Անցնել բովանդակությանը
Գլուխ 3.2 · ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Հոդված 19.4. Շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպման գործընթացը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19.4. Շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպման գործընթացը

1. Շարունակական մասնագիտական զարգացումն իրականացվում է այդ գործընթացի անընդհատության և բազմաձևության սկզբունքների համակցմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի անընդհատությունն ապահովվում է յուրաքանչյուր հնգամյա շրջափուլով` այդ տարիների ընթացքում իրականացված մասնագիտական գործունեության, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների և մասնագիտական հմտությունների գնահատման հիման վրա: Շարունակական մասնագիտական զարգացման, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների և մասնագիտական հմտությունների համար շնորհվում են ՇՄԶ կրեդիտներ:

3. Շարունակական մասնագիտական զարգացման բազմաձևությունն ապահովելու համար շարունակական մասնագիտական զարգացումը ներառում է հետևյալ տեսակները.

1) տեսական գիտելիքների զարգացում՝ Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում մասնագիտական դասընթացներին, սեմինարներին, սիմպոզիումներին, գիտական, գիտագործնական գիտաժողովներին և համագումարներին մասնակցության և (կամ) իրականացման միջոցով.

2) գործնական հմտությունների զարգացում՝ աշխատանքային տեղում մասնագիտական կատարելագործման, գիտագործնական միջոցառումներին մասնակցության և (կամ) իրականացման միջոցով.

3) ինքնակրթություն և ինքնազարգացում` հեռավար կամ առցանց դասընթացների մասնակցության և (կամ) իրականացման կամ գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման և (կամ) գործնական ուսումնասիրությունների արդյունքների ներկայացման միջոցով:

4. Շարունակական մասնագիտական զարգացման գործունեությունը և շնորհվող ՇՄԶ կրեդիտները յուրաքանչյուր հնգամյա փուլում պետք է լրացվեն սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործունեության երեք տեսակներից և կազմեն`

1) ավագ բուժաշխատողների համար` առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ, բացառությամբ դեղագետների և ոչ բժշկական այլ մասնագիտություններով որակավորված մասնագետների, որոնց համար սահմանվում է առնվազն 160 ՇՄԶ կրեդիտ.

2) միջին բուժաշխատողների համար` առնվազն 140 ՇՄԶ կրեդիտ, բացառությամբ դեղագործների և ոչ բժշկական այլ մասնագիտություններով որակավորված մասնագետների, որոնց համար սահմանվում է առնվազն 100 ՇՄԶ կրեդիտ:

5. Սույն հոդվածի 3-րդ մասում թվարկված շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների մասնակցության և (կամ) իրականացման համար կարող են տրամադրվել կրեդիտներ:

6. Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը և դրանց շնորհման կարգը սահմանում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

7. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման տեսակները առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով կարող են իրականացնել տեղական, օտարերկրյա և (կամ) միջազգային հետևյալ կազմակերպությունները.

1) օրենքով սահմանված կարգով բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները.

2) բժշկական մասնագիտական հասարակական կազմակերպությունները.

3) առողջապահական կամ բժշկական կազմակերպությունները.

4) առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող այլ կազմակերպություններ:

8. Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում շարունակական մասնագիտական զարգացման առանձին տեսակներ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։