Հոդված 11. Նյութական պահուստից նյութական արժեքներ բաց թողնելու հիմքերը և կարգը
Հոդված 11. Նյութական պահուստից նյութական արժեքներ բաց թողնելու հիմքերը և կարգը
1. Նյութական պահուստից նյութական արժեքներ բաց թողնելը իրականացվում է հետևյալ դեպքերում`
1) թարմացման.
2) փոխարինման.
3) փոխառնման.
4) ապաամրագրման:
2. Պետական պահուստից նյութական արժեքներ բաց թողնելը թարմացման և փոխարինման նպատակով իրականացվում է լիազոր մարմնի որոշմամբ՝ Կառավարության սահմանած կարգով:
3. Պետական պահուստից նյութական արժեքների փոխառնումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով, որով սահմանվում է նաև փոխառնման պայմանագրի օրինակելի ձևը: Պետական պահուստից նյութական արժեքներ բաց թողնելը փոխառնման կարգով կատարվում է գրավոր պայմանագրով, որը կնքվում է լիազոր մարմնի և ստացողի միջև: Պայմանագրում նշվում են ստացողի տվյալները, պետական պահուստից բաց թողնվող նյութական արժեքների վերաբերյալ տվյալները, դրանց բաց թողնելու պայմանները և ժամկետները, վերադարձման ժամկետներն ու կարգը, վերադարձման ժամկետների խախտման դեպքում կիրառվող տույժերը կամ տուգանքները: Պետական պահուստից նյութական արժեքների փոխառնման համար նախատեսվում է վճար, որի չափը որոշում է լիազոր մարմինը` ելնելով փոխառնված նյութական արժեքների ընդհանուր արժեքից, փոխառնման ժամկետից: Նախատեսված վճարը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափը:
4. Զորահավաքային և ռազմավարական պաշարների պահուստից նյութական արժեքների փոխառնումն իրականացվում է այդ պաշարների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների կարիքների համար՝ համապատասխան ոլորտը կարգավորող պետական կառավարման համակարգի մարմնի և լիազոր մարմնի համաձայնությամբ, ոչ ավելի, քան պահպանվող պաշարի 30 տոկոսի չափով, և ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով:
5. Նյութական պահուստից նյութական արժեքներ բաց թողնելը ապաամրագրման կարգով կատարվում է Կառավարության որոշման հիման վրա, բացառությամբ արագ արձագանքման պաշարի ապրանքների:
6. Արագ արձագանքման պաշարից նյութական արժեքներ բաց թողնելը կատարվում է վարչապետի համաձայնությամբ` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառի լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա: Վարչապետի համաձայնեցմանը ներկայացված համապատասխան գրության մեջ պետք է մանրամասն շարադրված լինեն արագ արձագանքման պաշարից բաց թողնվող նյութական արժեքների տեսակները, ընդհանուր քանակը և արժեքը:
7. Պետական պահուստի արագ արձագանքման պաշարը ձևավորելու, պահպանելու, բաց թողնելու կարգը սահմանում է Կառավարությունը:
8. Զորահավաքային և ռազմավարական պաշարների պահուստներից նյութական արժեքներ բաց թողնելը թարմացման նպատակով իրականացվում է այդ պահուստի սեփականատեր հանդիսացող կազմակերպության որոշմամբ՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով լիազոր մարմնին:
9. Զորահավաքային և ռազմավարական պաշարների պահուստներից նյութական արժեքներ բաց թողնելը փոխարինման նպատակով իրականացվում է այդ պահուստի սեփականատեր կազմակերպության որոշմամբ՝ համապատասխան բնագավառի պետական կառավարման մարմնի համաձայնությամբ՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով լիազոր մարմնին:
10. Թարմացման և փոխարինման նպատակով նյութական արժեքներ բաց թողնելը զորահավաքային և ռազմավարական պաշարների պահուստներից իրականացվում է թարմացված կամ փոխարինված նյութական արժեքների ամբարման հետ միաժամանակ:
(հոդվածը 16.12.22 ՀՕ-484-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)