Անցնել բովանդակությանը

Հոդված 20.8. Մեկուսացումը

գործել է մինչև 2024-09-27Բացել ARLIS-ում

Հոդված 20.8. Մեկուսացումը

1. Մեկուսացումը հնարավոր վարակակիր, կոնտակտավոր անձանց, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների առանձնացումն է լիազոր մարմնի որոշմամբ նախատեսված վայրում որոշակի ժամանակահատվածով այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

2. Մեկուսացման ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է մեկուսացման պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտականությունների մասին: Մեկուսացման ենթարկված անձի պահանջով մեկուսացում կիրառող մարմինը պարտավոր է անձի մեկուսացման մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին։

3. Մեկուսացման հրահանգը տրվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կամ Տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի գրավոր հրահանգով:

4. Պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, ոստիկանության զորքերի, սահմանապահ զորքերի զինծառայողներին (աշխատակիցներին) մեկուսացման հրահանգը կարող է տրվել համապատասխանաբար պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության անունից՝ նրանց ղեկավարի լիազորած պաշտոնատար անձանց գրավոր հրահանգով:

5. Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում մեկուսացված անձանց տրված հրահանգի պահանջների կատարման նկատմամբ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի: Ոստիկանությունը սույն մասով սահմանված գործառույթներն իրականացնելիս անհրաժեշտության դեպքում կարող է դիմել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ: Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում հսկողությունն իրականացնում են պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը:

6. Անձի նկատմամբ մեկուսացումը կիրառվում է այն դեպքում, երբ անձին հրահանգվել է ինքնամեկուսանալ, սակայն անձը հրաժարվել է, կամ երբ անձը խախտել է ինքնամեկուսացման հրահանգով նախատեսված կանոնները, ինչպես նաև սանիտարահամաճարակային անվտանգության նորմերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

7. Մեկուսացման դեպքում անձը արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կամ ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ և առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կամ Տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի սահմանած մեկուսացման վայր, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:

8. Մեկուսացման վայրում անձի համար ապահովվում են սննդի, կեցության համար բավարար պայմաններ, բժշկական խորհրդատվություն: Անհրաժեշտության դեպքում մեկուսացված անձի համար ապահովվում է բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հնարավորությունը:

9. Պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, ոստիկանության զորքերի, սահմանապահ զորքերի զինծառայողների (աշխատակիցների) մեկուսացման դեպքում անձը պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հսկողությամբ և ուղեկցությամբ տեղափոխվում է համապատասխանաբար պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի, Ոստիկանության պետի կամ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի սահմանած մեկուսացման վայրեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։