոցիալական պաշտպանության պետական ծրագրերի իրականացումը.
4) կազմակերպում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների (անձանց) համար նախատեսված՝ գնահատված սոցիալական կարիքների վրա հիմնված սոցիալական աջակցության հասցեական ծրագրերի իրականացումը.
5) կազմակերպում է անձին (ընտանիքին) տրամադրվող սոցիալական ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը բարելավելու ուղղությամբ պետական ծրագրերի իրականացումը.
6) կազմակերպում է որոշակի բնակության վայր չունեցող, անօթևան, սոցիալապես անապահով և (կամ) հատուկ խմբերին դասված անձանց կացարանով ապահովելու (այդ թվում՝ ժամանակավոր) պետական ծրագրերի իրականացումը.
7) կազմակերպում է սոցիալական համագործակցության համաձայնագրերի ընդունումը տարածքային մակարդակում.
8) գործատուներից, պետական այլ մարմիններից և կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից պահանջում է կենսաթոշակներ, նպաստներ և այլ դրամական վճարներ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքում ստուգում է դրանց հավաստիությունը.
9) հարկային մարմնից ստանում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը (այսուհետ՝ շտեմարան) ձևավորելու համար անհրաժեշտ տվյալներ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով ստուգում դրանց հավաստիությունը.
10) օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում, վերահաշվարկում է կենսաթոշակները, նպաստները և այլ դրամական վճարներ, ապահովում կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների վճարումը կամ մերժում կենսաթոշակներ, նպաստներ և այլ դրամական վճարներ նշանակելու, նշանակված կենսաթոշակները, նպաստները և այլ դրամական վճարները վերահաշվարկելու դիմումները.
11) վարում է շտեմարանը, շտեմարանից տվյալներ տրամադրում գործատուներին, ֆիզիկական անձանց և պետական մարմիններին ու կազմակերպություններին.
12) սոցիալական աջակցությանն առնչվող հարցերով դիմող անձանց ապահովում է խորհրդատվությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում աջակցում նրանց պահանջվող փաստաթղթեր ստանալու գործում.
13) ապահովում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի իրականացումը.
14) իրականացնում է աշխատանք փնտրող անձի զբաղվածության կարիքների գնահատում, կազմում է զբաղվածության ապահովման անհատական ծրագիր և կնքում երկկողմ պայմանագիր զբաղվածության ապահովման անհատական ծրագրի իրականացման մասին.
15) հաշվառում և հաշվառումից հանում է աշխատանք փնտրող անձանց, տրամադրում է գործազուրկի կարգավիճակ, կասեցնում, վերականգնում և դադարեցնում է այդ կարգավիճակը.
16) իրականացնում է անձի՝ մասնագիտության գիտակցված ընտրությանն ու կարիերայի արդյունավետ պլանավորմանն ուղղված ծառայությունների ապահովում մրցունակ մարդկային կապիտալի ձևավորման նպատակով.
17) տեղեկատվություն է հավաքում նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի վերաբերյալ, թարմացնում է այդ տեղեկատվությունը և ապահովում հասանելիությունը.
18) իրականացնում է աշխատանքի տեղավորման միջնորդություն աշխատանք փնտրողի և գործատուի միջև, աշխատանք փնտրողին տրամադրում խորհրդատվություն և ուղեգրում գործատուի մոտ.
19) ապահովում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը.
20) տեղաբաշխում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիրը՝ ըստ տարածքների և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների), որի հիմքում դրվում են շահառուների ներգրավման առաջնահերթությունները, առանձին տարածաշրջանների աշխատաշուկաների հիմնական բնութագրիչները, ինչպես նաև սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունները.
21) կազմակերպում է օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու, մերժելու, կասեցնելու կամ դադարեցնելու գործընթացները.
22) Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով տրամադրում է զբաղվածության այլ ծառայություններ.
23) կազմում և ամփոփում է սոցիալական աջակցության բնագավառի, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության գործառույթներին առնչվող այլ վիճակագրական ու ֆինանսական հաշվետվությունները, դրանք սահմանված կարգով ներկայացնում է լիազորված պետական մարմին, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ այլ կազմակերպություններ.
24) համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց, հասարակական կազմակերպությունների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական, միջազգային և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.
25) Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մատուցում է ծառայություններ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում.
26) կազմակերպում և ապահովում է բժշկասոցիալական փորձաքննության (վերափորձաքննության) գործընթացը.
27) կազմակերպում և ապահովում է աջակցող միջոցների տրամադրման գործընթացը.
28) ապահովում է Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով տարածքային մարմիններին վերապահված լիազորությունների իրականացումը.
29) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
2. Միասնական սոցիալական ծառայության կազմավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: