Հոդված 13. Լիազոր մարմնի լիազորությունները և պարտականությունները նյութական պահուստի համակարգի կառավարման բնագավառում
Հոդված 13. Լիազոր մարմնի լիազորությունները և պարտականությունները նյութական պահուստի համակարգի կառավարման բնագավառում
1. Լիազոր մարմինը`
1) Կառավարությանը առաջարկություններ է ներկայացնում նյութական պահուստի համակարգի զարգացման և կատարելագործման վերաբերյալ.
2) համապատասխան ոլորտներ կարգավորող պետական կառավարման համակարգի մարմինների առաջարկությունների հիման վրա մշակում է պետական և զորահավաքային պահուստների նյութական արժեքների անվանացանկը, ինչպես նաև դրանց կուտակման նորմերն ու չափորոշիչները և ներկայացնում Կառավարության հաստատմանը.
3) մաքսային վերադաս մարմնի կողմից ներկայացվող տվյալների հիման վրա մշակում է ռազմավարական պաշարների պահուստի կուտակման ժամանակացույցը և ներկայացնում Կառավարության հաստատմանը.
4) սահմանված կարգով մշակում ու Կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական պահուստի նյութական արժեքների կուտակման, ապաամրագրման, թարմացման և փոխարինման հեռանկարային ու տարեկան ծրագրերի նախագծերը.
5) հաստատում է նյութական պահուստի օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների ամենամյա ժամանակացույցը.
6) առաջարկություն է ներկայացնում իրավասու տեսչական մարմնին նյութական պահուստի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումներ իրականացնելու վերաբերյալ.
7) մասնակցում է տեսչական մարմնի կողմից նյութական պահուստի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումներին.
8) Կառավարության սահմանած կարգով ապահովում է նյութական պահուստի նյութական արժեքների միասնական հաշվառման կազմակերպումը, իրականացնում է դրանց առկայության ու շարժի ամփոփ հաշվառում, ինչպես նաև կազմակերպությունների կողմից Կառավարության սահմանած կարգով նյութական պահուստի նյութական արժեքների առկայության ու վիճակի մասին տրամադրված տեղեկատվության հիման վրա տալիս է ամփոփ հաշվետվություն և տեղեկատվություն ներկայացնում Կառավարություն.
9) հսկողություն է իրականացնում պետական պահուստի պահպանումն իրականացնող կազմակերպությունների` բյուջետային ֆինանսավորման նպատակային օգտագործման և այդ կազմակերպությունների սահմանած կարգով վճարովի ծառայությունների մատուցման նկատմամբ.
10) իրականացնում է օրենքով վերապահված այլ լիազորություններ: