Հոդված 55.1. Ընդհանուր դրույթներ մասնավոր մուլտիպլեքսորի վերաբերյալ
Հոդված 55.1. Ընդհանուր դրույթներ մասնավոր մուլտիպլեքսորի վերաբերյալ
1. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով Ազգային հանձնաժողովի տված լիցենզիայի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված իրավաբանական անձի կողմից, որի հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի 50 տոկոսից: Ավելի մեծ բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով:
2. Մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է մուլտիպլեքսն իրականացնել սեփական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, որի սփռման տարածքը չպետք է լինի ավելի փոքր, քան Հայաստանի Հանրապետության հանրային հեռարձակման թվային ցանցի սփռման տարածքը:
3. Մասնավոր մուլտիպլեքսորի ցանցի բաղադրիչները (ներառյալ՝ ռադիոկայանները, մալուխները, հեռարձակող սարքավորումները) պետք է լինեն մասնավոր մուլտիպլեքսորի սեփականությունը:
4. Մասնավոր մուլտիպլեքսորն իրավունք չունի մատուցելու այլ ծառայություններ, քան այնպիսիները, որոնք բացառապես կապված են հաղորդակցության ցանցի գործունեության և շահագործման հետ:
5. Մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է իր մուլտիպլեքսի հեռուստառադիոծրագրերի 20 տոկոսը Ազգային հանձնաժողովի սահմանած ժամկետում, բայց ոչ շուտ, քան երեք ամսում տրամադրել Ազգային հանձնաժողովի կողմից լիցենզավորված հեռուստառադիոընկերություններին՝ հեռուստառադիոհեռարձակում իրականացնելու համար, իսկ մնացած հեռուստառադիոծրագրերը կարող է օգտագործել անձամբ կամ տրամադրել վճարովի կամ անվճար հիմունքներով հեռուստառադիոընկերություններին, բացառապես սույն օրենքով նախատեսված կարգով վերահեռարձակում իրականացնելու նպատակով: Սույն հոդվածում նշված հեռուստածրագրերը Ազգային հանձնաժողովը տրամադրում է սույն օրենքի 48-49-րդ հոդվածներով սահմանված մրցույթ հայտարարելու միջոցով նոր լիցենզիա ստացած ընկերություններին:
Սույն հոդվածում նշված հեռուստառադիոծրագրերը չեն կարող տրամադրվել Հանրային հեռարձակման թվային ցանցում հեռարձակման իրավունք ունեցող հեռուստառադիոընկերությանը, բացառությամբ եթե այդ ընկերությունը հրաժարվում է Հանրային հեռարձակման թվային ցանցում հեռարձակման իրավունքից: