Հոդված 62. Անցումային դրույթներ
Հոդված 62. Անցումային դրույթներ
1. Մինչև 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվում:
2. Այն ռադիոընկերությունները, որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչև 2011 թվականի հունվարի 20-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Ազգային հանձնաժողով: Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչև 2016 թվականի հուլիսի 20-ը:
3. Մարզային հեռուստաընկերությունների (դրանց թվում չեն ներառվում Երևան քաղաքում գործող լիցենզավորված հեռուստաընկերությունները) անալոգային լիցենզիաների գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի:
4. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթի արդյունքում լիցենզավորված մարզային հեռուստաընկերությունների (դրանց թվում չեն ներառվում Երևան քաղաքում գործող լիցենզավորված հեռուստաընկերությունները) նկատմամբ տարածվում են այդ մրցույթի արդյունքում լիցենզավորված բոլոր հեռուստաընկերությունների համար սույն օրենքով սահմանված դրույթները:
5. 2010 թվականի հուլիսի 20-ին Ազգային հանձնաժողովը հայտարարում է տասնութ հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթ և սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում լիցենզավորում:
6. Հեռուստահեռարձակողների լիցենզավորման սույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետում հայտարարվող առաջին մրցույթում հաղթող ճանաչված հեռուստահեռարձակողներից յուրաքանչյուրի հետ Ազգային հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփումից հետո` տասնօրյա ժամկետում, լիցենզիայի գործողության առաջին հինգ տարիների ընթացքում հեռարձակում իրականացնելու համար համաձայնեցնում է հեռուստահաղորդումների հեռարձակման հաճախականությունը: Հայաստանի Հանրապետությունը մրցույթում հաղթող ճանաչված հեռուստահեռարձակողներին ապահովում է ազատ եթերային հաճախականությամբ` մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը անալոգային հեռուստահեռարձակում իրականացնելու համար:
7. Հեռուստահաղորդումների հեռարձակման հաճախականությունների համաձայնեցումից հետո` վեցամսյա ժամկետում, լիցենզավորված հեռուստահեռարձակողները պարտավոր են իրականացնել հեռուստահաղորդումների հեռարձակման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ու հեռարձակման ցանցերի տեղադրումը` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրականացրած` հեռուստատեսության հեռարձակման ցանցերի տեխնիկական փորձաքննության հիման վրա:
8. Լիցենզիա ստացած հեռուստահեռարձակողի կողմից սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում նշված պարտականությունը չկատարելը հիմք է սույն օրենքով սահմանված կարգով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար:
9. Լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչված հեռուստահեռարձակողներին տրված լիցենզիաների գործողության ժամկետի սկիզբն է 2011 թվականի հունվարի 20-ը:
10. 2010 թվականի հուլիսի 20-ից մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը համարվում է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման ժամանակաշրջան, որի ընթացքում պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմամբ իրականացվում է աստիճանական (ըստ Հայաստանի Հանրապետության առանձին մարզերի) անցում թվային հեռարձակման:
11. 2015 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դադարեցվում է անալոգային հեռուստահեռարձակումը, և այդ պահից սկսած` Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է միայն թվային հեռուստահեռարձակում:
12. 2016 թվականի հուլիսի 20-ից ռադիոյի թվային հեռարձակումն ապահովելու նպատակով օրենքով սահմանվում են ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները, այդ թվում` ռադիոհեռարձակման լիցենզիաների համար մրցույթի արդյունքում լիցենզավորվող ռադիոընկերությունների թեմատիկ ուղղվածությունն ու քանակը: Մինչև թվային ռադիոհեռարձակման լիցենզիաների համար մրցույթի անցկացումը և համապատասխան լիցենզիաների տրամադրումը գործող ռադիոընկերությունները շարունակում են գործունեությունը իրենց լիցենզիաների պայմաններին համապատասխան:
13. Մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար օրենքով կսահմանվեն մուլտիպլեքսորի լիցենզավորման կարգն ու պայմանները:
14. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժի մեջ է մտնում սույն օրենքով սահմանված կարգով կազմավորված Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներից որևէ մեկի պաշտոնավարման ժամկետը լրանալու պահից:
15. Սույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից:
(62-րդ հոդվածը փոփ. 19.06.13 ՀՕ-70-Ն)
(օրենքը խմբ. 10.06.10 ՀՕ-100-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
9 նոյեմբերի 2000 թ.
ՀՕ-97