Հոդված 5. ԳՐԱՎԱՏԱՆ և ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԻՋև ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 5. ԳՐԱՎԱՏԱՆ և ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԻՋև ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Գրավատան և վարկառուի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պայմանագրային հիմունքներով:
2. Վարկային պայմանագրերը կնքվում են գրավատան կողմից հաստատված և լիազոր մարմնի հետ համաձայնեցված վարկավորման ընդհանուր պայմաններին համապատասխան:
3. Հայտատուն վարկավորման ընդհանուր պայմանները լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներկայացնում լիցենզիա ստանալու հայտի հետ միասին:
4. Գրավատան վարկավորման ընդհանուր պայմաններում կատարվող փոփոխություններն ու լրացումները գրավատունը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` նախքան դրանց կիրառումը, փոփոխությունները ներկայացնելով լիազոր մարմին` երկու օրինակից:
Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում` վարկավորման ընդհանուր պայմաններում առաջարկվող փոփոխություններին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է գրավատանը:
Եթե լիազոր մարմինն ընդունել է գրավատան վարկավորման պայմանների փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու մասին որոշում, ապա գրավատունը պարտավոր է այդ որոշումը ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում գրավատանը տրամադրում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված վարկավորման ընդհանուր պայմաններում կատարված փոփոխության մեկ օրինակը: Եթե գրավատունը վերոհիշյալ որոշումն ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, ուղղված փաստաթղթերը լիազոր մարմին չի ներկայացնում, ապա վերջինիս որոշումը` գրավատան վարկավորման պայմանների փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու վերաբերյալ, համարվում է չեղյալ:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փոփոխություններին և լրացումներին լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե դրանք`
ա) հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին.
բ) վարկառուներին կարող են պատճառել վնաս:
6. Գրավատունը վարում է վարկային պայմանագրերի գրանցամատյան, որը համարակալում, կարում և ստորագրում է գործադիր մարմնի ղեկավարը: Հերթական վարկային պայմանագիրը կնքելիս և համապատասխան քարտը բացելուց անմիջապես հետո գրանցամատյանում նշվում են`
ա) հերթական գրառման համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
բ) վարկառուի անձնագրային տվյալները.
գ) վարկային պայմանագրի և համապատասխան գրավատոմսի (գրավատոմսերի) համարը (համարները).
դ) վարկի չափը և ժամկետը.
ե) վարկի մարման մասին տեղեկություն.
զ) այլ տեղեկություններ:
7. Վարկային պայմանագրերի գրանցամատյանի օրինակելի ձևը հաստատում է լիազոր մարմինը:
(5-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-67-Ն)