Հոդված 58. Հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցումն ու դադարեցումը
Հոդված 58. Հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցումն ու դադարեցումը
1. Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե`
1) Հեռարձակողը սույն օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված հիմքով մեկ տարվա ընթացքում երեք անգամ ենթարկվել է վարչական տույժի (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի), որից հետո նույն տարվա ընթացքում կատարել է սույն օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ վարչական տույժի նշանակման համար հիմք համարվող արարք.
2) Հեռարձակողը, սույն օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված հիմքով սույն օրենքի 57-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, մեկ տարվա ընթացքում մեկ անգամ ենթարկվել է վարչական տույժի, որից հետո նույն տարվա ընթացքում կատարել է սույն օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ վարչական տույժի նշանակման համար հիմք համարվող արարք.
3) Հեռարձակողի տեխնիկական միջոցները չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին, որի հետևանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, արգելքներ են ստեղծվում այլ Հեռարձակողների և օպերատորների գործունեության համար, չի ապահովվում տեսալսողական հաղորդումների տեխնիկական որակը.
4) լիցենզիա ստացած Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակում.
5) լիցենզիա ստացած Հեռարձակողը լիցենզիան ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել տեսալսողական հաղորդումներ.
6) այդ մասին կա Հեռարձակողի դիմումը.
7) խախտվել են օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները.
8) ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ վարչապետին կամ արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե արտակարգ դրության տարածքի պարետ հանդիսացող փոխվարչապետին պաշտոնական հաղորդագրություն կատարելու համար եթերաժամանակ չի հատկացվե.
9) Հեռարձակողի տեսալսողական ծրագրի անվանումը չի համապատասխանում սույն օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներինլ։
2. Հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը:
Կասեցման ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը:
3. Հեղինակազորումը կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե՝
1) իրավաբանական անձը լուծարվել է.
2) տեղի է ունեցել լիցենզիայի փոխանցում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց.
3) լիցենզավորման կամ հեղինակազորման համար ներկայացված փաստաթղթերում էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն է հայտնաբերվել.
4) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտումը չի վերացվել.
5) այդ մասին դիմում է ներկայացվել.
6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անվավեր է ճանաչվել սույն օրենքի 46-րդ հոդվածի 9.1-ին մասով մրցույթում հաղթող ճանաչելու և լիցենզիան տրամադրելու որոշումը.
6.1)
7) օրենքով սահմանվել են լիցենզիայի գործողությունը դադարեցնելու այլ դեպքեր։
4. Տեսալսողական հաղորդումների հեռարձակման ընթացքում կատարված տեխնիկական կանոնների խախտման, թերացումների կամ հաղորդումների հեռարձակումը չապահովելու համար անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե հիմնավորվում է, որ դրանք թույլ են տրվել`
1) պետական լիազորված մարմինների կողմից տեխնիկական կանոնների կամ չափորոշիչների փոփոխության պատճառով.
2) տեխնիկական վերազինման նպատակով, որի մասին դրա իրականացումից առնվազն 30 օր առաջ գրավոր հիմնավորմամբ անձը տեղյակ է պահել կարգավորող պետական մարմնին և ստացել թույլտվություն.
3) անհաղթահարելի ուժի հետևանքով:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում Հեռարձակողները ողջամիտ ժամկետում վերականգնում են տեսալսողական հաղորդումների հեռարձակումը:
6. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև ցանցային օպերատորների վրա այնքանով, որքանով կիրառելի են:
7. Եթե հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա տալու մասին կարգավորող պետական մարմնի որոշումը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անվավեր, ապա այդ որոշման անվավեր ճանաչվելու պահին հանրային մուլտիպլեքսի սլոթ օգտագործող Հեռարձակողն իր դիմումի հիման վրա նույն պայմաններով շարունակում է իրականացնել հեռարձակում մինչև օրենքով սահմանված կարգով սլոթի համար նոր մրցույթի արդյունքների ամփոփումը և լիցենզիայի տրամադրումը կամ դրա հիմնավոր մերժումը։
(58-րդ հոդվածը լրաց. 20.12.22 ՀՕ-622-Ն, 22.03.23 ՀՕ-124-Ն)
(20.12․22 ՀՕ-622-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(22.03.23 ՀՕ-124-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(հոդվածը 05.03.25 ՀՕ-45-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը)