Հոդված 10. Տեսալսողական հաղորդումները
Հոդված 10. Տեսալսողական հաղորդումները
1. Հանրային մուլտիպլեքսում Հեռարձակողները տեսալսողական ծրագրերի հեռարձակումն իրականացնում են կարգավորող պետական մարմնի, իսկ մասնավոր մուլտիպլեքսում՝ մասնավոր մուլտիպլեքս օպերատորի տրամադրած սլոթի միջոցով:
2. Մասնավոր Հեռարձակողը Հանրային հեռարձակողի՝ սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված հաղորդումները հեռարձակում է առանց փոփոխությունների, այդ թվում՝ նույն ելքային տվյալներով և առանց գովազդի:
3. Ոչ սեփական տեսալսողական հաղորդումները կարող են հեռարձակվել միայն դրանց հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում:
4. Տեսալսողական հաղորդման և հեղինակի մասին տեղեկատվության (ենթագրի, ձայնային ներկայացման) ամբողջական հեռարձակումը պարտադիր է, բացառությամբ լսողական ծրագիր հեռարձակողի երաժշտական ստեղծագործությունների:
5. Լիցենզիա ստացած Հեռարձակողի ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները պետք է կազմեն շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսը:
Սույն մասի պահանջը չի տարածվում լսողական ծրագրեր հեռարձակողների վրա:
6. Հայերեն տեսալսողական հաղորդումները մեկ Հեռարձակողի հեռարձակմամբ չեն կարող պակաս լինել ամսական ընդհանուր ժամաքանակի 55 տոկոսից:
7. Հեռարձակողի լրատվական հաղորդումներում նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը չպետք է գերազանցի հաղորդման եթերաժամի 25 տոկոսը:
8. Ծխելու տեսարաններ պարունակող տեսալսողական հաղորդումը՝ դրա մեկնարկին, տեսանելի չափով, հինգ վայրկյան տևողությամբ պետք է ուղեկցվի «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ: