Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-05-22-ից մինչև 2025-04-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԻ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 9. Տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը

գործել է մինչև 2025-04-26Բացել ARLIS-ում

Հոդված 9. Տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը

1. Արգելվում է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելը: Ուղիղ եթերի ժամանակ նման կոչեր հնչելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե կոչի հեղինակը ուղիղ եթերում զգուշացվել է իրավախախտման մասին, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:

2. Կարգավորող պետական մարմինը օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում վարչական իրավախախտման կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դիմում է իրավասու մարմիններ:

3. Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն: Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը:

4. Պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը Հեռարձակողների կողմից արգելվում է:

5. Հեռարձակողները կամ օպերատորները սույն հոդվածի 3-րդ մասում նշված հաղորդումներն առանց ժամային սահմանափակումների կարող են տարածել սպառողների կողմից այդ հաղորդումների հասանելիության արհեստական արգելքի (կոդի) ներդրման տեխնիկական հնարավորության առկայության դեպքում:

6. Արգելվում են տեսալսողական հաղորդումները, որոնց մասնակիցները Հեռարձակողին նախապես հայտնի՝ կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության, երկարատև ժամանակահատվածի ընթացքում ձևավորված հակակրանքի պատճառով հաղորդման բնույթով պայմանավորված՝ եթերում կարող են կատարել օրենքներով արգելված գործողություններ:

7. Արգելվում են տեսալսողական հաղորդումները, որոնց միջոցով տարածվում է ազգային, ռասայական, սեռային, կրոնական, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն, կամ որոնք պարունակում են նման նպատակ հետապնդող տեղեկատվություն:

8. Արգելվում է Հեռարձակողի, իսկ ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ դրա մասը առանց դրանց հեղինակային կամ հարակից իրավունքի սուբյեկտ չհանդիսացող իրավատերերի համաձայնության տարածելը:

(9-րդ հոդվածը խմբ. 26.10.22 ՀՕ-404-Ն, լրաց. 20.03.24 ՀՕ-136-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։