Հոդված 14. Գրավատնային գործունեության նկատմամբ վերահսկողությունը
Հոդված 14. Գրավատնային գործունեության նկատմամբ վերահսկողությունը
1. Գրավատնային գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգումներ և հեռակա վերահսկողություն իրականացնելու միջոցով:
2. Լիազոր մարմինը վերահսկողության արդյունքներով սույն օրենքի խախտումների բացահայտման դեպքում կիրառում է սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում գրավատների կազմակերպիչները պարտավոր են նաև համապատասխան տեղեկություններ տրամադրել լիազոր մարմնին՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
4. Գրավատները պարտավոր են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով գրավատների իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։
(14-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-20-Ն, 08.12.05 ՀՕ-246-Ն, փոփ., լրաց. 03.07.25 ՀՕ-271-Ն)
(03.07.25 ՀՕ-271-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)