Հոդված 13. Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողի տեսալսողական հաղորդումների պահպանման կարգը
Հոդված 13. Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողի տեսալսողական հաղորդումների պահպանման կարգը
1. Լիցենզիա ստացած Հեռարձակողները պարտավոր են վարել տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյան և պահպանել իրենց հեռարձակած տեսալսողական հաղորդումների տեսագրություններն ու ձայնագրությունները` հեռարձակման օրվանից սկսած 45 օր ժամկետով, բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված դեպքերի:
2. Տեսալսողական հաղորդումները պետք է գրանցվեն կարգավորող պետական մարմնի համար հասանելիություն ունեցող տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանում, որի ձևը և վարման կարգը սահմանում է կարգավորող պետական մարմինը:
3. Տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի տվյալների հիման վրա կարգավորող պետական մարմինը վերահսկում է Հեռարձակողների գործունեության համապատասխանությունը օրենսդրության պահանջներին: Կարգավորող պետական մարմինը ընտրանքային սկզբունքով իրականացնում է Հեռարձակողների կողմից հեռարձակվող տեսալսողական տեղեկատվության մշտադիտարկումներ յուրաքանչյուր Հեռարձակողի համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր: Մշտադիտարկման արդյունքները կարող են համադրվել հաշվառման էլեկտրոնային մատյանների տվյալներին:
4. 45 օրը լրանալուց հետո տեսալսողական հաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները կարող են ջնջվել, եթե այդ ընթացքում հաղորդումներում տեղ գտած տեղեկությունների հերքման, ուղղման կամ դատական վեճերի առկայության վերաբերյալ Հեռարձակողը պատշաճ չի ծանուցվել: Նշված ձայնագրություններն ու տեսագրությունները կարող են չպահպանվել վիճելի հարցերի լուծումից հետո: