Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-08-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԻ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 11. Տեսալսողական հաղորդումներն ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչության ժամանակահատվածում

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 11. Տեսալսողական հաղորդումներն ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչության ժամանակահատվածում

1. Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում`

1) տեսալսողական հաղորդումները հեռարձակվում են ընտրությունների (հանրաքվեների) մասին օրենսդրությանը համապատասխան.

2) Հեռարձակողները պարտավոր են հավասար պայմաններ ապահովել թեկնածուների և մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (հանրաքվեի քարոզչության կողմերի) համար` հրապարակավ հայտնելով վճարովի տեսալսողական հաղորդումների իրենց եթերաժամի գինը և հեռարձակման պայմանագրի էական այլ պայմաններ.

3) Հեռարձակողի լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (հանրաքվեի քարոզչության կողմերի) նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչության վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն` պահպանելով լուսաբանման համար հավասար հնարավորություններ ապահովող Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով սահմանված կարգերը.

4) թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին (հանրաքվեի քարոզչության կողմերին) նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին տրամադրվող նախընտրական քարոզչական տեսալսողական հաղորդումները (Հանրային հեռարձակողի դեպքում` նաև օրենքով սահմանված անվճար եթերաժամը) պետք է էկրանի վրա պարտադիր անընդմեջ ուղեկցվեն «Նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչություն» լուսագրով, իսկ լսողական հաղորդումների դեպքում յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ պետք է հիշեցվի դրա մասին:

2. Ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը և դրան նախորդող օրն արգելվում է հեռարձակել քարոզչական կամ քարոզչությանը նպաստող նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ ցանկացած այլ ձևով նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչություն իրականացնելը:

3. Ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը և դրան նախորդող օրը ուղիղ եթերի ժամանակ քարոզչություն հնչելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե քարոզչության հեղինակն ուղիղ եթերում զգուշացվել է իրավախախտման մասին, իսկ կրկնակի քարոզչության դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։