Հոդված 7. ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 7. ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Գրավատունն իրավունք ունի`
ա) տոկոսավճարով տրամադրել անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված վարկեր.
բ) վարկեր և փոխառություններ ներգրավել բանկերից և այլ կազմակերպություններից, ինչպես նաև փոխառություններ ներգրավել մասնակիցներից.
գ) թողարկել և բանկերի կամ այլ կազմակերպությունների միջև տեղաբաշխել սահմանափակ շրջանառության իրավունքով արժեթղթեր (բացառությամբ բաժնետոմսերի) և ածանցյալ ֆինանսական գործիքներ, որոնց երկրորդային տեղաբաշխումը կարող է կատարվել միայն բանկերի կամ այլ կազմակերպությունների միջև.
դ) բաժնետիրական ընկերություն հանդիսացող գրավատան դեպքում` օրենքով սահմանված կարգով թողարկել և տեղաբաշխել բաժնետոմսեր.
ե) պարտավորությունների դիմաց իրացնել իրեն որպես գրավ կամ պահատվության հանձնված 100 000 դրամ և ավելի արժողություն ունեցող գույքը` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
զ) պարտավորությունների դիմաց իրացնել իրեն որպես գրավ կամ պահատվության հանձնված մինչև 100 000 դրամ արժողություն ունեցող գույքը` գրավատան կողմից հաստատված և լիազոր մարմնի հետ համաձայնեցված հրապարակային սակարկությունների կարգին համապատասխան կամ սույն մասի «ե» ենթակետով սահմանված կարգով.
է) օրենսդրությամբ սահմանված կարգով գույք ընդունել միայն գրավատուից կամ պահատուից: Գրավատան համար գրավատու (պահատու) լինելու փաստի հավաստիության հիմք կարող է ծառայել գույքը հանձնող անձի գրավատոմսում կամ պահպանական անվանական անդորրագրում կատարված գրավոր հայտարարությունը:
2. Գրավատունը չի կարող`
ա) վարկային միջոցների ձեռքբերման համար տեղաբաշխել պարտատոմսեր, այլ արժեթղթեր կամ ածանցյալ ֆինանսական գործիքներ, ներգրավել միջոցներ այլ կերպ, քան նախատեսված է սույն հոդվածի 1-ին մասով.
բ) տրամադրել ապրանքային վարկեր.
գ) վարկը տրամադրել մասնաբաժիններով` առանց յուրաքանչյուր մասնաբաժնի համար նոր պայմանագիր կնքելու.
դ) որևէ պահանջ ներկայացնել վարկառուի կողմից վարկով ստացած գումարի տնօրինման վերաբերյալ.
ե) վարկն ամբողջությամբ մարելու` վարկային պայմանագրով նախատեսված ժամկետի կետանցից հետո իրականացնել վարկային պայմանագրում նշված ժամկետի որևէ փոփոխություն: (Կողմերի համաձայնությամբ վարկային նոր պայմանագրով նախկինում չմարված, բայց մարման ենթակա վարկը կամ դրա մի մասը կարող է համարվել վարկի նոր գումարի բաղկացուցիչ մասը, իսկ մինչև այդ կնքված պայմանագիրը` ճանաչվել ուժը կորցրած).
զ) գրավատնային գործունեությունից բացի իրականացնել այլ գործունեություն (գործառնություններ):
(7-րդ հոդվածը լրաց., խմբ. 27.10.16 ՀՕ-200-Ն)