Հոդված 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
գրավատնային գործունեություն` ֆիզիկական անձանց անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված կարճաժամկետ վարկերի տրամադրման և պահատվության ձեռնարկատիրական գործունեություն.
գրավատուն` գրավատնային գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստացած կազմակերպություն.
գրավատան տարածք` գրավատնային գործունեության համար անհրաժեշտ հիմնական շինության տարածք, որտեղ պահպանվում են կանխիկ դրամը, գրավի առարկաները (ի պահ հանձնված գույքը) և վարկավորման վերաբերյալ փաստաթղթերը, կատարվում է հաճախորդների ընդունելություն և վարկերի տրամադրում, ինչպես նաև գրավատնային գործունեության հետ կապված այլ գործառույթներ.
լիազոր մարմին` գրավատնային գործունեությունը լիցենզավորող և վերահսկող` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.
հայտատու` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը դիմել է լիազոր մարմնին` գրավատան կազմակերպման լիցենզիա ստանալու, լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, լիցենզիայի կրկնօրինակ ստանալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու հարցերով.
մեծածավալ իրեր` փոխադրամիջոցներ և կենցաղային իրեր, որոնք չեն կարող պահպանվել գրավատան տարածքում գտնվող երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված սենյակի չհրկիզվող պահարաններում.
փոքրածավալ իրեր` ոսկերչական իրեր և թանկարժեք քարեր, ինչպես նաև այլ կենցաղային իրեր, որոնք կարող են պահպանվել գրավատան տարածքում գտնվող երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված սենյակի չհրկիզվող պահարաններում.
պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգ` տեխնիկական սարքավորում կամ սարքավորումների համախումբ, որը վերահսկում է օրվա ցանկացած ժամի կամ որոշակի ժամերի ընթացքում անձանց մուտքը գրավատան տարածք, դրանում կրակի առկայությունը կամ հրդեհի իրական վտանգը.
վարկավորման վերաբերյալ փաստաթղթեր` վարկային պայմանագիր, գրավատոմս (գրավի պայմանագիր), անվանական պահպանական անդորրագիր և վարկառուի (պահատուի) վճարների հաշվառման անձնական քարտ, ինչպես նաև սույն օրենքով սահմանված այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն օրենքի պահանջների պահպանման հավաստիությունը որոշելու համար.
գրավատոմս` վարկային պայմանագրում նշված գրավի հաշվառման փաստաթուղթ.
անվանական պահպանական անդորրագիր` պահառության պայմանագրում նշված` ի պահ վերցված գույքի հաշվառման փաստաթուղթ.
վարկի գումար` գրավատան կողմից վարկային պայմանագրին համապատասխան վարկառուի հաշվին փոխանցված կամ վարկառուին փաստացի վճարված (չեկով, քարտով կամ բանկային պրակտիկայում ընդունված այլ վճարային գործիքներով) դրամական միջոցներ.
վարկի ժամկետի սկիզբ` վարկի ամբողջ գումարը վարկառուի հաշվին փոխանցելու կամ վարկառուին փաստացի վճարելու օրվան հաջորդող օրը.
վարկի մարման ժամկետ` այն օրը, երբ վարկային պայմանագրին համապատասխան գրավատանն ամբողջությամբ պետք է վերադարձվի վարկի գումարը և վճարվեն բոլոր տոկոսավճարները.
վարկի ժամկետ` վարկի ժամկետի սկզբի և ամբողջությամբ մարման ժամկետի միջև ընկած ժամանակահատվածը, ներառյալ` առաջին և վերջին օրերը: Ընդ որում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի, վերոհիշյալ ժամանակահատվածում հաշվի են առնվում բոլոր օրերը` անկախ դրանց աշխատանքային կամ ոչ աշխատանքային լինելու հանգամանքից.
տոկոսավճար` վարկային պայմանագրին համապատասխան, որպես վարկի փոխհատուցում, գրավատանը վճարվող գումար, որը հավասար է վարկի գումարի, օրերով արտահայտված վարկի ժամկետի (դրա մի մասի) և վարկի օրական տոկոսի արտադրյալի հարյուրերորդ մասին.
փոխկապակցված անձ՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով սահմանված անձինք.
իրական շահառու՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված անձինք։
(2-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-246-Ն, լրաց. 03.07.25 ՀՕ-271-Ն)
(03.07.25 ՀՕ-271-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)