Հոդված 23. Հանրային հեռարձակողի խորհուրդը
Հոդված 23. Հանրային հեռարձակողի խորհուրդը
1. Հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմինը Խորհուրդն է:
2. Խորհուրդը բաղկացած է յոթ անդամից՝ Խորհրդի նախագահ և Խորհրդի վեց անդամ: Խորհրդում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից։
3. Խորհրդի անդամներին մրցութային կարգով նշանակում է վարչապետը՝ վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող անընդմեջ երկու անգամից ավել ընդգրկվել Խորհրդի կազմում:
4. Խորհրդի անդամ կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող և բարձրագույն կրթություն ունեցող, տեսալսողական բնագավառի, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտի գործիչներ:
5. Խորհրդի անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել՝
1) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը.
2) անձը, որը դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.
3) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները և նրանց փոխկապակցված անձինք.
4) մասնավոր Հեռարձակողների հիմնադիրները.
5) Հանրապետության նախագահը և նրա հետ փոխկապակցված անձինք.
6) Կառավարության անդամները և նրանց հետ փոխկապակցված անձինք.
7) Ազգային ժողովի նախագահը և նրա հետ փոխկապակցված անձինք.
8) անձինք, որոնց ընտրվելու դեպքում կխախտվի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ յուրաքանչյուր սեռի ներկայացվածության պահանջը:
6. Խորհրդի անդամ նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, Խորհրդի անդամը պարտավոր է`
1) դադարեցնել ձեռնարկատիրական կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելը.
2) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:
(23-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-223-Ն, խմբ., լրաց. 12.09.23 ՀՕ-289-Ն)